ԻՐԱՎԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Օգոստոս 2025
ՄԱՍ I. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
2. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
3. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին..
4. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին.
5. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակիցների ակտիվների եւ հասույթների չափերը, համակենտրոնացման
հայտարարագրման կարգը եւ հայտարարագրի ձեւը սահմանելու եւ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021
թվականի նոյեմբերի 9-ի թիվ 322-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.
ՄԱՍ II. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ
կատարելու մասին.
2. Անհատական լիցենզիայի եւ անցումային անհատական լիցենզիա ստանալու հայտերի ձեւերը, անհատական
լիցենզիայի եւ անցումային անհատական լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,
անհատական լիցենզիայի եւ անցումային անհատական լիցենզիայի ձեւերը, դրանց տրամադրումը
մերժելու հիմքերը եւ կարգը, տրամադրման եւ գործողության ժամկետի երկարաձգման կարգը
սահմանելու մասին.
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867
Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային
գործունեության, բժշկական օգնության եւ սպասարկման, բժշկական միջին
մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման
կարգերը եւ նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձեւերը հաստատելու
մասին որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին.
ՄԱՍ III. ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. Հարկային օրենսգրքում հարկային ստուգումների, նույնականացման միջոցների տեղեկատվության վերաբերյալ
լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին.
ՄԱՍ IV. ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՈԼՈՐՏ
1. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում հիմնական հասկացությունների վերաբերյալ
լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին.
2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
ՄԱՍ V. ՄԱՍՆԱՎՈՐ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում բաժնետոմսերի վերաբերյալ փոփոխություն կատարելու մասին.
2. «Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման կարգը» կանոնակարգ 10/41-ը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի մի շարք որոշումներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին.
ՄԱՍ VI. ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. «Եվրասիական տնտեսական միության եւ երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին..
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշում «Էլեկտրոնային առեւտրի այն ապրանքների նույնականացման կարգի մասին, որոնց նկատմամբ նախատեսված է ձեռք բերելուց հետո դրանք վերադարձնելու հնարավորություն».
ՄԱՍ VII. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
ՄԱՍ I. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի օգոստոս ամսվան տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՕ-205-Ն
https://www.arlis.am/hy/acts/209456/latest
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն օրենքն ստորագրվել է 2025 թվականի հուլիսի 14-ին եւ ուժի մեջ է մտել 2025 թվականի օգոստոսի 1-ից:
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Տնտեսական մրցակցության
պաշտպանության մասին» օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ են մտնում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք էական նշանակություն ունեն թե՛ բովանդակային, եւ թե՛ իրավաքաղաքական տեսանկյունից։ Փոփոխություններով սահմանվում են սպառողների շահերը խախտող վարքագծի տարաբնույթ դրսեւորումներ, որոնց արգելումը նախատեսված է օրենքի նոր գլխով։
Հանձնաժողովը ճանաչվում է որպես սպառողների շահերի պաշտպանություն իրականացնող կենտրոնական մարմին՝ համապատասխան լիազորություններով։ Սահմանվում է նաեւ հատուկ ընթացակարգ սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների վերաբերյալ վարույթ իրականացնելու համար, այդ թվում՝ ապրանքի գնի ներկայացման խախտման պարագայում՝ պարզեցված կարգով։
Նորամուծություններից է նաեւ այն, որ Հանձնաժողովը հնարավորություն է ստանում զգուշացում տալ տնտեսավարող սուբյեկտներին՝ սպառողների շահերին վնասող վարքագծի կամ դրա վտանգի առկայության դեպքում։ Բացի այդ, նախատեսվում է միջանկյալ միջոցների կիրառման հնարավորություն՝ իրավախախտման շարունակական կամ անդառնալի հետեւանքները կանխելու նպատակով։ Օրենքում ամրագրվում է, որ սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների համար հնարավոր է նշանակել տուգանք՝ մինչեւ տնտեսավարողի նախորդ տարվա հասույթի 5 տոկոսի չափով։ Փոփոխություններով նաեւ հստակեցվում են որոշ գործարքների համակենտրոնացման չդիտարկվող դեպքերը, ինչպես նաեւ նոր սահմանումներ են տրվում որոշ հասկացություններին, ինչպիսիք են՝ բազային տոկոսները, գործարքի վերաբերյալ սպառողի որոշումը եւ այլն։ Հանձնաժողովի ստուգումների ընթացակարգը եւս հստակեցվում է՝ արձանագրությունների ձեւերի, կցվող նյութերի եւ առարկությունների նշման կարգով։ Ընդհանուր առմամբ, այս փոփոխություններով ամրապնդվում է սպառողի դիրքը տնտեսվարողների եւ պետական մարմինների գործողությունների համատեքստում, եւ մեծանում է Հանձնաժողովի դերը որպես սպառողական շուկայի հավասարակշռող եւ վերահսկող ինստիտուտ։.
Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-ին եւ 11.2-րդ կետերով.
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները եւ տերմինները
11.1) սպառողների շահերի պաշտպանություն՝ Հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումների ամբողջություն՝ կանխելու, խափանելու կամ վերացնելու այնպիսի վարքագիծը, գործողությունը կամ անգործությունը, ներառյալ՝ դրանց հետեւանքները, որոնք վնասում են կամ կարող են վնասել անորոշ շրջանակով սպառողների կամ սպառողների խմբի շահերը.
11.2) գործարքի վերաբերյալ որոշում՝ սպառողի ցանկացած որոշում, որը վերաբերում է ապրանքի ձեռքբերմանը կամ հնարավոր ձեռքբերմանը, վճարման, պահպանման կամ տնօրինման պայմաններին կամ ապրանքի հետ կապված պայմանագրային իրավունքների իրացմանը՝ անկախ այն հանգամանքից՝ սպառողը ձեռք կբերի տվյալ ապրանքը, թե ոչ.».
3) 15-րդ կետը «Մրցակցության» բառից հետո լրացնել «եւ սպառողների շահերի» բառերով.
4) 17-րդ կետը «անբարեխիղճ մրցակցության» բառերից հետո լրացնել «, սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների» բառերով.
5) 32-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «32) պետական օժանդակություն տրամադրող մարմին՝ պետական մարմին, ինչպես նաեւ բոլոր այն մարմինները կամ կազմակերպությունները կամ պաշտոնատար անձինք, որոնք լիազորված են հանրային ֆինանսների կամ հանրային ռեսուրսների հաշվին տրամադրելու պետական օժանդակություն սույն օրենքի իմաստով, կամ Կառավարության որոշմամբ տրամադրված պետական օժանդակությունների դեպքում այն պետական մարմինը, որը Կառավարության քննարկմանն է ներկայացրել համապատասխան պետական օժանդակության տրամադրման վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 36-րդ կետով.
36) բազային տոկոսներ՝ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի մեկուկեսի չափով վճարման ենթակա տոկոսներ:.
Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
11) բանակցային ուժեղ դիրք ունեցող՝ գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտի կողմից հաշվարկային փաստաթղթերով կամ պայմանագրով նախատեսված վճարումների չկատարումը՝ մատակարարի կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, իսկ հաշվարկային փաստաթուղթ դուրս գրված չլինելու դեպքում՝ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման պահից 30 օրացուցային օրվա ընթացքում.
Նոր տարբերակ
11) բանակցային ուժեղ դիրք ունեցող՝ գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտի կողմից վճարումների կատարման՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 15.14-րդ հոդվածով սահմանված ժամկետի կետանց թույլ տալը, բացառությամբ եթե գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտը թույլ է տվել վճարման համար սահմանված ժամկետին հաջորդող մինչեւ 30 օրացուցային օրվա կետանց՝ ամբողջությամբ վճարելով գյուղատնտեսական արտադրանքի դիմաց եւ կետանցի յուրաքանչյուր օրվա համար հաշվարկված բազային տոկոսները.
Օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ մասում 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 13. Տնտեսավարող սուբյեկտների համակենտրոնացման հասկացությունը
9. Համակենտրոնացում չեն համարվում՝:
Հին տարբերակ
1) տնտեսավարող սուբյեկտների՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները, որոնք տեղի են ունենում սույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն անձանց խումբ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների միջեւ, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված դեպքերի, եթե պահպանվել են սույն օրենքի 14-րդ հոդվածի պայմանները.
Նոր տարբերակ
1) տնտեսավարող սուբյեկտների՝ սույն հոդվածի 1- ին մասում նշված վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները, որոնք տեղի են ունենում սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 12-րդ կետերով նախատեսված հիմքերով անձանց խումբ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների միջեւ.
լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
5) Հայաստանի Հանրապետությունում գրանցված տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում առնվազն 20 տոկոս փայաբաժին ունեցող տնտեսավարող սուբյեկտի կողմից նույն տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում փայաբաժնի ձեռքբերումը, եթե գործարքի արդյունքում տվյալ տնտեսավարող սուբյեկտի փայաբաժինը չի կազմում այդ տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 50 տոկոսը։
Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին գլխով.
ԳԼՈՒԽ 9.1
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
Հոդված 26.1. Սպառողների շահերը խախտող գործելակերպը
1. Սպառողների շահերը խախտող գործելակերպ են համարվում տնտեսավարող սուբյեկտի ցանկացած վարքագիծ, գործողություն կամ անգործություն, որոնք ազդում են կամ կարող են ազդել անորոշ շրջանակով սպառողների կամ սպառողների խմբի շահերի վրա եւ հակասում են սույն օրենքին, այլ օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի կամ գործարար շրջանառության սովորույթներին կամ խախտում են սպառողների նկատմամբ բարեխղճության, ազնվության, արդարության, ճշմարտության կամ անաչառության սկզբունքները:
2. Սպառողների շահերը խախտող գործելակերպն արգելվում է:
3. Սպառողների շահերը խախտող գործելակերպ են համարվում սույն հոդվածի 1-ին մասի հատկանիշներին համապատասխանող ցանկացած վարքագիծ, գործողություն կամ անգործություն, այդ թվում՝
1) «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով նախատեսված անարդար առեւտրային գործելակերպը.
2) օրենքին հակասող, այդ թվում` անբարեխիղճ կամ հակաօրինական կամ հավաստիության կամ պատշաճության խախտմամբ իրականացվող գովազդը.
3) սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերին կամ պայմանագրի ընդհանուր պայմաններին ներկայացվող պահանջների խախտումը.
4) ապրանքի որակին, քանակին եւ այլ բնութագրերին ներկայացվող պահանջների խախտումը.
5) «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ ապրանքի գնի ներկայացման կանոնների խախտումը:
4. Սպառողների շահերը խախտող գործելակերպի հատկանիշների առկայության հարցը գնահատում է Հանձնաժողովը:
5. Սույն հոդվածը չի տարածվում այն վարքագծի, գործողության կամ անգործության վրա, որոնց հետեւանքով կարող է վնաս հասցվել սպառողների կյանքին, առողջությանը, անվտանգությանը, հասարակական կամ պետական անվտանգությանը կամ շրջակա միջավայրին:
6. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված հասկացությունները կիրառվում են «Գովազդի մասին» օրենքի իմաստով:
Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
Հոդված 27. Հանձնաժողովի կարգավիճակը եւ գործառույթները
1. Հանձնաժողովն ինքնավար մարմին է, որն ապահովում է տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը, բարեխիղճ մրցակցության եւ ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ միջավայրը եւ իրականացնում է սպառողների շահերի պաշտպանությունը:
Նոր տարբերակ
Հոդված 27. Հանձնաժողովի կարգավիճակը եւ գործառույթները
1. Հանձնաժողովն ինքնավար մարմին է, որն ապահովում է տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը, բարեխիղճ մրցակցության եւ ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ միջավայրը եւ իրականացնում է սպառողների շահերի պաշտպանությունը:
2. Հանձնաժողովը սպառողների շահերի պաշտպանություն իրականացնող կենտրոնական մարմինն է:
3. Հանձնաժողովը՝ որպես սպառողների շահերի պաշտպանություն իրականացնող կենտրոնական մարմին՝
1) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ոլորտային համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի հիման վրա համագործակցում է սպառողների շահերի պաշտպանության նպատակով գործող միջազգային կազմակերպությունների հետ.
2) իր իրավասության սահմաններում համագործակցում է օտարերկրյա պետությունների՝ սպառողների շահերի պաշտպանություն իրականացնող մարմինների հետ, որի շրջանակում սահմանված կարգով իրավասու է ստանալու ու նրանց տրամադրելու տեղեկատվություն.
3) համագործակցում է այլ իրավասու մարմինների հետ:»
Օրենքի 49-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
Հոդված 49. Հանձնաժողովի կողմից ստուգում իրականացնելը
4. Ստուգման արդյունքներով կազմվում է Հանձնաժողովի սահմանած ձեւով արձանագրություն` երկու օրինակից: Ստուգման արձանագրությանը կարող են կցվել լուսանկարներ, փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ եւ (կամ) այլ նյութեր, որի վերաբերյալ արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում: Արձանագրությունն ստորագրում են ստուգում կատարող անձը եւ տնտեսավարող սուբյեկտը, տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող, ծառայություններ մատուցող եւ (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը կամ տնտեսավարող սուբյեկտի այլ ներկայացուցիչ: Ստուգման արդյունքների վերաբերյալ առարկություն ունենալու դեպքում արձանագրությունն ստորագրող անձն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին:.
Օրենքի 69-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ եւ 3-րդ մասերով.
Հոդված 69. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացման գնահատումը
2. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացման գնահատման վարույթի մասնակիցների կողմից հայտարարագրում կամ վարույթի ընթացքում կեղծ, ոչ հավաստի, ոչ ամբողջական կամ ապակողմնորոշիչ տեղեկատվություն ներկայացվելու կամ Հանձնաժողովի պահանջած տեղեկատվությունը չներկայացվելու դեպքում Հանձնաժողովը կայացնում է դիմումն անհետեւանք թողնելու մասին որոշում:
3. Համակենտրոնացման դիմումն անհետեւանք թողնելու մասին որոշումը Հանձնաժողովը կարող է կայացնել վարույթի ցանկացած փուլում.
Օրենքի 77-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
Հոդված 77. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաղորդումները
7. Հաղորդումը չի քննարկվում, եթե այն պարունակում է առերեւույթ վիրավորական արտահայտություններ:
Հոդված 32. Օրենքի 79-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
Հոդված 79. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթների քննարկումը
2.1. Վարույթի հարուցման առիթների քննարկման շրջանակում տնտեսավարող սուբյեկտների կողմից Հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու պարտականության խախտման դեպքում Հանձնաժողովը կարող է հաստատված համարել տվյալ տնտեսավարող սուբյեկտի վարքագծում կամ գործողություններում իրավախախտման հատկանիշների առերեւույթ առկայության փաստը եւ հարուցել վարույթ:
Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 82.1-ին հոդվածով.
Հոդված 82.1. Զգուշացում տալը
1. Տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցությանը կամ սպառողների շահերի վնասմանը հանգեցնող վարքագծի, գործողության կամ անգործության առերեւույթ հատկանիշների կամ դրանց վտանգի առկայության դեպքում տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց կարող է տրվել զգուշացում:
2. Տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցությանը կամ սպառողների շահերի վնասմանը հանգեցնող վարքագծի, գործողության կամ անգործության առերեւույթ հատկանիշների կամ դրանց վտանգի առկայության դեպքում տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց զգուշացում տալու ընթացակարգի մանրամասները սահմանվում են Հանձնաժողովի աշխատակարգով:
3. Հանձնաժողովի սահմանած ժամկետում զգուշացման մեջ նկարագրված տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցությանը կամ սպառողների շահերի վնասմանը հանգեցնող վարքագծի, գործողության կամ անգործության առերեւույթ հատկանիշները տնտեսավարող սուբյեկտների, պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից չվերացվելու դեպքում կարող է հարուցվել վարույթ:
Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 83.1-ին հոդվածով.
Հոդված 83.1. Միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը
1. Հակամրցակցային համաձայնության կնքման, գերիշխող դիրքի չարաշահման եւ գնումների առնչությամբ պետական մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների առերեւույթ հատկանիշներ պարունակող գործողության կամ վարքագծի հետեւանքով հնարավոր անդառնալի կամ ծանր հետեւանքները կանխելու նպատակով Հանձնաժողովը կարող է ընդունել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ հետեւյալ որոշումները.
1) դադարեցնել իրավախախտման առերեւույթ հատկանիշներ պարունակող վարքագիծը մինչեւ վարույթով վերջնական որոշման կայացումը՝ վերականգնելով մինչեւ իրավախախտման առերեւույթ հատկանիշներ պարունակող վարքագիծը եղած դրությունը կամ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված այլ ձեւերով.
2) կասեցնել գնման արդյունքում պայմանագրի կնքման գործընթացը կամ դրա գործողությունը:
2. Միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշում կարող է ընդունվել Հանձնաժողովի կողմից իրավախախտման վերաբերյալ հարուցված վարույթի ցանկացած փուլում, եւ այն գործում է մինչեւ վարույթը եզրափակող ակտն ուժի մեջ մտնելը:
3. Հանձնաժողովը նույն վարույթի շրջանակում կարող է կիրառել մեկից ավելի միջանկյալ միջոց:
4. Միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից եւ ենթակա է կատարման Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:
5. Միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ներկայացվում Հանձնաժողովի նախագահի գրությամբ:
6. Միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելու վերաբերյալ գրությունը Հանձնաժողովի նախագահի գրության հիման վրա վերադարձվում է, եթե՝
1) վերացել է միջանկյալ միջոց կիրառելու անհրաժեշտությունը.
2) Հանձնաժողովի որոշումը ճանաչվել է անվավեր կամ ուժը կորցրած:
7. Միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը կարող է բողոքարկվել: Որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը:.
Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-ին գլխով.
ԳԼՈՒԽ 17.1 ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 91.1. Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթի իրականացման կարգը
1. Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթն իրականացվում է սույն օրենքով տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի իրականացման կարգով՝ սույն գլխով սահմանված հատուկ կանոնների պահպանմամբ:
Հոդված 91.2. Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթի մասնակիցները
1. Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթի մասնակիցներն են՝
1) վարույթով պատասխանողը.
2) իրավասու մարմինները:
Հոդված 91.3. Ապրանքի գնի ներկայացման կանոնների խախտման վերաբերյալ պարզեցված վարույթը
1. Ապրանքի գնի ներկայացման՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված կանոնների խախտման հատկանիշների առերեւույթ առկայության դեպքում Հանձնաժողովի գլխավոր քարտուղարը տնտեսավարող սուբյեկտին ուղարկում է գրավոր ծանուցում։
2. Ծանուցում ուղարկելու առիթ է ապրանքի գնի ներկայացման՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված կանոնների առերեւույթ խախտման վերաբերյալ Հանձնաժողովում ցանկացած ձեւով ստացված տեղեկությունը։
3. Ծանուցումը պարունակում է առերեւույթ խախտման նկարագրությունը, տնտեսավարող սուբյեկտի կողմից կատարման ենթակա գործողությունների նկարագրությունը եւ հետեւանքները, ինչպես նաեւ տնտեսավարող սուբյեկտի կողմից կատարման ենթակա գործողությունների չկատարման հետեւանքների վերաբերյալ պարզաբանումը։
4. Իրավախախտում կատարելու փաստն ընդունելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը ծանուցումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Հանձնաժողով է ներկայացնում խախտումը դադարեցրած լինելու եւ հիսուն հազար դրամ վճարած լինելու վերաբերյալ տեղեկատվություն։ Գրավոր ծանուցումն առաջին անգամ ուղարկվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի կողմից հիսուն հազար դրամ վճարելու պահանջը չի կիրառվում։
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործողությունները կատարվելու դեպքում համապատասխան տեղեկատվությունը Հանձնաժողով ներկայացվելու հաջորդող օրվանից գրավոր ծանուցումն ստանում է ուժի մեջ մտած վարչական ակտի ուժ, իսկ տնտեսավարող սուբյեկտը չի կարող հետագայում հերքել իր կողմից իրավախախտում կատարվելու փաստը։
6. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործողությունները չկատարվելու դեպքում Հանձնաժողովը կարող է հարուցել սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթ:.
Օրենքի 93-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.
Հոդված 93. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար նշանակվող տուգանքների չափերը
7.1. Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ հինգ տոկոսը՝ պատասխանատվության միջոցի ընտրության եւ տուգանքի հաշվարկման մեթոդաբանությամբ սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ։.
2. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՕ-206-Ն
https://www.arlis.am/hy/acts/209485/latest
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն օրենքն ստորագրվել է 2025 թվականի հուլիսի 14-ին եւ ուժի մեջ է մտել 2025 թվականի օգոստոսի 1-ից:
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Տեղեկացնում ենք, որ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք ուժի մեջ կմտնեն 2025 թվականի օգոստոսի 1-ից։ Փոփոխությունները զգալի են եւ ուղղված են սպառողների իրավունքների առավել հստակեցմանն ու պաշտպանությանը։ Օրենքում վերաշարադրվել է «սպառող» հասկացությունը՝ ընդգծելով, որ սպառողը ֆիզիկական անձ է, ով գնում է ապրանք կամ օգտվում է ծառայություններից ոչ իր մասնագիտական կամ բիզնես գործունեության նպատակով։
Անհատ ձեռնարկատերերին եւ նույնիսկ ֆիզիկական անձանց արդեն հնարավոր է դասել «արտադրողի», «կատարողի» կամ «վաճառողի» շարքին՝ եթե նրանք իրականացնում են համապատասխան գործունեություն։ Սա կարեւոր է սպառողի պաշտպանության շրջանակը ընդլայնելու համար։ Օրենքը համալրվել է նոր հասկացություններով, որոնք նկարագրում են ժամանակակից սպառողական միջավայրը. ավելացվել են «միջին սպառող», «խոցելի սպառող», «էլեկտրոնային առեւտրային հարթակ», «մարկետինգային բուրգ», «էկոլոգիական հավաստում» եւ այլ տերմիններ։ Այս տերմինները կարեւոր են, քանի որ օրենքն այսուհետ հաշվի է առնելու սպառողների տարբեր խմբերի առանձնահատկությունները, ինչպես նաեւ՝ առցանց առեւտրի զարգացող գործելակերպերը։ Նոր հոդված է ավելացվել, որով ամրագրվել է սպառողի՝ ազատ ընտրություն կատարելու իրավունքը։ Սա նշանակում է, որ սպառողը պետք է ապրանք կամ ծառայություն ընտրի առանց ճնշման, մոլորեցման կամ շտապեցման։
Օրենքը համալրվել է նաեւ մի ամբողջ նոր գլխով, որը վերաբերում է անարդար առեւտրային գործելակերպի արգելքին։ Այժմ հստակ սահմանվում է, թե որ դեպքերում տնտեսավարողի վարքագիծը համարվում է անարդար, օրինակ՝ եթե այն հակասում է ազնվության, արդարության ու ճշմարտության սկզբունքներին եւ կարող է ազդել սպառողի որոշման վրա։ Մանրամասն նկարագրված են մոլորեցնող եւ ագրեսիվ գործելակերպերի օրինակները, այդ թվում՝ կեղծ կամ թերի տեղեկատվության տարածումը, սպառողին շփոթեցնող գովազդները, մարկետինգային սխեմաները, ապրանքին «անվճար» պիտակ դնելը, երբ իրականում կան թաքնված վճարներ, ինչպես նաեւ սպառողի նկատմամբ ճնշում գործադրելը՝ որոշում կայացնելու նպատակով։
Վերջապես, օրենքում ամրագրվել է, որ նման անարդար գործելակերպի պարագայում սպառողը կարող է օգտվել օրենքով սահմանված պաշտպանական բոլոր միջոցներից։ Այս փոփոխությունները նպատակ ունեն ավելի արդիական, իրատեսական ու ամբողջական իրավական պաշտպանություն ապահովել սպառողների համար՝ հատկապես թվային եւ էլեկտրոնային առեւտրի պայմաններում։.
Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-197 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում՝
Հոդված 1. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) «սպառող» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «սպառող՝ ֆիզիկական անձ, որը հանդես է գալիս եւ գործում է իր առեւտրային գործունեության, գործարարության, արհեստի կամ մասնագիտական գործունեության շրջանակներից դուրս.».
2) «սպառողների անորոշ շրջանակ» հասկացության «արտադրանքի» բառը փոխարինել «ապրանքի» բառով.
3) «արտադրող» հասկացությունը «անհատ ձեռնարկատեր» բառերից հետո լրացնել «կամ ֆիզիկական անձ» բառերով.
4) «կատարող» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «կատարող` աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ.».
5) «վաճառող» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «վաճառող` սպառողներին ապրանք իրացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ.».
6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հասկացություններով. «տնտեսավարող սուբյեկտ՝ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, այլ կազմակերպություն, դրա ներկայացուցչություն կամ մասնաճյուղ, անձանց խումբ կամ անձանց միություն.
միջին սպառող՝ սոցիալական, մշակութային, լեզվական եւ այլ գործոնների հաշվառմամբ կամ սպառողների որոշակի խմբի պատկանելու պայմաններում ողջամտորեն իրազեկված անձ. սպառողների խումբ՝ որոշակի հատկանիշով անհատականացվող խումբ.
խոցելի սպառող՝ մտավոր, ֆիզիկական խնդիրների, տարիքի կամ այլ առանձնահատկություններով պայմանավորված առավել զգայուն սպառող.
էլեկտրոնային առեւտրային հարթակ՝ կիրառվում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի իմաստով.
վարկանիշ՝ էլեկտրոնային առեւտրային հարթակում ապրանքներին (աշխատանքներին, ծառայություններին) տրված հարաբերական գնահատական՝ հավաքված, ներկայացված եւ հասցեագրված վաճառողի կողմից՝ անկախ օգտագործվող տեխնոլոգիական միջոցներից.
սպառողի նկատմամբ տնտեսավարող սուբյեկտի առեւտրային գործելակերպ՝ տնտեսավարող սուբյեկտի ցանկացած գործողություն, անգործություն, վարքագիծ, առեւտրային հաղորդակցություն, գովազդ եւ ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացմանն ուղղված այլ միջոցառումներ, որոնք անմիջականորեն կապված են ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) սպառողին գովազդելու, վաճառելու, մատակարարելու, ծառայությունը մատուցելու կամ աշխատանքը կատարելու հետ. սպառողի վարքագծի վրա ազդեցություն՝ սպառողի նկատմամբ տնտեսավարող սուբյեկտի առեւտրային գործելակերպի դրսեւորում, որի շնորհիվ տնտեսավարող սուբյեկտը ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդում է կամ կարող է ազդել սպառողի՝ տեղեկացված որոշում կայացնելու գործընթացի վրա՝ դրանով իսկ սպառողին դրդելով կայացնելու գործարքի վերաբերյալ այնպիսի որոշում, որն այլ պարագայում չէր կայացնի.
վարքագծի կանոնագիրք՝ տնտեսավարող սուբյեկտի կամ տնտեսավարող սուբյեկտների խմբի սահմանած վարքագծի կանոնների ամբողջություն կամ համաձայնագիր, որին միացած տնտեսավարող սուբյեկտը պարտավորվում է պահպանել վարքագծի կանոնագրքով սահմանված կանոնները սպառողի նկատմամբ իր առեւտրային գործելակերպի շրջանակում.
առեւտրային հաղորդակցություն՝ հաղորդակցության ցանկացած ձեւ, որն ուղղված է տնտեսավարող սուբյեկտի տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության խթանմանը.
գնման հրավեր՝ առեւտրային հաղորդակցություն, գովազդ, որը կիրառվող առեւտրային հաղորդակցության միջոցին համապատասխան եղանակով մատնանշում է տվյալ ապրանքի (աշխատանքի, ծառայության) առանձնահատկություններն ու գինը՝ դրանով իսկ սպառողին գնում կատարելու հնարավորություն ընձեռելով.
անհարկի ազդեցություն՝ տնտեսավարող սուբյեկտի կողմից սպառողի նկատմամբ ճնշման գործադրում, որը կարող է դրսեւորվել նաեւ առանց ֆիզիկական ուժ գործադրելու կամ ֆիզիկական ուժ գործադրելու սպառնալիքի, այնպիսի եղանակով, որը սահմանափակում է կամ կարող է սահմանափակել սպառողի՝ կամավոր որոշում կայացնելու ունակությունը.
գործարքի վերաբերյալ որոշում՝ սպառողի ցանկացած որոշում, որը վերաբերում է ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերմանը կամ հնարավոր ձեռքբերմանը, ապրանքի (աշխատանքի, ծառայության) վճարման, պահպանման կամ տնօրինման պայմաններին կամ ապրանքի (աշխատանքի, ծառայության) հետ կապված պայմանագրային իրավունքների իրացմանը, անկախ այն հանգամանքից՝ սպառողը ձեռք կբերի տվյալ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը), թե ոչ.
մարկետինգային բուրգ՝ սխեմա, որի շրջանակում սպառողի՝ նյութական օգուտ ստանալու հնարավորությունը առավելապես պայմանավորված է նոր սպառողներ ներգրավելով, քան ապրանքի (աշխատանքի, ծառայության) վաճառքով.
էկոլոգիական հավաստում՝ առեւտրային հաղորդակցության շրջանակում տեքստային, պատկերային, գրաֆիկական կամ ցանկացած այլ եղանակով, այդ թվում՝ պիտակների, ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվանման, ֆիրմային անվանումների, ապրանքային նշանի տեսքով հավաստում, որը սահմանում կամ տպավորություն է ստեղծում, որ վաճառողը, ապրանքը (աշխատանքը, ծառայությունը), ապրանքախումբը, ապրանքային նշանի իրավատերն ունեն դրական կամ զրոյական ազդեցություն շրջակա միջավայրի վրա կամ ավելի քիչ բնապահպանական վնաս են հասցնում, քան այլ վաճառողները, ապրանքները (աշխատանքները, ծառայությունները), ապրանքային նշանների իրավատերերը կամ ապրանքախմբերը, կամ վերջիններս ժամանակի ընթացքում բարելավել են իրենց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա.
ֆունկցիոնալություն` ապրանքի՝ իր նպատակային նշանակությանը ծառայելուն ուղղված գործառույթներ իրականացնելու հատկություն.
ֆունկցիոնալ տարր՝ ապրանքի ցանկացած բաղադրիչ, այդ թվում՝ պահեստամաս, որը պարբերաբար անհրաժեշտ է թարմացնել կամ փոխարինել՝ ապահովելու ապրանքի ֆունկցիոնալության անհրաժեշտ մակարդակը:»:
Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին հոդվածով.
Հոդված 4.1. Սպառողի ազատ ընտրություն կատարելու իրավունքը
1. Սպառողն իրավունք ունի ազատորեն ընտրելու ապրանք (աշխատանք, ծառայություն) առանց որեւէ ճնշման կամ սահմանափակման:»:
Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ III.1-ին գլխով.
ԳԼՈՒԽ III.1
ԱՆԱՐԴԱՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ
Հոդված 37.1. Անարդար առեւտրային գործելակերպի արգելքը
1. Առեւտրային գործելակերպը համարվում է անարդար, եթե այն հակասում է բարեխղճության, ազնվության, արդարության, ճշմարտության կամ անաչառության սկզբունքներին եւ ունի կամ կարող է ունենալ ազդեցություն այն միջին սպառողի՝ ապրանքի (աշխատանքի, ծառայության) նկատմամբ դրսեւորած վարքագծի վրա, որին ուղղված է այդ գործելակերպը, կամ խմբի միջին սպառողի վարքագծի վրա, երբ առեւտրային գործելակերպն ուղղված է սպառողների կոնկրետ խմբի:
2. Առեւտրային գործելակերպը, որն ունի կամ կարող է ունենալ ազդեցություն խոցելի սպառողների վարքագծի վրա, եւ որը տնտեսավարող սուբյեկտը կարող էր կանխատեսել, գնահատվում է այդ խոցելի սպառողի տեսանկյունից:
3. Անարդար առեւտրային գործելակերպ են սույն օրենքի 37.2-րդ եւ 37.3-րդ հոդվածներով նախատեսված դեպքերը, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին մասի հատկանիշներին համապատասխանող այլ գործողություն, անգործություն կամ վարքագիծ: 4. Սպառողի նկատմամբ տնտեսավարող սուբյեկտի անարդար առեւտրային գործելակերպն արգելվում է:.
Հոդված 37.2. Մոլորեցնող գործողությունը եւ անգործությունը
1. Գործողությունը համարվում է մոլորեցնող, եթե այն պարունակում է ցանկացած կեղծ, ոչ հավաստի, աղավաղված տեղեկատվություն, կամ տեղեկատվությունը ներկայացվում է այն ձեւով, որ թեեւ այն փաստացի ճիշտ է, սակայն կարող է թյուր տպավորություն ստեղծել տնտեսավարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքի (աշխատանքի, ծառայության), դրա գովազդմանը, տարածմանը կամ իրացմանը նպաստող միջոցառումների, ապրանքի (աշխատանքի, ծառայության) աշխարհագրական ծագման կամ արտադրության կամ իրացման գործընթացի, որոշակի նպատակի համար դրա պիտանիության, դրա ժամկետի, որակի, քանակի կամ այլ բնութագրերի, առաջարկման կամ մատուցման պայմանների կամ գնի կամ դրա հաշվարկման եղանակի կամ սպառողի իրավունքների վերաբերյալ, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել միջին սպառողին եւ դրդում է կամ կարող է դրդել սպառողին կայացնելու գործարքի վերաբերյալ այնպիսի որոշում, որն այլ պարագայում չէր կայացնի:
2. Անգործությունը համարվում է մոլորեցնող, եթե տնտեսավարող սուբյեկտը ոչ պարզ, ոչ հստակ, ոչ լիարժեք կամ անորոշ ձեւով կամ ոչ ճիշտ ժամանակին տրամադրում կամ չի տրամադրում իր, իր գործունեության կամ առաջարկած ապրանքի (աշխատանքի, ծառայության), դրա գովազդմանը, տարածմանը կամ իրացմանը նպաստող միջոցառումների, ապրանքի (աշխատանքի, ծառայության) աշխարհագրական ծագման կամ արտադրության կամ իրացման գործընթացի, որոշակի նպատակի համար դրանց պիտանիության, որակի, քանակի կամ այլ բնութագրերի, առաջարկման կամ մատուցման պայմանների կամ գնի կամ դրա հաշվարկման եղանակի կամ սպառողի իրավունքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն, որն անհրաժեշտ է սպառողին գործարքի վերաբերյալ որոշում կայացնելու համար եւ դրդում է կամ կարող է դրդել սպառողին կայացնելու գործարքի վերաբերյալ այնպիսի որոշում, որն այլ պարագայում չէր կայացնի:
3. Գնման հրավերի դեպքում տնտեսավարող սուբյեկտը, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունից բացի, տրամադրում է նաեւ հետեւյալ տեղեկատվությունը.
1) ապրանքի (աշխատանքի, ծառայության) հիմնական բնութագրերը.
2) ապրանքի (աշխատանքի, ծառայության) գինը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, բոլոր հավելյալ բեռնափոխադրումների, առաքումների կամ փոստային ծառայությունների գինը, իսկ դրա անհնարինության դեպքում` վճարման ենթակա լինելու հանգամանքը.
3) վճարման, առաքման, բողոքների ներկայացման կարգն ու ուսումնասիրման քաղաքականությունը.
4) դադարեցման կամ չեղարկման իրավունք վերապահող գործարքների դեպքում՝ այդպիսի իրավունքի առկայությունը.
5) էլեկտրոնային առեւտրային հարթակում ներկայացված ապրանքի (աշխատանքի, ծառայության) դեպքում՝ տեղեկատվություն այն մասին՝ արդյոք ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) առաջարկողը վաճառողն է, թե այլ անձ՝ էլեկտրոնային առեւտրային հարթակին տրված հայտարարության հիման վրա.
6) էլեկտրոնային առեւտրային հարթակում սպառողների կողմից բանալի բառերով, արտահայտություններով կամ այլ եղանակով վաճառողների կամ այլ անձանց կողմից առաջարկվող ապրանքի (աշխատանքի, ծառայության) որոնման հնարավորության դեպքում, անկախ այն հանգամանքից՝ սպառողը ձեռք կբերի տվյալ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը), թե ոչ, էլեկտրոնային առեւտրային հարթակի ինտերֆեյսի հարցման արդյունքներն արտացոլող հատուկ հատվածում ներկայացվում է որոնման արդյունքում ցուցադրվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) դասակարգման չափանիշների եւ դրանց հարաբերական նշանակության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը.
7) էլեկտրոնային առեւտրային հարթակում սպառողների կողմից ապրանքին (աշխատանքին, ծառայությանը) տրված գնահատականներ ներկայացված լինելու դեպքում վաճառողի կամ այլ անձի կողմից պետք է ներկայացվեն այդ գնահատականների՝ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) փաստացի օգտագործած կամ ձեռք բերած սպառողների կողմից տրված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը.
8) ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համեմատման ծառայության դեպքում՝ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համեմատության մեթոդը, համեմատվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) եւ դրանք առաջարկող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաեւ չափանիշները, որոնցով ապահովվում է տեղեկատվության պարբերաբար թարմացումը:
4. Ցանկացած դեպքում մոլորեցնող առեւտրային գործողություն է համարվում տնտեսավարող սուբյեկտի կողմից՝
1) հայտարարելը, որ վարքագծի կանոնագրքի ստորագրող կողմ է այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտը փաստացի վարքագծի կանոնագրքի ստորագրող կողմ չէ.
2) հավաստագրային կամ դրան համարժեք այլ նշան, համապատասխանության հայտարարագիր, համապատասխանության սերտիֆիկատ, օրենսդրությամբ սահմանված պահանջներին ապրանքի (աշխատանքի, ծառայության) համապատասխանության վերաբերյալ ցանկացած այլ փաստաթուղթ ցուցադրելը՝ առանց դրա առկայության.
3) էկոլոգիական հավաստումը ամբողջ ապրանքի (աշխատանքի, ծառայության) կամ տնտեսավարող սուբյեկտի ամբողջ տնտեսական գործունեության մասին, երբ այն վերաբերում է ապրանքի (աշխատանքի, ծառայության) կոնկրետ հատկանիշի կամ վաճառողի տնտեսական գործունեության կոնկրետ ուղղության.
4) հայտարարելը, որ վարքագծի կանոնագիրքը հաստատվել է պետական մարմնի կողմից, այն դեպքում, երբ վարքագծի կանոնագիրքը որեւէ պետական մարմին չի հաստատել.
5) վարքագծի կանոնագրքով ստանձնած պարտավորությունների պահպանման խախտումը.
6) հայտարարելը, որ իր առեւտրային գործելակերպը կամ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) հաստատվել կամ թույլատրվել է լիազորված պետական մարմնի կամ մասնավոր ընկերության կողմից, երբ իրականում այդպես չէ, կամ այդպիսի հայտարարություն անելը՝ չհամապատասխանելով հաստատման կամ թույլտվության համար անհրաժեշտ պայմաններին.
7) ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) հստակ սահմանված գնով գնելու հրավերը, երբ առկա է օբյեկտիվ հիմք ենթադրելու, որ չի կարողանա անձամբ կամ այլ մատակարարի միջոցով ապրանքի (աշխատանքի, ծառայության) գովազդից բխող ողջամիտ ժամկետներում եւ ծավալներով մատակարարումներ իրականացնել.
8) ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) հստակ սահմանված գնով գնելու հրավերը, այնուհետեւ գովազդվող ապրանքը սպառողին ցուցադրելուց կամ դրա համար պատվերներ վերցնելուց, ողջամիտ ժամկետում առաքելուց հրաժարվելը կամ ապրանքի թերություններ ունեցող նմուշ ցույց տալը՝ մեկ այլ ապրանք (աշխատանք, ծառայություն) գովազդելու մտադրությամբ.
9) անմիջապես գործարքի վերաբերյալ որոշում կայացնելու եւ տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորությունից կամ բավարար ժամանակից սպառողին զրկելով՝ թյուր տպավորություն ստեղծելը, որ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) հասանելի է լինելու խիստ սահմանափակ ժամանակահատվածով.
10) հայտարարելը կամ այլ կերպ թյուր տպավորություն ստեղծելը, որ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) կարող է օրինական ճանապարհով վաճառվել, երբ իրականում այդպես չէ.
11) օրենքով սպառողներին տրված իրավունքները եւ ապրանքի (աշխատանքի, ծառայության) եւ դրա իրացման վերաբերյալ օրենքով սահմանված պահանջների կատարումը որպես տնտեսավարող սուբյեկտի առաջարկի առանձնահատուկ հատկանիշ ներկայացնելը.
12) լրատվության միջոցներով կամ տեղեկատվության տարածման այլ եղանակներով ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) գովազդելու նպատակով խմբագրական նյութ ներկայացնելը, երբ տնտեսավարող սուբյեկտը վճարել է դրա համար, սակայն այդ փաստը սպառողի համար հստակ նույնականացվող եղանակով (պատկերներով կամ ձայնային միջոցներով) չի հստակեցրել.
13) սպառողների կողմից ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առցանց որոնման արդյունքները ցուցադրելը՝ առանց ակնհայտ ձեւով ներկայացնելու վճարովի գովազդի կամ վճարում կատարած լինելու վերաբերյալ տեղեկատվությունը, որն իրականացվել է դրանց դասակարգման համար ավելի բարձր վարկանիշ ձեռք բերելու նպատակով.
14) սպառողի կողմից ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) չգնելու դեպքում իր կամ իր ընտանիքի անվտանգությանն սպառնացող ռիսկի, դրա բնույթի եւ չափի վերաբերյալ կեղծ հայտարարություն անելը.
15) հայտարարելը, թե տնտեսավարող սուբյեկտը պատրաստվում է դադարեցնել իր ձեռնարկատիրական գործունեությունը կամ տեղափոխվելու է այլ տարածք, երբ իրականում այդպես չէ.
16) հայտարարելը, որ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) կարող է նպաստել շահումով խաղերում հաղթելուն.
17) թյուր տպավորություն ստեղծելը կամ հայտարարություն տարածելը, որ դեղամիջոց չհամարվող ապրանքը կարող է օգնել հիվանդություններ, ֆունկցիոնալ խանգարումներ կամ զարգացման արատներ բուժելուն.
18) մարկետինգային բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ գովազդելը, որի դեպքում սպառողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ փոխհատուցում ստանալու հնարավորությունը առաջին հերթին պայմանավորված է մարկետինգային բուրգում այլ սպառողների ներգրավմամբ, այլ ոչ թե ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացմամբ կամ սպառմամբ.
19) շուկայական պայմանների կամ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) գտնելու հնարավորության մասին էական ոչ ճշգրիտ տեղեկատվություն փոխանցելը՝ սպառողին շուկայական պայմաններից տարբերվող, անբարենպաստ պայմաններով ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) ձեռք բերելուն դրդելու նպատակով.
20) հայտարարելը մրցութային կամ մրցանակային խրախուսման մասին՝ չշնորհելով նկարագրված մրցանակները կամ դրանց համարժեքը.
21) ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) որպես «անհատույց», «անվճար», «առանց գումարի» կամ համանման ձեւով ներկայացնելը, եթե սպառողը պարտավոր է կատարել այլ վճարներ, բացի ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) ստանալու կամ դրա առաքման հետ կապված ծախսերից.
22) էլեկտրոնային առեւտրային հարթակի միջոցով գնման գործընթացում ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացման հաշվարկային փաստաթղթի տպավորություն ստեղծող փաստաթղթեր ներառելը, որը սպառողի մոտ տպավորություն է ստեղծում, որ ապրանքն արդեն ձեռք է բերվել, երբ իրականում այդպես չէ.
23) հայտարարելը կամ թյուր տպավորություն ստեղծելը, որ տնտեսավարող սուբյեկտը չի գործում իր տնտեսական գործունեության նպատակներից ելնելով, կամ կեղծ ձեւով ինքն իրեն որպես սպառող ներկայացնելը.
24) միջոցառումների տոմսերի վերավաճառումը սպառողներին, եթե վերավաճառողը դրանք ձեռք է բերել ավտոմատացված միջոցների կիրառմամբ՝ շրջանցելով տոմսերի քանակի ցանկացած սահմանափակում կամ տոմսերի ձեռքբերման համար սահմանված այլ կանոններ.
25) էլեկտրոնային առեւտրային հարթակում ապրանքի (աշխատանքի, ծառայության) վերաբերյալ ներկայացված գնահատականները ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) փաստացի օգտագործած կամ ձեռք բերած սպառողների կողմից տրված լինելու վերաբերյալ նշումը, այն դեպքում, երբ չեն ձեռնարկվել համաչափ եւ ողջամիտ քայլեր՝ պարզելու, որ գնահատականները ձեւավորվել են այդ սպառողների կողմից.
26) էլեկտրոնային առեւտրային հարթակում տնտեսավարող սուբյեկտի կամ իր օգտին այլ անձանց կողմից ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման խթանման նպատակով կեղծ գնահատականներ ստեղծելը կամ այլ ապակողմնորոշիչ միջոցառումներ իրականացնելը, այդ թվում՝ դիտումների կեղծ քանակ ներկայացնելը.
27) ծրագրային ապահովման թարմացման հետեւանքով ապրանքի ֆունկցիոնալության նվազեցման վերաբերյալ սպառողին տեղեկատվություն չտրամադրելը.
28) ծրագրային ապահովման թարմացումը որպես ֆունկցիոնալության պահպանման անհրաժեշտ պայման ներկայացնելն այն դեպքում, երբ այն ուղղված է ապրանքի առանձին ֆունկցիոնալ տարրերի ֆունկցիոնալության բարելավմանը.
29) սպառողին տեղեկատվություն չտրամադրելն այն մասին, որ ապրանքի առանձին ֆունկցիոնալ տարրերը նվազեցնում են ապրանքի պիտանիության ժամկետն այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտը տեղյակ էր դրա մասին.
30) ապրանքի պիտանիության ժամկետի վերաբերյալ սպառողին կեղծ տեղեկատվություն ներկայացնելը.
31) ապրանքի վերանորոգման հնարավորության վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տրամադրելը, երբ ձեռք բերված ապրանքը հնարավոր չէ վերանորոգել.
32) սպառողին դրդելը՝ առանց տեխնիկական անհրաժեշտության վաղաժամ փոխարինելու կամ թարմացնելու ապրանքի առանձին ֆունկցիոնալ տարրերը.
33) վաճառողի կողմից սպառողին տեղեկատվություն չտրամադրելն այն մասին, որ սպառողի կողմից ապրանքի ֆունկցիոնալ տարրերի փոխարինումը կամ թարմացումը կհանգեցնի ապրանքի ֆունկցիոնալության նվազման.
34) սպառողին կեղծ տեղեկատվության տրամադրումն այն մասին, որ այլ տնտեսավարող սուբյեկտների կողմից ապրանքի ֆունկցիոնալ տարրերի փոխարինումը կամ թարմացումը կհանգեցնի ապրանքի ֆունկցիոնալության նվազեցման:
Հոդված 37.3. Ագրեսիվ առևտրային գործելակերպը
1. Առևտրային գործելակերպը համարվում է ագրեսիվ, եթե ոտնձգության, հարկադրանքի, այդ թվում՝ ֆիզիկական ուժի գործադրման կամ անհարկի ազդեցության միջոցով զգալիորեն թուլացնում է կամ կարող է թուլացնել միջին սպառողի ազատ ընտրություն կատարելու իրավունքը, դրանով իսկ դրդում է կամ կարող է դրդել միջին սպառողին կայացնելու ձեռքբերման այնպիսի որոշում, որը այլ պարագայում չէր կայացնի:
2. Տնտեսավարող սուբյեկտի կողմից սպառողի նկատմամբ առևտրային գործելակերպի շրջանակներում ոտնձգության, հարկադրանքի, այդ թվում՝ ֆիզիկական ուժի գործադրման կամ անհարկի ազդեցության հանգամանքը որոշելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.
1) դրանց իրականացման ժամանակը, վայրը, բնույթը և (կամ) շարունակականությունը.
2) սպառնալից կամ վիրավորական բառապաշարի օգտագործումը կամ վարքագծի դրսևորումը.
3) տնտեսավարող սուբյեկտի կողմից դժբախտ պատահարի կամ այնպիսի հանգամանքի շահարկումը, որի մասին նա տեղյակ է, և որը կարող է ազդել սպառողի գործարքի վերաբերյալ որոշում կայացնելու վրա.
4) տնտեսավարող սուբյեկտի կողմից սպառողի իրավունքների իրացման արտապայմանագրային արհեստական խոչընդոտների ստեղծումն այն դեպքում, երբ սպառողը ցանկանում է օգտվել պայմանագրով նախատեսված իր իրավունքներից, ներառյալ՝ պայմանագիրը դադարեցնելու կամ մեկ այլ ապրանքով փոխարինելու կամ մեկ այլ տնտեսավարող սուբյեկտից այն ձեռք բերելու իրավունքը.
5) անօրինական գործողություն ձեռնարկելու սպառնալիքը:
3. Ցանկացած դեպքում ագրեսիվ առևտրային գործելակերպ է համարվում`
1) տնտեսավարող սուբյեկտի կողմից տպավորություն ստեղծելը, որ սպառողը չի կարող լքել վաճառքի իրականացման տարածքը, այդ թվում՝ էլեկտրոնային առևտրային հարթակը` առանց ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման.
2) սպառողի տուն անհատական այցելություններ կատարելը՝ հաշվի չառնելով դրա հետ կապված սպառողի անհամաձայնությունը, կամ հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ հաղորդակցության այլ միջոցներով ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերմանն ուղղված շարունակական և անցանկալի առաջարկներ անելը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք պայմանավորված են պայմանագրային պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ.
3) գովազդում երեխային ուղղված ուղղակի կոչը գովազդվող ապրանքի (աշխատանքի, ծառայության) գնման կամ ծնողին կամ այլ չափահասին գնել համոզելու վերաբերյալ.
4) տնտեսավարող սուբյեկտի կողմից չպահանջված ապրանք (աշխատանք, ծառայություն) մատակարարելը սպառողին և դրա դիմաց անմիջապես կամ հետաձգված վճարում կամ դրա վերադարձ պահանջելը.
5) տնտեսավարող սուբյեկտի կողմից սպառողին հայտնելը, որ վերջինիս կողմից ապրանք (աշխատանք, ծառայություն) ձեռք չբերելու պարագայում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը կվտանգվի.
6) կեղծ տպավորություն ստեղծելը, որ սպառողն արդեն շահել է, շահելու է կամ կոնկրետ գործողություն կատարելիս կշահի մրցանակ կամ կստանա այլ համարժեք օգուտ, երբ իրականում մրցանակ կամ այլ համարժեք օգուտ առկա չէ, կամ դրա ստացման համար պահանջվող գործողությունը ենթադրում է գումարի վճարում կամ այլ ծախսերի կատարում:»:
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 38.1-ին հոդվածով.
Հոդված38.1
Անարդար առևտրային գործելակերպի դեմ սպառողների իրավունքների պաշտպանությունը
1․ Տնտեսավարող սուբյեկտի կողմից անարդար առևտրային գործելակերպի դրսևորման յուրաքանչյուր դեպքում սպառողն իրավունք ունի օգտվելու օրենքով նախատեսված պաշտպանության կառուցակարգերից:
3. «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-207-Ն
https://www.arlis.am/hy/acts/209454
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքի փոփոխությունները ուժի մեջ է մտել 2025 թվականի օգոստոսի 1-ից
Սույն օրենքի ընդունման նախորդ օրացուցային տարում մինչև 115 միլիոն դրամ հասույթ ունեցած տնտեսավարող սուբյեկտների համար սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է մտնում և սույն օրենքի 5-րդ հոդվածով լրացվող Օրենքի 9.7-րդ հոդվածի 1-ին մասի՝ միավոր գինը նշելու պահանջը կիրառվում է 2026 թվականի հունվարի 1-ից:
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել «Առևտրի և ծառայությունների մասին»
օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Օրենքի փոփոխությունները մասնավորապես վերաբերում են ապրանքների գների ներկայացման կարգին և դրանց հետ կապված հիմնական հասկացությունների հստակեցմանը։ Մասնավորապես՝ Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացվում է 33-35-րդ կետերով, որտեղ սահմանվում են երեք նոր իրավական հասկացություններ․ «վաճառքի գին», «միավոր գին» և «էլեկտրոնային առևտրային հարթակ»։ Դրանց միջոցով ամրագրվում է, որ վաճառքի գինը համարվում է ապրանքի վերջնական արժեքը՝ ներառյալ հարկերն ու պարտադիր վճարները, միավոր գինը հաշվարկվում է ըստ օրենքով կամ գործարար շրջանառության սովորույթով նախատեսված չափման միավորի, իսկ էլեկտրոնային առևտրային հարթակը դիտվում է որպես ծրագրային միջավայր, որի միջոցով սպառողները կարող են առցանց կնքել պայմանագրեր վաճառողների կամ տնտեսավարող սուբյեկտների հետ։
Բացի դրանից, Օրենքը լրացվում է նոր՝ 9.7-րդ հոդվածով, որը սահմանում է ապրանքի գնի ներկայացման կանոնները։ Ըստ դրա՝ վաճառքի ցուցադրման ժամանակ պարտադիր է նշել ապրանքի անվանումը, վաճառքի գինը և միավոր գինը։ Միևնույն ժամանակ օրենքը նախատեսում է մի շարք բացառություններ, օրինակ՝ այն ապրանքների համար, որոնց վաճառքի գինը համընկնում է միավոր գնի հետ, փոքր ծավալով կամ քաշով արտադրական փաթեթավորմամբ ապրանքների համար, ինչպես նաև հավաքածուների դեպքում։ Օրենքը նաև հստակեցնում է, որ որոշ դեպքերում պարտադիր չէ վաճառքի գինը ներկայացնել, ինչպես օրինակ՝ չկշռափաթեթավորված ապրանքների դեպքում կամ շուկաներում և տոնավաճառներում իրականացվող առևտրի ժամանակ։
Վերջապես, օրենքը հստակեցնում է, որ այս կանոնները տարածվում են ոչ միայն ֆիզիկական առևտրի վրա, այլև էլեկտրոնային առևտրային հարթակներում իրականացվող վաճառքների, ծառայությունների և աշխատանքների վրա։.
Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 33-35-րդ կետերով.
Հոդված 2. Հիմնական հասկացությունները
33) վաճառքի գին՝ ապրանքի միավորի կամ ապրանքի որոշակի քանակի համար սահմանված վերջնական գին, ներառյալ ապրանքների համար կիրառվող հարկերը և այլ պարտադիր վճարներ.
34) միավոր գին՝ օրենքով սահմանված չափման միավորի (մեկ կգ, մեկ լիտր, մեկ մետր, մեկ մետր քառակուսի, մեկ մետր խորանարդ կամ գործարար շրջանառության սովորույթում կոնկրետ ապրանքի համար ընդունված չափման այլ միավոր) համար սահմանված վերջնական գին, ներառյալ ապրանքի համար կիրառվող հարկերը և այլ պարտադիր վճարները.
35) էլեկտրոնային առևտրային հարթակ՝ ծրագրային ապահովում, այդ թվում՝ կայքէջ կամ դրա մաս, էլեկտրոնային հավելված, որը շահագործվում է վաճառողի կողմից կամ վաճառողի անունից և հնարավորություն է տալիս սպառողներին էլեկտրոնային եղանակով կնքելու պայմանագրեր տնտեսավարող սուբյեկտների կամ այլ անձանց հետ:.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.7-րդ հոդվածով.
Հոդված 9.7. Ապրանքի գնի ներկայացման կանոնները
1. Ապրանքը վաճառքի ցուցադրելիս պետք է ներկայացվեն յուրաքանչյուր ապրանքի անվանումը, վաճառքի գինը և միավոր գինը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի՝ միավոր գինը նշելու պահանջը չի տարածվում հետևյալ ապրանքների վրա.
1) ապրանք, որի վաճառքի գինը համընկնում է միավոր գնի հետ.
2) արտադրական փաթեթավորմամբ ապրանք, որի ծավալը չի գերազանցում 50 միլիլիտրը կամ քաշը՝ 50 գրամը.
3) տարբեր ապրանքներից կազմված հավաքածու, եթե հավաքածուում ներառված յուրաքանչյուր ապրանքի արժեքային մասնաբաժինը չի գերազանցում հավաքածուի ընդհանուր գնի 90 տոկոսը: 3. Սույն հոդվածի 1-ին մասի՝ վաճառքի գինը նշելու պահանջը չի տարածվում չկշռափաթեթավորված ապրանքների վրա:
4. Սույն հոդվածի 1-ին մասի պահանջները չեն տարածվում սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի և կենդանիների շուկաներում, տոնավաճառներում (վերնիսաժներում) և ցուցահանդես-վաճառքի կազմակերպման վայրերում (բացառությամբ նշված վայրերում գործող առևտրի օբյեկտների) վաճառվող կամ վաճառքի ցուցադրվող ապրանքների վրա:
5. Եթե ապրանքի իրացումը տեղի է ունենում վերջինիս սպառողական նպատակային նշանակությունից դուրս հեղուկի հետ միասին, ապա ապրանքի միավոր գինը հաշվարկվում է ըստ ապրանքի հեղուկազրկված զուտ քաշի:
6. Եթե ապրանքի իրացումը ենթադրում է նաև լրացուցիչ այլ ծառայության (առաքման, սպասարկման և այլն) մատուցում, ապա առանձին ներկայացվում է նաև այդ ծառայության վճարը:
7. Բացառությամբ ապրանքի իրացման հետ կապված լրացուցիչ ծառայության մատուցման դեպքերի, ծառայության մատուցման կամ աշխատանքի իրականացման փաթեթների դեպքում պետք է ներկայացվեն այդ փաթեթներում ներառված առանձին ծառայությունների կամ աշխատանքների գները, իսկ անհնարինության դեպքում՝ գների հաշվարկման տրամաբանությունը:
8. Սույն հոդվածի կանոնները տարածվում են նաև էլեկտրոնային առևտրային հարթակում իրացվող ապրանքների, մատուցվող ծառայությունների և իրականացվող աշխատանքների վրա:
4. «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՕ- 247 -Ն
https://www.arlis.am/hy/acts/209772
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքի փոփոխությունները ուժի մեջ է մտել 2025 թվականի օգոստոսի 2-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Օրենքի փոփոխությունը վերաբերում է առևտրի ոլորտում սպառողների պաշտպանության և հանրային անվտանգության ապահովմանն՝ նպատակ ունենալով կանխել այն իրավիճակները, երբ անչափահասները կարող են ձեռք բերել արտաքինով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող առարկաներ։ Օրենքի լրացումը սահմանում է, որ նմանատիպ արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող իրերը չի կարելի վաճառել մինչև 18 տարին չլրացած անձանց։ Առաջարկում ենք առևտրի ոլորտի տնտեսավարողներին՝
- Վերանայել վաճառքի առկա տեսականին և առանձնացնել այն ապրանքները, որոնք արտաքինով կամ կառուցվածքով կարող են ընկալվել որպես սառը զենք։
- Նմանատիպ ապրանքների վաճառքի գործընթացում ապահովել գնորդի տարիքի նույնականացում (օր.՝ անձը հաստատող փաստաթղթի պահանջում)։
- Մշակել ներքին կարգավորումներ և վաճառողների համար հրահանգներ՝ խուսափելու համար օրենքի խախտումներից։
- Առցանց վաճառքի դեպքում համակարգում ներդնել տարիքի վերահսկման մեխանիզմներ։ Այսպիսով, փոփոխությունը ուղղված է անչափահասների պաշտպանությանն ու հասարակական անվտանգության բարձրացմանը, իսկ տնտեսավարողները պետք է նախապես համապատասխանեն նոր պահանջներին՝ պատասխանատվությունից խուսափելու համար։
«Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.3-րդ մասով.
Հոդված 9. Առևտրի կազմակերպման կանոնները
«12.3. Արգելվում է արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող և արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքը 18 տարին չլրացած անձանց:»:
5. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակիցների ակտիվների և հասույթների չափերը, համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը սահմանելու և մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 322-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակիցների ակտիվների և հասույթների չափերը, համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը սահմանելու և 21 մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 322-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին 15 օգոստոսի 2025 թվականի, N 553-Ն https://www.arlis.am/hy/acts/210856
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումը ուժի մեջ է մտել 2025 թվականի օգոստոսի 15-ից
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 9-ի «Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակիցների ակտիվների և հասույթների չափերը, համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը սահմանելու և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 478-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 322-Ն որոշումը: Այսուհետ, սույն որոշումը վերաբերում էհամակենտրոնացումների հայտարարագրմանը։
Որոշմամբ հիմնականում կարգավորվում են.
1. Սահմանվում են համակենտրոնացման մասնակիցների ակտիվների և հասույթների չափերը, ըստ որոնց որոշվում է հայտարարագրման պարտավորությունը:
2. Նշվում է համակենտրոնացման հայտարարագրման կարգը, որը սահմանում է՝ ինչպես և երբ տնտեսավարող սուբյեկտները պետք է ներկայացնեն Հանձնաժողովին համակենտրոնացման մասին տեղեկություններ:
3. Ունեցվում է հայտարարագրի ձև, որը պետք է լրացվի մասնակիցների կողմից:
4. Ուժը կորցրած ճանաչվում են նախկին որոշումները՝ դրանց փոխարեն ուժի մեջ է մտնում սույն նոր կարգավորումը:
5. Կարգավորումները կիրառվում են 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո հարուցված և իրականացվող վարույթների վրա, իսկ մինչ այդ գործում են նախկին կարգավորումները:
Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը և 2-րդ մասը, 68-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասերը` Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Սահմանել`
1) հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակիցների ակտիվների և հասույթների չափերը՝ համաձայն հավելված 1-ի:
2) համակենտրոնացման հայտարարագրման կարգը՝ համաձայն հավելված 2-ի:
3) համակենտրոնացման հայտարարագրի ձևը՝ համաձայն հավելված 3-ի: 2. Ուժը կորցրած ճանաչել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 9-ի «Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակիցների ակտիվների և հասույթների չափերը, համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը սահմանելու և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 478-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 322-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
4. Մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը հարուցված և իրականացվող վարույթների շրջանակներում համակենտրոնացումների մասնակիցների ակտիվների և հասույթների չափերի, համակենտրոնացման հայտարարագրման և հայտարարագրի ձևի նկատմամբ կիրառելի են մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները, իսկ 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո հարուցված և իրականացվող վարույթների շրջանակներում համակենտրոնացումների մասնակիցների ակտիվների և 22 հասույթների չափերի, համակենտրոնացման հայտարարագրման և հայտարարագրի ձևի նկատմամբ կիրառելի են սույն որոշմամբ սահմանված կարգավորումները։
ՄԱՍ II. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի օգոստոս ամսվան առողջապահության ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-164-Ն
https://www.arlis.am/hy/acts/192567
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքի փոփոխությունները ուժի մեջ է մտել 2025 թվականի օգոստոսի 1-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները
Օրենքի փոփոխությունները մասնավորապես վերաբերում են առողջապահության ոլորտում մասնագիտական գործունեության իրավական կարգավորմանը, մասնավորապես անհատական և անցումային անհատական լիցենզավորման մեխանիզմներին: Փոփոխությունները նախատեսում են, որ 2- րդ հոդվածի 1-ին մասը լրացվի նոր 22.1 և 22.2 կետերով, որոնք սահմանում են անհատական լիցենզիայի և անցումային անհատական լիցենզիայի հասկացությունները: Անհատական լիցենզիան այն պաշտոնական թույլտվությունն է, որը հավաստում է ավագ բուժաշխատողի իրավունքը զբաղվելու առողջապահության բնագավառում որոշակի մասնագիտական գործունեությամբ, իսկ անցումային անհատական լիցենզիան թույլտվություն է այն անձանց համար, որոնք ուսումնառության հիմքով, լիազոր մարմնի հսկողության ներքո և սահմանված ծավալով կարող են իրականացնել մասնագիտական գործունեություն կլինիկական օրդինատուրայում, կլինիկական ռեզիդենտուրայում կամ ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում:
Անհատական լիցենզավորման գործընթացը, ինչպես նշվում է 12-րդ հոդվածի 3-րդ մասում, կմեկնարկի 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ լիազոր մարմնի հաստատած ժամանակացույցին համապատասխան:
Օրենքի 2-րդ հոդվածում 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-ին և 22.2-րդ կետերով.
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
22.1) անհատական լիցենզիա՝ ավագ բուժաշխատողի՝ առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն.
22.2) անցումային անհատական լիցենզիա՝ կլինիկական օրդինատուրայում (կլինիկական ռեզիդենտուրայում), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձանց բարձրագույն բժշկական կրթության հենքի վրա ոչ ինքնուրույն, հսկողության ներքո լիազոր մարմնի սահմանած ծավալով մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն..
Հոդված 12. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
3. Անհատական լիցենզավորման գործընթացի մեկնարկն սկսվում է 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ լիազոր մարմնի հաստատած ժամանակացույցին համապատասխան:
2. Անհատական լիցենզիայի և անցումային անհատական լիցենզիա ստանալու հայտերի ձևերը, անհատական լիցենզիայի և անցումային անհատական լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, անհատական լիցենզիայի և անցումային անհատական լիցենզիայի ձևերը, դրանց տրամադրումը մերժելու հիմքերը և կարգը, տրամադրման և գործողության ժամկետի երկարաձգման կարգը սահմանելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Անհատական լիցենզիայի և անցումային անհատական լիցենզիա ստանալու հայտերի ձևերը, անհատական լիցենզիայի և անցումային անհատական լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, անհատական լիցենզիայի և անցումային անհատական լիցենզիայի ձևերը, դրանց տրամադրումը մերժելու հիմքերը և կարգը, տրամադրման և գործողության ժամկետի երկարաձգման կարգը սահմանելու մասին» 17.04.2025 N 437-Ն Որոշում
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումը ուժի մեջ է մտել 2025 թվականի օգոստոսի 1-ից
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն որոշումը վերաբերում է առողջապահության ոլորտում անհատական և անցումային անհատական լիցենզիաների տրամադրման, դրանց մերժման հիմքերի, գործողության ժամկետների և երկարաձգման կարգի սահմանմանը, ինչպես նաև հայտերի ներկայացման ու քննման ընթացակարգերին։
Այն նախատեսում է պահանջվող փաստաթղթերի ցուցակը, էլեկտրոնային հարթակի միջոցով հայտերի ներկայացման ու գրանցման կանոնները, մերժման հիմքերը, լիցենզիայի տրամադրման ժամկետները, երկարաձգման հնարավորությունները և բողոքարկման ընթացակարգերը։ Որոշումը ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից։
Առաջարկում ենք բժշկության ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ուսումնասիրել 2025 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող նոր լիցենզավորման պահանջներին։ Մասնավորապես՝ ուսումնասիրել անհատական և անցումային անհատական լիցենզիաների տրամադրման ընթացակարգը, հավաքագրել անհրաժեշտ փաստաթղթերը, ապահովել մասնագիտական գործունեության համապատասխանությունը օրենքի և կառավարության որոշմամբ սահմանված չափանիշներին։ Նաեւ նպատակահարմար է նախապես ստուգել մասնագիտական զարգացման հավաստագրերի առկայությունը կամ առողջական խոչընդոտների բացակայությունը՝ հետագայում հնարավոր մերժումներից խուսափելու համար։.
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 13-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) անհատական լիցենզիա և անցումային անհատական լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց տրամադրումը մերժելու հիմքերը և կարգը, տրամադրման և գործողության ժամկետի երկարաձգման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) անհատական լիցենզիա և անցումային անհատական լիցենզիա ստանալու հայտերի ձևերը` համաձայն N 2 հավելվածի.
3) անհատական լիցենզիայի և անցումային անհատական լիցենզիայի ձևերը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից:
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով կարգավորվում են առողջապահության բնագավառում ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու համար ավագ բուժաշխատողների, որպես ֆիզիկական անձանց, անկախ իրենց աշխատանքի վայրից, և կլինիկական օրդինատորների (կլինիկական ռեզիդենտների), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձանց (այսուհետ` հայտատու) կողմից անհատական լիցենզիա և անցումային անհատական լիցենզիա ստանալու համար պահանջվող փաստաթղթերի, նրանց անհատական լիցենզիա և անցումային անհատական լիցենզիա տրամադրելու, դրանց տրամադրումը մերժելու և անհատական լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հետ կապված հարաբերությունները:
2. Անհատական լիցենզիան և անցումային անհատական լիցենզիան տրամադրում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)` էլեկտրոնային եղանակով:
3. Անհատական լիցենզիա ստանալու նպատակով հայտատուն լիցենզավորման հարթակի (այսուհետ` հարթակ) միջոցով առցանց լրացնում է սույն որոշման N 2 հավելվածի N 1 ձևով սահմանված հայտ, իսկ կլինիկական օրդինատորը (կլինիկական ռեզիդենտը), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձը` սույն որոշման N 2 հավելվածի N 2 ձևով սահմանված հայտ:
4. Անհատական լիցենզիա ստանալու հայտը հարթակում ձևավորվում է այն տվյալների ինքնաշխատ գեներացման միջոցով, որոնք ներկայացված են կենտրոնացված քննությանը մասնակցելու համար ներկայացված հայտում, իսկ այն դեպքերում, երբ անհրաժեշտ են հավելյալ տվյալներ, դրանք մուտքագրվում են հայտատուի կողմից:
5. Անհատական լիցենզիա ստանալու հայտի մեջ ներառվում են հետևյալ տեղեկությունները`
1) հայտատուի անուն, ազգանուն, հայրանուն.
2) անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տվյալներ.
3) հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համար.
4) հաշվառման վայր, բնակության վայր, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե.
5) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության փաստը հավաստող պետական նմուշի ավարտական փաստաթղթերի տվյալներ կամ օտարերկրյա պետությունում ձեռք բերված կրթության ճանաչումն ու համարժեքությունը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաստատող փաստաթուղթ.
6) մասնագիտություն.
7) գործունեության իրականացման վայր (հասցե), հեռախոսահամար (լրացվում է գործունեություն իրականացնելու դեպքում).
8) Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի (այսուհետ` ՇՄԶ հավաստագիր) կամ առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագրի (առկայության դեպքում) համար, վավերականության ժամկետ.
9) անհատական լիցենզիա ստանալու նպատակով կազմակերպված կենտրոնացված քննական հանձնաժողովի որոշման համար և ամսաթիվ, որն ինքնաշխատ եղանակով ստացվում է բուժաշխատողների ռեգիստրից.
10) պետական տուրքի վճարման անդորրագիր կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիր կամ գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիր (առկայության դեպքում), եթե նախապես է վճարվել, բացառությամբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, ներքին գործերի նախարարության ենթակայությամբ գործող Ոստիկանության և Փրկարար ծառայության զինվորական հաստիք զբաղեցնող ավագ բուժաշխատողների.
11) ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված բժշկական մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ֆիզիկական արատներ կամ հիվանդություններ չունենալու վերաբերյալ բժշկական զննություն անցնելու մասին տեղեկատվություն, որն ինքնաշխատ եղանակով ստացվում է էլեկտրոնային առողջապահության համակարգից.
12) դատվածություն չունենալու վերաբերյալ տեղեկատվություն, որի վերաբերյալ տեղեկանքի թղթային տարբերակը հայտատուի կողմից մուտքագրվում է հարթակ կամ այն ստացվում է էլեկտրոնային տարբերակով` ՀՀ կառավարության փոխգործելության հարթակի միջոցով:
6. Անցումային անհատական լիցենզիա ստանալու հայտը հարթակում ձևավորվում է այն տվյալների ինքնաշխատ գեներացման միջոցով, որոնք ներկայացված են կենտրոնացված քննությանը մասնակցելու համար ներկայացված հայտում, իսկ այն դեպքերում, երբ անհրաժեշտ են հավելյալ տվյալներ, դրանք մուտքագրվում են հայտատուի կողմից:
7. Անցումային անհատական լիցենզիա ստանալու հայտի մեջ ներառվում են հետևյալ տեղեկությունները`
1) հայտատուի անուն, ազգանուն, հայրանուն.
2) անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տվյալներ.
3) հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար.
4) հաշվառման վայր, բնակության վայր, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե.
5) բարձրագույն մասնագիտական կրթության փաստը հավաստող պետական նմուշի ավարտական փաստաթղթի տվյալներ կամ օտարերկրյա պետությունում ձեռք բերված կրթության ճանաչումն ու համարժեքությունը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաստատող փաստաթուղթ.
6) մասնագիտություն.
7) ուսումնական հաստատության անվանում, գտնվելու վայր, ուսումնական հաստատություն ընդունվելու օր, ամիս, տարի.
8) անցումային անհատական լիցենզիա ստանալու նպատակով կազմակերպված կենտրոնացված քննության հանձնաժողովի որոշման համար և ամսաթիվ, որն ինքնաշխատ եղանակով ստացվում է բուժաշխատողների ռեգիստրից.
9) պետական տուրքի վճարման անդորրագիր կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիր կամ գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիր (առկայության դեպքում), եթե նախապես է վճարվել, բացառությամբ ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձանց.
10) ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված բժշկական մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ֆիզիկական արատներ կամ հիվանդություններ չունենալու վերաբերյալ բժշկական զննություն անցնելու մասին տեղեկատվություն, որն ինքնաշխատ եղանակով ստացվում է էլեկտրոնային առողջապահության համակարգից.
11) դատվածություն չունենալու վերաբերյալ տեղեկատվություն, որի վերաբերյալ տեղեկանքի թղթային տարբերակը հայտատուի կողմից մուտքագրվում է հարթակ կամ այն ստացվում է էլեկտրոնային տարբերակով` ՀՀ կառավարության փոխգործելության հարթակի միջոցով:
8. Սույն կարգի 5-րդ և 7-րդ կետերում նշված տվյալների, բացառությամբ 5-րդ կետի 10-րդ ենթակետի և 7-րդ կետի 9-րդ ենթակետի, ամբողջական չլինելու դեպքում հայտը չի ձևավորվում:
9. Հայտը ձևավորվելուց հետո ավագ բուժաշխատողը կամ կլինիկական օրդինատորը (կլինիկական ռեզիդենտը), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձը հաստատում է այն, որից հետո հայտը հասանելի է դառնում ՀՀ ԱՆ լիցենզավորման գործակալության (այսուհետ` գործակալություն) աշխատակցին:
10. Հայտում առկա տվյալների անհամապատասխանության դեպքում, դրանք հայտնաբերելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում գործակալության աշխատակիցը հայտն ուղղումների նպատակով վերադարձնում է հայտատուին, իսկ տվյալների անհամապատասխանության բացակայության դեպքում հայտը համարվում է ընդունված:
11. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված դեպքում հայտատուն 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնում է առկա թերությունները և հայտը կրկին ուղարկում է, իսկ թերությունները չվերացնելու և նորից չուղարկելու դեպքում սկզբնապես ներկայացված հայտը պահպանվում է հայտատուի անձնական հաշվում` վերջինիս կողմից ջնջելու հնարավորությամբ, և հայտը համարվում է չընդունված:
12. Հայտի ընդունման դեպքում ինքնաշխատ եղանակով այդ մասին հայտատուն ծանուցում է ստանում:
13. Հայտը քննվում և անհատական լիցենզիա կամ անցումային անհատական լիցենզիա տրամադրելու կամ մերժելու վերաբերյալ լիազոր մարմնի ղեկավարի հրամանն ընդունվում է հայտն ընդունելու օրվանից 23 աշխատանքային օրվա ընթացքում:
14. Լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունն այն կայացնելու օրը հանձնվում է լիազոր մարմնի ղեկավարին: Լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա լիազոր մարմնի ղեկավարն այդ եզրակացությունը կայացնելուն հաջորդող երկու օրվա ընթացքում ընդունում է համապատասխան հրաման:
15. Անհատական լիցենզիայի և անցումային անհատական լիցենզիայի տրամադրումը մերժվում է, եթե`
1) կենտրոնացված քննության արդյունքը բացասական է կամ.
2) անձն ունի ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ցանկով նախատեսված բժշկական մասնագիտական գործունեությանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն կամ.
3) անձն ունի դատվածություն, որը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ կամ.
4) հայտում նշված մասնագիտությունը չի համապատասխանում մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատության տված ավարտական փաստաթղթում նշված մասնագիտությանը կամ.
5) առկա են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 21-րդ մասով և 35.3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքերը, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը լիազոր մարմին ներկայացնում է համապատասխան տեղեկատվությունը տիրապետող պետական բնագավառի լիազոր մարմինը` զինվորական ծառայությունից արձակման հիմքերի հայտնի դառնալու պահից` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, թղթային կամ էլեկտրոնային տարբերակով` ՀՀ կառավարության փոխգործելության հարթակի միջոցով.
6) ներկայացված հայտում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.
7) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին.
8) անձը դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչված է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, որի վերաբերյալ տեղեկատվությունն ստուգվում է գործակալության աշխատակցի կողմից` «Դատալեքս» տեղեկատվական համակարգի միջոցով:
16. Եթե լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությամբ ներկայացված հայտը մերժվում է, ապա եզրակացության մեջ հստակ նշվում է հայտի մերժման հիմքը:
17. Լիազոր մարմնի ղեկավարի կողմից հայտի բավարարման կամ մերժման հրամանի ընդունման վերաբերյալ հայտատուն ծանուցվում է հարթակի միջոցով` հրամանի ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
18. Եթե հայտատուն նախապես չի վճարել օրենքով սահմանված պետական տուրքը, ապա լիազոր մարմնի ղեկավարի` հայտի բավարարման վերաբերյալ հրամանի` ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պետք է վճարի պետական տուրքը և դրա վերաբերյալ տեղեկատվությունը ներբեռնի հարթակ, որից հետո ինքնաշխատ եղանակով նույն օրը կձևավորվի անհատական լիցենզիան` սույն որոշման N 3 հավելվածի N 1 ձևի համաձայն` ավագ բուժաշխատողների դեպքում, և անցումային անհատական լիցենզիա` սույն որոշման N 3 հավելվածի N 2 ձևի համաձայն` կլինիկական օրդինատորի (կլինիկական ռեզիդենտի), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձի դեպքում:
19. Եթե հայտատուն նախապես է վճարել օրենքով սահմանված պետական տուրքը, ապա լիազոր մարմնի ղեկավարի կողմից հայտի բավարարման վերաբերյալ հրամանի ընդունումից հետո, վերջինիս ամսաթվի և համարի` հարթակ ներբեռնելուց հետո, ինքնաշխատ եղանակով նույն օրը ձևավորվում է անհատական լիցենզիա կամ անցումային անհատական լիցենզիա:
20. Եթե լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հայտը մերժվել է, ապա մերժման հիմքերի վերանալուց հետո հայտատուն կարող է նոր հայտ ներկայացնել:
21. Անհատական լիցենզիան տրամադրվում է 5 տարի ժամկետով` երկարաձգման հնարավորությամբ, իսկ անցումային անհատական լիցենզիան տրվում է հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունում ուսում ստանալու ժամանակահատվածի համար:
22. Անհատական լիցենզիայի ժամկետը երկարաձգվում է ևս հինգ տարով, եթե`
1) վերջին հինգ տարվա ընթացքում ավագ բուժաշխատողը ձեռք է բերել ՇՄԶ հավաստագիր.
2) առկա չեն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 35.2-րդ և 35.3-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը:
21. Անհատական լիցենզիայի գործողության ժամկետի ավարտից ամենաշուտը երեք ամիս, իսկ ամենաուշը մեկ ամիս առաջ ավագ բուժաշխատողը կարող է հարթակով հայտ ներկայացնել հաջորդ հինգ տարիների համար անհատական լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու նպատակով` հարթակում թարմացնելով սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և տեղեկատվությունը:
23. Անհատական լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտերը լիցենզավորող հանձնաժողովի կողմից քննվում են սույն կարգի 6-12-րդ կետերով սահմանված կարգով: 24. Անհատական լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտերը մերժվում են, եթե`
1) վերջին հինգ տարվա ընթացքում ավագ բուժաշխատողը ձեռք չի բերել ՇՄԶ հավաստագիր.
2) առկա են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 35.2-րդ և 35.3- րդ հոդվածներով նախատեսված հիմքերը:
25. Անհատական լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է վերջինիս ժամկետի լրացման օրը` հարթակում նույն օրը նոր լիցենզիա գեներացնելով:
26. Անցումային անհատական լիցենզիայում նշված ժամկետի լրանալուն պես վերջինիս գործողությունը դադարեցվում է:
27. Անհատական լիցենզիայի և անցումային անհատական լիցենզիայի կասեցման կամ դադարեցման դեպքում հարթակում այդ մասին կարգավիճակ ամրագրելուց հետո կանաչ գույնի արագ արձագանքման (QR) կոդը ստանում է կարմիր գույն` դադարեցման դեպքում, իսկ կասեցման դեպքում` դեղին գույն:
28. Անհատական լիցենզիայի տրամադրման կամ դրա երկարաձգման մերժման մասին լիազոր մարմնի ղեկավարի հրամանը կարող է բողոքարկվել լիազոր մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան` վարչական ակտը ստանալուց հետո` տասնհինգօրյա ժամկետում:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարություն 24.07.2025, N 1010-Ն Որոշում
https://www.arlis.am/hy/acts/209806
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումը ուժի մեջ է մտել 2025 թվականի օգոստոսի 3-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ
Սույն Որոշման ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին որոշման մեջ.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն Որոշման փոփոխությունների էությունը կայանում է առողջապահական ծառայությունների որակի վերահսկման և մասնագիտական կադրերի պահանջների խստացման մեջ։ Նախ, սահմանվում է, որ թե՛ արտահիվանդանոցային, թե՛ հիվանդանոցային կազմակերպությունները պետք է ունենան որակի ապահովման պատասխանատու անձի հաստիք։ Այս պաշտոնը կարող են զբաղեցնել միայն այն մասնագետները, ովքեր վերջին հինգ տարում առողջապահական որակի և անվտանգության շրջանակներում կուտակել են առնվազն 50 ՇՄԶ կրեդիտ։ Այսպիսով, որակի վերահսկումը դառնում է ոչ թե ձևական պահանջ, այլ իրականում չափելի և մասնագիտական որակավորմամբ պայմանավորված գործառույթ։
Ամբուլատոր ծառայություններ մատուցող մեծ կենտրոնները (45․000-ից ավելի բնակչություն սպասարկողները) պարտադիր պետք է ունենան առանձին որակի պատասխանատու։ Փոքր կազմակերպությունների համար թողնված է ճկուն տարբերակ՝ կարող են չունենալ առանձին հաստիք, բայց պարտականությունները պետք է հանձնարարվեն արդեն գործող աշխատակցի, ով համապատասխանում է որակի պատասխանատուի չափանիշներին։
Բացի դրանից, կատարվում են փոփոխություններ կադրային պահանջների մեջ․ «բժշկական միջին մասնագիտական կրթություն» հասկացությունը հստակեցվում է՝ պահանջելով փաստաթղթային վավերացում։ Միևնույն ժամանակ, հիվանդանոցներում սահմանվում է շուրջօրյա հերթապահության նոր կանոնակարգ․ մարզերում դա պետք է ապահովվի ավագ բուժաշխատողների կողմից՝ հաշվարկով յուրաքանչյուր 80 մահճակալին մեկ մասնագետ։ Երևանում պահանջն ավելի խիստ է․ անկախ մահճակալների թվից, պետք է ապահովվի ավագ բուժաշխատողների շուրջօրյա հերթապահություն գրեթե բոլոր բժշկական ծառայությունների տեսակների համար։ Հերթապահության ապահովվածությունը համարվում է բավարար, եթե ներգրավված է առնվազն 4 համապատասխան բուժաշխատող։
N 5 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.5-րդ կետով`
19.5. Արտահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն իրենց կառուցվածքում պետք է ունենան որակի ապահովման պատասխանատու անձանց հաստիքներ` ապահովելով N 12 հավելվածի «N 12 հավելվածի պարզաբանում» և N 13 հավելվածի «N 13 հավելվածի պարզաբանում» բաժիններում որակի ապահովման պատասխանատու անձանց համար սահմանված պահանջները: Սույն կետի իմաստով բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովման պատասխանատուներ են համարվում` վերջին 5 տարվա ընթացքում Առողջապահական ծառայությունների որակի բարելավման և անվտանգության վերաբերյալ թեմաներով առնվազն 50 ՇՄԶ կրեդիտ ձեռք բերած հետևյալ անձինք`
1) ավագ բուժաշխատողը.
2) բակալավրի ծրագրով իրականացված մասնագիտական կրթություն ունեցող միջին բուժաշխատողը;
N 12 հավելվածի «N 12 հավելվածի պարզաբանում» բաժնի «Ընդհանուր դրույթներ» գլուխը վերջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններով`
բ. հետևյալ բովանդակությամբ.
« Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները, որոնք սպասարկում են 45.000-ից ավելի բնակչություն, իրենց կառուցվածքում պետք է ունենան որակի ապահովման պատասխանատու անձի մեկ հաստիք: Սույն պարբերության մեջ նշված խմբում չընդգրկված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները և այլ արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն իրենց կառուցվածքում բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովման պատասխանատու անձի հաստիք կարող են չունենալ, այս դեպքում բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովման պատասխանատու անձի պարտականությունները բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի գործադիր մարմնի ղեկավարի հրամանով հանձնարարվում են աշխատողներից որևէ մեկին, ով պետք է համապատասխանի սույն որոշման N 5 հավելվածի 19.5-րդ կետի պահանջներին:»
N 13 հավելվածի 99.3-րդ կետի «ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Բժշկական միջին մասնագիտական կրթություն ունեցող անձ` կրթության փաստը հավաստող վկայականի առկայությամբ:»
N 13 հավելվածի 101-րդ կետի «N 13 հավելվածի պարզաբանում» բաժնում
«Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը, յուրաքանչյուր առանձին բաժանմունքում, պետք է կազմակերպի միջին և կրտսեր բուժաշխատողների շուրջօրյա հերթապահություն՝ հիվանդանոցում ապահովելով նվազագույնը մեկ հերթապահ ավագ բուժաշխատող (բժշկական պաշտոնը սահմանվում է` 1 պաշտոն - 80 մահճակալի հաշվով):» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը, յուրաքանչյուր առանձին բաժանմունքում, պետք է ապահովի միջին և կրտսեր բուժաշխատողների շուրջօրյա հերթապահություն: Մարզերում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը պետք է ապահովի առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն ինքնուրույն իրականացնելու թույլտվություն ունեցող ավագ բուժաշխատողների շուրջօրյա հերթապահություն` յուրաքանչյուր 80 մահճակալի հաշվով: Երևան քաղաքում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը, նշված պայմանով իրականացվող բժշկական օգնության և սպասարկման յուրաքանչյուր տեսակի մասով` բացառությամբ համաճարակաբանական, կլինիկական դեղորայքային և անեսթեզիոլոգիական տեսակների, պետք է ապահովի առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն ինքնուրույն իրականացնելու թույլտվություն ունեցող ավագ բուժաշխատողների շուրջօրյա հերթապահություն` անկախ մահճակալների թվից: Բուժաշխատողների մասնագիտական կրթությունը պետք է համապատասխանի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին տրված լիցենզիայով նախատեսված, հիվանդանոցային պայմաններում իրականացման ենթակա բժշկական օգնության և սպասարկման տեսակներին: Սույն հավելվածի իմաստով, բուժաշխատողների շուրջօրյա հերթապահությունն ապահովված է համարվում հերթապահությանն առնվազն 4-ից ավել համապատասխան բուժաշխատողի ներգրավվածության դեպքում, եթե սույն հավելվածով, բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների մասով` մահճակալների թվով պայմանավորված այլ (գերազանցող) կարգավորում առկա չէ:
ՄԱՍ III. ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի օգոստոս ամսվան հարկային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հարկային օրենսգրքում հարկային ստուգումների, նույնականացման միջոցների տեղեկատվության վերաբերյալ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ 03.07.2025 N ՀՕ-255-Ն օրենք
https://www.arlis.am/hy/acts/209773
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտել 2025 թվականի օգոստոսի 1-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ Հարկային օրենսգրքում.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունը մասնավորապես վերաբերվում է շրջանառության մեջ գտնվող ապրանքների նկատմամբ վերահսկողությանը։ Եթե նախկինում հիմնականում ստուգվում էր միայն ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների կիրառման ճշտությունը, այժմ վերահսկողության շրջանակը տարածվում է նաև նույնականացման միջոցների վրա։ Սա նշանակում է, որ պետական համակարգը ձգտում է ապրանքի շրջանառությունը լիովին թափանցիկ դարձնել՝ օգտագործելով նոր թվային միջոցներ։
Վաճառքի գործընթացում առաջանում են լրացուցիչ պարտավորություններ․ հարկավոր է ոչ միայն կտրոն տրամադրել, այլ նաև ապահովել, որ այդ կտրոնում արտացոլվեն նույնականացման միջոցների քանակն ու հատուկ ստուգիչ համարը։ Դրան զուգահեռ, վաճառողը պարտավոր է իրական ժամանակում փոխանցել տվյալները միասնական շտեմարան՝ կամ ՀԴՄ-ի, կամ նրան միացված ծրագրային միջոցների միջոցով։ Սա գործարարների համար նշանակում է լրացուցիչ տեխնիկական ներդրումներ, բայց միևնույն ժամանակ ապահովում է ավելի պաշտպանված և հստակ հարկային հսկողություն։
Նախատեսվում են նաև խիստ պատասխանատվության միջոցներ։ Եթե տվյալների փոխանցումը չի կատարվում կամ կատարվում է սխալ ձևով, կիրառվում են դրամային տուգանքներ, որոնք կարող են կուտակվել ու հասնել բավականին մեծ չափերի՝ կախված խախտումից։ Այս մոտեցումը գործարարներին դրդում է առավել լուրջ վերաբերվել ներքին վերահսկողության մեխանիզմներին։
2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 335-րդ հոդվածի 3-րդ մասում՝ 1) 3-րդ կետը «դրոշմապիտակների» բառից հետո լրացնել «կամ նույնականացման միջոցների» բառերով․
Հոդված 335. Հարկային ստուգումները
3. Թեմատիկ հարկային ստուգման հարցերն են՝
3) ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների կամ նույնականացման միջոցների կիրառման ճշտությունը.
Օրենսգրքի 381-րդ հոդվածում 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ և 19-րդ կետերով.
Հոդված 381. Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները
Հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելիս պարտավոր են ապրանքներ ձեռքբերողին, աշխատանքներ ընդունողին կամ ծառայություններ ստացողին տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն:
Հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա պետք է տպագրված լինի հետևյալ տեղեկատվությունը (տվյալները).
18) նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքի վաճառքի դեպքում՝ նույնականացման միջոցների քանակը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների).
19) նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում՝ նույնականացման միջոցների հիման վրա հարկային մարմնի հաստատած ալգորիթմով գեներացվող ստուգիչ համարը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների)
լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին և 3.2-րդ մասերով․
3.1. Բացառությամբ սույն հոդվածի 3.2-րդ մասում նշված դեպքերի, հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում պարտավոր են hսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով կամ դրան միացված ծրագրային կամ տեխնիկական միջոցներով ապահովել այդ նույնականացման միջոցները շրջանառությունից հանելու վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան՝ այդ նույնականացման միջոցներն սկանավորելու և հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն տպագրելու միջոցով:
3.2. Կառավարության սահմանած դեպքերում և կարգով նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով:.
Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 416.1-ին հոդվածով․
Հոդված 416.1. Նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվություն չփոխանցելը կամ փոխանցման ենթակա տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն փոխանցելը
1. Յուրաքանչյուր նույնականացման միջոցի վերաբերյալ տեղեկատվություն չփոխանցելու կամ յուրաքանչյուր փաստացի փոխանցման ենթակա տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն փոխանցելու համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է 30 հազար դրամի չափով: Սույն մասով սահմանված տուգանքների հանրագումարը յուրաքանչյուր հարկային ստուգման ակտով չի կարող գերազանցել 300 հազար դրամը:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում խախտումն առաջին անգամ կատարելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է 30 հազար դրամի չափով: Սույն մասով սահմանված տուգանքների հանրագումարը յուրաքանչյուր հարկային ստուգման ակտով չի կարող գերազանցել 3 միլիոն դրամը:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում խախտումը երկրորդ և ավելի անգամ կատարելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է 30 հազար դրամի չափով: Սույն մասով սահմանված տուգանքների հանրագումարը յուրաքանչյուր հարկային ստուգման ակտով չի կարող գերազանցել 10 միլիոն դրամը:
4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի կիրառության իմաստով՝ խախտումը կատարել է համարվում հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում, մինչև հաջորդ հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը կատարելը:
Օրենսգրքի 419-րդ հոդվածում 9-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
Հոդված 419. Դրամարկղային գործառնությունների սահմանափակումները չպահպանելը
Սույն մասի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում, մինչև հաջորդ հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված խախտումը կատարելը։
ՄԱՍ IV. ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի օգոստոս ամսվան պետական եկամուտների ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում հիմնական հասկացությունների վերաբերյալ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Օրենսդրական ակտի ան
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ 03.07.2025 N ՀՕ-261-Ն օրենք https://www.arlis.am/hy/acts/209949
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումը ուժի մեջ է մտել 2025 թվականի օգոստոսի 8-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Որոշման ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Օրենքի փոփոխություններով ամենակարևոր շեշտադրումը դրվել է այն հարցի վրա, թե ովքեր են համարվում հաշվետվություն տրամադրող անձինք և ինչպես է սահմանվում նրանց նկատմամբ վերահսկողությունը։ Եթե նախկինում «ոչ ֆինանսական հաստատությունների» հասկացությունը բավական լայն էր, ապա այժմ այն հստակեցվել է․ այս կարգի սուբյեկտներ համարվում են միայն օրենքում կոնկրետ նշված կատեգորիաները։ Բացի այդ, փոփոխությունը վերաբերում է նաև աշխատակիցների թվի շեմին․ եթե նման կազմակերպությունը կամ ֆիզիկական անձը զբաղվում է համապատասխան գործունեությամբ, սակայն ունի 10-ից պակաս աշխատակից, նրա վրա չեն տարածվում օրենքի մի շարք պարտավորություններ։ Այս մոտեցմամբ փոքր տնտեսավարողները դուրս են բերվում խիստ վերահսկողությունից, իսկ մեծ կազմակերպությունները շարունակում են մնալ վերահսկողության ներքո։ Վերահսկող մարմիններն էլ հստակեցվել են՝ դրանք համարվում են ոլորտային իրավասու մարմինները, որոնք տվյալ գործունեությունը կարգավորելուց բացի նաև պարտավոր են իրականացնել վերահսկողություն փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում։ Զուգահեռաբար, էական փոփոխություն է կատարվել «իրական շահառուի» սահմանման մեջ։ Նախկինում այս հասկացությունը հիմնականում կապվում էր այն անձի հետ, որի անունից կամ օգտին գործարքը կատարվում էր, կամ որը փաստացի վերահսկում էր ընկերությունը։ Նոր տարբերակով այս սահմանումը շատ ավելի մանրամասն է․ այն ընդգրկում է ոչ միայն իրավաբանական անձանց, այլև տրաստների և այլ համանման կազմավորումների մասնակիցներին։ Այսինքն՝ իրական շահառու են համարվում տրաստի հիմնադիրը, կառավարիչը, շահառուն, շահերի պաշտպանը, ինչպես նաև ցանկացած այլ անձ, ով իրականում վերահսկում է այդ կառույցը։ Իրավաբանական անձանց դեպքում կրկին պահպանվել է այն չափանիշը, ըստ որի՝ 20 և ավելի տոկոսի բաժնեմասի կամ մասնակցության առկայությունը, կամ այլ միջոցներով վերահսկողությունը հիմք են համարվում անձին ճանաչելու որպես իրական շահառու։ Այս փոփոխության նպատակն է բացառել այն հնարավորությունը, որ թաքնված սեփականատերերը կարողանան մթագնել իրենց ինքնությունը և խուսափել բացահայտումից։ Վերջապես, փոփոխվել է նաև «իրավաբանական անձի» սահմանումը։ Նախկինում իրավաբանական անձ էր համարվում ՀՀ կամ օտարերկրյա օրենսդրությամբ ստեղծված կազմակերպությունը, ինչպես նաև տրաստը կամ իրավաբանական կարգավիճակ չունեցող կազմավորումը։ Նոր խմբագրությամբ այս հասկացությունը ավելի լայն է՝ ընդգրկելով նաև «այլ համանման կազմավորումները»։ Սա արվել է, որպեսզի օրենքի կիրարկման շրջանակից դուրս չմնան այնպիսի կառույցներ, որոնք փաստացի գործում են իրավաբանական անձի նման, բայց իրավաբանական կարգավիճակ չունեն։
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հին տարբերակ
6) ոչ ֆինանսական հաստատությունները կամ անձինք սույն մասի 4-րդ կետի «ժ»-«ի» ենթակետերով սահմանված հաշվետվություն տրամադրող անձինք են:
Սույն օրենքի 4-րդ, 23-րդ և 25-րդ հոդվածները ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց նկատմամբ տարածվում են միայն դրանց՝ 10-ից ավելի աշխատակից ունենալու դեպքում..
Նոր տարբերակ
6) ոչ ֆինանսական հաստատությունները կամ անձինք սույն մասի 4-րդ կետի «ժ»-«ի» ենթակետերով սահմանված հաշվետվություն տրամադրող անձինք են: Ընդ որում, սույն օրենքի 4- րդ և 23-րդ հոդվածները ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց վրա տարածվում են միայն 10-ից ավելի աշխատակից ունենալու դեպքում, իսկ սույն օրենքի 25-րդ հոդվածը ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց վրա տարածվում է միայն 10-ից ավելի աշխատակից ունենալու դեպքում.
8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
8) վերահսկող մարմինը հաշվետվություն տրամադրող անձին լիցենզավորող (նշանակող, որակավորում տվող կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրող) և վերահսկողություն իրականացնող իրավասու մարմինն է.
Նոր տարբերակ
8) վերահսկող մարմինը հաշվետվություն տրամադրող անձի նկատմամբ տվյալ գործունեությունը կարգավորող ոլորտային օրենսդրության հիման վրա փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող մարմին է.
14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ
Հին տարբերակ
14) իրական շահառուն ֆիզիկական անձ է, որի անունից կամ օգտին հաճախորդն իրականում գործում է, և (կամ) որն իրականում (փաստացի) վերահսկում է հաճախորդին կամ այն անձին, որի անունից կամ օգտին գործարքը կատարվում է, կամ գործարար հարաբերությունը հաստատվում է: Իրավաբանական անձի (բացառությամբ տրաստի կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորման) իրական շահառու է համարվում այն ֆիզիկական անձը, որը՝
ա. ուղղակի կամ անուղղակի տիրապետում է տվյալ իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 և ավելի տոկոսին կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 20 և ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում,
բ. տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով,
գ. հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ այն դեպքում, երբ առկա չէ սույն կետի «ա» և «բ» ենթակետերի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ.
Նոր տարբերակ
14) իրական շահառուն ֆիզիկական անձ է, որին իրականում (փաստացի) պատկանում է իրավաբանական անձ հաճախորդը, կամ որն իրականում (փաստացի) վերահսկում է հաճախորդին, կամ որի անունից կատարվում է գործարքը: Տրաստի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման իրական շահառու են համարվում տրաստի դեպքում հիմնադիրը, կառավարիչը, շահառուն (այդ թվում՝ շահառուների դասը), շահերի պաշտպանը (առկայության դեպքում) և իրական (փաստացի) վերահսկողություն իրականացնող այլ ֆիզիկական անձինք, իսկ այլ համանման իրավաբանական կազմավորման դեպքում՝ համարժեք կամ համանման գործառույթներ իրականացնող ֆիզիկական անձինք: Իրավաբանական անձի իրական շահառու է համարվում այն ֆիզիկական անձը, որը՝
ա. ուղղակի կամ անուղղակի տիրապետում է տվյալ իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 և ավելի տոկոսին կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 20 և ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում,
բ. տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով,
գ. հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ այն դեպքում, երբ առկա չէ սույն կետի «ա» և «բ» ենթակետերի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ.
16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
16) իրավաբանական անձը Հայաստանի Հանրապետության և (կամ) օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունը կամ հիմնարկն է, ինչպես նաև տրաստը կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող իրավաբանական կազմավորումը.
Նոր տարբերակ
16) իրավաբանական անձը Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, ինչպես նաև տրաստ կամ այլ համանման իրավաբանական կազմավորում, եթե համապատասխան դրույթի բովանդակությունից չի բխում, որ դրույթը վերաբերում է միայն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությանը.
16.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
16.1) տրաստը օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորում է, որտեղ տրաստի կառավարիչը ֆիդուցիար պարտավորությունների հիման վրա կատարում է տրաստի հիմնադրի կողմից սեփականության իրավունքով իրեն փոխանցված գույքի հետ կապված գործարքներ՝ ի շահ տրաստի շահառուի.
Նոր տարբերակ
16.1) տրաստը օտարերկրյա իրավաբանական կազմավորում է, որտեղ տրաստի կառավարիչը կատարում է տրաստի հիմնադրի կողմից կառավարման նպատակով փոխանցված գույքի հետ կապված գործարքներ՝ ի շահ տրաստի շահառուի կամ որոշված այլ նպատակով.
21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
21) բարձր ռիսկի չափանիշը սույն օրենքով, լիազոր մարմնի իրավական ակտերով, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով սահմանված այնպիսի չափանիշ է, որը վկայում է փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման բարձր հավանականության մասին, այդ թվում՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձ հանդիսացող հնարավոր կամ առկա հաճախորդները կամ իրական շահառուները, կյանքի ապահովագրության վկայագրերի շահառուները, անձինք (ներառյալ` ֆինանսական հաստատությունները), որոնք գտնվում կամ բնակվում են չհամապատասխանող երկրներում կամ տարածքներում կամ այդպիսի երկրներից կամ տարածքներից են, բոլոր բարդ կամ անսովոր մեծ գումարով գործարքները, ինչպես նաև անսովոր պայմաններով գործարքները կամ գործարար հարաբերությունները, որոնց տնտեսական կամ այլ իրավաչափ նպատակներն ակնհայտ չեն: Ընդ որում, գործարքում կամ գործարար հարաբերությունում բարձր ռիսկի չափանիշի առկայությունը լիազոր մարմնի նախատեսած դեպքերում կարող է բնորոշվել սահմանված չափանիշների համակցությամբ.
Նոր տարբերակ
21) բարձր ռիսկի չափանիշը լիազոր մարմնի իրավական ակտերով, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով սահմանված այնպիսի չափանիշ է, որը վկայում է փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման բարձր հավանականության մասին.
23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ
Հին տարբերակ
23) ցածր ռիսկի չափանիշը սույն օրենքով կամ լիազոր մարմնի իրավական ակտերով սահմանված այնպիսի չափանիշ է, որը վկայում է փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման ցածր հավանականության մասին, այդ թվում՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից արդյունավետորեն վերահսկվող ֆինանսական հաստատությունները, պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, պետական ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքային կառավարչական հիմնարկները, բացառությամբ չհամապատասխանող երկրներում կամ տարածքներում գտնվող մարմինների կամ կազմակերպությունների: Ընդ որում, գործարքում կամ գործարար հարաբերությունում ցածր ռիսկի չափանիշի առկայությունը լիազոր մարմնի նախատեսած դեպքերում կարող է բնորոշվել սահմանված չափանիշների համակցությամբ.
Նոր տարբերակ
23) ցածր ռիսկի չափանիշը լիազոր մարմնի իրավական ակտերով սահմանված այնպիսի չափանիշ է, որը վկայում է փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման ցածր հավանականության մասին.
Օրենքի 4-րդ հոդվածում 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ
Հոդված 4. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից ռիսկերի վրա հիմնված մոտեցման կիրառումը
Հին տարբերակ
2. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման ռիսկերը գնահատելիս, մինչև ռիսկի ընդհանուր մակարդակը բնորոշելը և ռիսկերի զսպման համապատասխան մակարդակ սահմանելը, ֆինանսական հաստատությունները և ոչ ֆինանսական հաստատություններն ու անձինք պետք է հաշվի առնեն ռիսկի բոլոր գործոնները և կարող են իրականացնել տարբերակված միջոցառումներ՝ ռիսկի տեսակին և մակարդակին համապատասխան:
Նոր տարբերակ
2. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման ռիսկերի գնահատման նպատակով ֆինանսական հաստատությունները և ոչ ֆինանսական հաստատություններն ու անձինք պետք է հաշվի առնեն ռիսկի բոլոր վերաբերելի գործոնները և դրանց հիման վրա որոշեն ռիսկի ընդհանուր մակարդակը և կիրառման ենթակա զսպման մեխանիզմների բնույթը: Ռիսկերի գնահատման արդյունքում ֆինանսական հաստատությունները և ոչ ֆինանսական հաստատություններն ու անձինք կարող են իրականացնել տարբերակված միջոցառումներ` առկա ռիսկերին համապատասխան:
լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
6. Սույն հոդվածով նախատեսված ռիսկերի գնահատման արդյունքները ֆինանսական հաստատությունների և ոչ ֆինանսական հաստատությունների ու անձանց կողմից ենթակա են պահպանման առնվազն 5 տարի ժամկետով:.
2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ 03.07.2025 N ՀՕ-262-Ն օրենք
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտել 2025 թվականի օգոստոսի 8-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Որոշման ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Համաձայն Օրենսգրքի փոփոխության, նախատեսվել է ավելի խիստ և տարաբնույթ պատասխանատվություն այն դեպքերի համար, երբ ոչ ֆինանսական հաստատությունները, դրանց ղեկավարները, շահումով խաղերի կազմակերպիչները, պետական մարմնի պաշտոնատար անձինք կամ տրաստի կառավարչի դեր ունեցող անձինք չեն կատարում կամ ոչ պատշաճ են կատարում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ օրենքով սահմանված իրենց պարտականությունները։ Միևնույն ժամանակ նախատեսվել է, որ նախազգուշացման դեպքում կարող են նաև տրվել խախտումները վերացնելու կամ շտկելու հանձնարարականներ՝ հստակ ժամկետներով։ Այսպիսով, փոփոխությունները միտված են բարձրացնելու վերահսկողության արդյունավետությունը, խստացնելու պատժամիջոցները և ապահովելու կանխարգելիչ մոտեցում՝ ոչ միայն տուգանքներով, այլ նաև ուղղիչ միջոցներով։
1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 165.9-րդ հոդվածում 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
Հոդված 165.9. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այդ օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտումը
Հին տարբերակ
1. Ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ մինչև սույն հոդվածի վերջը` Օրենք) կամ Օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտումն առաջացնում է հետևյալ պատասխանատվության միջոցների կիրառումը՝
1) Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
2) Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հաշվետվությունները չտրամադրելը (ներառյալ` Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի չորակելը) կամ ժամկետանց տրամադրելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.
3) Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հաշվետվությունները չտրամադրելը կամ ժամկետանց տրամադրելը, ինչպես նաև սահմանված հաշվետվությունների մեջ տվյալները սխալ (այդ թվում՝ կեղծ կամ ոչ արժանահավատ) կամ թերի լրացնելը, հաստատված հաշվետվական ձևը կառուցվածքային փոփոխությունների ենթարկելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
4) Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.
5) Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով.
6) Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
7) Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6- րդ կետերով սահմանված տեղեկությունների տրամադրման կամ հանձնարարականների կատարման պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.
8) Օրենքի 16-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.
9) Օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
10) Օրենքի 18-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
11) Օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.
12) Օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.
13) Օրենքի 23-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
14) Օրենքի 24-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.
15) Օրենքի 25-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
16) Օրենքի 26-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.
17) Օրենքի 27-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.
18) Օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
Նոր տարբերակ
1. Ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, բացառությամբ սույն հոդվածի 1.2-րդ մասով նախատեսված դեպքերի, յուրաքանչյուր խախտման համար`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հինգհազարապատիկի չափով:.
լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.3-րդ մասերով.
1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իրավաբանական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատության ղեկավարի կամ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղերի կազմակերպիչների պատասխանատու անձի, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված պարտականություններ ունեցող պետական մարմնի պաշտոնատար անձի կողմից, յուրաքանչյուր խախտման համար` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
1.2. Ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների և անձանց կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը յուրաքանչյուր խախտման համար` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև տասհազարապատիկի չափով:
1.3. Տրաստի ֆիզիկական անձ հանդիսացող կառավարչի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող ֆիզիկական անձի կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։.
լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
4. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում նշանակված նախազգուշացմամբ կարող են տրվել նաև խախտումները վերացնելու, շտկելու կամ հետագայում բացառելու հանձնարարականներ` սահմանելով խախտումները վերացնելու կամ շտկելու հանձնարարականների կատարման ժամկետներ կամ միջոցառումներ
ՄԱՍ V. ՄԱՍՆԱՎՈՐ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի օգոստոս ամսվան մասնավոր ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում բաժնետոմսերի վերաբերյալ փոփոխություն կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ 03.07.2025, N ՀՕ-265-Ն օրենք
https://www.arlis.am/hy/acts/209952
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտել 2025 թվականի օգոստոսի 8-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Որոշման ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները
Համաձայն ներկայացված փոփոխության՝ 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի նոր խմբագրությամբ բաժնետոմսերը դասակարգվում են ազատ շրջանառու կամ սահմանափակ շրջանառու, հասարակ կամ արտոնյալ, և ըստ սեփականության իրավունքի փոխանցման առանձնահատկության՝ կարող են լինել միայն նվանական։ Այս փոփոխությունը պարզեցնում է բաժնետոմսերի իրավաբանական կարգավիճակը՝ հստակ սահմանելով դրանց տեսակները և փոխանցման կանոնները, ինչը առավել կանխատեսելի է դարձնում ներդրումային և ֆինանսական հարաբերությունները ընկերությունների և բաժնետերերի միջև։
1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 157. Բաժնետոմս
Հին տարբերակ
2. Բաժնետոմսերը կարող են լինել` ըստ ներկայացնողի կամ անվանական, ազատ շրջանառու կամ սահմանափակ շրջանառու, հասարակ կամ արտոնյալ:
Նոր տարբերակ
2. Բաժնետոմսերը կարող են լինել ազատ շրջանառու կամ սահմանափակ շրջանառու, հասարակ կամ արտոնյալ: Բաժնետոմսերը, ըստ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման հատկանիշի, կարող են լինել միայն անվանական
2. «Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման կարգը» կանոնակարգ 10/41-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման կարգը» կանոնակարգ 10/41-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին թիվ 127-Ն Որոշում https://www.arlis.am/hy/acts/210189
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտել 2025 թվականի օգոստոսի 11-ից
Ինչին են վերաբերում փոփոխությունները
Կենտրոնական բանկի կողմից վերջերս ընդունված որոշմամբ հաստատվել է «Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման կարգը», որը նախատեսում է նոր մոտեցում ներդրումային գործունեության այս ոլորտի կարգավորման և վերահսկման հարցում։ Որոշման բովանդակությունը ուղղված է ոչ միայն ընթացակարգերի պարզեցմանը, այլև վերահսկողական գործառույթի խորացմանը, որպեսզի ֆոնդերի կառավարումը իրականանա առավել կանխատեսելի և թափանցիկ միջավայրում։ Մինչ այժմ ներդրումային ֆոնդերի կառավարման համար ընդհանուր կարգավորումները բավականին ընդհանուր բնույթ էին կրում, սակայն այս որոշմամբ սահմանվում է հստակ ընթացակարգ՝ թե ինչ փաստաթղթեր և ինչ տեղեկություններ պետք է ներկայացնի ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարչի թեկնածուն Կենտրոնական բանկին, ինչպես է գնահատվելու նրա մասնագիտական որակավորումը, ինչպես նաև ինչ ժամանակահատվածում է իրականացվելու թույլտվության տրամադրման գործընթացը։
Սա կարևոր է հատկապես այն պատճառով, որ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերը մեծ ազդեցություն կարող են ունենալ ֆինանսական շուկայի կայունության և ներդրողների շահերի պաշտպանության վրա։ Որոշումը պարտադրում է, որ յուրաքանչյուր կառավարչի կողմից ներկայացվի գործարար ծրագիր՝ առնվազն առաջիկա երեք տարվա համար, որը կպարունակի ոչ միայն ռազմավարական պատկերացումները, այլ նաև ռիսկերի կառավարման մեխանիզմները և ակտիվների ծավալի ու եկամտաբերության կանխատեսումները։ Այսպիսով Կենտրոնական բանկը ոչ միայն գնահատում է թեկնածուի իրավական և մասնագիտական համապատասխանությունը, այլև հնարավորություն է ստանում կանխատեսելու ապագա գործունեության հնարավոր հետևանքները շուկայի համար։ Որոշման միջոցով ներդրվում է միասնական մոտեցում նաև այն հարցում, թե ինչպես է իրականացվելու ղեկավարների և պատասխանատու անձանց համապարփակ գնահատումը։ Սա նշանակում է, որ թույլտվություն ստանալու գործընթացը վերածվում է ոչ թե ձևական, այլ բովանդակային գնահատման, որտեղ կարևոր է ոչ միայն ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը, այլև դրանց բովանդակության համապատասխանությունը միջազգային չափանիշներին։ Այդպիսով ապահովվում է ներդրումային միջավայրի կարգապահ և կանխատեսելի զարգացումը։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Կենտրոնական բանկի այս որոշման նպատակը ոչ միայն ներդրումային շուկայի նկատմամբ վերահսկողության ուժեղացումն է, այլև ներդրողների նկատմամբ վստահության ամրապնդումը։ Հստակեցված պահանջները, փաստաթղթերի ամբողջական ցուցակները և ժամկետների սահմանումը թույլ են տալիս նվազեցնել անորոշությունները, կանխել չարաշահումները և ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնց շնորհիվ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի կառավարումը կդառնա ավելի թափանցիկ և հաշվետու։ Սա փաստացի քայլ է դեպի միջազգային լավագույն պրակտիկային համահունչ ներդրումային միջավայրի ձևավորում, որտեղ կարգավորող մարմնի դերը ոչ միայն վերահսկելն է, այլև կանխարգելելն ու զարգացումը խթանելն է։
Նպատակ ունենալով սահմանել ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի կառավարման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի ցանկը, դրանց Կենտրոնական բանկ ներկայացման կարգը և ժամկետները, ինչպես նաև սահմանել ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների համապատասխանության գնահատման միասնական ընթացակարգ,
հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 8.1-ին հոդվածի 1-ին և 4-րդ մասերը և 8.2- րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հաստատել «Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման կարգը» կանոնակարգ 10/41-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» կանոնակարգ 4/01-ը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» կանոնակարգ 4/01-ի հավելված 8-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
ՄԱՍ VI. ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի օգոստոս ամսվան մաքսային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին ՀՀ Նախագահ 08.08.2025, N ՆՀ192-Ն Հրամանագիր
https://www.arlis.am/hy/acts/210488/latest
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Հրամանագիրը ուժի մեջ է մտել 2025 թվականի օգոստոսի 12-ից
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Հրամանագիրը վերաբերում է Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային նոր պայմանագրի հաստատմանը, որը ստորագրվել է 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում։ Խոսքը «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագրի մասին է։
Այս փաստաթղթով Հայաստանի Հանրապետությունը միանում է այն նախաձեռնությանը, որի նպատակն է ձևավորել միասնական մաքսային տարանցման համակարգ՝ ԵՏՄ երկրների և երրորդ պետությունների միջև։ Այն ենթադրում է, որ մաքսային տարանցման գործընթացները կդառնան միասնական, կկիրառվեն նույնական կանոններ և ընթացակարգեր, ինչը կհեշտացնի ապրանքների տեղափոխումը, կկրճատի վարչարարական խոչընդոտները և կբարձրացնի տարանցիկ փոխադրումների կանխատեսելիությունն ու արդյունավետությունը։
Հրամանագրի ընդունումը նաև ցույց է տալիս, որ Հայաստանը պարտավորվում է իրականացնել համապատասխան ներքին իրավական և վարչարարական քայլեր՝ ապահովելու համար այս համաձայնագրի կատարումը։ Սա կարևոր նշանակություն ունի հատկապես Հայաստանի համար որպես տարանցիկ երկիր, քանի որ այն հնարավորություն է տալիս ներգրավվելու ավելի լայն տնտեսական և մաքսային համագործակցության շրջանակում, ստեղծել նոր մեխանիզմներ միջազգային առևտրի գործընթացները հեշտացնելու համար։ Ընդհանուր առմամբ, այս հրամանագրի նպատակն է ապահովել Հայաստանի ներգրավվածությունը ԵՏՄ և երրորդ երկրների միջև համադրված մաքսային քաղաքականության մեջ, ինչը կարող է նպաստել ինչպես տնտեսության բաց լինելու և միջազգային կապերի ամրապնդմանը, այնպես էլ պետական պետական եկամուտների ավելի կանխատեսելի և արդյունավետ հավաքագրմանը։.
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ (ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐԻ) ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ"
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով.
1. Հաստատել 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշում «Էլեկտրոնային առևտրի այն ապրանքների նույնականացման կարգի մասին, որոնց նկատմամբ նախատեսված է ձեռք բերելուց հետո դրանք վերադարձնելու հնարավորություն»
Օրենսդրական ակտի անվանումը՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշում՝ Էլեկտրոնային առևտրի այն ապրանքների նույնականացման կարգի մասին, որոնց նկատմամբ նախատեսված է ձեռք բերելուց հետո դրանք վերադարձնելու հնարավորություն 24 սեպտեմբերի 2024 թվականի թիվ 75 https://www.arlis.am/hy/acts/211180/latest
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումը ուժի մեջ է մտել 2025 թվականի սեպտեմբերի 24-ից
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն Որոշմամբ նախատեսվել է՝ ապահովել էլեկտրոնային առևտրի այն ապրանքների հստակ նույնականացումը, որոնք ձեռք են բերվում առցանց և հնարավոր է վերադարձվեն գնորդին։ Այն սահմանում է, որ էլեկտրոնային առևտրի օպերատորը մինչև ապրանքների առաքումը պարտավոր է յուրաքանչյուր միավոր կամ փաթեթ ապահովել հատուկ նույնականացման համարով՝ այն կարելի է ներկայացնել 20 նիշով, ստվերագծային ծածկագրով, կամ օպերատորի հաշվառման համակարգի համարը կամ սերիական (գործարանային) համարը։ Նույնականացման տվյալները պետք է մուտքագրվեն էլեկտրոնային համակարգում և, եթե դա պահանջվում է ԵԱՏՄ անդամ պետության օրենսդրությամբ, նաև ապրանքի ուղեկցող փաստաթղթերում։ Ապրանքի վերադարձի դեպքում նույնականացումը կատարվում է համակարգում կամ փաստաթղթերում նշված տվյալների համեմատությամբ՝ ապահովելով ապրանքի հստակ ճանաչելիություն և վերահսկելիություն ամբողջ առևտրային շղթայի ընթացքում։
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 3096 հոդվածի 11-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 169-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Սահմանել, որ էլեկտրոնային առևտրի այն ապրանքների նկատմամբ, որոնց համար էլեկտրոնային առևտրի հարթակներից ձեռք բերելուց հետո նախատեսված է դրանք վերադարձնելու հնարավորություն, դրանց նույնականացումն իրականացվում է հետևյալ կարգով՝
ա) էլեկտրոնային առևտրի օպերատորը՝ մինչև էլեկտրոնային առևտրի ապրանքների առաքումը դրանք ստացող ֆիզիկական անձին իրականացնելը, ապահովում է ապրանքի յուրաքանչյուր միավորի կամ դրա փաթեթվածքի վրա, որն անբաժանելի է ապրանքից մինչև դրա օգտագործումը, և որով ապրանքը տրամադրվում է մանրածախ վաճառքի համար, 20 նիշով (լատինական այբուբենի թվերով, տառերով) և (կամ) ստվերագծային ծածկագրի ձևով ներկայացված նույնականացման համարի նշումը կամ նույնականացման նպատակով օգտագործում է նույնականացման միջոց, որը նշվում է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրին համապատասխան, կամ նույնականացման համարը՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի ապրանքների հաշվառման համակարգին համապատասխան, կամ ապրանքի սերիական (գործարանային) համարը․
բ) էլեկտրոնային առևտրի ապրանքները նույնականացնելու հնարավորություն տվող՝ սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունները մուտքագրվում են էլեկտրոնային առևտրի օպերատորի տեղեկատվական համակարգում և, եթե դա նախատեսված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությամբ, նաև այն փաստաթղթերում, որոնց համապատասխան այդ ապրանքները հանձնվում են դրանք ստացող ֆիզիկական անձին․ գ) էլեկտրոնային առևտրի վերադարձվող ապրանքների նույնականացումն իրականացվում է սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունները էլեկտրոնային առևտրի օպերատորի տեղեկատվական համակարգում կամ, եթե դա նախատեսված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությամբ, այն փաստաթղթերում մուտքագրված տեղեկությունների հետ համեմատելու միջոցով, որոնց համապատասխան այդ ապրանքները հանձնվել են դրանք ստացող ֆիզիկական անձին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, բայց 2023 թվականի դեկտեմբերի 25-ին ստորագրված՝ ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։
ՄԱՍ VII. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի օգոստոս ամսվան աշխատանքային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ նախարարների խորհուրդ ,14.08.2025, N 1102-Ն Որոշում
https://www.arlis.am/hy/acts/210579
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումը ուժի մեջ է մտել 2025 թվականի օգոստոսի 14-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Որոշման ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին 20 դեկտեմբերի 2012 թվականի N 1676-Ն որոշման մեջ
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն փոփոխությունը վերաբերում է սոցիալական ապահովության և հարկային վարչարարության համակարգի կատարելագործմանը։ Մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1676-Ն որոշման համապատասխան հավելվածի 14-րդ և 15-րդ կետերը վերախմբագրվում են՝ նպատակ ունենալով ապահովել եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին օրենքի լիարժեք կիրարկումը։ Եթե հին խմբագրությամբ համակարգը նախատեսում էր միայն անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի վերաբերյալ տվյալների տրամադրում և դրանց ներառումը հաշվառման մեջ, ապա նոր տարբերակով ընդգրկվում են նաև վարձու աշխատողները։ Այսինքն՝ տեղեկատվության տրամադրման պարտավորությունը տարածվում է ոչ միայն ինքնուրույն գործունեություն իրականացնող անձանց վրա, այլև այն բոլոր դեպքերի, երբ վարձու աշխատողներին նշանակվում կամ հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստ։ Նոր տարբերակով ամրագրվում է նաև ժամկետային հստակ պահանջ՝ ծառայությունը պարտավոր է տվյալները փոխանցել 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Սա կարևոր է, քանի որ ապահովում է տվյալների ժամանակին մուտքագրում և համակարգի թափանցիկություն։ Բացի դրանից, տեղեկատվության շրջանակը ընդլայնվել է․ եթե հին խմբագրությամբ նշվում էին հիմնականում նպաստառուի անձնական տվյալները, նպաստի չափը և հարկի մասին տեղեկությունը, ապա նոր խմբագրությամբ ավելացվել են՝
- ժամանակավոր անաշխատունակության թերթիկի նույնականացման համարը,
- տվյալների ճշգրտված դասակարգում՝ տարբերակելով գործատուի միջոցներից վճարվող և պետական բյուջեից վճարվող գումարները,
- վարձու աշխատողի եկամտի և հարկման մասի ավելի մանրամասն արտացոլում։
Ընդհանուր առմամբ, այս փոփոխությունները նպատակ ունեն ապահովելու․
- տվյալների լիարժեք և ժամանակին մուտքագրում,
- շահառուների բոլոր խմբերի ընդգրկում համակարգում,
- պետական բյուջեից և գործատուներից կատարվող վճարների հստակ տարանջատում,
- հարկային մարմինների և սոցիալական ապահովության մարմինների միջև տվյալների փոխանակման պարզեցում և հստակեցում։.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1676-Ն որոշման N 2 հավելվածի 14-րդ և 15-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.