ԻՐԱՎԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ապրիլ 2026
ՄԱՍ I. ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին.
2. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ.
ՄԱՍ II. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
1. Առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրական փաթեթից օգտվելու ընթացակարգը եւ առողջության համընդհանուր
ապահովագրության շրջանակներում բժշկական օգնություն եւ սպասարկման ծառայություններ ստանալու համար հերթագրման
կարգը սահմանելու մասին.
2. Չափորոշիչ բնակչության առողջության պահպանման եվ բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության
շրջանակներում, ինչպես նաեվ այլ պայմաններով հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության եւ սպասարկման
կազմակերպման եւ իրականացման կարգը հաստատելու մասին.
3. Առողջության համընդհանուր ապահովագրության գործընթացի ռազմավարական պլանավորման, ռիսկերի կառավարման եւ
վերահսկողությունն իրականացնող գործադիր հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով
մասնակիցներին ներգրավելու կարգը հաստատելու մասին.
ՄԱՍ III. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
1.Մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրում գրանցման ենթակա մտավոր սեփականության
օբյեկտների տեսակները, այդպիսի ռեեստրի վարման եւ հրապարակման կարգը, մտավոր սեփականության
օբյեկտների իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի կողմից մաքսային մարմին ներկայացվող դիմումների,
ինչպես նաեւ մաքսային մարմնի կողմից կայացվող որոշումների եւ ուղարկվող ծանուցման ձեւերը
սահմանելու մասին.
2. Մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրում գրանցման ենթակա մտավոր
սեփականության օբյեկտների տեսակները, այդպիսի ռեեստրի վարման եւ հրապարակման կարգը,
մտավոր սեփականության օբյեկտների իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի կողմից մաքսային
մարմին ներկայացվող դիմումների, ինչպես նաեվ մաքսային մարմնի կողմից կայացվող
որոշումների եւ ուղարկվող ծանուցման ձեւերը սահմանելու մասին (2-րդ մաս).
ՄԱՍ IV. ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. Սահմանափակման ենթակա ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման մեկանգամյա
եւ գլխավոր լիցենզիաների տրամադրման կարգը հաստատելու մասին.
ՄԱՍ V. ՄԱՍՆԱՎՈՐ ՈԼՈՐՏ
1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին.
2. Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին.
3. Տեսալսողական մեդիայի մասին օրենքում տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքների վերաբերյալ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
4. Տեսալսողական մեդիայի մասին օրենքում սինթետիկ բովանդակության պարտադիր մակնշման վերաբերյալ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
ՄԱՍ VI. ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏ
1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ.
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի N 450-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.
ՄԱՍ VI. ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. Գովազդի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ.
ՄԱՍ I. ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2026 թվականի ապրիլ ամսվան հարկային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ 04.03.2026 ՀՕ- 60-Ն
https://www.arlis.am/hy/acts/223058
Փոփոխության կարգավիճակը՝
Օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտել 2026 թվականի ապրիլի 1-ին.
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել Հարկային օրենսգրքում։
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում բժշկական օգնության եւ սպասարկման ոլորտում ներդրվել են ավելի խիստ եւ թվայնացված հաշվառման մեխանիզմներ, որոնց նպատակն է ապահովել մատուցվող ծառայությունների առավել թափանցիկ եւ վերահսկելի հաշվառումը։
Մասնավորապես, բժշկական ծառայությունների մատուցման յուրաքանչյուր դեպքում սահմանվել է, որ տվյալ ծառայությունը պետք է պարտադիր ունենա էլեկտրոնային առողջապահական համակարգի կողմից գեներացված անհատական նույնականացման ծածկագիր, որը պետք է արտացոլվի հաշվարկային փաստաթղթերում։ Սա թույլ է տալիս յուրաքանչյուր բժշկական ծառայություն հստակ նույնականացնել եւ հետեւել դրա շարժին համակարգում։
Բացի այդ, բժշկական ծառայություններ մատուցող այն կազմակերպությունների համար, որոնք միացված են էլեկտրոնային առողջապահական համակարգին եւ վճարումներ են ընդունում էլեկտրոնային վճարային միջոցներով, պարտադիր է դարձել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը։ Այս կարգավորումը տարածվել է նաեւ բժշկական ծառայությունների վրա՝ դրանք հավասարեցնելով հարկային վերահսկողության տեսանկյունից այլ տնտեսավարող գործունեության ձեւերին։
Միաժամանակ հստակեցվել է էլեկտրոնային դրամարկղային համակարգի գործառույթը՝ ընդգծելով, որ այն պետք է հնարավորություն տա նաեւ բժշկական ծառայությունների դիմաց իրականացվող գործարքների համար կտրոնների էլեկտրոնային գեներացմանը։
Ընդհանուր առմամբ, այս փոփոխություններով բժշկական ոլորտում ներդրվել է միասնական էլեկտրոնային նույնականացման եւ հաշվառման համակարգ, որը նպատակ ունի բարձրացնել հարկային վերահսկողության արդյունավետությունը, նվազեցնել ստվերային շրջանառությունը եւ ապահովել ծառայությունների հաշվառման ավելի բարձր մակարդակ։
Հետեւաբար, եթե Դուք զբաղվում եք բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցմամբ, ապա առաջարկվում է ապահովել Ձեր գործունեության համապատասխանեցումը ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններին։
2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 55-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետով.
Հոդված 55. Հաշվարկային փաստաթուղթը եւ դրա կազմումը
4. Հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառվում են՝
12) բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման դեպքում` յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված՝ համապատասխան բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը:
Օրենսգրքի 380.1-ին հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.
Հոդված 380.1. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառությունը
1.2. Էլեկտրոնային առողջապահության համակարգին միացած բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքների միջոցով վճարումն ընդունվելու դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է:
2-րդ մասը «իրականացման գործարքների» բառերից հետո լրացնել « եւ 1.2-րդ մասում նշված՝ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման» բառերով:
Հին տարբերակ
2. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է ընձեռում սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ հարկ վճարողների կողմից ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների, իսկ 1.1-ին մասում նշված՝ հարկ վճարողների կողմից ուղեւորափոխադրումների իրականացման գործարքների համար գեներացնելու էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն:
Նոր տարբերակ
2. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է ընձեռում սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ հարկ վճարողների կողմից ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների, իսկ 1.1-ին մասում նշված՝ հարկ վճարողների կողմից ուղեւորափոխադրումների իրականացման գործարքների եւ 1.2-րդ մասում նշված՝ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման համար գեներացնելու էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն:
Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20-րդ կետով.
Հոդված 381. Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները
20) բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման դեպքում՝ յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված՝ համապատասխան բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը:
2. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ.
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ Կ-1318-13.04.2026-ՏՀ-011/0
http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=16307&Reading=0
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունենալու Հարկային օրենսգրքում։
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
TՆախագծով առաջարկվում է համակարգային եւ համապարփակ մոտեցում, որի արդյունքում Օրենսգրքի ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների փոխանակման դրույթները կարգավորող 80.2 Գլուխն ամբողջովին վերաշարադրվել է՝ առաջնորդվելով Ստանդարտով եւ ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության եւ տեղեկությունների փոխանակման Գլոբալ Ֆորումի Քարտուղարության կողմից 2025 թվականին մշակված մոդելային օրենսդրությամբ, ինչպես նաեւ վերջինիս կողմից տրված մեթոդական ցուցումներով եւ առաջարկներով, մասնավորապես՝
- Նախագծով տրվել են Ստանդարտից բխող եւ Օրենսգրքում կիրառվող առանցքային հասկացությունների հստակ սահմանումներ, ինչը կապահովի դրանց միատեսակ մեկնաբանությունն ու համահունչ կիրառումը իրավակիրառ պրակտիկայում:
- Նախագծով առաջարկվում է հաշվետու ֆինանսական հաստատությունների նկատմամբ համապատասխանության ճշտության ստուգման իրականացումը վերապահել ՀՀ հարկային մարմնին, քանի որ Ստանդարտը բացառապես կիրառվում է հարկային նպատակներով եւ գործընթացի ցանկացած փուլում միմիայն հարկային մարմինն է հանդիսանում որպես իրավասում մարմին: Ընդ որում, նախագծով ներկայացվում են նաեւ Օրենսգրքի հարկային ստուգումները կարգավորող 68-րդ Գլխի համապատասխան դրույթների փոփոխություններ, համաձայն որոնց առաջարկվում է ընդլայնել թեմատիկ հարկային ստուգման հարցերի շրջանակը, ավելացնելով ֆինանսական հաշիվների համապատասխանության ճշտության հարցը, որի արդյունքում հարկային մարմինը կարող է իրականացնել թեմատիկ ստուգում՝ բացառապես ֆինանսական հաշիվների համապատասխանության ճշտության հարցերով:
- Նախագծով առաջարկվում է հաշվետերերի եւ վերահսկող անձանց նկատմամբ եւս կիրառել պատասխանատվության միջոցներ այն դեպքերում, երբ վերջիններս հաշվետու ֆինանսական հաստատություններին տրամադրում են կեղծ կամ թերի տեղեկություններ, կամ չեն տրամադրում պատշաճ ստուգման ընթացակարգերով սահմանված պարտադիր տեղեկությունները:
- Միջազգային լավագույն փորձին եւ ֆինանսական հաստատությունների գործնական հնարավորություններին համապատասխանեցնելու նպատակով հարկային մարմնին տեղեկությունների ներկայացման ժամկետը երկարաձգվել է՝ գործող մայիսի 10ը փոփոխելով հունիսի 30, ինչը կնպաստի ավելի ամբողջական եւ որակյալ տվյալների ներկայացմանը:
-Նախագծով հստակեցվել են նաեւ հաշվետու ֆինանսական հաստատությունների կողմից փաստաթղթերի պաhպանության եւ հաշվառման դրույթները, համաձայն որի ֆինանսական հաշիվներին վերաբերող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաեւ համակարգչային ծրագրերում եւ էլեկտրոնային կրիչներում առկա տեղեկատվությունը, Ֆինանսական հաստատությունը պահպանում է օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում, բայց ոչ պակաս, քան հինգ տարի ժամկետով: Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգի լիարժեք, համահունչ եւ արդյունավետ գործարկումը՝ այն ամբողջությամբ համապատասխանեցնելով Ստանդարտի եւ մոդելային օրենսդրության պահանջներին: Արդյունքում կերաշխավորվի տեղեկությունների ավտոմատ փոխանակման գործընթացի իրավական հստակությունը, գործնական կիրառելիությունն ու արդյունավետությունը, կբացառվեն տարաբնույթ մեկնաբանություններն ու տարընթերցումները, ինչը կնպաստի միջազգային պարտավորությունների պատշաճ կատարմանը, Հայաստանի Հանրապետության դիրքի ամրապնդմանը միջազգային հարկային համագործակցության հարթակներում՝ որպես վստահելի եւ կանխատեսելի գործընկեր, ինչպես նաեւ հարկային վարչարարության արդյունավետության եւ համակարգի ինստիտուցիոնալ կայունության բարձրացմանը:
2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 134-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ:
Հոդված 134. Շահութահարկի հաշվարկների ներկայացումը
Հին տարբերակ
5. Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած (հաշվառված) ռեզիդենտ եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն ունեցող ոչ ռեզիդենտ համարվող՝ Օրենսգրքի 80.2-րդ գլխով սահմանված ֆինանսական հաստատությունները մինչեւ յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 10-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում Օրենսգրքի 443.4-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները:
Նոր տարբերակ
5. Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած (հաշվառված) ռեզիդենտ եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն ունեցող ոչ ռեզիդենտ համարվող` Օրենսգրքի 80.2-րդ գլխով սահմանված հաշվետու ֆինանսական հաստատությունները Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով եւ Օրենսգրքի 443.4-րդ հոդվածով սահմանված ժամկետում հարկային մարմին են ներկայացնում հաշվետու հաշիվների վերաբերյալ Ստանդարտով սահմանված տեղեկությունները:
Օրենսգրքի 156-րդ հոդվածի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 156. Եկամտային հարկի հաշվարկները եւ այլ փաստաթղթերը ներկայացնելը
Հին տարբերակ
6. Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած (հաշվառված) ռեզիդենտ եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն ունեցող ոչ ռեզիդենտ համարվող՝ Օրենսգրքի 80.2-րդ գլխով սահմանված ֆինանսական հաստատությունները մինչեւ յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 10-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում Օրենսգրքի 443.4-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները:
Նոր տարբերակ
6. Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած (հաշվառված) ռեզիդենտ եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն ունեցող ոչ ռեզիդենտ համարվող` Օրենսգրքի 80.2-րդ գլխով սահմանված հաշվետու ֆինանսական հաստատությունները Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով եւ Օրենսգրքի 443.4-րդ հոդվածով սահմանված ժամկետում հարկային մարմին են ներկայացնում հաշվետու հաշիվների վերաբերյալ Ստանդարտով սահմանված տեղեկությունները:
Օրենսգրքի 402.3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 402.3. Հաշվետու ֆինանսական հաստատության կամ հաշվետերերի եւ վերահսկող անձանց կողմից ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունները տրամադրելու, հաշվետերերի եւ վերահսկող անձանց չբացահայտման մասին տեղեկություն ներկայացնելու, ստուգման (ուսումնասիրության) ընթացակարգերը պահպանելու կանոնները խախտելը
1. Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից Օրենսգրքի 80.2 գլխով կամ 80.2 գլխով սահմանված իրավական ակտերով սահմանված պատշաճ ուսումնասիրության կամ հավաստող փաստաթղթերի պահպանման պարտավորությունները յուրաքանչյուր հաշվետիրոջ մասով չկատարելու դեպքում՝ Հաշվետու ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 1 միլիոն դրամի չափով:
2. Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից Ստանդարտով սահմանված տեղեկությունները Օրենսգրքի 80.2 գլխի կամ դրա համաձայն ընդունված իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով հարկային մարմնին Օրենսգրքի 443.4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում չտրամադրելու դեպքում յուրաքանչյուր չտրամադրված տեղեկության համար Հաշվետու ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 500 հազար դրամի չափով: Տուգանքի նշանակման օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից տեղեկությունները չտրամադրելու դեպքում յուրաքանչյուր չտրամադրված տեղեկության համար Հաշվետու ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 1 միլիոն դրամի չափով:
3. Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից Ստանդարտով սահմանված տեղեկությունները Օրենսգրքի 80.2 գլխի կամ դրա համաձայն ընդունված իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով հարկային մարմնին Օրենսգրքի 443.4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետից ուշ տրամադրելու դեպքում յուրաքանչյուր Օրենսգրքով սահմանված ժամկետից ուշ տրամադրված տեղեկության համար Հաշվետու ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 250 հազար դրամի չափով:
4. Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից ոչ ամբողջական կամ կեղծ տեղեկություններ տրամադրելու դեպքում յուրաքանչյուր ոչ ամբողջական կամ կեղծ տեղեկության համար Հաշվետու ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 1 միլիոն դրամի չափով:
5. Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից Օրենսգրքի 443.4-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պատշաճ ուսումնասիրության ընթացակարգերի նպատակներով ստացված ինքնահայտարարագրի մեջ կեղծ կամ ոչ ամբողջական տեղեկություն տրամադրելու դեպքում Հաշվետու ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 500,000 ՀՀ դրամի չափով:
6. Հաշվետերերի եւ Վերահսկող անձանց կողմից ինքնահայտարարագրի չներկայացման դեպքում կամ ոչ ամբողջական կամ կեղծ տեղեկություն տրամադրելու դեպքում Հաշվետերերից կամ Վերահսկող անձանցից յուրաքանչյուր չներկայացման կամ ոչ ամբողջական կամ կեղծ տեղեկության տրամադրման համար գանձվում է տուգանք՝ 500,000 ՀՀ դրամի չափով:
7. Եթե Հաշվետու ֆինանսական հաստատությունը օտարերկրյա իրավաբանական կազմավորում կամ մասնաճյուղ է, որը գտնվում է Հայաստանում, տույժը կիրառվում է Հաշվետու ֆինանսական հաստատության գործունեության կառավարման համար պատասխանատու անձ(-անց) նկատմամբ: Սույն մասի կիրառման նպատակով, պատասխանատու անձ(-ինք)ը տրաստի դեպքում ներառում են՝ կառավարիչ(ներ)ին, իսկ գործընկերության դեպքում՝ գործընկերներին:
8.Սույն հոդվածով սահմանված խախտումների հայտնաբերման դեպքերում տուգանքները չեն կիրառվում, եթե ֆինանսական հաստատությունը ձեռնարկել է խախտումը վերացնելու համար անհրաժեշտ գործողություններ եւ փաստացի դրանք վերացրել է մինչեւ պատասխանատվության միջոցի վարույթի ավարտը, կամ խախտումը կրում է տեխնիկական բնույթ:
9. Մինչեւ սույն հոդվածով սահմանված տուգանքի կիրառումը, հարկային մարմինը տուգանքի կիրառման մասին վարչական ակտի նախագիծը ներկայացնում է ՀՀ Կենտրոնական բանկ՝ վարչական ակտով սահմանված տուգանքի կիրառման պարագայում հաշվետու ֆինանսական հաստատությանը Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված ծանր ֆինանսական կացության հանգեցնելու հնարավորության վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով: Կենտրոնական բանկի կողմից նման եզրակացություն ստանալու դեպքում հարկային մարմինը կարող է չկիրառել վարչական ակտով արձանագրված տուգանքը, եթե հաշվետու ֆինանսական հաստատությունը պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ:
Օրենսգրքի 80.2-րդ գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Գ Լ ՈՒ Խ 80.2
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
Հոդված 443.3. Կիրառվող հասկացություններ
1. Սույն գլխում, ինչպես նաեւ սույն գլխի դրույթներից բխող Օրենսգրքի այլ հոդվածներում նշված հասկացություններն ունեն Ստանդարտով սահմանված նշանակությունը, մասնավորապես՝
1) Ստանդարտ՝ Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման Միասնական հաշվետվողական ստանդարտը՝ ներառյալ վերջինիս Մեկնաբանությունը, որը հաստատվել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության կողմից 2014 թվականի հուլիսի 15-ին՝ ներառյալ հետագա փոփոխությունները: Հարկային մարմինն ապահովում է Ստանդարտի, ինչպես նաեւ դրա փոփոխությունների եւ լրացումների թարգմանությունն ու դրանց պաշտոնական հրապարակումը՝ դրանք տեղադրելով իր պաշտոնական ինտերնետային կայքում.
