ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՎԱՐՔԱԳԻԾԸ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԻ ԴԵՐԸ ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

08/04/19

ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՎԱՐՔԱԳԻԾԸ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԻ ԴԵՐԸ ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Առօրյա կյանքում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ վարչական մարմինները անհիմն կերպով տուգանում են ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ պատճառաբանելով, որ նրանք իրականացնում են գովազդ՝ առանց համապատասխան թույլտվության:

Օրենքի չիմացությամբ պայմանավորված՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք ստիպված վճարում են վարչական մարմինների կողմից առաջադրված տուգանքը կամ էլ, որպեսզի տուգանքի ռիսկից խուսափեն՝ շատերը դիմում են վարչական մարմիններին՝ գովազդի թույլտվություն ստանալու համար:

Անհրաժեշտ է ընդգծել, որ վարչական մարմինները վերոնշյալ գործընթացում ոչ միշտ է, որ գործում են օրենքին համապատասխան՝ օգտվելով ֆիզիկական և իրավաբանական անձանց օրենքի չիմացաթյան հանգամանքից, շատ հաճախ ցուցաբերում են անբարեխիղճ վարքագիծ՝ ի վնաս ֆիզիկական և իրավաբանական անձանց:

ՀՀ-ում, մինչև միասնական դատական պրակտիկայի ձևավորումը, ցանկացած տեղեկատվության տարածում վարչական մարմինները որակում էին գովազդ և անհիմն կերպով տուգանում ֆիզիկական և իրավաբանական անձանց:

Ներկայումս կիրառելի դատական պրակտիկայի համաձայն՝ տարածվող տեղեկության մեջ ապրանքների կամ ծառայությունների որոշակի խմբի ընդհանրացնող անվանման ներառումը չի կարող համարվել գովազդ, որովհետև այդպիսի անվանումները հնարավորություն չեն տալիս ապրանքների և ծառայությունների շրջանակից առանձնացնել կոնկրետ ապրանք կամ ծառայություն, և դրա նկատմամբ ձևավորել դրական վերաբերմունք: Այսինքն՝ ընդհանրացնող անվանում պարունակող տեղեկությունը չի կարող համարվել գովազդ, քանի որ դրանում բացակայում է գովազդի օբյեկտը:

Հարկ է ընդգծել, որ Գովազդը տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն է անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ։

Սակայն, այնուամենայնիվ, հարկ ենք համարում ընդգծել, որ վարչական մարմինները, օգտվելով ֆիզիկական և իրավաբանական անձանց օրենքի չիմացության հանգամանքից՝ շարունակում են գործել անբարեխիղճ և անհիմն կերպով շարունակում են տուգանել վերջիններիս՝ առանց թույլտվության գովազդ իրականացնելու պատճառաբանությամբ:

Նման խնդիրներից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս նախքան գովազդ իրականացնելը դիմել և ստանալ իրավաբանական խորհրդատվություն, որպեսզի հետագայում չզգաք վարչական մարմինների անբարեխիղճ վարքագծի հետևանքները:

Հեղինակ։ Գուրգեն Գրիգորյան 

Հերքում։ Այս հոդվածում արտահայտված տեսակետները եւ կարծիքները հեղինակինն են եւ չեն համարվում իրավական խորհրդատվություն: Այս հոդվածում կատարված վերլուծության օրինակներ միայն օրինակ են: Նրանք չպետք է օգտագործվեն իրական  վերլուծական աշխատանքներում: