ԻՐԱՎԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍԵՊՏԵՄԲԵՐ 2025
ՄԱՍ I. ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին.
ՄԱՍ II. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
1. Շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող պարտադիր միջոցառումների ցանկը հաստատելու մասին.
2. Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների
կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ
իրացման, բժշկական արտադրատեսակների արտադրության, բժշկական արտադրատեսակների սպասարկման
լիցենզավորման կարգերը եւ նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձեւերը
հաստատելու մասին 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություններ եւ
լրացում կատարելու մասին.
ՄԱՍ III. ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետության Հաշվարկային փաստաթղթերում ապրանքների
արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի
ծածկագրերը ներառելու դեպքերը, կարգը եվ ժամկետները սահմանելու
մասին.
ՄԱՍ IV. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող
մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-ն
որոշման մեջ փոփոխություն եվ լրացում կատարելու մասին.
ՄԱՍ V. ՊԵՏԱԿԱՆ ՈԼՈՐՏ
1. Երեւան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություն պատվիրակելու եւ արտաքին գովազդի եւ արտաքին
գովազդի միջոցի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները հաստատելու մասին Երեւան քաղաքի ավագանու 2009
թվականի նոյեմբերի 18-ի N 37-ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին.
ՄԱՍ I. ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի սեպտեմբեր ամսվան հարկային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-255-Ն
https://www.arlis.am/hy/acts/209773
Փոփոխության կարգավիճակը՝
Օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտել 2025 թվականի սեպտեմբերի 2-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել Հարկային օրենսգրքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն իրավական փոփոխությունները վերաբերում են Հարկային օրենսգրքի այն դրույթներին, որոնք կարգավորում են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնները եւ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների վաճառքի փաստի վերահսկողությունը։
Մասնավորապես՝ Հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածը լրացվում է նոր կետերով, ըստ որոնց հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա պարտադիր պետք է արտացոլվի վաճառված ապրանքների նույնականացման միջոցների քանակը եւ հարկային մարմնի հաստատած ալգորիթմով գեներացված ստուգիչ համարը (բացառությամբ «կանխավճար» գրառմամբ կտրոնների)։ Բացի այդ, նույն հոդվածում նախատեսվում են նաեւ նոր 3.1 եւ 3.2 մասերը, որոնցով սահմանվում է, որ կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը պարտավոր են նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում ապահովել այդ նույնականացման միջոցների շրջանառությունից հանման վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան՝ սկանավորման եւ կտրոնի տպագրության միջոցով։
Օրենսգիրքը լրացվում է նաեւ նոր՝ 416.1 հոդվածով, որով սահմանվում են պատասխանատվության եւ տուգանքների չափերը այն դեպքերի համար, երբ չի փոխանցվում նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը կամ փոխանցվում է ոչ ճիշտ տեղեկատվություն։ Այսպիսով, Հարկային օրենսդրական այս փոփոխությունների կիրարկման գործընթացում հատկապես կարեւոր է ուշադրություն դարձնել նույնականացման միջոցների ճիշտ սկանավորմանը եւ տեղեկատվության լիարժեք փոխանցմանը՝ խուսափելու համար հավելյալ տուգանքներից։
Օրենսգրքի 381-րդ հոդվածում 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18-րդ եւ 19-րդ կետերով.
Հոդված 381. Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները
3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18-րդ եւ 19-րդ կետերով.
Հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա պետք է տպագրված լինի հետեւյալ տեղեկատվությունը (տվյալները).
18) նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքի վաճառքի դեպքում՝ նույնականացման միջոցների քանակը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների). 19) նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում՝ նույնականացման միջոցների հիման վրա հարկային մարմնի հաստատած ալգորիթմով գեներացվող ստուգիչ համարը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների):.
լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին եւ 3.2-րդ մասերով.
3.1. Բացառությամբ սույն հոդվածի 3.2-րդ մասում նշված դեպքերի, հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում պարտավոր են hսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով կամ դրան միացված ծրագրային կամ տեխնիկական միջոցներով ապահովել այդ նույնականացման միջոցները շրջանառությունից հանելու վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան՝ այդ նույնականացման միջոցներն սկանավորելու եւ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն տպագրելու միջոցով:
3.2. Կառավարության սահմանած դեպքերում եւ կարգով նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով։.
Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 416.1-ին հոդվածով.
Հոդված 416.1.Նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվություն չփոխանցելը կամ փոխանցման ենթակա տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն փոխանցելը
1. Յուրաքանչյուր նույնականացման միջոցի վերաբերյալ տեղեկատվություն չփոխանցելու կամ յուրաքանչյուր փաստացի փոխանցման ենթակա տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն փոխանցելու համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է 30 հազար դրամի չափով: Սույն մասով սահմանված տուգանքների հանրագումարը յուրաքանչյուր հարկային ստուգման ակտով չի կարող գերազանցել 300 հազար դրամը:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում խախտումն առաջին անգամ կատարելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է 30 հազար դրամի չափով: Սույն մասով սահմանված տուգանքների հանրագումարը յուրաքանչյուր հարկային ստուգման ակտով չի կարող գերազանցել 3 միլիոն դրամը:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում խախտումը երկրորդ եւ ավելի անգամ կատարելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է 30 հազար դրամի չափով: Սույն մասով սահմանված տուգանքների հանրագումարը յուրաքանչյուր հարկային ստուգման ակտով չի կարող գերազանցել 10 միլիոն դրամը:
4. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի կիրառության իմաստով՝ խախտումը կատարել է համարվում հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում, մինչեւ հաջորդ հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը կատարելը:.
ՄԱՍ II. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի սեպտեմբեր ամսվան առողջապահության ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող պարտադիր միջոցառումների ցանկը հաստատելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող պարտադիր միջոցառումների ցանկը հաստատելու մասին N 287-Ն որոշում
https://www.arlis.am/hy/acts/207207
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումն ուժի մեջ է մտել 2025 թվականի սեպտեմբերի 1-ից
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն իրավական փոփոխությունը վերաբերում է շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող պարտադիր միջոցառումներին, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի պահանջները։ Փոփոխության նպատակն է առողջապահության ոլորտում գործող բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների արդիականացումը, ինչպես նաեւ բժշկական ծառայությունների որակի բարձրացումը։
Կառավարության որոշմամբ հաստատվում է պարտադիր միջոցառումների ցանկը, որի իրականացումը ապահովում է բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացումը։ Դրանք ներառում են, մասնավորապես.
1. Արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնություն – դասընթաց, որը նախատեսված է բուժաշխատողներին տրամադրելու արտակարգ պայմաններում տուժածներին անհետաձգելի օգնություն ցուցաբերելու հմտություններ։ Դասընթացը ներառում է սիրտ-թոքային վերակենդանացման տեխնիկաներ տարբեր տարիքային խմբերի համար, ավտոմատ արտաքին դեֆիբրիլյատորի կիրառումը, թիմային աշխատանքի կազմակերպումը, շնչուղիների խցանման վերացում, վնասվածքների եւ շոկային իրավիճակների դեպքում օգնություն։ Դասընթացի տեւողությունը 12 ժամ է, տրամադրվում է 12 ՇՄԶ կրեդիտ եւ նախատեսված է ավագ եւ միջին բուժաշխատողների համար։
2. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ – դասընթաց, որը նպատակ ունի ձեւավորելու բարձր էթիկական չափանիշներ եւ պրոֆեսիոնալիզմ առողջապահության ոլորտում։ Այն ընդգրկում է բուժաշխատողի պարտականությունները պացիենտների նկատմամբ (հարգանք, գաղտնիություն, տեղեկացված համաձայնություն), գործընկերների հետ հարաբերությունները, թիմային աշխատանքի նշանակությունը, ինչպես նաեւ մասնագիտական պատասխանատվությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում բժշկական գաղտնիքի պահպանմանը եւ էթիկական խախտումների հետեւանքներին։ Դասընթացի տեւողությունը 10 ժամ է, տրամադրվում է 10 ՇՄԶ կրեդիտ եւ նախատեսված է ավագ եւ միջին բուժաշխատողների համար։
Որոշումն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի սեպտեմբերի 1-ից, սակայն նշվում է, որ 2022 թվականի հունվարի 1-ից մինչեւ որոշման ուժի մեջ մտնելը մասնակցած միջոցառումներից ստացած կրեդիտները եւս կհաշվարկվեն բուժաշխատողների հնգամյա հավաստագրման շրջանակում։ Կարեւոր է ուշադրություն դարձնել ոչ միայն մասնագիտական գիտելիքների թարմացմանը, այլեւ էթիկայի կանոնների պահպանմանը, քանի որ վերջիններս նույնքան վճռորոշ են պացիենտների վստահության եւ որակյալ առողջապահական համակարգի համար։.
ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4.1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող պարտադիր միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։
3. 2022 թվականի հունվարի 1-ից մինչեւ սույն որոշման ուժի մեջ մտնելը սույն որոշման հավելվածով հաստատված ցանկում ներառված շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող պարտադիր միջոցառումների մասնակցության արդյունքում ձեռք բերված կրեդիտները հաշվի են առնվում հավաստագրման հերթական հնգամյա շրջափուլի ընթացքում։
Ց Ա Ն Կ
ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
1. Արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնություն
1.1. Ծրագրի նկարագիր. դասընթացը նպատակ ունի բուժաշխատողներին սովորեցնելու արտակարգ իրավիճակներում տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերել, արագ արձագանքել անհետաձգելի իրավիճակների ժամանակ եւ կյանքի համար վտանգավոր իրավիճակներում տուժածներին ցուցաբերել առաջին բուժօգնություն՝ մինչեւ մասնագիտական թիմերի ժամանումը, կազմակերպել թիմային աշխատանք։
1.2. Ուսուցանվող գիտելիքների շրջանակ.
1) Առաջին բուժօգնության հիմունքներ՝ ներածական մաս, արտակարգ իրավիճակների պայմաններում առաջին բուժօգնության կազմակերպում, հիմնական սկզբունքների ներկայացում.
2) Սիրտ-թոքային վերակենդանացում (ՍԹՎ)՝ մեծահասակների, 0-1 տարեկան եւ 1 տարեկանից բարձր երեխաների ՍԹՎ-ի հիմնական բաղադրիչները եւ տարբերությունները, սրտի անուղղակի մերսում, ցուցում, կատարման տեխնիկա, ՍԹՎ-ի ավարտը, արդյունավետության եւ անարդյունավետության գնահատում, արտահիվանդանոցային ՍԹՎ-ի հիմնական բաղադրիչները եւ տարբերությունները.
3) Ավտոմատ արտաքին դեֆիբրիլյատորների օգտագործում՝ ավտոմատ արտաքին դեֆիբրիլյատորների կարեւորությունը, ճիշտ եւ վաղ կիրառման կարեւորությունը եւ հմտությունները.
4) Բազմափրկարար սիրտ-թոքային վերակենդանացում (ՍԹՎ) իրականացնելիս թիմային աշխատանքի կազմակերպում եւ արդյունավետ թիմի անդամի դրսեւորում.
5) Թոքերի արհեստական արդյունավետ օդափոխություն սարքի միջոցով՝ ցուցումը, կատարման տեխնիկան, ավարտը.
6) Շնչառություն, շնչուղիների անցանելիություն, օտար մարմնով շնչուղիների խցանման վերացում տարբեր տարիքային խմբերում՝ շնչուղիների անցանելիություն, շնչառություն եւ արյան շրջանառություն (ABC), օտար մարմնի հեռացում շնչուղիներից, արհեստական շնչառություն, մանեկենի վրա արհեստական շնչառության տեխնիկայի ցուցադրում (բերան-բերան, բերան-քիթ, Ամբու պարկ).
7) Առաջին բուժօգնություն վնասվածքի հետ կապված անհետաձգելի վիճակների դեպքում՝ վերքերի, վնասվածքների, արյունահոսությունների, այրվածքների, կոտրվածքների դեպքում, ինչպես նաեւ շոկային իրավիճակների վաղ հայտնաբերում եւ առաջին բուժօգնություն։ Տեւողությունը՝ 12 ժամ (12 ՇՄԶ կրեդիտ)։ Թիրախային լսարան՝ ավագ եւ միջին բուժաշխատողներ։
2. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ 2.1. Ծրագրի նկարագիր. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ» դասընթացը նպատակ ունի բուժաշխատողներին սովորեցնելու մասնագիտական գործունեության հիմքում վարքաբանությունը։ Դասընթացն իր մեջ ներառում է բուժաշխատողի վարքագծի հիմնական ասպեկտները, որոնք ապահովում են արդյունավետ եւ հարգալից փոխհարաբերություններ պացիենտների, գործընկերների եւ ընդհանրապես հասարակության հետ։
2.2. Ուսուցանվող գիտելիքների շրջանակ.
1) Բուժաշխատողի էթիկական պարտականությունները. պացիենտների նկատմամբ համակրանք, հարգանք, գաղտնիություն եւ տեղեկացված համաձայնություն.
2) Բուժաշխատողների փոխհարաբերությունները. գործընկերների, պացիենտների եւ նրանց ընտանիքների, երրորդ անձանց հետ, ինչպես նաեւ թիմային աշխատանքի նշանակությունը.
3) Մասնագիտական պատասխանատվությունը. բարձր մակարդակի պրոֆեսիոնալիզմի ապահովում, ինչպես նաեւ բժշկական գիտելիքների շարունակական ձեռքբերում.
4) Բժշկական գաղտնիք համարվող տվյալները եւ դրանց պահպանման կանոնները. ինչպես պաշտպանել պացիենտների տվյալները եւ խուսափել էթիկական խախտումներից.
5) Իրազեկված համաձայնություն. բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ իրազեկված համաձայնության ստացման կարգը եւ առանձնահատկությունները.
6) Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողով. հանձնաժողովի գործունեությունը, վերջինիս կողմից կայացվող որոշումները եւ դրանց իրավական հետեւանքները։ Տեւողությունը՝ 10 ժամ (10 ՇՄԶ կրեդիտ)։
Թիրախային լսարան՝ ավագ եւ միջին բուժաշխատողներ։
2. Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման, բժշկական արտադրատեսակների արտադրության, բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման կարգերը եւ նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձեւերը հաստատելու մասին 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին.
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին 23 հունվարի 2025 թվականի N 63-Ն Որոշում https://www.arlis.am/hy/acts/202430
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումն ուժի մեջ է 2025 սեպտեմբերի 24-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Որոշման ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման, բժշկական արտադրատեսակների արտադրության, բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման կարգերը եւ նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձեւերը հաստատելու մասին» 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն փոփոխություններով արդիացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության N 867 որոշմամբ սահմանված դեղերի արտադրության եւ դեղատնային գործունեության լիցենզավորման կարգը։ Եթե նախկինում լիցենզավորված անձինք պարտավոր էին լիազոր մարմին ներկայացնել մասնագիտական կրթության եւ վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վկայականների բնօրինակներն ու պատճենները, ապա նոր կարգով գործընթացը տեղափոխվում է էլեկտրոնային հարթակ։ Այժմ պահանջվում է ներկայացնել ոչ թե փաստաթղթերի պատճեններ, այլ տվյալներ՝ որակավորված անձի անունը, ազգանունը եւ հանրային ծառայությունների համարանիշը (կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը), որոնց օրենսդրությանը համապատասխանությունը ստուգվում է բուժաշխատողների ռեգիստրի միջոցով։ Բացի այդ, դեղատնային գործունեության համար այլեւս չի պահանջվում պարտադիր «վերջին հինգ տարվա վերապատրաստման վկայական». փոխարենը սահմանվել է «առաջին անգամ մասնագիտական գործունեություն իրականացնող կամ ՇՄԶ հավաստագիր ունեցող» պահանջը։ Սա պարզեցնում է լիցենզավորման ընթացակարգը եւ նվազեցնում փաստաթղթային բեռը, միաժամանակ ապահովելով վերահսկողություն պետական ռեգիստրի միջոցով։
Արդյունքում՝ դեղերի արտադրության եւ դեղատնային գործունեության լիցենզավորման գործընթացը դառնում է ավելի արագ, թափանցիկ եւ տեխնոլոգիական, համապատասխանելով էլեկտրոնային կառավարման նոր մոտեցումներին։.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման, բժշկական արտադրատեսակների արտադրության, բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման կարգերը եւ նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձեւերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումը.
1) N 1 հավելվածի 17.1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
Հին տարբերակ
17.1. Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեությունն սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ լիազոր մարմին է ներկայացնում համապատասխան որակավորում ունեցող անձի մասնագիտական կրթության փաստը հավաստող վկայականը եւ վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վկայականը: Դեղերի արտադրության լիցենզիա ստանալուց հետո որակավորված անձի փոփոխության դեպքում լիցենզավորված անձը սույն կետով նախատեսված փաստաթղթերը լիազոր մարմին է ներկայացնում փոփոխություններից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում: (Առձեռն փաստաթղթեր ներկայացնելիս պետք է ներկայացվեն դրանց բնօրինակները, իսկ պատճենահանումն անվճար իրականացնում է լիազոր մարմինը:)
Նոր տարբերակ
17.1. Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեությունն սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ լիցենզավորման հարթակի միջոցով լիազոր մարմին է ներկայացնում համապատասխան որակավորում ունեցող անձի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, որի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանությունը ստուգվում է բուժաշխատողների ռեգիստրի միջոցով։ Դեղերի արտադրության լիցենզիա ստանալուց հետո որակավորված անձի փոփոխության դեպքում լիցենզավորված անձը սույն կետով նախատեսված տեղեկատվությունը լիազոր մարմին է ներկայացնում փոփոխություններից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:
N 3 հավելվածի 12-րդ եւ 13-րդ կետերում «վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստում անցած» բառերը փոխարինել «առաջին անգամ մասնագիտական գործունեության կամ ՇՄԶ հավաստագիր ունեցող» բառերով.
Հին տարբերակ
12. Դեղատնային գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը դեղատանը (դեղեր պատրաստող եւ դեղեր չպատրաստող) դեղերի ընդունում, պահպանում, իրացում եւ բացթողում կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված եւ պետական հավատարմագրում ունեցող ուսումնական հաստատություն ավարտած, օրենքով սահմանված կարգով որակավորված եւ վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստում անցած դեղագետների կամ դեղագործների միջոցով: Ընդ որում, դեղատնային գործունեության համար լիցենզավորված անհատ ձեռնարկատերը, եթե նա համապատասխանում է սույն կետով դեղագետին կամ դեղագործին ներկայացվող որակավորման պահանջներին, դեղատանը (դեղեր պատրաստող եւ դեղեր չպատրաստող) դեղերի ընդունում, պահպանում, իրացում եւ բացթողում կարող է իրականացնել անձամբ:
13. Դեղատնային գործունեությունը դեղատան (դեղեր պատրաստող) միջոցով իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը դեղերի պատրաստում կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված եւ պետական հավատարմագրում ունեցող ուսումնական հաստատություն ավարտած, օրենքով սահմանված կարգով որակավորված եւ վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստում անցած դեղագետների միջոցով: Ընդ որում, դեղատնային գործունեությունը դեղատան (դեղեր պատրաստող) միջոցով իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պետք է ունենա առնվազն մեկ դեղագետ՝ բացառությամբ այն դեպքի, երբ անհատ ձեռնարկատերը համապատասխանում է սույն կետով դեղագետին ներկայացվող պահանջներին:.
Նոր տարբերակ
12. Դեղատնային գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը դեղատանը (դեղեր պատրաստող եւ դեղեր չպատրաստող) դեղերի ընդունում, պահպանում, իրացում եւ բացթողում կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված եւ պետական հավատարմագրում ունեցող ուսումնական հաստատություն ավարտած, օրենքով սահմանված կարգով որակավորված եւ առաջին անգամ մասնագիտական գործունեության կամ ՇՄԶ հավաստագիր ունեցող դեղագետների կամ դեղագործների միջոցով: Ընդ որում, դեղատնային գործունեության համար լիցենզավորված անհատ ձեռնարկատերը, եթե նա համապատասխանում է սույն կետով դեղագետին կամ դեղագործին ներկայացվող որակավորման պահանջներին, դեղատանը (դեղեր պատրաստող եւ դեղեր չպատրաստող) դեղերի ընդունում, պահպանում, իրացում եւ բացթողում կարող է իրականացնել անձամբ:
13. Դեղատնային գործունեությունը դեղատան (դեղեր պատրաստող) միջոցով իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը դեղերի պատրաստում կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված եւ պետական հավատարմագրում ունեցող ուսումնական հաստատություն ավարտած, օրենքով սահմանված կարգով որակավորված եւ առաջին անգամ մասնագիտական գործունեության կամ ՇՄԶ հավաստագիր ունեցող դեղագետների միջոցով: Ընդ որում, դեղատնային գործունեությունը դեղատան (դեղեր պատրաստող) միջոցով իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պետք է ունենա առնվազն մեկ դեղագետ՝ բացառությամբ այն դեպքի, երբ անհատ ձեռնարկատերը համապատասխանում է սույն կետով դեղագետին ներկայացվող պահանջներին:.
N 3 հավելվածի 43.1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
Հին տարբերակ
2) դեղատանը (դեղեր պատրաստող եւ դեղեր չպատրաստող) աշխատանքն իրականացնող` համապատասխան որակավորում ունեցող դեղագետի մասնագիտական կրթության փաստը հավաստող վկայականի եւ վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վկայականի, իսկ դեղագործի դեպքում` համապատասխան որակավորում ունեցող դեղագործի միջին մասնագիտական կրթության փաստը հավաստող վկայականը եւ վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վկայականը: (Առձեռն փաստաթղթեր ներկայացնելիս պետք է ներկայացվեն դրանց բնօրինակները, իսկ պատճենահանումն անվճար իրականացնում է լիազոր մարմինը:)
Նոր տարբերակ
2) դեղատանը (դեղեր պատրաստող եւ դեղեր չպատրաստող) աշխատանքն իրականացնող դեղագետի կամ դեղագործի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, որի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանությունը ստուգվում է բուժաշխատողների ռեգիստրի միջոցով։
N 3 հավելվածի 44.1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
Հին տարբերակ
44.1. Լիցենզավորված անձի կողմից լիցենզավորող մարմին ներկայացված սույն կարգի 43.1-ին եւ 44-րդ կետերով նախատեսված փաստաթղթերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ լիցենզավորող մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ տեղեկացնում է լիցենզավորված անձին:
Նոր տարբերակ
44.1. Լիցենզավորված անձի կողմից լիցենզավորող մարմին ներկայացված սույն կարգի 43.1-ին կետի 1- ին, 3-րդ, 4-րդ ենթակետերով եւ 44-րդ կետով նախատեսված փաստաթղթերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ լիցենզավորող մարմինը փաստաթղթերը ստանալու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ տեղեկացնում է լիցենզավորված անձին: Սույն կարգի 43.1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանությունը որոշվում է հիմք ընդունելով բուժաշխատողների ռեգիստրում առկա տեղեկությունները, ինչի մասին լիցենզավորված անձը տեղեկացվում է հաղորդագրության միջոցով։.
N 5 հավելվածի 18-րդ կետում «համապատասխան որակավորված անձի մասին տեղեկատվություն` կցելով համապատասխան որակավորում ունեցող անձի մասնագիտական կրթության փաստը հավաստող վկայականը եւ վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վկայականը` համաձայն սույն որոշման» բառերը փոխարինել «սույն որոշմանը համապատասխան որակավորում ունեցող անձի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, որի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանությունը ստուգվում է բուժաշխատողների ռեգիստրի միջոցով,» բառերով.
Հին տարբերակ
18. Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեությունն սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ լիազոր մարմին է ներկայացնում գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար էլեկտրոնային առողջապահության համակարգն սպասարկող օպերատորի հետ կնքված էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման եւ սպասարկման պայմանագիրը, համապատասխան որակավորված անձի մասին տեղեկատվություն` կցելով համապատասխան որակավորում ունեցող անձի մասնագիտական կրթության փաստը հավաստող վկայականը եւ վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վկայականը` համաձայն սույն որոշման եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վտանգավոր թափոնների վնասազերծման ոլորտում համապատասխան լիցենզիա ունեցող որեւէ կազմակերպության հետ կնքված պայմանագիրը, սույն կարգի 19.5-րդ կետով սահմանված որակավորում ունեցող անձի մասին տեղեկատվություն` կցելով վերջինիս մասնագիտական կրթության եւ պահանջվող թեմաներով շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտներ ունենալու մասին փաստը հավաստող փաստաթղթերը: Լիցենզիա ստանալուց հետո բուժաշխատողի փոփոխության դեպքում լիցենզավորված անձը սույն կետով նախատեսված փաստաթղթերը լիազոր մարմին է ներկայացնում փոփոխություններից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում: (Առձեռն փաստաթղթեր ներկայացնելիս պետք է ներկայացվեն դրանց բնօրինակները, իսկ պատճենահանումն անվճար իրականացնում է լիազոր մարմինը:)
Նոր տարբերակ
18. Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեությունն սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ լիազոր մարմին է ներկայացնում գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար էլեկտրոնային առողջապահության համակարգն սպասարկող օպերատորի հետ կնքված էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման եւ սպասարկման պայմանագիրը, սույն որոշմանը համապատասխան որակավորում ունեցող անձի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, որի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանությունը ստուգվում է բուժաշխատողների ռեգիստրի միջոցով, եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վտանգավոր թափոնների վնասազերծման ոլորտում համապատասխան լիցենզիա ունեցող որեւէ կազմակերպության հետ կնքված պայմանագիրը, սույն կարգի 19.5-րդ կետով սահմանված որակավորում ունեցող անձի մասին տեղեկատվություն` կցելով վերջինիս մասնագիտական կրթության եւ պահանջվող թեմաներով շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտներ ունենալու մասին փաստը հավաստող փաստաթղթերը: Լիցենզիա ստանալուց հետո բուժաշխատողի փոփոխության դեպքում լիցենզավորված անձը սույն կետով նախատեսված փաստաթղթերը լիազոր մարմին է ներկայացնում փոփոխություններից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում: (Առձեռն փաստաթղթեր ներկայացնելիս պետք է ներկայացվեն դրանց բնօրինակները, իսկ պատճենահանումն անվճար իրականացնում է լիազոր մարմինը:)
ՄԱՍ III. ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի սեպտեմբեր ամսվան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հայաստանի Հանրապետության Հաշվարկային փաստաթղթերում ապրանքների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերը ներառելու դեպքերը, կարգը եվ ժամկետները սահմանելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության Հաշվարկային փաստաթղթերում ապրանքների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերը ներառելու դեպքերը, կարգը եվ ժամկետները սահմանելու մասին 29.05.2025 N 679-Ն որոշում https://www.arlis.am/hy/acts/207591/latest
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն հրամանն ուժի մեջ է 2025 թվականի սեպտեմբերի 1-ից
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն իրավական ակտը վերաբերում է հաշվարկային փաստաթղթերում ապրանքների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագրերի ներառմանը, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ հիմք ընդունելով Հարկային օրենսգրքի համապատասխան դրույթները։ Փոփոխության նպատակն է ապահովել ապրանքների հստակ նույնականացումը, հարկային վերահսկողության արդյունավետությունը եւ ապրանքաշրջանառության թափանցիկությունը։
Որոշմամբ ամրագրվում է, որ ապրանքների մատակարարման եւ տեղափոխման գործարքների դեպքում հաշվարկային փաստաթղթերում (հաշվարկային հաշիվ, ճշգրտող հաշիվ, հաշիվ-վավերագիր, բեռնագիր եւ այլն) պարտադիր պետք է ներառվի գործարքի առարկա հանդիսացող ապրանքի
- ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։ Մասնավորապես. ԱՏԳ ԱԱ ծածկագիրը պարտադիր ներառվում է ներմուծված ապրանքների, ԵՏՄ-ից ստացված ապրանքների, ինչպես նաեւ դրոշմավորման ենթակա ծխախոտային եւ ալկոհոլային արտադրանքի մատակարարման կամ տեղափոխման դեպքում՝ սկսած 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։
- 2025 թվականի նոյեմբերի 1-ից ծածկագրերի պարտադիր ներառումը տարածվում է նաեւ Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների վրա, որոնք մատակարարվում կամ տեղափոխվում են հենց արտադրող հարկ վճարողների կողմից։
- 2026 թվականի հունվարի 1-ից ԱՏԳ ԱԱ ծածկագրերի ներառումը դառնում է պարտադիր բոլոր մնացած դեպքերում։
ԱՏԳ ԱԱ ծածկագրերը ներառվում են հաշվարկային փաստաթղթերում առանձին սյունակով՝ 4 նիշի մակարդակով, հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված միասնական ապրանքային անվանացանկը։ Հարկ վճարողը պարտավոր է նաեւ լրացնել ապրանքի հստակ անվանումը՝ ապահովելով դրա ճիշտ նույնականացումը։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից, եւ հարկ վճարողները այդ օրվանից կարող են կամավոր ներառել ԱՏԳ ԱԱ ծածկագրերը նաեւ այն դեպքերում, երբ դա դեռ պարտադիր չէ։
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 7.1-ին եւ 57-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հաշվարկային փաստաթղթերում ապրանքների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերը ներառելու դեպքերը, կարգը եւ ժամկետները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԸ ՆԵՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Սույն հավելվածով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 55-րդ հոդվածի 4-րդ մասի 7.1-ին եւ 57-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերին համապատասխան հաշվարկային փաստաթղթերում ապրանքների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ` ԱՏԳ ԱԱ) ծածկագրերը ներառելու դեպքերի, կարգի եւ ժամկետների հետ կապված հարաբերությունները։
2. Ապրանքների, բացառությամբ անշարժ գույքի եւ օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետով սահմանված ապրանքների, մատակարարման գործարքների դեպքում օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան դուրս գրվող հարկային հաշվում, ճշգրտող հարկային հաշվում, հաշիվ վավերագրում, ճշգրտող հաշիվ վավերագրում (այսուհետ` հաշվարկային փաստաթուղթ) պարտադիր ներառվում է գործարքի առարկա հանդիսացող ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։
3. Ապրանքների, բացառությամբ անշարժ գույքի, հիմնական միջոց համարվող շարժական գույքի եւ օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետով սահմանված ապրանքների, տեղափոխման դեպքում օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան դուրս գրվող ապրանքի տեղափոխության բեռնագրում (այսուհետ՝ բեռնագիր) պարտադիր ներառվում է տեղափոխվող ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։
4. Հաշվարկային փաստաթղթում կամ բեռնագրում ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ներառելու համար հիմք է ընդունվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշմանը համապատասխան էլեկտրոնային եղանակով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթում կամ բեռնագրում ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ներառվում է առանձին սյունակով` 4 նիշի մակարդակով: Հաշվարկային փաստաթղթում կամ բեռնագրում ապրանքի անվանումը լրացվում է հարկ վճարողի կողմից: Ապրանքների նույնականացման ապահովման համար դուրս գրվող հաշվարկային փաստաթղթում կամ բեռնագրում հարկ վճարողի կողմից լրացվում է ապրանքի հստակ անվանումը` հաշվի առնելով 4 նիշի մակարդակով ԱՏԳ ԱԱ ծածկագրում ներառված տվյալ ապրանքի ամբողջական նկարագրությունը։
6. Դուրս գրվող հաշվարկային փաստաթղթում կամ բեռնագրում ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը պարտադիր ներառվում է հետեւյալ դեպքերում եւ ժամկետներում.
1) 2025 թվականի սեպտեմբերի 1-ից իրականացվող ապրանքների մատակարարման կամ ապրանքների տեղափոխման այն դեպքերում, երբ՝
ա. մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքները Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով եւ այդ ապրանքները մատակարարվում կամ տեղափոխվում են այդ ապրանքները ներմուծող հարկ վճարողների կողմից,
բ. մատակարարվող կամ տեղափոխվող ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքները Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել ԵՏՄ անդամ պետությունից եւ այդ ապրանքները մատակարարվում կամ տեղափոխվում են այդ ապրանքները ներմուծող հարկ վճարողների կողմից,
գ. մատակարարվում կամ տեղափոխվում են հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա ԱՏԳ ԱԱ 2402, 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000 ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրանք եւ 2204, 2205, 2206 00, 2207, 2208 ծածկագրերին դասվող ալկոհոլային արտադրանք.
2) 2025 թվականի նոյեմբերի 1-ից իրականացվող ապրանքների մատակարարման կամ ապրանքների տեղափոխման այն դեպքերում, երբ մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքներն արտադրվել են Հայաստանի Հանրապետությունում եւ այդ ապրանքները մատակարարվում կամ տեղափոխվում են այդ ապրանքներն արտադրող հարկ վճարողների կողմից, բացառությամբ սույն կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված դեպքերի.
3) 2026 թվականի հունվարի 1-ից իրականացվող ապրանքների մատակարարման կամ ապրանքների տեղափոխման սույն կետի 1-2-րդ ենթակետերով չնշված դեպքերից տարբերվող այլ դեպքերում։
7. Անկախ սույն հավելվածի 6-րդ կետի 2-րդ եւ 3-րդ ենթակետերով սահմանված ժամկետներից` հարկ վճարողները 2025 թվականի սեպտեմբերի 1-ից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում կարող են ներառել ԱՏԳ ԱԱ ծածկագրերը:
ՄԱՍ IV. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի սեպտեմբեր ամսվան աշխատանքային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին 2014 թվականի ապրիլի 17- ի N 534-ն որոշման մեջ փոփոխություն եվ լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-ն որոշման մեջ փոփոխություն եւ լրացում կատարելու մասին 4 սեպտեմբերի 2025 թվականի N 1269-Ն https://www.arlis.am/hy/acts/211528
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումն ուժի մեջ է մտել 2025 թվականի սեպտեմբերի 5-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Որոշման ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Զբաղվածության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-ն որոշման մեջ
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն իրավական փոփոխությունը վերաբերում է գործատուների հետ համագործակցության նոր կարգավորումների ներդրմանը e-work.am հարթակի միջոցով։ Փոփոխությամբ որոշման 9-րդ հավելվածը լրացվում է նոր՝ 6-րդ բաժնով, որով սահմանվում է գործատուների գրանցման, նույնականացման եւ հարթակի միջոցով գործառույթներ իրականացնելու կարգը։ Մասնավորապես.
- Գրանցում եւ նույնականացում. գործատուները պետք է գրանցվեն e-work.am հարթակում՝ ստեղծելով օգտահաշիվ եւ լրացնելով անձնական տվյալները կամ օգտվելով «ԵՍ ԵՄ» ազգային նույնականացման համակարգից (mID/eID)։ Կազմակերպությունների տվյալները ավտոմատ կերպով արտացոլվում են ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի տվյալների հիման վրա։
- Հարթակում գործելու իրավասություն. գործատուն կարող է հանդես գալ իր ղեկավարի կամ նրա լիազորված անձի միջոցով։
- Հարթակի հնարավորություններ. գրանցվելուց հետո գործատուն կարող է.
1. հրապարակել թափուր աշխատատեղեր,
2. որոնել եւ գտնել աշխատողներ, փորձնակներ կամ կամավորներ,
3. ուղարկել հրավերներ եւ նշանակել հանդիպումներ ընտրված թեկնածուների հետ,
4. ներգրավվել զբաղվածության պետական ծրագրերում՝ համալրելով թափուր աշխատատեղերը։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից եւ չի տարածվում մինչեւ դրա ընդունումը ծագած իրավահարաբերությունների վրա։ Խորհուրդ է տրվում գործատուներին նախապես ծանոթանալ հարթակի գործառույթներին՝ ապահովելու համար արագ եւ լիարժեք ինտեգրում e-work.am համակարգում։
Որոշման 9-րդ հավելվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 6-րդ բաժնով`
VI. ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ E-WORK.AM ՀԱՐԹԱԿԻ ՄԻՋՈՑՈՎ
22. Գործատուների հետ համագործակցությունը e-work.am հարթակի (այսուհետ` հարթակ) միջոցով կազմակերպելու նպատակով գործատուն պետք է գրանցվի հարթակում եւ ստեղծի օգտահաշիվ` լրացնելով անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարի, հանրային ծառայությունների համարանիշը, էլեկտրոնային փոստի հասցեն եւ հեռախոսահամարը կամ ընտրելով mID/eID սեղմակները` անցում կատարի «ԵՍ ԵՄ» ազգային նույնականացման հարթակ, որտեղ ընտրելով «Բջջային նույնականացման քարտ» կամ «Նույնականացման քարտ» դաշտերը` անցնի նույնականացում: Նույնականացումն անցնում է սույն որոշման 3-րդ հավելվածի Ձեւ 1-ի 1-2-րդ կետերում նշված տվյալների շտեմարանների հետ փոխգործելիության միջոցով` ինքնաշխատ եղանակով:
Կազմակերպության տվյալները հարթակում արտացոլվում են ինքնաշխատ եղանակով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկատվության հիման վրա: Մասնավորապես, հարթակում արտացոլվում է իրավաբանական անձի անվանումը, կազմակերպա-իրավական ձեւը, պետական գրանցման ամսաթիվը, իրավաբանական անձի գտնվելու վայրը, իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի անունը եւ ազգանունը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, պետական հաշվառման ամսաթիվը, անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման կամ բնակության կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վայրի հասցեն:
23. Հարթակում գործատուն կարող է հանդես գալ ղեկավարի կամ ղեկավարի կողմից լիազորված անձի միջոցով:
24. Գրանցվելուց հետո հարթակում պահանջվող դաշտերը լրացնելով` գործատուն կարող է.
1) հրապարակել իր մոտ առկա թափուր աշխատատեղը.
2) որոնել եւ գտնել աշխատողներ, փորձնակներ, կամավոր աշխատողներ.
3) ուղարկել հրավեր եւ նշանակել հանդիպումներ իր կողմից ընտրված աշխատանք փնտրող անձանց հետ.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով ներգրավվել զբաղվածության պետական ծրագրերում եւ համալրել իր մոտ առկա թափուր աշխատատեղը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից եւ չի տարածվում մինչեւ սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:.
ՄԱՍ V. ՊԵՏԱԿԱՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի սեպտեմբեր ամսվան պետական ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Երեւան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություն պատվիրակելու եւ արտաքին գովազդի եւ արտաքին գովազդի միջոցի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները հաստատելու մասին Երեւան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N 37-ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Երեւան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N 37-ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին 09 սեպտեմբերի 2025 թ. N 411-Ն https://www.arlis.am/hy/acts/212080
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումն ուժի մեջ է մտել 2025 թվականի սեպտեմբերի 9-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Որոշման ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել Երեւան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություն պատվիրակելու եւ արտաքին գովազդի եւ արտաքին գովազդի միջոցի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները հաստատելու մասին Երեւան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N 37-ն որոշման մեջ
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Երեւան քաղաքի ավագանու ընդունած փոփոխությամբ արդիացվել է գովազդի թույլտվությունների տրամադրման կարգը։ Եթե նախկինում գովազդատուներն ու գովազդակիրները դիմում էին համապատասխան վարչական շրջանի ղեկավարին թղթային տարբերակով, ապա նոր կարգով գործընթացը ամբողջությամբ տեղափոխվում է էլեկտրոնային հարթակ։ Այսուհետ գովազդ տեղադրելու թույլտվություն ստանալու համար դիմումը ներկայացվում է www.govazd.yerevan.am կայքի միջոցով։ Էլեկտրոնային դիմումը ներառում է դիմողի նույնականացման տվյալները, գովազդի տեղակայման վայրի եւ չափերի վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաեւ կցվում են անհրաժեշտ փաստաթղթերը։ Այս փոփոխությունը նպատակ ունի պարզեցնել ընթացակարգը, ապահովել թափանցիկություն եւ միասնական հաշվառում Երեւան քաղաքի տարածքում գովազդների տեղաբաշխման գործընթացում։
Երեւան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի «Երեւան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություն պատվիրակելու եւ արտաքին գովազդի եւ արտաքին գովազդի միջոցի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները հաստատելու մասին» N 37-Ն որոշման N 1 եւ N 2 հավելվածներում կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումը.
1) N 1 հավելվածի 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.:
Հին տարբերակ
14. Գովազդ տեղադրելու համար գովազդատուն, գովազդակիրը սույն որոշման N 2 հավելվածով սահմանված ձեւի (Ձեւ 1) դիմում է ներկայացնում դրա տեղաբաշխման վայրի համապատասխան վարչական շրջանի ղեկավարին, իսկ տրանսպորտային միջոցի վրա գովազդ տեղադրելու դեպքում՝ Երեւան քաղաքի որեւէ վարչական շրջանի ղեկավարին: Մեկ դիմումով կարող է հայցվել միայն մեկ գովազդի վերաբերող թույլտվություն։
Նոր տարբերակ
14. Երեւան քաղաքում գովազդ տեղադրելու (այդ թվում` տրանսպորտային միջոցի վրա) թույլտվություն ստանալու համար գովազդատուն կամ գովազդակիրը դիմում է ներկայացնում էլեկտրոնային եղանակով` www.govazd.yerevan.am կայքի միջոցով: Մեկ դիմումով կարող է հայցվել միայն մեկ գովազդի վերաբերող թույլտվություն:
N 1 հավելվածի 14.1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.
Հին տարբերակ
14.1. Սույն հավելվածի 14-րդ կետում նշված դիմումը պետք է պարունակի.
1) վարչական շրջանի անվանումը,
2) վարչական շրջանի ղեկավարի անունը եւ ազգանունը,
3) դիմողի անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում վերջինիս անունը, ազգանունը, պետական գրանցման համարը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նրա լրիվ անվանումը, պետական գրանցման համարը եւ հարկ վճարողի հաշվառման համարը,
4) դիմողի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը),
5) դիմողի հետ կապ հաստատելու միջոց հանդիսացող բջջային հեռախոսահամարը եւ էլեկտրոնային փոստի հասցեն,
6) գովազդի տեղաբաշխման ժամկետի սկիզբը եւ ավարտը։ Գովազդի տեղաբաշխման ժամկետի ավարտը չի կարող լինել ավելի ուշ, քան ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը,
7) դիմումը կազմելու տարին, ամիսը, օրը,
8) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը,
9) տվյալներ այն գովազդային միջոցի մասին, որի վրա նախատեսվում է տեղադրել գովազդը, մասնավորապես՝ գովազդային միջոցի հասցեն, դրա տեսակը:
Նոր տարբերակ
14.1. Սույն հավելվածի 14-րդ կետում նշված էլեկտրոնային դիմումը պետք է պարունակի.
1) դիմողի անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում վերջինիս անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը եւ հարկ վճարողի հաշվառման համարը,
2) դիմումը ներկայացնող անձի անունը, ազգանունը (լիազորված անձի կողմից դիմումը ներկայացվելու դեպքում` լիազորված անձի անունը, ազգանունը),
3) գովազդի տեղաբաշխման ժամկետի սկիզբը եւ ավարտը: Գովազդի տեղաբաշխման ժամկետի ավարտը չի կարող լինել ավելի ուշ, քան ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը,
4) դիմողի հետ կապ հաստատելու միջոց հանդիսացող բջջային հեռախոսահամարը եւ էլեկտրոնային փոստի հասցեն,
5) տվյալներ այն գովազդային միջոցի մասին, որի վրա նախատեսվում է տեղադրել գովազդը (շարժական կամ անշարժ գույքի նկատմամբ սեփականության, վարձակալության կամ այլ գույքային իրավունքի առկայության մասին),
6) տվյալներ արտաքին գովազդի տեղադրման կարգավիճակի վերաբերյալ (նախկինում սահմանված կարգով տրամադրված թույլտվության հիման վրա տեղադրված կամ չտեղադրված (նոր տեղադրվող)),
7) տվյալներ գովազդի տեղակայման վայրի մասին (վարչական շրջան, փողոց, շենք, շինություն),
8) գովազդի միջոցի տեղադրման բարձրությունը գետնի մակարդակից եւ չափսերը (բարձրություն, լայնություն եւ ընդհանուր մակերես),
9) գովազդի միջոցի մի քանի կողմ ունենալու դեպքում` կողմի նկարագիրը (համարը),
10) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը:
N 1 հավելվածի 14.2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.