2) Կոնվենցիա՝ Հայաստանի Հանրապետության կողմից 2018 թվականի հունվարի 24-ին ստորագրված «Հարկային հարցերով փոխադարձ վարչական օգնության մասին» կոնվենցիան, ներառյալ հետագա փոփոխությունները.
3) Համաձայնագիր՝ Հայաստանի Հանրապետության կողմից 2024 թվականի հունվարի 12-ին ստորագրված «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը՝ ներառյալ հետագա փոփոխությունները.
4) Տեղեկությունների տրամադրում՝ հարկային մարմնի եւ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի համատեղ իրավական ակտով սահմանված հաշվետվություն, որով Ստանդարտով սահմանված տեղեկությունները Հաշվետու ֆինանսական հաստատությունը ներկայացնում է հարկային մարմին.
5) Հաշվետու հաշիվ՝ մեկ կամ մի քանի հաշվետու անձանց պատկանող ֆինանսական հաշիվ կամ պասիվ ոչ ֆինանսական կազմակերպության հաշիվ, որը վերահսկվում է հաշվետու անձ հանդիսացող անձանց կողմից եւ որը նույնականացվել է որպես այդպիսին՝ Ստանդարտով նախատեսված պատշաճ ուսումնասիրության ընթացակարգերի կիրառման արդյունքում.
6) Հաշվետու անձ՝ հաշվետու պետության անձ, բացառությամբ ընկերության, որի բաժնետոմսերը պարբերաբար վաճառվում են արժեթղթերի մեկ կամ մի քանի մասնագիտացված շուկայում, այդ ընկերության փոխկապակցված ընկերության, պետական մարմնի, միջազգային կազմակերպության, կենտրոնական բանկի կամ ֆինանսական հաստատության.
7) Հաշվետու ֆինանսական հաստատություն՝ ՀՀ ռեզիդենտ ֆինանսական հաստա-տություն (բացառությամբ այդ ֆինանսական հաստատության՝ Հայաստանի Հանրապետու-թյան տարածքից դուրս գտնվող մասնաճյուղերի) եւ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող՝ ոչ ռեզիդենտ ֆինանսական հաստատության մասնաճյուղ, որոնք Ստանդարտի եւ սույն կետի իմաստով չեն հանդիսանում ոչ-հաշվետու ֆինանսական հաստատություններ: Ոչ հաշվետու ֆինանսական հաստատությունների ցանկը հաստատվում է հարկային մարմնի եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հրամանով.
8) Հաշվետու պետություն՝ պետություն, որի հետ իրականացվում է ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակում՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա: Փոխանակում իրականացնող պետությունների ցանկը յուրաքանչյուր տարվա մինչեւ դեկտեմբերի 30-ը հարկային մարմինը հրապարակում է իր պաշտոնական ինտերնետային կայքում.
9) Ազատված հաշիվ՝ Ստանդարտով սահմանված հաշիվներ, որոնց ցանկը հաստատվում է հարկային մարմնի եւ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի համատեղ հրամանով:
Հոդված 443.4. Հաշվետու ֆինանսական հաստատությունների կողմից տեղեկությունների տրամադրում
1. Հաշվետու ֆինանսական հաստատությունը մինչեւ յուրաքանչյուր օրացուցային տարվա հունիսի 30- ը ներառյալ էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում նախորդ տարվա բոլոր հաշվետու հաշիվների վերաբերյալ տեղեկությունները: հաշվետու ֆինանսական հաստատության կողմից հաշվետու հաշիվների վերաբերյալ հարկային մարմնին տեղեկությունների տրամադրման կարգը, ձեւաչափը եւ դրա լրացման կարգը սահմանվում է հարկային մարմնի եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ իրավական ակտով:
2. Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից Ստանդարտով սահմանված պատշաճ ստուգման ընթացակարգերի արդյունքում տվյալ օրացուցային տարում հաշվետու հաշիվներ չբացահայտելու դեպքում ֆինանսական հաստատությունը մինչեւ յուրաքանչյուր օրացուցային տարվա հունիսի 30-ը ներառյալ հարկային մարմին է ներկայացնում զրոյական հաշվետվություն՝ հարկային մարմնի կողմից սահմանված կարգով եւ ձեւով:
3. Ֆինանսական հաստության կողմից Ստանդարտով սահմանված պատշաճ ստուգման ընթացակարգը սահմանվում է հարկային մարմնի եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հրամանով:
Հոդված 443.5. Փաստաթղթերի պահպանությունը
1. Հաշվետու ֆինանսական հաստատությունը պարտավոր է պահպանել Ստանդարտով, Համաձայնագրով եւ սույն գլխով սահմանված պարտավորությունների կատարումը հավաստող պատշաճ ստուգման ընթացակարգերն իրականացման ընթացքում ձեռքբերված փաստաթղթերը:
2. Ֆինանսական հաշիվներին վերաբերող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաեւ համակարգչային ծրագրերում եւ էլեկտրոնային կրիչներում առկա տեղեկատվությունը, Ֆինանսական հաստատությունը պահպանում է օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում, բայց ոչ պակաս, քան հինգ տարի ժամկետով: Օտարերկրյա պտությունների (տարածքների) իրավասու մարմինների ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների փոխանցման, հարկային մարմնի կողմից այդպիսի տեղեկությունների ստացման կարգերը, ինչպես նաեւ փոխանցված ֆինանսկան հաշիվների մասին տեղեկությունների պահպանության պահանջները սահմանում է Կառավարությունը:
Հոդված 443.6. Պարտավորություններից խուսափելը
1. Սույն գլխի պահանջներից խուսափելու, ինչպես նաեւ դրանք չկատարելու նպատակով որեւէ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում, այն ձեռքբերած անձանց նկատմամբ տարածվում են Ստանդարտի, Համաձայնագրի եւ սույն գլխի դրույթները, եթե հաստատվում է, որ նման պայմանավորվածության հիմնական նպատակը սույն Գլխի պահանջներից խուսափելը կամ չկատարելն է:
ՄԱՍ II. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի ապրիլ ամսվան առողջապահության ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրական փաթեթից օգտվելու ընթացակարգը եւ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բժշկական օգնություն եւ սպասարկման ծառայություններ ստանալու համար հերթագրման կարգը սահմանելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրական փաթեթից օգտվելու ընթացակարգը եւ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բժշկական օգնություն եւ սպասարկման ծառայություններ ստանալու համար հերթագրման կարգը սահմանելու մասին 31 մարտի 2026 թվականի N 25-Ն
https://www.irtek.am/views/act.aspx?aid=132286
Հրամանի կարգավիճակը՝
Սույն Հրամանն ուժի մեջ է մտել 31.03.2026 թվականից
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն փոփոխությունները վերաբերում են Հայաստանի Հանրապետությունում ներդրվող առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի կիրառման կարգավորման նպատակով ընդունված ենթաօրենսդրական կարգավորումներին։
ՀՀ առողջապահության նախարարի 2026 թվականի մարտի 31-ի N 25-Ն հրամանով սահմանվում է առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրական փաթեթից օգտվելու ընթացակարգը, ինչպես նաեւ ապահովագրության շրջանակներում բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ ստանալու համար ապահովագրված անձանց հերթագրման կարգը։ Հրամանով կարգավորվում են ապահովագրված անձանց նույնականացման գործընթացը, բժշկական ծառայությունների համար դիմելու եւ էլեկտրոնային ուղեգրման մեխանիզմները, առաջնային, արտահիվանդանոցային եւ հիվանդանոցային բուժօգնության հասանելիության պայմանները, ինչպես նաեւ բժշկական կազմակերպություններում ծառայությունների տրամադրման հերթականության կազմակերպումը։
Նշված կարգավորումների նպատակն է ապահովել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի միասնական եւ արդյունավետ գործարկումը, բժշկական ծառայությունների մատչելիությունը եւ դրանց տրամադրման ընթացակարգերի հստակեցումը։
Հիմք ընդունելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ եւ 7-րդ մասերը.
I order:
Հրամայում եմ`
1. Սահմանել`
1) առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրական փաթեթից օգտվելու ընթացակարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ ստանալու համար հերթագրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Չափորոշիչ բնակչության առողջության պահպանման եվ բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում, ինչպես նաեվ այլ պայմաններով հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման եւ իրականացման կարգը հաստատելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հունիսի 10-ի N 38-ն հրամանում փոփոխություն կատարելու եւ հայաստանի հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի n 57-ն եւ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի N 65-ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին չափորոշիչ «10» ապրիլ 2026 թվականի N 28-Ն https://www.arlis.am/hy/acts/223886
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Հրամանն ուժի մեջ է մտել 2026 թվականի ապրիլի 16-ից.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն հրամանով հաստատվում է բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում, ինչպես նաեւ այլ պայմաններով հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման եւ իրականացման չափորոշիչը։
Հրամանը ընդունվել է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետի հիման վրա եւ սահմանում է հիվանդանոցային բժշկական օգնության կազմակերպման, մատուցման եւ իրականացման միասնական իրավական եւ կազմակերպչական պահանջները։ Չափորոշչով կարգավորվում են 18 տարեկան եւ բարձր տարիքի անձանց հիվանդանոցային բժշկական օգնության տրամադրման հետ կապված հարաբերությունները, բժշկական կազմակերպությունների գործունեության պայմանները, ծառայությունների ծավալը, ինչպես նաեւ պացիենտների ընդունման, հոսպիտալացման, տեղափոխման եւ բժշկական ծառայություններից օգտվելու ընթացակարգերը։
Չափորոշիչը նախատեսում է, որ հիվանդանոցային բժշկական օգնությունը իրականացվում է համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում եւ ներառում է առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրական փաթեթով նախատեսված ծառայությունները, բնակչության առողջության պահպանման եւ բարելավման պետական ծրագրերով նախատեսված բժշկական օգնությունը, ինչպես նաեւ նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող բուժական միջամտությունները։ Միաժամանակ սահմանվում են բժշկական օգնություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը, ուղեգրման եւ էլեկտրոնային առողջապահական համակարգերի կիրառման պահանջները, շտապ եւ անհետաձգելի դեպքերում հոսպիտալացման առանձնահատկությունները, ինչպես նաեւ պացիենտների մեկ բժշկական կազմակերպությունից մյուսը տեղափոխման կարգը։
Սույն կարգավորման նպատակն է ապահովել հիվանդանոցային բժշկական օգնության կազմակերպման միասնական չափանիշներ, բժշկական ծառայությունների մատչելիություն եւ արդյունավետ իրականացում առողջության համընդհանուր ապահովագրության եւ պետական առողջապահական ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում։
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել` բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում, ինչպես նաեւ այլ պայմաններով հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման եւ իրականացման չափորոշիչը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
3. Առողջության համընդհանուր ապահովագրության գործընթացի ռազմավարական պլանավորման, ռիսկերի կառավարման եւ վերահսկողությունն իրականացնող գործադիր հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակիցներին ներգրավելու կարգը հաստատելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Առողջության համընդհանուր ապահովագրության գործընթացի ռազմավարական պլանավորման, ռիսկերի կառավարման եւ վերահսկողությունն իրականացնող գործադիր հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակիցներին ներգրավելու կարգը հաստատելու մասին 13 ապրիլի 2026 թվականի N 29-Ն
https://www.arlis.am/hy/acts/223992
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Հրամանն ուժի մեջ է մտել 2026 թվականի ապրիլի 18-ից
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն հրամանով կարգավորվում են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի կառավարման գործընթացներում շահագրգիռ կողմերի մասնակցության ապահովման հետ կապված իրավահարաբերությունները։
Հիմք ընդունելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ՀՀ առողջապահության նախարարի 2026 թվականի ապրիլի 13-ի N 29-Ն հրամանով հաստատվել է առողջության համընդհանուր ապահովագրության գործընթացի ռազմավարական պլանավորման, ռիսկերի կառավարման եւ վերահսկողությունն իրականացնող գործադիր հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակիցների ներգրավման կարգը։
Կարգով սահմանվում են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակիցների ներգրավման ընթացակարգը, մասնակիցներին ներկայացվող պահանջները, հայտերի ներկայացման, ընդունման եւ գնահատման գործընթացը, ինչպես նաեւ ընտրության չափանիշները։ Նախատեսվում է, որ հանձնաժողովի աշխատանքներին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք գործունեություն են ծավալում բուժաշխատողների, գործատուների, աշխատողների կամ պացիենտների իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ դեղերի շրջանառության կամ բժշկական օգնության եւ սպասարկման ոլորտներում, ունեն առնվազն երեք տարվա փորձ եւ չեն գտնվում Հիմնադրամի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ։
Կարգով սահմանվում են նաեւ մասնակիցների ներգրավման հրապարակային գործընթացը, փաստաթղթերի ներկայացման ձեւերը եւ ժամկետները, ներկայացված հայտերի ուսումնասիրության եւ համապատասխանության գնահատման մեխանիզմը, ինչպես նաեւ խորհրդակցական ձայնի իրավունքով ներգրավվող մասնակիցների թվաքանակը (առնվազն հինգ եւ առավելագույնը տասը անձ) եւ նրանց մասնակցության հնգամյա ժամկետը։
Սույն կարգավորման նպատակն է ապահովել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ռազմավարական պլանավորման, ռիսկերի կառավարման եւ վերահսկողության գործընթացներում մասնագիտական եւ հանրային մասնակցության ներառականություն, թափանցիկություն եւ արդյունավետ կառավարում։
Հիմք ընդունելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել առողջության համընդհանուր ապահովագրության գործընթացի ռազմավարական պլանավորման, ռիսկերի կառավարման եւ վերահսկողությունն իրականացնող գործադիր հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակիցներին ներգրավելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ԿԱՐԳ
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ, ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳՈՐԾԱԴԻՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) առողջության համընդհանուր ապահովագրության գործընթացի ռազմավարական պլանավորման, ռիսկերի կառավարման եւ վերահսկողություն իրականացնող գործադիր հանձնաժողովի (այսուհետ` Վերահսկողություն իրականացնող հանձնաժողով) աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակիցներին ներգրավելու հետ կապված հարաբերությունները:
2. Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովում խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակիցների ներգրավման գործընթացը կազմակերպում եւ անցկացնում է Հիմնադրամը:
3. Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովում խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող այն կազմակերպությունները (ի դեմս վերջիններիս ներկայացուցիչների), որոնք
1) գործունեություն են ծավալում բուժաշխատողների, գործատուների, աշխատողների, պացիենտների իրավունքների եւ շահերի պաշտպանության (հասարակական կազմակերպությունների դեպքում), դեղերի շրջանառության կամ բժշկական օգնության եւ սպասարկման (այլ կազմակերպությունների դեպքում) ոլորտներից որեւիցե մեկում.
2) ունեն տվյալ ոլորտի առնվազն երեք տարվա գործունեության փորձ.
3) չեն հանդիսանում Հիմնադրամի այլ մարմնի անդամ
4) պայմանագրային հարաբերությունների մեջ չեն գտնվում Հիմնադրամի հետ:
4. Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովում խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակիցների ներգրավման համար սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում մասնակիցների ներգրավման մասին Հիմնադրամի ինտերնետային կայքէջում հրապարակվում է հայտարարություն:
5. Հայտարարության մեջ պետք է առնվազն ներառվեն հետեւյալ տվյալները`
1) հայտերը ներկայացնելու վայրը, հասցեն, հայտերը ընդունող պատասխանատու անձի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.
2) հայտերը առձեռն հանձնելու դեպքում` ընդունելու օրերը եւ ժամերը.
3) հայտեր ներկայացնող կազմակերպությանը ներկայացվող պահանջները եւ հայտին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
4) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը:
6. Հայտերը ներկայացնում են հայտարարությունը հրապարակելու հաջորդ օրվանից սկսած՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում:
7. Հայտում պետք է ներառված լինեն հետեւյալ տվյալները՝
1) կազմակերպության անվանումը, գտնվելու կամ գործունեության իրականացման վայրը, էլեկտրոնային փոստի հասցեն.
2) կազմակերպության կողմից առաջադրվող մասնակցի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, ինքնակենսագրականը, կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն),
3) կազմակերպության գործունեության ոլորտը եւ տվյալ ոլորտում գործունեություն ծավալելու ժամանակահատվածը:
8. Հայտին կից ներկայացվում են հետեւյալ փաստաթղթերը՝
1) կազմակերպության կանոնադրության եւ գրանցող մարմնի կողմից տրված գրանցման վկայականի պատճենները.
2) տեղեկություններ սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ոլորտում առկա փորձի, դրա տեւողության վերաբերյալ.
3) Հիմնադրամի այլ մարմիններում ընդգրկված չլինելու մասին եւ Հիմնադրամի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ չգտնվելու մասին հայտարարություն, որում նշվում է, որ Կազմակերպությունը ընդգրկված չէ Հիմնադրամի այլ մարմիններում եւ Հիմնադրամի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ չի գտնվում:
9. Հայտը եւ կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ միասին՝ փաստաթղթեր) կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով կամ ներկայացվել հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված եւ տեսաներածված:
10. Փոստով եւ էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ կազմակերպությունը ծանուցվում է փաստաթղթերը ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեով:
11. Սահմանված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ուսումնասիրվում:
12. Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք հանձնվել են փոստ՝ մինչեւ սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետի ավարտը:
13. Փաստաթղթերը ստանալուց հետո ոչ ուշ, քան 20 աշխատանքային օրվա ընթացքում ստուգվում է փաստաթղթերի ամբողջականությունը եւ համապատասխանությունը: Կազմակերպությունների կողմից ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը եւ համապատասխանությունը սույն կարգով սահմանված պահանջներին որոշում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը՝ «Հիմնադրամների մասին» օրենքին համապատասխան հրավիրված հոգաբարձուների խորհրդի նիստի քվեարկության արդյունքներով:
14. Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում հայտ ներկայացնողը դրա մասին ծանուցվում է փաստաթղթերի ամբողջականությունը ստուգելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում (էլեկտրոնային փոստով կամ գրավոր), եւ նրան տրամադրվում է երեք աշխատանքային օր թերությունները շտկելու համար:
15. Սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում ներկայացրած հայտին ընթացք չի տրվում:
16. Վերահսկողության իրականացնող հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցողների (մասնակիցների) թիվը չպետք է պակաս լինի հինգից, իսկ առավելագույն թիվը չպետք է գերազանցի տասը:
17. Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակիցների ներգրավման ժամանակ հաշվի է առնվում սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված յուրաքանչյուր ոլորտից առնվազն մեկ հասարակական կազմակերպության առաջադրած մասնակցի ներգրավման եւ դեղերի շրջանառության կամ բժշկական օգնության եւ սպասարկման ոլորտներում գործունեության ծավալող մեկ այլ կազմակերպության առաջադրած մասնակցի ներգրավման հանգամանքը (համամասնության չափանիշ):
18. Սույն կարգի 17-րդ կետով սահմանված համամասնության չափանիշի հաշվառմամբ սույն կարգի 3- րդ կետի 1-ին ենթակետում սահմանված ոլորտներից յուրաքանչյուրից մասնակից ներգրավելու անհնարինության դեպքում նախապատվությունը տրվում է սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում սահմանված ոլորտներից յուրաքանչյուրում առավել մեծ փորձառություն ունեցող (առավել երկար գործունեություն ծավալած) կազմակերպություններին (առավել երկար փորձառնության չափանիշ):
19. Եթե ներկայացված հայտերի ընտրությունը չի կարող իրականացվել սույն կարգի 17-18-րդ կետերով սահմանված չափանիշների հիման վրա, ապա առավելությունը տրվում է հայտը առավել շուտ ներկայացրած կազմակերպությանը:
20. Ներգրավման արդյունքների մասին տեղեկատվությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է Հիմնադրամի ինտերնետային կայքէջում:
21. Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով ներգրավված մասնակիցները մասնակցում են Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի աշխատանքներին 5 տարի ժամկետով, որից հետո նոր մասնակիցների ներգրավումը իրականացվում է սույն կարգի համաձայն:
22. Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու համար ընտրված մասնակիցները կարող են դուրս գալ Վերահսկողության իրականացնող հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցող անձանց ցանկից իրենց դիմումի հիման վրա: Այս դեպքում նոր մասնակցի ներգրավումը իրականացվում է սույն կարգի համաձայն:
ՄԱՍ III. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2026 թվականի ապրիլ ամսվան մտավոր սեփականության ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրում գրանցման ենթակա մտավոր սեփականության օբյեկտների տեսակները, այդպիսի ռեեստրի վարման եւ հրապարակման կարգը, մտավոր սեփականության օբյեկտների իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի կողմից մաքսային մարմին ներկայացվող դիմումների, ինչպես նաեւ մաքսային մարմնի կողմից կայացվող որոշումների եւ ուղարկվող ծանուցման ձեւերը սահմանելու մասին
Նոր ընդունված օրենսդրական ակտի անվանումը՝
Մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրում գրանցման ենթակա մտավոր սեփականության օբյեկտների տեսակները, այդպիսի ռեեստրի վարման եւ հրապարակման կարգը, մտավոր սեփականության օբյեկտների իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի կողմից մաքսային մարմին ներկայացվող դիմումների, ինչպես նաեւ մաքսային մարմնի կողմից կայացվող որոշումների եւ ուղարկվող ծանուցման ձեւերը սահմանելու մասին 10 մարտի 2026 թվականի N 266-Ն https://www.arlis.am/hy/acts/222873
Նոր ընդունված օրենսդրական ակտի կարգավիճակը՝
Սույն հրամանն ուժի մեջ է 2026 թվականի ապրիլի 4-ից
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
ՀՀ մաքսային կարգավորման ոլորտում կատարված փոփոխությունների արդյունքում ներդրվել է մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրի նոր կարգավորում։
Փոփոխությամբ սահմանվել է, որ հեղինակային իրավունքի օբյեկտները, ապրանքային եւ սպասարկման նշանները, ինչպես նաեւ աշխարհագրական ծագման տեղանունները կարող են գրանցվել մաքսային մարմնի կողմից վարվող միասնական ռեեստրում։ Միաժամանակ կարգավորվել են ռեեստրի վարման, հրապարակման, դիմումների ներկայացման եւ մաքսային մարմնի կողմից ընդունվող որոշումների ընթացակարգերը, ներառյալ դրանց էլեկտրոնային եղանակով ներկայացման հնարավորությունը։
Ընդհանուր առմամբ փոփոխության նպատակն է ուժեղացնել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը սահմանային վերահսկողության փուլում, ապահովել կեղծ կամ իրավունք խախտող ապրանքների ներմուծման կանխարգելումը եւ գործընթացների թվայնացումն ու միասնական վարչարարությունը։
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը, 187-րդ հոդվածի 6-րդ մասը, 232-րդ հոդվածի 3-րդ եւ 16-րդ մասերը`
Հրամայում եմ`
1. Սահմանել`
1) Մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրում գրանցման ենթակա մտավոր սեփականության օբյեկտների տեսակները` համաձայն N 1 հավելվածի.
2) Մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրի վարման եւ հրապարակման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) Մտավոր սեփականության օբյեկտների իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի կողմից մաքսային մարմին ներկայացվող դիմումների, ինչպես նաեւ մաքսային մարմնի կողմից կայացվող որոշումների եւ ուղարկվող ծանուցման ձեւերը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված որոշումները եւ ծանուցումը կազմվում են սույն որոշման N 3 հավելվածով սահմանված ձեւերին համապատասխան` «Հայաստանի Հանրապետության արտաքին առեւտրի ազգային մեկ պատուհան» (trade.gov.am) էլեկտրոնային հարթակի համապատասխան համակարգի միջոցով ներկայացման դեպքում, իսկ մինչեւ նշված համակարգի գործարկումը կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքերում դրանք կազմվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2012 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններ ներկայացվող կասեցման դիմումի ձեւը եւ դրա ներկայացման ու քննարկման կարգը, գրանցամատյանում գրանցվող մտավոր սեփականության օբյեկտների տեսակները, գրանցամատյանի վարման եւ դրանում գրանցված տեղեկությունների հրապարակման կարգը, ապրանքների բացթողումը կասեցնելու մասին որոշման ընդունման, իրավատիրոջն ու ապրանքներ տեղափոխող անձին ընդունված որոշման մասին տեղեկացնելու, ինչպես նաեւ ապրանքների բացթողումը կասեցնելու ժամկետի երկարաձգման կարգը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 02/1507 հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 178-Ն հրամանը: 4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրում գրանցման ենթակա մտավոր սեփականության օբյեկտների տեսակները, այդպիսի ռեեստրի վարման եւ հրապարակման կարգը, մտավոր սեփականության օբյեկտների իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի կողմից մաքսային մարմին ներկայացվող դիմումների, ինչպես նաեվ մաքսային մարմնի կողմից կայացվող որոշումների եւ ուղարկվող ծանուցման ձեւերը սահմանելու մասին (2-րդ մաս)
Նոր ընդունված օրենսդրական ակտի անվանումը՝
Մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրում գրանցման ենթակա մտավոր սեփականության օբյեկտների տեսակները, այդպիսի ռեեստրի վարման եւ հրապարակման կարգը, մտավոր սեփականության օբյեկտների իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի կողմից մաքսային մարմին ներկայացվող դիմումների, ինչպես նաեվ մաքսային մարմնի կողմից կայացվող որոշումների եւ ուղարկվող ծանուցման ձեւերը սահմանելու մասին (2-րդ մաս) 10 մարտի 2026 թվականի N 266-Ն https://www.arlis.am/hy/acts/222873
Նոր ընդունված օրենսդրական ակտի կարգավիճակը՝
Սույն հրամանն ուժի մեջ է 2026 թվականի ապրիլի 4-ից
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունների երկրորդ մասով սահմանվել են մաքսային մարմինների կողմից կիրառվող նոր վարչական ձեւաթղթեր եւ ընթացակարգեր, որոնք վերաբերում են մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողման կասեցմանը։
Մասնավորապես, կարգավորվել է այն դեպքը, երբ մաքսային մարմինը կասկածում է, որ ներմուծվող կամ արտահանվող ապրանքները կարող են խախտել մտավոր սեփականության իրավունքները. նման իրավիճակներում մաքսային մարմինը կարող է ընդունել պաշտոնական որոշում՝ ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու վերաբերյալ։ Սահմանվել է նաեւ այդ կասեցման ժամկետի երկարաձգման, ինչպես նաեւ կասեցման վերաբերյալ որոշումը ուժը կորցրած ճանաչելու հստակ վարչական ձեւաչափը եւ ընթացակարգը։
Նոր կարգավորմամբ հստակեցվել է, թե ինչ տեղեկատվություն պետք է պարունակեն համապատասխան որոշումները՝ ներառյալ ապրանքի տվյալները, հայտարարատուի եւ իրավատիրոջ տվյալները, կասեցման իրավական հիմքը, ապրանքի գտնվելու վայրը եւ պատասխանատու պաշտոնատար անձի տվյալները։ Միաժամանակ ամրագրվել է տեղեկատվության գաղտնիության պահանջը՝ արգելելով ապրանքի քանակի եւ մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը կամ փոխանցումը երրորդ անձանց։ Ընդհանուր առմամբ, փոփոխությունների այս մասը նպատակ ունի ապահովել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության գործնական եւ կիրառելի մեխանիզմ մաքսային հսկողության փուլում՝ սահմանելով միասնական, հստակ եւ իրավականորեն կանխատեսելի ընթացակարգեր։
ՄԱՍ IV. ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2026 թվականի ապրիլ ամսվան մաքսային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Սահմանափակման ենթակա ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման մեկանգամյա եւ գլխավոր լիցենզիաների տրամադրման կարգը հաստատելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի N 904-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 9 ապրիլի 2026 թվականի N 449-Ն https://www.arlis.am/hy/acts/223755
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումը ուժի մեջ է մտել 2026 թվականի ապրիլի 14-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Օրենսդրական ակտի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Հայաստանի Հանրապետության տարածք սահմանափակման ենթակա ապրանքների ներմուծման մեկանգամյա եւ գլխավոր լիցենզիաների տրամադրման կարգը եւ ձեւերը սահմանելու մասին» կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի N 904-ն որոշման մեջ.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Որոշմամբ սահմանվում է սահմանափակման ենթակա ապրանքների Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման լիցենզավորման իրավական կարգավորումը։
ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի N 904-Ն որոշմամբ, հիմք ընդունելով «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքը եւ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածը, հաստատվել է սահմանափակման ենթակա ապրանքների ներմուծման համար մեկանգամյա եւ գլխավոր լիցենզիաների տրամադրման կարգը, ինչպես նաեւ սահմանվել են համապատասխան լիցենզիաների ձեւերը։
Որոշմամբ կարգավորվում են Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից (բացառությամբ ԱՊՀ երկրների ծագում ունեցող ապրանքների) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սահմանափակման ենթակա ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալների բաշխման, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին լիցենզիաների տրամադրման, ինչպես նաեւ ներմուծման վերահսկման հետ կապված հարաբերությունները։ Սահմանվում են ներմուծման քվոտաների բաշխման սկզբունքները՝ տարբերակելով պատմական եւ ոչ պատմական ներմուծողներին, նախատեսելով ներմուծման ընդհանուր թույլատրելի ծավալի համապատասխանաբար 75 եւ 25 տոկոս բաշխում։
Կարգով սահմանվում են նաեւ լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը, հայտերի ներկայացման եւ քննության ընթացակարգը, լիազոր մարմնի եւ մաքսային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման մեխանիզմները, ինչպես նաեւ ներմուծման իրականացման եւ հաշվետվության ապահովման պահանջները։
Սույն որոշման նպատակն է ապահովել սահմանափակման ենթակա ապրանքների ներմուծման պետական կարգավորումը, արտաքին առեւտրի հավասարակշռված իրականացումը եւ ներմուծման սահմանափակումների արդյունավետ վարչարարությունը Հայաստանի Հանրապետությունում։
Հիմք ընդունելով «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ պարբերությունը եւ 2.1-ին հոդվածը, ինչպես նաեւ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1.
Սահմանել՝
1) սահմանափակման ենթակա ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման մեկանգամյա եւ գլխավոր լիցենզիաների տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) սահմանափակման ենթակա ապրանքների ներմուծման մեկանգամյա լիցենզիայի ձեւը` համաձայն N 2 հավելվածի.
3) սահմանափակման ենթակա ապրանքների ներմուծման գլխավոր լիցենզիայի ձեւը` համաձայն N 3 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
ՄԱՍ V. ՄԱՍՆԱՎՈՐ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2026 թվականի ապրիլ ամսվան մասնավոր ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին ՀՕ-111-Ն
https://www.arlis.am/hy/acts/223909
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի ապրիլի 17-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Օրենսդրական ակտի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն օրենքով առաջարկվում է փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում՝ վարչական պատասխանատվություն սահմանելով մանրածախ առեւտրի ոլորտում օրենքով արգելված ապրանքների շրջանառության համար։
Մասնավորապես, Օրենսգրքի 158-րդ հոդվածը լրացվում է 12.1-ին մասով, որով վարչական պատասխանատվություն է նախատեսվում առեւտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առեւտրի իրականացման վայրերում, շրջիկ առեւտրի կետերում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքներում, շրջածախ առեւտրի եւ բացօթյա առեւտրի միջոցով մանրածախ առեւտուր իրականացնելիս «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2.1-ին մասով արգելված ապրանքների առկայության կամ դրանց օտարման դեպքերի համար։
Նախատեսվում է, որ նշված խախտման առաջին արձանագրման դեպքում պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվում է նախազգուշացում, իսկ նույն խախտումը կրկին կատարելու դեպքում սահմանվում է վարչական տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով։
Օրենքով սահմանվում է նաեւ ուժի մեջ մտնելու փուլային կարգավորում. օրենքն ընդհանուր առմամբ ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ օրենքի 1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 158-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին մասով.
AՀոդված 158. Առեւտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողի, կենցաղային ծառայության օբյեկտի կատարողի, շրջիկ առեւտրի կետերում վաճառքի կազմակերպչի կամ ծառայություն մատուցողի կամ շրջածախ առեւտրի միջոցով վաճառքի կազմակերպչի, առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից օրենքով սահմանված պահանջները խախտելը
2.1. Առեւտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առեւտրի իրականացման վայրերում, շրջիկ առեւտրի կետերում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքներում, շրջածախ առեւտրի միջոցով, ինչպես նաեւ բացօթյա առեւտրի իրականացման դեպքում մանրածախ առեւտուր իրականացնելիս «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2.1-ին մասով արգելվող ապրանքների առկայությունը կամ օտարումը՝
առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված պաշտոնատար անձի նկատմամբ:
Սույն մասով նախատեսված արարքը կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով:
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
2. Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Շուկայի վերահսկողության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին ՀՕ-112- Ն
https://www.arlis.am/hy/acts/223901
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի ապրիլի 26-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Օրենսդրական ակտի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Շուկայի
վերահսկողության մասին» օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Շուկայի վերահսկողության մասին» 2023 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-323-Ն օրենքում՝ ներդնելով վերահսկողության իրականացման նոր գործիք՝ դիտարկման ինստիտուտը։
Նախագծով օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացվում է նոր՝ 18-րդ կետով, որով սահմանվում է «դիտարկում» հասկացությունը։ Դիտարկումը բնորոշվում է որպես լիազոր մարմնի կողմից իրականացվող գործողությունների ամբողջություն, որի նպատակն է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով եւ միջազգային պայմանագրերից բխող պահանջների խախտումների կանխարգելումը եւ բացահայտումը։
Միաժամանակ օրենքը լրացվում է նոր՝ 5.1-ին հոդվածով, որով սահմանվում է դիտարկումների իրականացման իրավական կարգը։ Նախատեսվում է, որ դիտարկումն իրականացվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա՝ առանց նախնական ծանուցման, իսկ հրամանում պարտադիր նշվում են դիտարկում իրականացնող մարմինը, պաշտոնատար անձը, դիտարկման նպատակը, ժամանակահատվածը եւ ուսումնասիրության շրջանակը։ Դիտարկվող տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի բացակայությունը կամ հրամանը ստանալու փաստը չհաստատելը չի խոչընդոտում դիտարկման իրականացմանը։
Օրենսդրական կարգավորմամբ սահմանվում է նաեւ դիտարկման առավելագույն տեւողությունը, որը չի կարող գերազանցել հինգ աշխատանքային օրը։ Դիտարկման ավարտից հետո կազմվում է արձանագրություն, որտեղ ամրագրվում են իրականացված գործողությունները, հայտնաբերված խախտումները եւ կիրառված իրավական հիմքերը։ Տնտեսավարող սուբյեկտին վերապահվում է արձանագրության վերաբերյալ բացատրություններ եւ առարկություններ ներկայացնելու իրավունք։
Նախագիծը սահմանում է նաեւ տնտեսավարող սուբյեկտների պարտականությունները դիտարկման ընթացքում, մասնավորապես՝ չխոչընդոտել դիտարկման ընթացքը, ներկայացնել պահանջվող փաստաթղթերը եւ ապահովել անհրաժեշտ պայմաններ դիտարկումն իրականացնող պաշտոնատար անձանց գործունեության համար։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում լիազոր մարմինը տալիս է կարգադրագիր՝ դրանց վերացման համար սահմանելով համապատասխան ժամկետներ։
Դիտարկման արդյունքները հանդիսանում են վարչական վարույթ հարուցելու եւ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու հիմք, իսկ դիտարկումների հետ կապված վարչական վարույթի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի դրույթները։
Նախագծով հստակեցվում են նաեւ այն ոլորտները, որոնց նկատմամբ կարող է իրականացվել դիտարկման ձեւով վերահսկողություն, մասնավորապես՝ պոլիէթիլենային պարկերի եւ մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության սահմանափակումների պահպանումը, ինչպես նաեւ ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների արտադրության, իրացման, մակնշման, գովազդի, վաճառքի կանոնների եւ անչափահասներին վաճառքի արգելքների պահպանման վերահսկողությունը։
Միաժամանակ նախատեսվում է, որ նշված կարգավորումները չեն տարածվում «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքով սահմանված դիտարկումների վրա։
Ընդհանուր առմամբ առաջարկվող փոփոխությունների նպատակն է շուկայի վերահսկողության ոլորտում ներդնել կանխարգելիչ եւ օպերատիվ վերահսկողական մեխանիզմ, ապահովել իրավախախտումների առավել վաղ փուլում բացահայտումը եւ բարձրացնել տնտեսական գործունեության նկատմամբ պետական վերահսկողության արդյունավետությունը։
«Շուկայի վերահսկողության մասին» 2023 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-323-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18-րդ կետով.
18) դիտարկում՝ լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջների խախտման կանխարգելման, բացահայտման նպատակով օրենքով սահմանված դեպքերում իրականացվող գործողությունների ամբողջություն:
Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.
Հոդված 5.1. Դիտարկումների իրականացումը
1. Դիտարկումն իրականացվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որում նշվում են դիտարկում իրականացնող մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի անունը, ազգանունը, պաշտոնը, դիտարկման նպատակը, ժամանակահատվածը եւ դիտարկվող հարցի շրջանակը (ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված իրավախախտումների):
2. Դիտարկումն իրականացվում է առանց նախնական ծանուցման: Դիտարկման իրականացման հրամանը ծանոթացման նպատակով ներկայացվում է դիտարկվող տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին՝ վերջիններիս պահանջով:
3. Դիտարկվող տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի՝ դիտարկման վայրում չգտնվելը կամ դիտարկում իրականացնելու վերաբերյալ հրամանը չպահանջելը կամ ստորագրությամբ այն ստանալու փաստը չհավաստելը հիմք չէ տվյալ պահին դիտարկումը չիրականացնելու համար:
4. Յուրաքանչյուր դիտարկվողի մոտ մեկ դիտարկման ժամկետ կարող է սահմանվել ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օրը:
5. Դիտարկումից հետո կազմվում է արձանագրություն, որում նշվում են լիազոր մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, տնտեսավարող սուբյեկտի անունը (անվանումը), խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ նաեւ բացահայտված խախտումները, խախտումների նկարագրությունը, խախտման ժամկետը (եթե հնարավոր է որոշել) եւ այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել: Դիտարկվող սուբյեկտն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ եւ առարկություններ կազմված արձանագրության վերաբերյալ, ներկայացնելու փաստաթղթեր:
6. Դիտարկման ընթացքում օրենսդրությանը համապատասխան պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը տալիս է խախտումները վերացնելու վերաբերյալ կարգադրագիր՝ կատարման համար սահմանելով ժամկետներ:
7. Դիտարկման ընթացքում տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է`
1) չխոչընդոտել դիտարկման ընթացքը, կատարել դիտարկում իրականացնող անձի օրինական պահանջները.
2) դիտարկումն իրականացնող պաշտոնատար անձի պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, տրամադրել դրանց լուսապատճենները, կրկնօրինակները եւ այլ տեղեկություններ.
3) անհրաժեշտ պայմաններ ստեղծել դիտարկումն իրականացնող անձանց գործունեության համար.
4) կարգադրագրով սահմանված ժամկետում կատարել կարգադրագրի պահանջները՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձեւով տեղեկացնելով լիազոր մարմնին:
8. Դիտարկման արդյունքները հիմք են վարչական վարույթ հարուցելու եւ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու համար:
9. Դիտարկումների հետ կապված վարչական վարույթի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի դրույթները:
10. Դիտարկման ձեւով վերահսկողությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված հետեւյալ պահանջների նկատմամբ.
1) «Առեւտրի եւ ծառայությունների» մասին օրենքով՝ պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի, ինչպես նաեւ աղբի համար նախատեսված երկրորդային հումքից արտադրված պարկերի), մեկանգամյա օգտագործման պլաստիկ (այդ թվում՝ փրփրապլաստից պատրաստված) արտադրանք հանդիսացող տարաների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաների), ափսեների, բաժակների, բաժակի կափարիչների, գդալների, պատառաքաղների, դանակների, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկների առկայության կամ օտարման արգելքի նկատմամբ.
2) «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքով սահմանված՝
ա. ծխախոտային արտադրատեսակներ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ արտադրողների, նրանց ներկայացուցիչների կամ իրացնողների կողմից ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների նմուշների անվճար իրացման արգելքի նկատմամբ,
բ. ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների հովանավորության արգելքի նկատմամբ,
գ. ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներմուծմանը կամ իրացմանը կամ արտադրությանը ներկայացվող ընդհանուր պահանջների նկատմամբ,
դ. առողջության վրա բացասական ազդեցության վերաբերյալ տեղեկատվության ապահովման մասով ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների փաթեթավորմանը եւ մակնշմանը ներկայացվող պահանջների նկատմամբ,
ե. ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակներով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի կանոնների նկատմամբ,
զ. 18 տարին չլրացած անձանց ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի կամ որեւէ այլ եղանակով իրացման արգելքի նկատմամբ,
է. ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի կամ որեւէ այլ եղանակով ինքնասպասարկմամբ (ինքնուրույնաբար ընտրելու եւ մինչեւ վճարման համար նախատեսված վայր հասցնելու եղանակով), ավտոմատների կամ մեխանիկական սարքավորումների միջոցով իրացման արգելքի նկատմամբ,
ը. ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքն իրականացնելիս որեւէ զեղչի կիրառման արգելքի նկատմամբ,
թ. բաց տուփով կամ տուփում արտադրողի կողմից հավաստված արտադրանքի թվից ավելի կամ պակաս լինելու դեպքում ծխախոտային արտադրատեսակի մանրածախ վաճառքի կամ որեւէ այլ եղանակով իրացման կամ սիգարետի հատով վաճառքի կամ որեւէ այլ եղանակով հատով իրացման կամ սննդամթերքի կամ ոչ պարենային ապրանքների հետ ամբողջություն կազմող փաթեթում ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի վաճառքի կամ որեւէ այլ եղանակով իրացման արգելքի նկատմամբ,
ժ. օրենքով արգելված տարածքներում կամ հաստատություններում ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի կամ որեւէ այլ եղանակով իրացման նկատմամբ,
ժա. վաճառասրահներում եւ հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) հրապարակային ցուցադրման արգելքի նկատմամբ:
11. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքով սահմանված դիտարկման նկատմամբ:»։
3. Տեսալսողական մեդիայի մասին օրենքում տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքների վերաբերյալ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/hy/acts/224016
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի ապրիլի 28-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Օրենսդրական ակտի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել Տեսալսողական մեդիայի մասին օրենքում.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է համապարփակ փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքում՝ ուղղված կարգավորումների արդիականացմանը, վերահսկողական մեխանիզմների խստացմանը եւ ոլորտում իրավական հստակության բարձրացմանը։
Առաջին հերթին, վերանայվում է «տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտոր» հասկացությունը. գործող կարգավորման փոխարեն առաջարկվում է այն սահմանել որպես գույքային իրավունքները տիրապետող անձի հետ գրավոր համաձայնության հիման վրա օպերատորին տեսալսողական ծրագրեր տրամադրող ֆիզիկական կամ իրավաբանական անձ՝ դրանով շեշտադրելով իրավական հիմքի փոփոխությունը եւ իրավունքների տիրապետման հանգամանքը։
Օրենքի 9-րդ հոդվածը ամբողջությամբ շարադրվում է նոր խմբագրությամբ՝ սահմանելով տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքների լայն եւ մանրամասն համակարգ։ Արգելվում են, մասնավորապես, սահմանադրական կարգի բռնի տապալման, պատերազմի կամ բռնության կոչերը, ատելության խոսքը, խտրականության քարոզը, պոռնկագրության տարածումը, ինչպես նաեւ քրեական ենթամշակույթի քարոզը։ Սահմանվում են նաեւ ուղիղ եթերի ընթացքում պատասխանատվության առանձնահատկությունները, վերահսկող մարմնի լիազորությունները՝ քրեորեն պատժելի արարքների վերաբերյալ դիմելու իրավասու մարմիններին, ինչպես նաեւ երեկոյան եւ գիշերային ժամերին որոշ տեսալսողական բովանդակության հեռարձակման սահմանափակումները։ Միաժամանակ արգելվում է օտարերկրյա ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը։
Զգալի փոփոխություններ են նախատեսվում նաեւ ցանցային օպերատորների գործունեության կարգավորման ոլորտում։ 49-րդ հոդվածը վերախմբագրվում է՝ սահմանելով, որ վերահաղորդումը կարող է իրականացվել միայն գույքային իրավունքների տիրապետող անձի հետ գրավոր համաձայնության հիման վրա, իսկ օտարերկրյա ծրագրերի դեպքում նախատեսվում է նաեւ նախնական ծանուցում կարգավորող պետական մարմնին։ Լրացուցիչ կարգավորումներով սահմանվում են վարչական վարույթի ընթացքում տեսագրությունների տրամադրման պարտականություններ, վերահաղորդման անհապաղ դադարեցման պահանջներ, ինչպես նաեւ տեղեկատվության պահպանման եւ ներկայացման հստակ ժամկետներ։
Հստակեցվում են նաեւ վերահսկողության եւ սանկցիաների կիրառման մեխանիզմները։ 54-րդ հոդվածով սահմանվում է դիստրիբյուտորների պարտականությունը՝ վարչական վարույթի ընթացքում տեսանյութեր տրամադրելու վերաբերյալ, ինչպես նաեւ կարգավորող մարմնի լիազորությունը՝ խախտումների դեպքում ծանուցման իրավական ուժի դադարեցման վերաբերյալ որոշումներ կայացնելու։
57-րդ հոդվածը ամբողջությամբ վերաշարադրվում է՝ ընդլայնելով վարչական պատասխանատվության հիմքերը եւ սահմանելով տուգանքների համակարգ՝ տարբեր խախտումների համար։ Տուգանքների չափերը տարբերակվում են՝ կախված իրավախախտման բնույթից եւ կրկնությունից՝ ներառելով նաեւ բազմապատկման սկզբունք կրկնվող խախտումների դեպքում։
Օրենքում նոր՝ 58.1-րդ հոդվածով ներդրվում է ցանցային օպերատորի լիցենզիայի կասեցման եւ դադարեցման համալիր համակարգ։ Լիցենզիայի կասեցումը կարող է կիրառվել մինչեւ 30 օր՝ մի շարք հիմքերի առկայության դեպքում, այդ թվում՝ կրկնվող խախտումներ, տեխնիկական անհամապատասխանություն, երկարատեւ վերահաղորդման դադարեցում կամ օպերատորի դիմումի հիման վրա։ Դադարեցման հիմքեր են նախատեսվում իրավաբանական անձի լուծարումը, լիցենզիայի փոխանցումը, կեղծ տվյալների հայտնաբերումը, խախտումների չվերացումը, ինչպես նաեւ կարգավորող մարմնի կողմից սահմանված այլ դեպքեր։
Ընդհանուր առմամբ, առաջարկվող փոփոխությունների փաթեթը միտված է տեսալսողական մեդիայի ոլորտում վերահսկողության ուժեղացմանը, բովանդակային սահմանափակումների հստակեցմանը, ինչպես նաեւ լիցենզավորման եւ պատասխանատվության համակարգերի խստացմանը՝ ապահովելով հանրային շահերի եւ տեղեկատվական միջավայրի պաշտպանության ավելի բարձր մակարդակ։
«Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
10) տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտոր՝ Հեռարձակողի հետ պայմանագրի հիման վրա օպերատորին տարածման նպատակով տեսալսողական ծրագրեր տրամադրող ֆիզիկական կամ իրավաբանական անձ.
Նոր տարբերակ
10) տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտոր՝ գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության հիման վրա օպերատորին տարածման նպատակով տեսալսողական ծրագրեր տրամադրող ֆիզիկական կամ իրավաբանական անձ.
Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 9. Տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքը
1. Արգելվում է տեսալսողական հաղորդումներում՝
1) սահմանադրական կարգը բռնի տապալելու կամ պատերազմի կոչ անող, այդպիսի գործողությունները խրախուսող կամ արդարացնող տեղեկատվության տարածումը.
2) բռնության եւ դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության տարածումը.
3) ազգային կամ ռասայական կամ սեռային կամ կրոնական ատելություն բորբոքող, ինչպես նաեւ տարիքային կամ հաշմանդամության կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանող, խրախուսող կամ արդարացնող տեղեկատվության տարածումը.
4) պոռնկագրություն տարածելը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը.
5) քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչեր տարածելը.
6) քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի եւ տեսալսողական հաղորդումների հեռարձակումը, բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Ուղիղ եթերի ժամանակ սույն հոդվածի 1-ին մասով, բացառությամբ 4-րդ կետի, սահմանված արգելքները խախտելու դեպքում Հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե իրավախախտման մասին ուղիղ եթերում զգուշացվել կամ հայտարարվել է, իսկ կրկնակի իրավախախտման դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է:
3. Կարգավորող պետական մարմինն օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում դիմում է իրավասու մարմիններ:
4. Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները եւ ֆիլմերը, սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-6:00-ն:
5. Արգելվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածումը:
6. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ պատերազմի կոչ անող, այդպիսի գործողությունները խրախուսող կամ արդարացնող տեղեկատվության տարածման, 2-րդ եւ 3-րդ կետերով, 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված տեսալսողական հաղորդումների վրա տարածվող չարաշահման արգելքների չափորոշիչները սահմանում է կարգավորող պետական մարմինը:
7. Պետության հայտարարած սգո եւ հիշատակի օրերին արգելվում է Հեռարձակողների կողմից զվարճալի հաղորդումների եւ գովազդի հեռարձակումը:
8. Հեռարձակողները կամ օպերատորները սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված տեսալսողական հաղորդումներն առանց ժամային սահմանափակումների կարող են տարածել սպառողների կողմից այդ հաղորդումների հասանելիության արհեստական արգելքի (կոդի) ներդրման տեխնիկական հնարավորության առկայության դեպքում:
9. Արգելվում է Հեռարձակողի, իսկ ոչ գծային տեղեկատվության դեպքում օպերատորի կողմից տեսալսողական ծրագիրը կամ տեսալսողական հաղորդումն առանց դրա գույքային իրավունքները տիրապետող անձի համաձայնության տարածելը:
Օրենքի 49-րդ հոդվածում 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 49. Ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստացած անձի գործունեությունը.
Հին տարբերակ
1. Հայաստանի Հանրապետության տարածքում եւ նրա սահմաններից դուրս գործող Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձի կողմից կարող են վերահաղորդվել տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի կամ հեռարձակողի հետ պայմանագրի հիման վրա։
Նոր տարբերակ
1. Ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձի կողմից տեսալսողական ծրագիրը կարող է վերահաղորդվել տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի կամ Հեռարձակողի կամ օտարերկրյա տեսալսողական ծրագրի գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության հիման վրա:
լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին, 6-րդ եւ 7-րդ մասերով.
1.1. Ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձի կողմից օտարերկրյա տեսալսողական ծրագրի գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության հիման վրա տեսալսողական ծրագիրը կարող է վերահաղորդվել միայն կարգավորող պետական մարմին թղթային կամ էլեկտրոնային ծանուցում ներկայացվելուց հետո: Կարգավորող պետական մարմին ծանուցում ներկայացնելու, այն հաստատելու, ինչպես նաեւ ծանուցումն հաստատելու մասին ընդունված վարչական ակտի իրավական ուժի դադարեցնելու գործընթացի կարգավորումն իրականացվում է սույն օրենքի 54-րդ հոդվածի դրույթների պահանջներին համապատասխան։».
«6. Ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձը սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների, ինչպես նաեւ օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության բացառման պահանջների առերեւույթ խախտման վերաբերյալ վարչական վարույթի հարուցման մասին կարգավորող պետական մարմնի կողմից տեղեկացվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, դադարեցնում է տվյալ տեսալսողական ծրագրի վերահաղորդումը:
7. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների պահանջների կամ օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության հայտնաբերման առերեւույթ խախտման վերաբերյալ վարչական վարույթի հարուցման դեպքում կարգավորող պետական մարմնի պահանջն ստանալուց հետո այն ցանցային օպերատորը, որը տվյալ օտարերկրյա տեսալսողական ծրագրի գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության հիման վրա վերահաղորդում է իրականացնում, 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է տեսալսողական ծրագրերի կամ հաղորդումների տեսագրությունները կամ ձայնագրությունները: Կարգավորող պետական մարմնի պահանջած տեսալսողական ծրագրերի տեսագրությունները կամ ձայնագրությունները կարող են չներկայացվել, եթե վարչական վարույթի հարուցման օրվա դրությամբ առերեւույթ իրավախախտման օրվանից անցել է 30 օր:»:
Օրենքի 54-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ եւ 7-րդ մասերով.
6. Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորը սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների պահանջների կամ օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության հայտնաբերման առերեւույթ խախտման վերաբերյալ վարչական վարույթի հարուցման դեպքում կարգավորող պետական մարմնի պահանջն ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է տեսալսողական ծրագրերի կամ հաղորդումների տեսագրությունները կամ ձայնագրությունները: Կարգավորող պետական մարմնի պահանջած տեսալսողական ծրագրերի տեսագրությունները կամ ձայնագրությունները կարող են չներկայացվել, եթե վարչական վարույթի հարուցման օրվա դրությամբ առերեւույթ իրավախախտման օրվանից անցել է 30 օր։
7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում տեսագրությունները եւ ձայնագրությունները չներկայացվելու դեպքում, ինչպես նաեւ սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները կամ օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բացառման պահանջը խախտվելու դեպքում կարգավորող պետական մարմինն իրավասու է վարչական վարույթի արդյունքով օրենքով սահմանված կարգով ընդունելու որոշում տվյալ տեսալսողական ծրագրի մասով ծանուցման հաստատման մասին ընդունված վարչական ակտի իրավական ուժը դադարեցնելու վերաբերյալ:
Օրենքի 57-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 57. Տուգանքը
1. Սույն հոդվածով սահմանված իրավախախտումներ կատարած անձի նկատմամբ տուգանք կարող է կիրառվել իրավախախտում կատարելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող կամ տեւող իրավախախտման դեպքում՝ այն հայտնաբերելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:
2. Սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով գրավոր նախազգուշացում ստացած անձի կողմից նախազգուշացմամբ նշված ժամկետում սահմանված պահանջը չկատարելը կամ նախազգուշացման համար հիմք դարձած նույն խախտումը սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
3. Հեռարձակողների եւ օպերատորի կողմից համապատասխան սփռման տարածքների համընկնման շրջաններում օրինական հիմքով տարածվող այլ տեսալսողական տեղեկատվություն ընդունելու իրավունքը սահմանափակելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
4. Հեռարձակողների անվանումները էկրանային ցուցադրման ժամանակ միայն օտար լեզուներով՝ առանց հայերեն անընդհատ տառադարձության օգտագործելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
5. Հեռարձակողի կողմից հայերեն հաղորդումներն ընդհանուր եթերաժամի 55 տոկոսից պակաս հեռարձակելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
6. Ցանցային օպերատորի կողմից առանց գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության մեկ տեսալսողական ծրագրի վերահաղորդում իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
7. Ցանցային օպերատորի կողմից առանց գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության երկուսից հինգ տեսալսողական ծրագրերի վերահաղորդում իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
8. Ցանցային օպերատորի կողմից առանց գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության վեցից տասը տեսալսողական ծրագրերի վերահաղորդում իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
9. Ցանցային օպերատորի կողմից առանց գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության տասից ավելի տեսալսողական ծրագրերի վերահաղորդում իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
10. Սույն օրենքի 14.5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված չափանիշներին (ստանդարտներին) չհամապատասխանելու դեպքում համապատասխան անձի կատարած չափումների արդյունքներն օգտագործելն առաջացնում է տուգանքի նշանակում չափումները կատարող անձի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով: Ընդ որում, եթե համապատասխան չափումներ կատարող անձը չի ներկայացնում իրենից պահանջվող՝ սույն օրենքի 14.5-րդ հոդվածի 3-րդ մասում նշված անհրաժեշտ տեղեկատվությունը, փաստաթղթերը կամ այլ նյութեր, կամ դրանք ներկայացվում են ոչ պատշաճ (սխալ, թերի, կարգավորող պետական մարմնի սահմանած ժամկետից ուշ կամ վերջինիս սահմանած ձեւաչափից տարբերվող ձեւով), ապա համարվում է, որ համապատասխան չափումները չեն համապատասխանում սույն օրենքի 14.5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված չափանիշներին (ստանդարտներին):
11. Սույն օրենքի 14.5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված գրավոր հավաստումը չներկայացնելը (այդ թվում՝ երբ ներկայացված հավաստումը չի պարունակում սահմանված բովանդակության որեւէ մաս կամ անհրաժեշտ կից փաստաթղթեր) յուրաքանչյուր դեպքում առանձին առաջացնում է տուգանքի նշանակում համապատասխան չափումներ կատարող անձանց, ինչպես նաեւ այլ անձանց համար, որոնք չափումների արդյունքները կամ այդ արդյունքների հիման վրա մշակված այլ տվյալ փոխանցում կամ որեւէ կերպ օգտագործում են երրորդ անձանց հետ հարաբերություններում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով: Ընդ որում, սույն մասով նախատեսված պատասխանատվության միջոցը կիրառվում է միայն այն դեպքում, երբ անձը չի ներկայացնում իր հետ անմիջականորեն հարաբերությունների մեջ մտած անձանցից ստացված գրավոր հավաստումները:
12. Սույն օրենքի 14.5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված չափումների մասով կատարված աուդիտի, ստուգումների եւ այլ ուսումնասիրությունների արդյունքները համապատասխան անձանց չտրամադրելը (այդ թվում՝ սահմանված ժամկետում չտրամադրելը կամ ոչ ամբողջական տրամադրելը) յուրաքանչյուր դեպքում առանձին առաջացնում է տուգանքի նշանակում այն տրամադրելու պարտավորություն ունեցող անձանց համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
13. Սույն օրենքի 14.5-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ծանուցումը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու յուրաքանչյուր դեպքում առանձին առաջացնում է տուգանքի նշանակում այդպիսի ծանուցում կատարելու պարտավորություն ունեցող անձանց համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
14. Ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ) քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում առանց էկրանի վրա պարտադիր անընդմեջ «Նախընտրական (հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ) քարոզչություն» լուսագրի հաղորդումներ սփռելը, իսկ լսողական հաղորդումների դեպքում յուրաքանչյուր հաղորդման ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ դրա մասին չհիշեցնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
15. Հեռարձակողների կողմից թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս) խմիչքների եւ էներգետիկ ըմպելիքների գովազդի հեռարձակումը 06:00-ից մինչեւ 22:30-ն ընկած ժամանակահատվածում ծխախոտի եւ ծխախոտային արտադրության գովազդի հեռարձակումը, ինչպես նաեւ մանկապատանեկան տեսալսողական հաղորդումներում ծխախոտի կամ ծխախոտային արտադրության ապրանքատեսակների ուղղակի կամ անուղղակի օգտագործումը կամ ցուցադրումը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
16. Լրատվական հաղորդումների գովազդային ընդհատումը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
17. Հեռարձակողի կողմից ամեն օր եթերում իր ելքային տվյալները չներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
18. Հեռարձակողի կողմից իր հաղորդումների հեռարձակման ժամանակ անընդմեջ իր խորհրդանիշը չհեռարձակելը (բացառությամբ գովազդ հաղորդելու դեպքերի)՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
19. Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները եւ սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների եթեր հեռարձակման պահանջները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
20. Կարգավորող պետական մարմնի կողմից տեղեկացվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, ցանցային օպերատորի կողմից սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բացառման պահանջի առերեւույթ խախտմամբ տեսալսողական ծրագրի վերահաղորդումը չդադարեցնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
21. Հեռարձակողի կողմից սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերի պահանջները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
22. Արբանյակային հեռարձակման մասին կարգավորող պետական մարմին ծանուցում չներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
23. Սույն օրենքի 6-րդ հոդվածի պահանջները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
24. Տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանի վարման սահմանված կարգը խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
25. Հեռարձակողի կողմից «Գովազդի մասին» օրենքի պահանջները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
26. Հեռարձակողի կողմից հեռարձակված հաղորդումների տեսագրությունները եւ ձայնագրությունները սույն օրենքով սահմանված ժամկետում չպահպանելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
27. Սույն օրենքի 7-րդ հոդվածի պահանջները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
28. Սույն օրենքի 42-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված պայմանները չապահովելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
29. Սույն օրենքի 8-րդ հոդվածի պահանջները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
30. Արգելված հովանավորություն իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
31. Պետության հայտարարած սգո եւ հիշատակի օրերին գովազդ եւ զվարճալի հաղորդումներ հեռարձակելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
32. Լիցենզիա ստացած Հեռարձակողի կողմից տեսալսողական ծրագրում մանկական, կրթական, մշակութային եւ մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումների շաբաթական եթերաժամի առնվազն 20 տոկոսի պահանջը չպահպանելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
33. Ծխելու տեսարաններ պարունակող տեսալսողական հաղորդման մեկնարկին տեսանելի չափով, հինգ վայրկյան տեւողությամբ «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառման ուղեկցման պահանջը չպահպանելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
34. Առանց սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված ծանուցման գործունեություն իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
35. Առանց սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված ծանուցման գործունեություն իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
36. Հեռարձակողի, իսկ ոչ գծային տեղեկատվության դեպքում օպերատորի կողմից տեսալսողական ծրագիրը կամ տեսալսողական հաղորդումն առանց դրա գույքային իրավունքները տիրապետող անձի համաձայնության տարածելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
37. Կարգավորող պետական մարմնի որոշմամբ կամ նախագահի գրությամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելը կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
38. Կարգավորող պետական մարմին նախորդող տարվա հասույթի գոյացման բացվածքի եւ չափի վերաբերյալ տեղեկություն չներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
39. Հեռարձակողի նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների եւ միջոցառումների ընդհանրական նկարագրին համապատասխան չգործելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
40. Էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները չկիրառելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
41. Սույն հոդվածի 2-40-րդ մասերով սահմանված հիմքերով վարչական տույժի ենթարկված անձի կողմից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված տույժի եռապատիկի չափով:
Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 58.1-ին հոդվածով.
Հոդված 58.1. Ցանցային օպերատորի լիցենզիայի գործողության կասեցումն ու դադարեցումը
1. Ցանցային օպերատորի լիցենզիայի գործողությունը կասեցվում է առավելագույնը 30 օր ժամկետով, եթե՝
1) ցանցային օպերատորը սույն օրենքի 57-րդ հոդվածի 41-րդ մասով սահմանված հիմքով մեկ տարվա ընթացքում երեք անգամ ենթարկվել է վարչական տույժի.
2) ցանցային օպերատորի տեխնիկական միջոցները չեն համապատասխանում ընդունված ստանդարտներին, որի հետեւանքով վտանգ է սպառնում մարդկանց առողջությանը, կամ արգելքներ են ստեղծվում այլ Հեռարձակողների կամ օպերատորների գործունեության համար.
3) ցանցային օպերատորի կողմից առանց որեւէ հիմնավոր պատճառի 72 ժամ շարունակ վերահաղորդում չի իրականացվել.
4) ցանցային օպերատորը լիցենզիա ստանալու պահից վեց ամսվա ընթացքում վերահաղորդում չի իրականացնում.
5) այդ մասին կա ցանցային օպերատորի համապատասխան դիմումը։ 2. Լիցենզիայի գործողությունը կասեցվելուց հետո կարգավորող պետական մարմնի նշած ժամկետում սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումները վերացվելու դեպքում կարգավորող պետական մարմինը վերացնում է կասեցումը:
3. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե՝
1) իրավաբանական անձը լուծարվել է, կամ ֆիզիկական անձի գործունեությունը դադարեցվել է.
2) տեղի է ունեցել լիցենզիայի փոխանցում ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձանց.
3) լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերում էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություն է հայտնաբերվել.
4) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը չի վերացվել.
5) այդ մասին կա ցանցային օպերատորի համապատասխան դիմումը.
6) կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական ծրագրի կամ տեսալսողական հաղորդման գործողության կասեցված լինելու պայմաններում ցանցային օպերատորն իրականացրել է տեսալսողական հաղորդումների վերահաղորդում.
7) օրենքով սահմանվել են լիցենզիայի գործողությունը դադարեցնելու այլ հիմքեր:
4. Տեսալսողական մեդիայի մասին օրենքում սինթետիկ բովանդակության պարտադիր մակնշման վերաբերյալ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/hy/acts/224054
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի ապրիլի 28-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Օրենսդրական ակտի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել Տեսալսողական մեդիայի մասին օրենքում.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Առաջարկվող օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում ներդնել սինթետիկ բովանդակության իրավական կարգավորում՝ պայմանավորված արհեստական բանականության եւ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծվող կամ փոփոխվող նյութերի աճով եւ դրանց հնարավոր ազդեցությամբ տեղեկատվության ընկալման վրա։
Այս փոփոխությամբ օրենքի հիմնական հասկացությունները լրացվում են «սինթետիկ բովանդակություն» նոր հասկացությամբ։ Այն ընդգրկում է այնպիսի տեսալսողական, ձայնային կամ պատկերային նյութեր, որոնք ամբողջությամբ կամ մասնակիորեն ստեղծվել կամ ձեւափոխվել են գեներատիվ արհեստական բանականության, մեքենայական ուսուցման կամ այլ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ։ Նման բովանդակությունը կարող է սպառողի մոտ առաջացնել իրականության հետ անհամապատասխան ընկալում՝ հատկապես դրա ծագման, իսկության կամ ներկայացվող անձանց գործողությունների ու խոսքի վերաբերյալ։
Օրենսդրական փոփոխությամբ սահմանվում է նաեւ պարտադիր մակնշման պահանջ սինթետիկ բովանդակության համար։ Մասնավորապես՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցողները պարտավորվում են ապահովել, որ նման բովանդակությունը հստակ եւ ընկալելի ձեւով նշվի համապատասխան ծանուցմամբ։ Եթե բովանդակությունը ստեղծված է արհեստական բանականությամբ կամ մեքենայական ուսուցմամբ, կիրառվում է «Ստեղծված է ԱԲ-ի կողմից» նշումը, իսկ թվային այլ տեխնոլոգիաներով փոփոխված նյութերի դեպքում՝ «Ենթարկվել է թվային մշակման» նշումը։
Փոփոխությամբ մանրամասնվում են նաեւ մակնշման եղանակները՝ ըստ բովանդակության տեսակի։ Տեսալսողական հաղորդումների դեպքում մակնշումը պետք է լինի տեսանելի ողջ հաղորդման ընթացքում եւ ներառված լինի նկարագրության դաշտում։ Լսողական հաղորդումների դեպքում այն հնչեցվում է հաղորդման սկզբում եւ վերջում, ինչպես նաեւ արտացոլվում է նկարագրության մեջ։ Պատկերային նյութերի դեպքում մակնշումը պետք է տեղադրվի անմիջապես պատկերի վրա եւ կրկնվի նկարագրության բաժնում։
Միաժամանակ նախատեսվում է, որ եթե հաղորդումն ամբողջությամբ սինթետիկ չէ, ապա մակնշումը կատարվում է միայն համապատասխան հատվածների համար։ Գեղարվեստական, ֆանտաստիկ, հումորային կամ ուսուցողական բնույթի հաղորդումների դեպքում թույլատրվում է ավելի ճկուն մոտեցում՝ մակնշումը տեղադրելով նաեւ նկարագրության կամ այլ մատչելի ձեւաչափով, պայմանով, որ այն լինի հասանելի եւ ընկալելի սպառողի համար։
Օրենսդրական փոփոխությամբ նաեւ սահմանվում է, որ մակնշման տեխնիկական չափորոշիչներն ու կիրառման կարգը սահմանում է կարգավորող պետական մարմինը։
Վերջապես, փոփոխությամբ նախատեսվում է վարչական պատասխանատվություն՝ սինթետիկ բովանդակության մակնշման պահանջները խախտելու դեպքում սահմանելով տուգանք՝ նվազագույն աշխատավարձի եռհարյուրապատիկի չափով։
Ընդհանուր առմամբ, օրենսդրական փոփոխության նպատակն է ապահովել թվային եւ մեդիա միջավայրում թափանցիկություն, նվազեցնել արհեստականորեն ստեղծված բովանդակության հնարավոր մոլորեցնող ազդեցությունը եւ բարձրացնել սպառողների տեղեկատվական պաշտպանվածության մակարդակը։
«Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31-րդ կետով.
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
31) սինթետիկ բովանդակություն` տեսալսողական, ձայնային կամ այլ տեղեկատվական նյութ կամ պատկեր, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն ստեղծվել կամ ձեւափոխվել է գեներատիվ արհեստական բանականության (այսուհետ՝ ԱԲ), մեքենայական ուսուցման կամ թվային այլ տեխնոլոգիաների կիրառմամբ եւ կարող է սպառողի մոտ ստեղծել ակնհայտորեն իրականության անհամապատասխանության ընկալում կամ մոլորություն դրա ծագման, իսկության կամ դրանում ներկայացված անձի խոսքի, պատկերի, գործողությունների կամ երեւույթների վերաբերյալ
Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին հոդվածով.
Հոդված 9.1. Սինթետիկ բովանդակության պարտադիր մակնշումը
1. Տեսալսողական մեդիածառայություն մատուցողները պարտավոր են ապահովել հեռարձակվող տեսալսողական նյութերում սինթետիկ բովանդակության հստակ, լսելի կամ տեսանելի եւ ընթեռնելի մակնշումը՝
1) գեներատիվ արհեստական բանականության կամ մեքենայական ուսուցման վրա հիմնված այլ տեխնոլոգիաների կիրառմամբ ամբողջությամբ կամ մասնակիորեն ստեղծված կամ ձեւափոխված սինթետիկ բովանդակության դեպքում՝ «Ստեղծված է ԱԲ-ի կողմից» նշումով.
2) թվային այլ տեխնոլոգիաների կիրառմամբ ամբողջությամբ կամ մասնակիորեն ձեւափոխված սինթետիկ բովանդակության դեպքում՝ «Ենթարկվել է թվային մշակումների» նշումով։
2. Մակնշումը պետք է իրականացվի հետեւյալ եղանակներով.
1) տեսալսողական հաղորդման դեպքում՝ ցուցադրվի տեսանյութի ամբողջ ընթացքում եւ արտացոլվի նկարագրության դաշտում, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի.
2) լսողական հաղորդման դեպքում՝ ներառվի երկու անգամ՝ լսողական հաղորդման սկզբում եւ վերջում, այդ թվում՝ նկարագրության դաշտում.
3) պատկերների դեպքում՝ արտացոլվի պատկերի վրա եւ ներառվի պատկերի նկարագրության դաշտում։
3. Այն դեպքում, երբ հաղորդումն ամբողջությամբ սինթետիկ բովանդակության չէ, մակնշումը կատարվում է միայն հաղորդման այն հատվածում, որը պարունակում է սինթետիկ բովանդակություն։
4. Հեռարձակողի, բովանդակությունն ստեղծողի կամ արտադրողի ընտրությամբ ֆանտաստիկ, գեղարվեստական, հումորային, ուսուցողական տեսալսողական հաղորդումները կամ ֆիլմերը պետք է մակնշվեն սույն հոդվածով սահմանված մակնշման եղանակներից որեւէ մեկով՝ նկարագրության մեջ կամ այլ մատչելի ձեւաչափով, պայմանով, որ այդ տեղեկացումը հասանելի կամ ընկալելի լինի սպառողի համար:
5. Սինթետիկ բովանդակություն ներառող տեսալսողական հաղորդումների կամ ֆիլմերի մակնշմանը ներկայացվող պահանջները սահմանում է կարգավորող պետական մարմինը։
Օրենքի 57-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 30.1-ին մասով.
Հոդված 57. Տուգանքը
Սույն օրենքի 9.1-ին հոդվածի պահանջները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
ՄԱՍ VI. ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2026 թվականի ապրիլ ամսվան բարձր տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ
Օրենսդրական ակտի անվանումը՝
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ
http://www.parliament.am/draftreading_docs8/P-1302_DR2.pdf
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ 07.05.2026թվականին
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Նախագծի նպատակը բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության տրամադրման գործիքակազմի բարելավումն է եւ օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների վերացումը եւ հստակեցումը:
Բովանդակային առումով Նախագծով նախատեսված փոփոխությունների արդյունքում՝
1) Օրենքի կարգավորումներից հանվում է քաղաքացիական իրավական պայմանագրին համապատասխան աշխատանքներ կատարող վարձու աշխատողների համար պետական աջակցության տրամադրմանն առնչվող կարգավորումները: Այս փոփոխության նախատեսման նպատակը կայանում է նրանում, որ աջակցության տրամադրման ընթացքում քաղաքացիական իրավական պայմանագրերով աշխատանքներ կատարող վարձու աշխատողների՝ հարթակի միջոցով նույնականացումը չի ստացվում, քանի որ հարկային մարմնի ոչ անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում այդ պայմանագրերով աշխատողների միայն թվաքանակն է ընդգրկված, եւ այս պարագայում լիազոր մարմինը ստիպված է լինում աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտներից ստանալ վերջիններիս պայմանագրերը, ինչը խնդրահարույց է եւ ոչ նպատակահարմար:
Բացի այդ 2025 թվականի երեք եռամսյակների վերլուծության արդյունքում դրանց թիվը բավականին փոքր է, ինչը էական ազդեցություն չունի ոլորտի պետական աջակցության հասցեականության վրա:
2) Հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջնահերթությունները եւ ՀՀում գիտահետազոտական եւ փորձարարական մշակումների (R&D) աշխատանքների զարգացումը՝ առաջարկվում է Օրենքում նախատեսել, որ.
«Օրենքով սահմանված պետական աջակցության տրամադրման ժամանակ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1.1-ին մասով հարկային արտոնությունից օգտվող վարձու աշխատողների մասով աջակցության չափի հաշվարկման հիմքում աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված եկամտային հարկի գումարի փոխարեն կիրառվում է նույն ժամանակաշրջանի աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների 20 տոկոսին համարժեք մեծությունը:»:
Այս կարգավորման նախատեսման նպատակը կայանում է նրանում, որ ՊԵԿ տվյալների բազայում ԱՎՈՒՄ-ի համար հաշվարկված եկամտային հարկը առանձին չի հաշվառվում եւ այդ պատճառով R&D աշխատանքներում ներգրավված անձանց մասով, ում եկամտային հարկի արտոնության շրջանակներում հարկը հաշվարկվում է 10 տոկոս՝ հնարավոր չի լինում աջակցությունը հաշվարկել հենց այդ մեծությունից, կամ առանձնացնել արտոնությունից օգտվող անձանց, քանի որ այդ աշխատողները բացի աշխատավարձից եւ դրանց հավասարեցված վճարներից գործատուից ստանում են նաեւ աշխատավարձ չհամարվող այլ եկամուտ, որի կապակցությամբ եւս հաշվարկված է լինում եկամտային հարկ, իսկ ՊԵկ տվյալների բազայում դրանք առանձին չեն ներկայացվում, որ հնարավոր լինի ԱՅ ՓԻ-ների միջոցով ստանալ:) Բացի դրանից, նախորդ աջակցությունների տրամադրման վերլուծությամբ պարզ է դարձել, որ դրանց տարբերությունը շատ փոքր է: Հետեւաբար նպատակահարմար է գտնվել R&D աշխատանքներում ներգրավված անձանց մասով եւս վերցնել ԱՎՈՒՄ-ի 20 տոկոսին համարժեք մեծությունը:
3) Նախագծում վերաշարադրվում է նոր աշխատողի հասկացությունը, ըստ որի՝ նոր աշխատողը դա մասնագիտական աշխատանք կատարող այն վարձու աշխատողն է, ով աշխատանքի ընդունման տարվան նախորդող չորս տարիների ընթացքում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող գործատուի մոտ վարձու աշխատող չի հանդիսացել, իսկ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող գործատուի աշխատանքի է ընդունվել 2024 թվականի դեկտեմբերի 31-ից հետո:
Նոր աշխատողներ ներգրավելու կապակցությամբ կարգավորում է սահմանվում նաեւ նախագծի անցումային դրույթներով, ըստ որի հնարավորություն է տրվում, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Տնտեսավարող սուբյեկտը կարող է դիմել պետական աջակցության համար 2025 թվականի հունվարի 1-ից հետո բարձր տեխնոլոգիաների ոլորտ մուտք գործած նոր աշխատողի համար, եթե տվյալ նոր աշխատողի նախկին գործատու տնտեսավարող սուբյեկտը իր մասով չի ստացել պետական աջակցություն:
5) Փոփոխություն է նախատեսվում նաեւ աշխատանքային միգրանտին տրամադրվող աջակցության ձեւի մեջ, մասնավորապես՝ պետական աջակցության գումարները փոխանցվում են տնտեսավարող սուբյեկտին՝ որպես միջնորդ՝ աշխատանքային միգրանտին փոխանցելու նպատակով: Ընդ որում տնտեսավարող սուբյեկտը պետական աջակցության գումարը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է փոխանցի աշխատանքային միգրանտին: Այս դեպքում պետական աջակցության գումարների մասով գործատու հանդիսացող տնտեսավարող սուբյեկտի, ինչպես նաեւ վարձու աշխատող աշխատանքային միգրանտի համար հարկային պարտավորություն չի առաջանում:
6) Նախատեսվում է, որ պետական աջակցության համար կարող են դիմել նաեւ դուստր ընկերությունները, իրավաբանական անձանց մասնաճյուղերը եւ ներկայացուցչությունները:
7) Կատարվում են նաեւ մի շարք տեխնիկական փոփոխություններ եւ լրացումներ:
Նախագծի կարգավորման առարկան բարձր տեխնոլոգիական ոլորտի պետական աջակցության գործիքակազմի բարելավումն է եւ խնդրահարույց իրավիճակների բացառումը:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջանցիկ զարգացման համար ձեւավորել առավել նպաստավոր պայմաններ: Ակնկալվում է նաեւ, որ պետական աջակցության տրամադրման ընթացակարգում կբացառվեն խնդրահարույց իրավիճակները: Աջակցության տրամադրումը կլինի առավել հասցեական:
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հին տարբերակ
4) վարձու աշխատող՝ աշխատանքային կամ քաղաքացիական իրավական պայմանագրին համապատասխան աշխատանքներ կատարող.
Նոր տարբերակ
4) վարձու աշխատող՝ աշխատանքային պայմանագրին կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտին համապատասխան աշխատանքներ կատարող».
10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
Հին տարբերակ
10) նոր աշխատող` առաջին անգամ բարձր տեխնոլոգիաների ոլորտ մուտք գործած եւ մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատող.
Նոր տարբերակ
10) նոր աշխատող՝ մասնագիտական աշխատանք կատարող այն վարձու աշխատողը, ով աշխատանքի ընդունման տարվան նախորդող չորս տարիների ընթացքում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող գործատուի մոտ վարձու աշխատող չի հանդիսացել, իսկ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող գործատուի մոտ աշխատանքի է ընդունվել 2024 թվականի դեկտեմբերի 31-ից հետո.
Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
Հոդված 5. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության իրականացումը
1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակները՝ ըստ տնտեսական գործունեության դասակարգիչների, սահմանում է Կառավարությունը:
2. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին (այսուհետ նաեւ՝ տնտեսավարող սուբյեկտ) կամ այլ սուբյեկտների պետական աջակցությունը տրամադրվում է սույն օրենքով: Աջակցության այլ ուղղություններ կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով եւ այլ օրենսդրական ակտերով:
3. Լիազոր մարմինը, հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գերակայությունները, կարող է մշակել եւ Կառավարության հաստատմանը ներկայացնել աջակցության տրամադրման այլ կարգեր: 4. Կառավարության սահմանած պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին պետական աջակցությունը տրամադրվում է՝
1) նոր աշխատողներ ներգրավելու համար: Սույն կետով սահմանված պետական աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է նոր աշխատողի աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 60 տոկոսի չափով: Նոր աշխատողի կարգավիճակը պահպանվում է նոր աշխատողին սույն օրենքի իմաստով մասնագիտական աշխատանքի ընդունման ամսվա 1-ից սկսած՝ օրացուցային օրերով հաշվարկված երրորդ տարին լրանալու օրը ներառող ամսվա վերջին օրը ներառյալ:
2) Կառավարության սահմանած պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման եւ վերապատրաստման (այսուհետ՝ վերապատրաստում) համար: Սույն կետով սահմանված պետական աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է վերապատրաստում անցած մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատողի աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով:
5. Կառավարության սահմանած պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների վարձու աշխատող աշխատանքային միգրանտին տրամադրվում է պետական աջակցություն՝ իր աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 60 տոկոսի չափով: Ընդ որում՝
1) աշխատանքային միգրանտին պետական աջակցության տրամադրման դիմումը ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտը եւ պետական աջակցության գումարը փոխանցվում է տնտեսավարող սուբյեկտին, որպես միջնորդ՝ աշխատանքային միգրանտին փոխանցելու նպատակով:
2) տնտեսավարող սուբյեկտը պետական աջակցության գումարը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն փոխանցում է աշխատանքային միգրանտին, որպես լիազոր մարմնի կողմից աշխատանքային միգրանտի համար (օգտին) կատարվող վճարում:
6. Սույն հոդվածով սահմանված պետական աջակցության տրամադրման համար հիմք հանդիսացող աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների հաշվարկման, փոփոխության, ինչպես նաեւ աշխատանքային միգրանտին պետական աջակցության գումարները չփոխանցելու ռիսկը կրում է տնտեսավարող սուբյեկտը:
7. Վերապատրաստումը վարձու աշխատողի մասնագիտական նոր գիտելիքների ձեռքբերումը եւ շարունակական կատարելագործումն է, որի հիմնավորումներն ուսումնասիրելու եւ ընդունելու կարգը սահմանվում է լիազոր մարմնի կողմից:
8. Սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված պետական աջակցության տրամադրման ժամանակ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1.1-ին մասով հարկային արտոնությունից օգտվող վարձու աշխատողների մասով պետական աջակցության չափի հաշվարկման հիմքում աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված եկամտային հարկի գումարի փոխարեն կիրառվում է նույն ժամանակաշրջանի աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների 20 տոկոսին համարժեք մեծությունը:
9. Սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված պետական աջակցությունը տրամադրվում է հարկման ընդհանուր համակարգում եւ շրջանառության հարկի համակարգում գործող տնտեսավարող սուբյեկտներին՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2031 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար: Ընդ որում, շրջանառության հարկի համակարգում գործող տնտեսավարող սուբյեկտները, ինչպես նաեւ վերջիններիս աշխատանքային միգրանտները, պետական աջակցությունից օգտվելը սկսելու օրացուցային տարվան հաջորդող երրորդ օրացուցային տարին լրանալուց հետո կարող են շարունակել օգտվել պետական աջակցությունից, եթե տվյալ տնտեսավարող սուբյեկտը գործում է հարկման ընդհանուր համակարգում:
10. Սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված պետական աջակցությունների տրամադրման կարգերը սահմանում է Կառավարությունը:
Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
Հոդված 6. Պետական աջակցության համար դիմող սուբյեկտներին ներկայացվող պահանջները
1. Պետական աջակցության համար կարող են դիմել հետեւյալ սուբյեկտները.
1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած առեւտրային կազմակերպությունները, այդ թվում՝ դուստր ընկերությունները, իրավաբանական անձանց մասնաճյուղերը եւ ներկայացուցչությունները.
2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերը:
2. Պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտների, իսկ աշխատանքային միգրանտի համար դիմելու դեպքում՝ իր գործատու տնտեսավարող սուբյեկտի գործունեության իրականացման ոլորտը պետք է համապատասխանի Կառավարության սահմանած՝ պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությանը կամ ներառի այն:
3. Սույն օրենքով սահմանված պահանջները բավարարող սուբյեկտները պետական աջակցությունը ստանում են կամավորության սկզբունքով՝ հարթակով դիմելու միջոցով:
4. Հարթակն ինքնաշխատ եղանակով բավարարում կամ մերժում է պետական աջակցության տրամադրումը:
5. Պետական աջակցության տրամադրման բավարարման դեպքում պետական աջակցությունը ստացողի, իսկ աշխատանքային միգրանտի դեպքում՝ միջնորդի, եւ լիազոր մարմնի միջեւ կնքվում է պայմանագիր, իսկ մերժման դեպքում հարթակով դիմողին է ներկայացվում պետական աջակցության տրամադրման մերժման մասին վարչական ակտը՝ լիազոր մարմնի գրության տեսքով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի N 450- ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի N 450-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարություն 23.04.2026 N 564-Ն որոշում https://www.arlis.am/hy/acts/224296
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումն ուժի մեջ է մտել 2026 թվականի ապրիլի 28-ին
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման կարգերը սահմանելու մասին 17 ապրիլի 2025 թվականի N 450-Ն ՀՀ Կառավարության որոշման մեջ
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն փոփոխությամբ առաջարկվում է վերանայել «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի հիման վրա ընդունված կառավարության որոշմամբ սահմանված՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող միգրանտների համար պետական աջակցության դիմումների ներկայացման ժամկետների կարգավորումը։
Մասնավորապես՝ փոփոխության հիմնական նպատակը դիմումների ներկայացման ընթացակարգի հստակեցումն է եւ հաշվետու ժամանակաշրջանների նկատմամբ միասնական ժամկետային կարգի սահմանումը։ Նոր խմբագրությամբ հստակեցվում է, որ աջակցություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել յուրաքանչյուր եռամսյակի համար՝ սահմանված ժամկետներում՝ կապված հարկային հաշվարկների ներկայացման վերջնաժամկետի հետ։
Ընդհանուր կանոնով՝ դիմումները պետք է ներկայացվեն եռամսյակի վերջին ամսվա հարկային հաշվարկների ներկայացման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրվանից սկսած՝ մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։ Այս կարգավորումը նպատակ ունի ապահովել գործընթացի կանխատեսելիություն եւ համադրելիություն հարկային հաշվետվությունների ներկայացման ժամկետների հետ։
Միաժամանակ նախատեսվում է հատուկ անցումային կարգավորում 2026 թվականի առաջին եռամսյակի համար։ Այս դեպքում դիմումների ներկայացման ժամկետը սահմանվում է բացառիկ՝ 2026 թվականի հունիսի 1-ից մինչեւ հունիսի 30-ը ներառյալ։ Այս մոտեցումը պայմանավորված է ներդրվող կարգավորման սկզբնական կիրառման փուլում հնարավոր ադապտացիոն անհրաժեշտություններով։
Փոփոխությամբ նաեւ հստակ ամրագրվում է, որ յուրաքանչյուր դիմում կարող է վերաբերել միայն նախորդող եռամսյակին, բացառությամբ վերոնշյալ անցումային դեպքի։ Այսինքն՝ համակարգը կառուցվում է եռամսյակային պարբերականության տրամաբանությամբ՝ բացառելով հետագա ժամկետների համար դիմումների կուտակումը կամ հետադարձ ներկայացումը։
Նոր կարգավորմամբ միաժամանակ հստակեցվում է, որ սահմանված ժամկետների ավարտից հետո տվյալ եռամսյակի համար դիմումներ այլեւս չեն ընդունվում, ինչը նպատակ ունի ապահովել գործընթացի կարգապահությունը եւ վարչարարական կանխատեսելիությունը։
Վերջում նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, սակայն դրա գործողությունը տարածվում է արդեն 2026 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա՝ ապահովելով հետադարձ կարգավորման միասնական կիրառություն։
Հիմք ընդունելով «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 5- րդ հոդվածի 10-րդ մասը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման կարգերը սահմանելու մասին» N 450-Ն որոշման N 4 հավելվածի 11-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2025 թվականի
ապրիլի 17-ի N 450-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՆՏԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
«11. Աջակցություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել եռամսյակի վերջին ամսվա հարկային հաշվարկների ներկայացման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրվանից հետո՝ մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, բացառությամբ 2026 թվականի առաջին եռամսյակի համար ներկայացվող դիմումների, որոնք կարող են ներկայացվել 2026 թվականի հունիսի 1- ից մինչեւ հունիսի 30-ը ներառյալ: Ընդ որում՝ դիմումները ներկայացվում են միայն դիմելու օրվան նախորդող եռամսյակի համար, բացառությամբ 2026 թվականի հունիսի 1-ից մինչեւ հունիսի 30-ը ներառյալ ներկայացվող դիմումների, որոնք ներկայացվում են միայն 2026 թվականի առաջին եռամսյակի համար: Սույն կետով սահմանված դիմումների ներկայացման ժամկետների ավարտից հետո նախորդ եռամսյակի համար դիմումներ չեն ընդունվում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
ՄԱՍ VI. ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2026 թվականի ապրիլ ամսվան բարձր մրցակցային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Գովազդի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ
Օրենսդրական ակտի անվանումը՝
Գովազդի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=10334&lang=arm
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Նախագիծն գտնվում է Ազգային ժողովի օրակարգում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն օրենսդրական փոփոխությունների արդյունքում նախատեսվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում կատարել մի շարք համակարգային եւ բովանդակային փոփոխություններ, որոնք ուղղված են գովազդային հարաբերությունների ավելի հստակ եւ արդյունավետ կարգավորմանը, ինչպես նաեւ սպառողների եւ մրցակցության պաշտպանության ուժեղացմանը։
Մասնավորապես, վերանայվում է օրենքի 2-րդ հոդվածը, որով ճշգրտվում եւ հստակեցվում են գովազդի ոլորտում օգտագործվող հիմնական հասկացությունները։ Այս փոփոխություններով տրվում է «գովազդ» հասկացության ավելի ամբողջական սահմանում, ընդգծվում է դրա տարածման նպատակը՝ անորոշ թվով անձանց շրջանում հետաքրքրության ձեւավորումը կամ պահպանումը։
Միաժամանակ սահմանվում են գովազդի տարբեր տեսակները, այդ թվում՝ անբարեխիղճ, կանխամտածված կեղծ եւ մոլորեցնող գովազդները, որոնցից յուրաքանչյուրի բովանդակությունը ավելի մանրամասն է բացահայտվում՝ հատկապես ուշադրություն դարձնելով այն իրավիճակներին, երբ տեղեկատվությունը կարող է խեղաթյուրված կամ ոչ հավաստի լինել։
Օրենքով հստակեցվում են նաեւ գովազդային հարաբերությունների սուբյեկտները՝ գովազդատուի, գովազդ արտադրողի, գովազդակրի եւ գովազդի սպառողի հասկացությունները, ինչը հնարավորություն է տալիս ավելի հստակ տարանջատել յուրաքանչյուրի դերը եւ պատասխանատվության շրջանակը։ Բացի այդ, ներմուծվում են նոր ինստիտուտներ, ինչպիսիք են «հովանոցային» գովազդը, սոցիալական գովազդը եւ վիճակախաղերի գովազդը, որոնց միջոցով կարգավորվում են առանձին առանձնահատուկ ոլորտներ եւ նպատակային տեղեկատվական հոսքեր։
Օրենսդրական փոփոխություններով նաեւ վերանայվում է 21-րդ հոդվածը՝ սահմանելով մոլորեցնող գովազդի գնահատման չափանիշները։ Այս համատեքստում հստակեցվում է, որ գովազդի մոլորեցնող լինելը գնահատելիս պետք է հաշվի առնել ինչպես ապրանքի կամ ծառայության բնութագրերը, այնպես էլ գնի ձեւավորման պայմանները եւ գովազդատուի վերաբերյալ ներկայացվող տեղեկությունները։ Կարեւոր նորույթ է այն դրույթը, ըստ որի գովազդային գործունեության ընթացքում ներկայացված տվյալների ճշգրտության ապացուցման պարտականությունը դրվում է հենց գովազդատուի վրա, ինչը էապես ուժեղացնում է սպառողների իրավական պաշտպանությունը։
Միաժամանակ օրենսդրությունը լրացվում է նոր 21.1-րդ հոդվածով, որով սահմանվում են համեմատություններ պարունակող գովազդի թույլատրելիության պայմանները։ Այս կարգավորումների համաձայն՝ նման գովազդը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ այն չի համարվում մոլորեցնող, իրականացվում է օբյեկտիվ համեմատության հիման վրա, վերաբերում է նույն նպատակին ծառայող ապրանքներին կամ ծառայություններին եւ չի պարունակում մրցակիցների ապրանքային նշանների կամ գործունեության վարկաբեկում կամ անարդար օգտագործում։ Բացի այդ, արգելվում է շփոթություն առաջացնել շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների միջեւ կամ օգտագործել մրցակցի համբավը անբարեխիղճ ձեւով։
Ընդհանուր առմամբ, այս փոփոխությունները նպատակ ունեն ապահովել գովազդային դաշտի ավելի թափանցիկ եւ արդար կարգավորում, նվազեցնել մոլորեցնող տեղեկատվության տարածումը, բարձրացնել սպառողների վստահությունը եւ ապահովել առողջ մրցակցային միջավայր տնտեսության մեջ։
«Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) գովազդ` տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձեւավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական եւ իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ.
2) անբարեխիղճ գովազդ` գովազդ, որի պատվերի, արտադրության եւ տարածման ընթացքում շրջանցվել են գործող օրենսդրությամբ սահմանված արգելքները եւ սահմանափակումները.
3) կանխամտածված կեղծ գովազդ` անբարեխիղճ գովազդի ձեւ, որի միջոցով գովազդատուն, գովազդ արտադրողը կամ գովազդակիրը կանխամտածված մոլորեցնում են գովազդ սպառողներին.
4) մոլորության մեջ գցող գովազդ՝ անբարեխիղճ գովազդ, որը պարունակում է ցանկացած ոչ հավաստի, աղավաղված տեղեկատվություն, կամ տեղեկատվությունը ներկայացվում է այն ձեւով, որ թեեւ այն փաստացի ճիշտ է, սակայն որեւէ կերպ, այդ թվում՝ ներկայացման եղանակով, կարող է թյուր տպավորություն ստեղծել տնտեսավարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքի (աշխատանքի, ծառայության), դրա գովազդմանը, տարածմանը կամ իրացմանը նպաստող միջոցառումների, ապրանքի (աշխատանքի, ծառայության) աշխարհագրական ծագման կամ արտադրության կամ իրացման գործընթացի, որոշակի նպատակի համար դրա պիտանիության, դրա ժամկետի, որակի, քանակի կամ այլ բնութագրերի, առաջարկման կամ մատուցման պայմանների կամ գնի կամ դրա հաշվարկման եղանակի կամ սպառողի իրավունքների վերաբերյալ, մոլորեցնում կամ կարող է մոլորեցնել սույն օրենքով սահմանված գովազդ սպառողներին եւ իր մոլորեցնող բնույթով կարող է ազդել այդ անձանց տնտեսական վարքագծի վրա կամ կարող է վնասել մրցակից տնտեսավարող սուբյեկտներին.
5) համեմատություններ պարունակող գովազդ՝ գովազդ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն նշում է մրցակից տնտեսավարող սուբյեկտին կամ վերջինիս կողմից առաջարկվող ապրանքները կամ ծառայությունները.
6) հակագովազդ` գովազդի տեսակ, որը տրվում է անբարեխիղճ գովազդի հետեւանքով սպառողի մոտ առաջացած սխալ պատկերացումների վերացման նպատակով` անբարեխիղճ գովազդի հերքման եւ իրական փաստերի վերականգնման միջոցով.
7) գովազդատու` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը ներկայացնում է գովազդային տեղեկություն գովազդի արտադրության, տեղաբաշխման եւ տարածման նպատակով
8) գովազդ արտադրող` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն անմիջականորեն ծառայություններ է կատարում գովազդի արտադրության ուղղությամբ.
9) գովազդակիր` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը, տրամադրելով համապատասխան միջոցներ, տեղաբաշխում եւ տարածում է գովազդը.
10) գովազդի սպառող` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որին հասցվում է գովազդը, եւ որը կրում է գովազդի համապատասխան ազդեցությունը.
11) «հովանոցային» գովազդ` այն գովազդն է, որում գովազդվող ապրանքների եւ ծառայությունների համար օգտագործվող ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը նույնական է կամ շփոթելու աստիճանի նման է այն ապրանքների եւ ծառայությունների ապրանքային նշանին կամ դրանք արտադրող կամ առաջարկող իրավաբանական անձանց ֆիրմային անվանմանը, որոնց գովազդի նկատմամբ սույն օրենքով նախատեսված են սահմանափակումներ.
12) սոցիալական գովազդ՝ առեւտրային բնույթ չկրող (շահույթ ստանալու նպատակ չհետապնդող)՝ մարդու իրավունքներին եւ պարտականություններին, բնակչության առողջության պահպանման, ինչպես նաեւ առողջ ապրելակերպի եւ սոցիալական պաշտպանության, կամավորության, բնության պահպանության, կրթական ծրագրերի, հայրենասիրական դաստիարակության, մշակույթի պահպանման, տարածման ու զարգացման, աղետների դիմակայման, ազգային շահերի պաշտպանության եւ այլ բնագավառների վերաբերյալ հասարակությանը իրազեկելու նպատակով տարածվող տեղեկատվություն է, որը սույն օրենքի 13-րդ հոդվածի 1.2-րդ կետում նշված կարգով ճանաչվել է որպես սոցիալական գովազդ.
13) վիճակախաղերի գովազդ՝ վիճակախաղերի կազմակերպիչների կամ նրանց հովանավորների կամ վիճակախաղերի կամ վիճակախաղերի անվանումների կամ վիճակախաղի ֆիրմային անվանումների (լոգոների) գովազդումը:»:
Օրենքի 21-րդ հոդվածում 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 21. Անբարեխիղճ գովազդի մասին ընդհանուր դրույթները
Գովազդի մոլորեցնող լինելու հանգամանքը որոշելիս կարող են հաշվի առնվել հետեւյալ հատկանիշները, մասնավորապես դրանում ընդգրկված այն տեղեկությունները, որոնք վերաբերում են՝
1) ապրանքների կամ ծառայությունների բնութագրերին, ինչպիսիք են հասանելիությունը, բնույթը, կառուցվածքը, արտադրության կամ մատակարարման ձեւը եւ ամսաթիվը, նպատակային օգտագործման համապատասխանությունը, օգտագործման եղանակները, քանակը, տեխնիկական բնութագրերը, ծագման երկիրը, դրա օգտագործումից ակնկալվող արդյունքները կամ այդ ապրանքների կամ ծառայությունների փորձարկումների եւ ստուգումների արդյունքներն ու նյութական հատկանիշները.
2) գնին կամ գնի հաշվարկման եղանակին, ինչպես նաեւ ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման պայմաններին.
3) գովազդատուի առանձնահատկությանը, հատկանիշներին եւ իրավունքներին, ինչպիսիք են օրինակ՝ նրա ինքնությունը, ակտիվները, որակավորումները եւ արդյունաբերական կամ մտավոր սեփականության իրավունքները կամ նրա պարգեւները:
Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
7. Գովազդային գործունեության ընթացքում գովազդում ներկայացված տվյալների ճշգրտության ապացուցման պարտականությունը կրում է գովազդատուն:
Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21.1-ին հոդվածով.
Հոդված 21.1. Համեմատություններ պարունակող գովազդի թույլատրելի դեպքերը
1. Համեմատություններ պարունակող գովազդը թույլատրվում է հետեւյալ դեպքերում.
1) այն մոլորեցնող չէ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 21-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության կամ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի իմաստով.
2) այն օբյեկտիվորեն համեմատում է միեւնույն կարիքները բավարարող կամ միեւնույն նպատակի համար նախատեսված ապրանքները կամ ծառայությունները.
3) այն օբյեկտիվորեն համեմատում է այդ ապրանքների եւ ծառայությունների մեկ կամ մի քանի էական, ապրանքի վերաբերյալ լիարժեք եւ ամբողջական տպավորություն ձեւավորող, ստուգման ենթակա հատկանիշները եւ կարող է ներառել գինը.
4) այն չի վնասում կամ վարկաբեկում մրցակցի ապրանքային նշանները, ֆիրմային անվանումները, այլ տարբերակիչ նշանները, ապրանքները, ծառայությունները, գործունեությունը կամ բարոյական եւ այլ հատկանիշներ.
5) ծագման տեղանվամբ ապրանքների դեպքում այն վերաբերում է միեւնույն տեղանվանը.
6) այն անբարեխիղճ կերպով չի օգտագործում մրցակցի ապրանքային նշանի, ֆիրմային անվանման կամ այլ տարբերակիչ նշանների համբավը կամ մրցակցող ապրանքների ծագման տեղանունը.
7) այն չի ներկայացնում ապրանքները կամ ծառայությունները որպես գրանցված ապրանքային նշան կամ ֆիրմային անվանում կրող ապրանքների կամ ծառայությունների կրկնօրինակումներ կամ պատճենումներ.
8) առեւտրային գործունեություն իրականացնող անձանց շրջանում այն չի առաջացնում շփոթություն գովազդատուի եւ վերջինիս մրցակից տնտեսավարող սուբյեկտի միջեւ կամ գովազդատուի եւ վերջինիս մրցակից տնտեսավարող սուբյեկտի ապրանքային նշանների, ֆիրմային անվանումների, այլ տարբերակիչ նշանների, ապրանքների կամ ծառայությունների միջեւ: