ԻՐԱՎԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փետրվար 2026
ՄԱՍ I. ՊԵՏԱԿԱՆ ՈԼՈՐՏ
1. Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
2. Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին.
ՄԱՍ II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու
մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին.
ՄԱՍ III. ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու
մասին նախագիծ.
ՄԱՍ I. ՊԵՏԱԿԱՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2026 թվականի փետրվար ամսվան պետական ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՕ-11-Ն https://www.arlis.am/hy/acts/220874/latest
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն հրամանն ստորագրվել է 2026 թ.-ի փետրվարի 12-ին եւ ուժի մեջ է մտնելու 2026 թվականի նոյեմբերի 1-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Օրենքի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ Օտարերկրացիների մասին օրենքում.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Օրենքի փոփոխությունների արդյունքում էականորեն վերակառուցվում է օտարերկրացիների միգրացիոն եւ կացության կարգավորման ամբողջ համակարգը՝ այն դարձնելով առավել կենտրոնացված, թվայնացված եւ վերահսկելի։
Նախ՝ մշտական կացության կարգավիճակի սահմանումը փոփոխվում է. այն այլեւս կարող է տրամադրվել ոչ միայն կառավարության լիազորված մարմնի, այլ նաեւ վարչապետի կողմից (որոշ հիմքերի դեպքում), եւ «մշտապես բնակվելու իրավունք» ձեւակերպումը փոխարինվում է «բնակվելու իրավունքով՝ փաստաթղթի վավերականության ժամկետներում»։ Այսինքն՝ մշտական կացությունն այլեւս բացարձակ եւ անժամկետ բնույթ չի կրում, այլ կապվում է համապատասխան փաստաթղթի գործողության ժամկետի հետ։
Երկրորդ՝ ներդրվում եւ ընդլայնվում է էլեկտրոնային միասնական հարթակի ինստիտուտը։ Կացության կարգավիճակների տրամադրումը, մերժումը, ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելը, փաստաթղթերի փոխանակումը, պետական մարմինների միջեւ տվյալների շրջանառությունը կատարվելու է բացառապես այդ հարթակի միջոցով։ Սահմանվում են նաեւ անձնական տվյալների պաշտպանության, ավտոմատ կասեցման եւ վարույթի կարճման մեխանիզմներ։
Երրորդ՝ ներմուծվում է քվոտայի ինստիտուտը. կառավարությունը յուրաքանչյուր տարվա համար սահմանելու է կացության կարգավիճակների սահմանաչափ՝ ըստ տեսակի, քանակի եւ հիմքերի։ Սա նշանակում է, որ նույնիսկ իրավական հիմքերի առկայության դեպքում կացության տրամադրումը կարող է սահմանափակվել տարեկան քանակական շեմով։
Չորրորդ՝ էապես փոփոխվում է ժամանակավոր կացության տրամադրման տրամաբանությունը.
- այն տրվում է մինչեւ մեկ տարի ժամկետով (նախկին «մեկ տարի եւ ավելի» ձեւակերպման փոխարեն), - հստակեցվում եւ վերախմբագրվում են հիմքերը (ուսումնառություն, աշխատանքային վիզա, ձեռնարկատիրություն, ընտանիքի անդամ լինելու հիմք եւ այլն),
- ներդրվում է աշխատանքային մուտքի վիզա՝ մինչեւ 120 օր ժամկետով,
- սահմանվում են խիստ պահանջներ աշխատանքային պայմանագրերի կնքման եւ պահպանման վերաբերյալ (15 աշխատանքային օրվա կանոն)։
Հինգերորդ՝ նոր գլխով կարգավորվում են հատուկ հիմքերով կացության տրամադրումը՝
- ուսումնառության,
- ձեռնարկատիրական գործունեության (նվազագույն ներդրումային շեմերով),
- ներդրումների,
- ազգությամբ հայ լինելու,
- ՀՀ-ին բացառիկ ծառայություններ մատուցելու հիմքերով (վարչապետի որոշմամբ)։
Վեցերորդ՝ հստակեցվում եւ ընդլայնվում են կացության մերժման հիմքերը, ինչպես նաեւ կարգավիճակը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու դեպքերը։ Միաժամանակ, որոշ դեպքերում նախատեսվում է նոր դիմելու հնարավորություն միայն մերժման հիմքերի վերացման պայմանով։
Ընդհանուր առմամբ, փոփոխությունները նպատակ ունեն.
- կենտրոնացնել լիազորությունները միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտում,
- ամբողջությամբ թվայնացնել վարչարարությունը,
- ուժեղացնել պետական վերահսկողությունը (քվոտա, տվյալների փոխանակում, հարկային եւ սահմանային ստուգումներ),
- խստացնել աշխատանքային եւ ձեռնարկատիրական հիմքով կացության տրամադրումը։
🔎 Հաշվի առնելով քվոտաների եւ վարչարարության ավտոմատացման ներդրումը՝ նպատակահարմար է ենթաօրենսդրական ակտերով հստակ սահմանել քվոտաների բաշխման թափանցիկ չափանիշները եւ ապահովել իրավական կանխատեսելիություն՝ բացառելու կամայական մերժումների ռիսկը։ Բացի այդ, անհրաժեշտ է ապահովել էլեկտրոնային հարթակի տեխնիկական անխափան աշխատանքը եւ վարչական բողոքարկման արդյունավետ մեխանիզմները, որպեսզի թվայնացումը չսահմանափակի արդյունավետ պաշտպանության իրավունքը։
Օրենքը ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից։
«Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում չորրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
մշտական կացության կարգավիճակ` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի թույլտվություն, որն օտարերկրացուն իրավունք է տալիս մշտապես բնակվելու Հայաստանի Հանրապետության տարածքում..
Նոր տարբերակ
մշտական կացության կարգավիճակ` Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի թույլտվություն, որն օտարերկրացուն իրավունք է տալիս բնակվելու Հայաստանի Հանրապետության տարածքում՝ այդ կարգավիճակը հավաստող փաստաթղթի վավերականության ժամկետներում.
վեցերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
մշտական կացության կարգավիճակ` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի թույլտվություն, որն օտարերկրացուն իրավունք է տալիս մշտապես բնակվելու Հայաստանի Հանրապետության տարածքում.
Նոր տարբերակ
մշտական կացության կարգավիճակ` Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի թույլտվություն, որն օտարերկրացուն իրավունք է տալիս բնակվելու Հայաստանի Հանրապետության տարածքում՝ այդ կարգավիճակը հավաստող փաստաթղթի վավերականության ժամկետներում.
տասնչորսերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
միասնական էլեկտրոնային հարթակ՝ սույն օրենքի 22.1-ին հոդվածով նախատեսված էլեկտրոնային հարթակ, որի կիրառմամբ տրամադրվում է աշխատանքի թույլտվություն, դրա միջոցով մուտքագրվում կամ վերբեռնվում են աշխատանքի թույլտվություն ստացող եւ աշխատանքի թույլտվությունից ազատված օտարերկրացի աշխատողների վերաբերյալ սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով տեղեկություններ, ինչպես նաեւ իրականացվում է պետական մարմինների, գործատուների եւ օտարերկրացիների միջեւ հաղորդակցությունը:
Նոր տարբերակ
էլեկտրոնային միասնական հարթակ՝ էլեկտրոնային հարթակ, որի կիրառմամբ սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն իրականացնում է օտարերկրացիներին ժամանակավոր կամ մշտական կարգավիճակ տալու, ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու, կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը փոխանակելու, աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու թույլտվություն տալու վարույթները, այդ վարույթների շրջանակում ապահովում է պետական մարմինների, գործատուների, ուսումնական հաստատությունների, քաղաքացիների եւ օտարերկրացիների միջեւ ծանուցումների, տեղեկատվության եւ փաստաթղթերի փոխանակումը.
լրացնել հետեւյալ բովանդակությամբ տասնհինգերորդ եւ տասնվեցերորդ պարբերություններով.
օրինական բնակության իրավունք՝ ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ, ինչպես նաեւ սույն օրենքով (բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված տեղեկանքի) կամ «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ միջազգային պայմանագրերով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող այլ կարգավիճակ.
քվոտա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարվա համար սահմանվող կացության կարգավիճակների սահմանաչափի նախատեսում՝ ըստ կացության կարգավիճակների տեսակի, քանակի եւ հիմքերի։
Օրենքի 7-րդ հոդվածում 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 7. Առանց մուտքի վիզայի Հայաստանի Հանրապետություն ժամանելու իրավունք ունեցող օտարերկրացիների` Հայաստանի Հանրապետությունում գտնվելը
Հին տարբերակ
3. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ» կետով նախատեսված կատեգորիայի օտարերկրացին Հայաստանի Հանրապետությունում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետից ավելի գտնվելու մտադրության դեպքում պարտավոր է մինչեւ նշված ժամկետի ավարտը դիմել միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմին՝ իր եւ իր ընտանիքի անդամների՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ստանալու համար:
Նոր տարբերակ
3. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված կատեգորիայի օտարերկրացին Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուց անմիջապես հետո պարտավոր է դիմել միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին՝ իր եւ իր ընտանիքի անդամների՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ստանալու համար: Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված կատեգորիայի օտարերկրացուն եւ նրա ընտանիքի անդամին բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք տալու դիմումները քննարկելու, ներառյալ՝ կարգավիճակը հավաստող փաստաթուղթը տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով, որը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հնարավոր է վճարել նաեւ առցանց:
4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
4. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ժը» կետով սահմանված օտարերկրացուն իրավասու մարմնի ներկայացմամբ միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը տրամադրում է բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք, եթե այդ անձը չունի Հայաստանի Հանրապետությունում կացության այլ կարգավիճակ:
Նոր տարբերակ
4. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանված օտարերկրացուն իրավասու մարմնի ներկայացմամբ միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը տրամադրում է տեղեկանք եւ հանրային ծառայությունների համարանիշ, եթե այդ անձը չունի Հայաստանի Հանրապետությունում կացության այլ կարգավիճակ: Տեղեկանքի ձեւը եւ տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Օրենքի 10-րդ հոդվածում 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» կետով.
ե) աշխատանքային մուտքի վիզա՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում կարճաժամկետ աշխատանքային գործունեություն իրականացնելու կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար Հայաստանի Հանրապետության տարածքից դիմում ներկայացնելու կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթն ստանալու համար՝ մինչեւ 120 օր գտնվելու իրավունքով մեկանգամյա կամ բազմակի մուտքի համար՝ առանց երկարաձգման հնարավորության։ Աշխատանքային մուտքի վիզան տրվում է տվյալ օրացուցային տարվա ընթացքում միայն մեկ անգամ։
Օրենքի 14-րդ հոդվածում 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
3. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:
Նոր տարբերակ
3. Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու վարույթն իրականացվում է միայն էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով, որը վարում է միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը։ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տալու դիմումները քննարկելու, ներառյալ՝ կարգավիճակը հավաստող փաստաթուղթը տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով, որը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հնարավոր է վճարել նաեւ առցանց:
Օրենքի 15-րդ հոդվածում 1-ին մասի առաջին պարբերության «մեկ տարի եւ ավել» բառերը փոխարինել «մինչեւ մեկ տարի» բառերով.
Հին տարբերակ
1. Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարի եւ ավել ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանքներ:
Նոր տարբերակ
1. Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում մինչեւ մեկ տարի ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանքներ:
1-ին մասի «ա» եւ «բ» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
ա) ուսումը, կամ
բ) սույն օրենքի համաձայն՝ աշխատանքի թույլտվությունը, իսկ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ե»-«թ», «ժբ», «ժե», «ժզ», «ժթ», «ի» կետերով նախատեսված կատեգորիայի օտարերկրացիների համար՝ աշխատանքի թույլտվություն ստանալու բացառությունների ցանկին համապատասխանելու վերաբերյալ եզրակացությունը, կամ
New version.
a) studying in formal or non-formal educational programs, professional training courses, educational exchange programs, as well as carrying out scientific, technological or innovative activities; b) in accordance with this law, the existence of a work visa, a permit to stay or reside in the Republic of Armenia for the purpose of carrying out work activities, or the right specified in Article 23, Part 1, Clause 10 or 13 of this law, or
1-ին մասի «դ» եւ «ե» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը կամ մերձավոր ազգականը (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) լինելը, կամ
ե) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը.
Նոր տարբերակ
դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում կացության կամ փախստականի կարգավիճակ ունեցող օտարերկրացու ընտանիքի անդամ՝ ամուսին, ծնող, զավակ լինելը կամ
ե) ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը.
2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
2. Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչեւ 1 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Նոր տարբերակ
2. Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչեւ մեկ տարի ժամկետով
Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 16. Մշտական կացության կարգավիճակ տալու հիմքերը եւ ժամկետները
1. Մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա`
ա) ապացուցում է Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ընտանիքի անդամի (ամուսնու, ծնողի, զավակի) առկայությունը, Հայաստանի Հանրապետությունում ապահովված է բնակարանով ու գոյության միջոցներով եւ մինչեւ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելը օրենքով սահմանված կարգով վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարի ժամկետով Հայաստանի Հանրապետությունում ունեցել է ժամանակավոր կացության կարգավիճակ կամ
բ) ազգությամբ հայ է կամ
գ) Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն եւ մինչեւ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելը օրենքով սահմանված կարգով վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարի ժամկետով Հայաստանի Հանրապետությունում ունեցել է ժամանակավոր կացության կարգավիճակ կամ
դ) Հայաստանի Հանրապետությունում ներդրում է կատարել կամ
ե) Հայաստանի Հանրապետությանը մատուցել է բացառիկ ծառայություններ։ 2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով մշտական կացության կարգավիճակը տրվում է հինգ տարի ժամկետով:
Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 17. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի ներկայացումը, քննարկումը, որոշման կայացումը եւ ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակներ ունեցող օտարերկրացիների հաշվառումը
1. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումը էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով ներկայացվում է միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին:
2. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալը, մերժելը, կացության քարտ տրամադրելը, կացության կարգավիճակ տալու մասին որոշումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելը էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով իրականացնում է միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։
3. Էլեկտրոնային միասնական հարթակի կիրառմամբ ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի քննարկման հայտերի լրացման եւ ներկայացման, օտարերկրացիներին ժամանակավոր կամ մշտական կարգավիճակ տալու, ծանուցման կարգը, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, վարչական մարմինների միջեւ տեղեկատվությունը, փաստաթղթեր փոխանակելու կարգը եւ հարթակի տեխնիկական նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու կամ մերժելու մասին որոշումը, բացառությամբ 16-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված հիմքի, կայացնում է միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը դիմումը ներկայացնելու օրվանից 30-օրյա ժամկետում՝ հիմք ընդունելով նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ տվյալ տարվա կացության կարգավիճակների սահմանաչափի վերաբերյալ քվոտային ցուցանիշները։ Եթե ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու վարույթի ընթացքում լրացել է օտարերկրացու՝ Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական գտնվելու կամ բնակվելու ժամկետը, ապա մինչեւ վարույթի ավարտը եւ միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից որոշման կայացումը օտարերկրացու գտնվելը Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում է օրինական։
5. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված հիմքով օտարերկրացուն մշտական կացության կարգավիճակ տրվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ։
6. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին հաշվառում է միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը էլեկտրոնային միասնական հարթակի կիրառմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
7. Օտարերկրացին ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակի քարտը, բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքը միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնից ստանում է անձամբ՝ տրամադրելով կենսաչափական տվյալները՝ մատնահետքերը եւ ստորագրության էլեկտրոնային օրինակը, բացառությամբ 16 տարին չլրացած օտարերկրացիների, որոնց օրինական բնակության իրավունքը հավաստող փաստաթուղթն ստանում է ծնողը կամ օրինական ներկայացուցիչը։
8. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին, բացառությամբ 16-րդ հոդվածի 1-ին մասի «դ» եւ «ե» կետերով նախատեսված հիմքերով կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու, Հայաստանի Հանրապետությունից 183 օր եւ ավելի բացակայելու դեպքում այդ մասին էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով 183-օրյա ժամկետը լրանալու պահից հաշվարկված ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում ծանուցում է միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին։
9. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու վարույթի ընթացքում կացության կարգավիճակ ստանալու դիմում ներկայացրած անձը էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով ծանուցվում է հայտնաբերված սխալները, վրիպակները շտկելու, ինչպես նաեւ ոլորտը կարգավորող օրենսդրությամբ պահանջվող տեղեկություններ կամ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին։ Եթե ժամանակավոր կամ մշտական կացություն ստանալու դիմում ներկայացրած անձը էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով ծանուցումն ստանալու պահից հնգօրյա ժամկետում չի կատարում ծանուցմամբ նշված գործողությունը, ապա էլեկտրոնային միասնական հարթակն ինքնաշխատ եղանակով կասեցնում է վարույթը:
10. Եթե ժամանակավոր կամ մշտական կացություն ստանալու դիմում ներկայացրած անձը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն, կասեցված վարույթը վերսկսելու հետ կապված գործողություններ չի կատարում մեկ ամսվա ընթացքում, ապա էլեկտրոնային միասնական հարթակն ինքնաշխատ եղանակով կարճում է վարույթը:»
Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 19. Կացության կարգավիճակ տալը մերժելու հիմքերը
1. Օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը կարող է մերժվել, եթե՝
1) օտարերկրացին արտաքսվել է Հայաստանի Հանրապետության տարածքից կամ զրկվել է կացության կարգավիճակից, եւ արտաքսման որոշման կատարման պահից կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից չի անցել երեք տարի.
2) օտարերկրացին դատապարտվել է Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու համար, եւ դատվածությունը սահմանված կարգով չի մարվել կամ վերացվել.
3) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում է այն կամ այնպիսի կազմակերպության անդամ է, որի նպատակն է՝
ա. վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,
բ. իրականացնել ահաբեկչական գործունեություն,
գ. սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր,
դ. իրականացնել մարդու թրաֆիքինգ կամ շահագործում, պետական սահմանի ապօրինի հատում կամ անօրինական միգրացիայի կազմակերպում.
4) օտարերկրացին տառապում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված հիվանդություններից որեւէ մեկով.
5) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին ուղղված հիմնավորված սպառնալիքներ.
6) կացության կարգավիճակ հայցելիս օտարերկրացին ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը.
7) օտարերկրացին սույն օրենքը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության եւ չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելու պահից անցել է մեկ տարի, կամ մինչեւ մեկ տարին լրանալը կատարել է վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը.
8) վերացել է կացության կարգավիճակ տալու հիմքը.
9) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրացու հետ չի կնքվել աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր, կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «զ1» կետի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալուց հետո կարգավիճակը ստանալու համար հիմք հանդիսացող կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը լուծվել է, եւ 15 աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրացու հետ նոր կամավոր աշխատանքի մասին պայմանագիր չի կնքվել.
10) սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ» եւ «դ» կետերում նշված մուտքի վիզաներից որեւէ մեկով օտարերկրացին ժամանել է Հայաստանի Հանրապետություն եւ առանց մուտքի վիզայի տեսակը փոխելու դիմել է սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար.
11) սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով օտարերկրացին մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն եւ առանց աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու թույլտվություն ստանալու դիմել է սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքերով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար.
12) առկա է դատարանի՝ օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության տարածքից արտաքսելու կամ վտարելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշում.
13) լրացել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված քվոտան։
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում օրինական կարգով բնակվող ամուսին, ծնող կամ զավակ ունեցող անձանց վրա։
Օրենքի 20-րդ հոդվածում վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 20. Կացության կարգավիճակ տալու վերաբերյալ դիմումի մերժման բողոքարկումը».
2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ժամանակավոր մնալու թույլտվություն տալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։».
4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
4. Կացության կարգավիճակ տալը մերժելու դեպքում օտարերկրացին մեկ տարի հետո կրկին կարող է դիմել կացության կարգավիճակ ստանալու համար, ինչի մասին նշում է կատարվում մերժման մասին որոշման մեջ: Ուսման նպատակով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող է սահմանվել դիմելու ավելի կարճ ժամկետ:
Նոր տարբերակ
4. Կացության կարգավիճակ տալը մերժելու դեպքում օտարերկրացին մեկ տարի հետո կրկին կարող է դիմել կացության կարգավիճակ ստանալու համար, որի մասին նշում է կատարվում մերժման մասին որոշման մեջ: Սույն մասի դրույթները չեն տարածվում 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ կետերով եւ 27-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված մերժման հիմքերի վրա։ Նշված հիմքերով մերժման որոշում կայացնելու դեպքում օտարերկրացին կրկին կարող է դիմել կացության կարգավիճակ ստանալու համար, եթե վերացել են մերժման համար հիմք հանդիսացող հանգամանքները:
Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 21. Կացության կարգավիճակը կամ բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք տալու վերաբերյալ որոշումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու հիմքերը, կացության կարգավիճակն անվավեր ճանաչելու հետեւանքները
1. Օտարերկրացուն տրված կացության կարգավիճակը կամ սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով բնակության օրինականությունն ուժը կորցրած է ճանաչում միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, եթե՝
1) վերացել են օտարերկրացուն կացության կարգավիճակ տալու հիմքերը.
2) օտարերկրացին կացության կարգավիճակն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել.
3) օտարերկրացին ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
4) օտարերկրացին ձեռք է բերել փախստականի կարգավիճակ.
5) մինչեւ ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետի ավարտը օտարերկրացու հետ լուծվել է աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիրը, եւ աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի միջոցով 15 աշխատանքային օրվա ընթացքում չի կնքվել նոր պայմանագիր.
6) մինչեւ ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետի ավարտը օտարերկրացու հետ լուծվել է օրենքով սահմանված կարգով կնքված կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը, եւ 15 աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրացու հետ նոր կամավոր աշխատանքի մասին պայմանագիր չի կնքվել.
7) օտարերկրացին չի կատարել սույն օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ կետով իր վրա դրված պարտավորությունը.
8) օրենքով նախատեսված այլ դեպքերում։
2. Օտարերկրացուն տրված կացության կարգավիճակն անվավեր է ճանաչվում, եւ օտարերկրացին զրկվում է կացության կարգավիճակից, եթե`
1) պարզվել է, որ կացության կարգավիճակ ստանալիս նա ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը.
2) Հայաստանի Հանրապետությունում նրա գտնվելն սպառնում է Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին:
3. Կացության կարգավիճակն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու մասին որոշման եզրափակիչ մասում պետք է արտացոլված լինեն նաեւ կացության կարգավիճակից զրկված լինելու, Հայաստանի Հանրապետության տարածքից օտարերկրացու կամավոր հեռանալու ժամկետների, մինչեւ Հայաստանի Հանրապետության տարածքից հեռանալը նրա բնակվելու վայրի, առանց թույլտվության այդ բնակության վայրը թողնելու արգելքի մասին նշումները:
4. Կացության կարգավիճակն անվավեր ճանաչելու հետեւանքով կացության կարգավիճակից զրկված օտարերկրացու վերաբերյալ տվյալները ներմուծվում են սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասում նշված տվյալների բանկ:
Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 23. Հայաստանի Հանրապետությունում առանց աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու թույլտվություն ստանալու աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու իրավունք ունեցողները
1. Հայաստանի Հանրապետությունում առանց աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու թույլտվություն ստանալու աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու իրավասություն ունեն`
1) Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ ունեցողները՝ կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով.
2) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ», «ե» կամ «զ» կետերով նախատեսված հիմքերով Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցողները` կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով.
3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների եւ դրանց ներկայացուցչությունների աշխատակիցների ընտանիքի անդամները` փոխադարձության սկզբունքի հիման վրա.
4) կինեմատոգրաֆիայի, թատրոնի, համերգային շրջագայությունների նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող կատարողները, արտիստները եւ այդ միջոցառումների համար պատասխանատու վարչական եւ տեխնիկական սպասարկման անձնակազմը՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.
5) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա ժամանող մասնագետները կամ այլ անձինք՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.
6) լրատվական գործունեություն իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների հավատարմագրված ներկայացուցիչները՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.
7) Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող, փախստականի կարգավիճակ ունեցող եւ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած օտարերկրացիները` համապատասխան կարգավիճակի ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով.
8) տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետեւանքների վերացմանն ուղղված աշխատանքներին մասնակցելու նպատակով ժամանած անձինք՝ այդ աշխատանքներում մասնակցելու ամբողջ ժամանակահատվածի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.
9) համատեղ իրականացվող վարույթներով հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքներում ներգրավվելու նպատակով ժամանած մասնագետները՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.
10) oրենքով սահմանված կարգով զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի կարգավիճակ ունեցող անձինք եւ հատուկ կատեգորիայի զոհի օրինական ներկայացուցիչը՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու կամ կացության կարգավիճակը չգերազանցող ժամկետում.
11) Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի իրավունք ունեցող օտարերկրացիները՝ հանրային ծառայության համարանիշի առկայության դեպքում.
12) օտարերկրացի դատապարտյալները կամ կալանավորված անձինք, ինչպես նաեւ պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիները՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված տեղեկանքի եւ հանրային ծառայության համարանիշի առկայության դեպքում.
13) համապատասխան միջազգային պայմանագրերի հիման վրա արձակուրդների ժամանակ աշխատանքային փոխանակումների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում աշխատանք կատարող ուսանողները.
14) ազգությամբ հայ այն օտարերկրացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որն սպառնում է այդ անձանց կյանքին կամ առողջությանը՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում: Անձանց կյանքին կամ առողջությանն սպառնացող արտակարգ իրավիճակի վերաբերյալ դիրքորոշումը տրամադրում է արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը՝ միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի գրավոր հարցման հիման վրա։
Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 27. Օտարերկրացու հետ աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումը
1. Օտարերկրացու հետ աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան` սույն օրենքի 15- րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրված կացության կարգավիճակի, աշխատանքային վիզայի կամ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու թույլտվության ժամկետը չգերազանցող ժամկետով, բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի: Եթե մինչեւ սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» եւ «զ1» կետերի հիմքով տրված ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետի ավարտը լուծվել է օտարերկրացու հետ կնքված աշխատանքային, ծառայությունների մատուցման կամ կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը, ապա օտարերկրացին կարող է 15 աշխատանքային օրվա ընթացքում կնքել նոր պայմանագիր։ Աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագրում պետք է ներառվեն նաեւ օտարերկրացի աշխատողի եւ նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետություն փոխադրման, սոցիալական ապահովության եւ ապահովագրության, դիմավորման, կացարանով ապահովման եւ բնակության վայրում հաշվառման եւ վերադարձի հետ կապված հարցերը:
2. Օտարերկրացու հետ աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելը մերժվում է, եթե`
1) տվյալ աշխատանքը կատարելու համար Հայաստանի Հանրապետության օրենքներով պահանջվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
2) ներկայացված տեղեկատվությունը կամ փաստաթղթերը սխալ են կամ կեղծված են.
3) գործատուն, որի մոտ պետք է աշխատի տվյալ օտարերկրացին, նախկինում խախտել է օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու պահանջները։
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նշված հիմքերով մերժվում է նաեւ աշխատանքային մուտքի վիզա տալու կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տալու դիմումը։
4. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում նշված օտարերկրացիների հետ գործատուներն աշխատանքային պայմանագիր են կնքում աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։
Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 29.3-29.7-րդ հոդվածներով.
Հոդված 29.3. Ուսումնառության հիմքով ժամանակավոր կացություն տալը
1. Օտարերկրացիները կարող են Հայաստանի Հանրապետությունում ստանալ ֆորմալ եւ ոչ ֆորմալ ուսումնառության կամ գիտատեխնոլոգիական կամ նորարարական (ինովացիոն) գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով, եթե առկա է Հայաստանի Հանրապետությունում գործող հանրակրթական, արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող հաստատության, գիտական կազմակերպության կամ համապատասխան իրավասություն ունեցող եւ ծառայություն մատուցող կազմակերպությունների եւ օտարերկրացու միջեւ կնքված տվյալ հաստատությունում կամ կազմակերպությունում օտարերկրացու ուսումնառության կամ գիտատեխնոլոգիական կամ նորարարական (ինովացիոն) գործունեության մասին պայմանագիր։
2. Հանրակրթական, արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունները եւ գիտական կազմակերպությունները էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով ներկայացնում են դիմում, ուսումնառության կամ գիտատեխնոլոգիական կամ նորարարական (ինովացիոն) գործունեության մասին պայմանագիր եւ այլ փաստաթղթեր, եթե դրանք սահմանված են սույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Ոչ ֆորմալ կրթության (ուսումնառության) հիմքով համապատասխան ուսումնական հաստատությունը կամ այդ գործառույթն իրականացնելու իրավասություն ունեցող կազմակերպությունը եւ (կամ) ծառայություն մատուցող կազմակերպությունը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը ներկայացնում են էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով։
4. Ոչ ֆորմալ կրթության (ուսումնառության) հիմքով կացության կարգավիճակի տրամադրման դիմում կարող են ներկայացնել կրթական գործունեություն իրականացնող հաստատությունները եւ (կամ) կազմակերպությունները։ Եթե ոչ ֆորմալ կրթության (ուսումնառության) ծրագիր իրականացնում է կազմակերպությունը, որի հիմնական գործունեության ոլորտը կրթական ծրագրեր իրականացնելը չէ, ապա այդ կազմակերպությունը էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետք է ներկայացնի ոչ ֆորմալ կրթության (ուսումնառության) հիմքով օտարերկրացուն կացության կարգավիճակի տրամադրման դիմում ներկայացնելու թույլտվություն ստանալու դիմում։ Դիմումի մասին դրական կամ բացասական եզրակացություն է տալիս կրթության ոլորտում պետական կառավարման լիազոր մարմինը։
5. Ուսումնառության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած օտարերկրացուն ժամանակավոր կացության կարգավիճակ է տրվում՝ հիմք ընդունելով ուսումը կազմակերպող հաստատության հետ կնքված պայմանագրում նշված ժամկետը, բայց ոչ ավելի, քան ժամանակավոր կացության կարգավիճակի համար օրենքով նախատեսված ժամկետը:
6. Ուսումնառության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակն ուժը կորցրած է ճանաչվում, եթե՝
1) ուսումնական հաստատությունը լուծել է օտարերկրացու հետ կնքված ուսման մասին պայմանագիրը, կամ կրթությունը (ուսումնառությունը) օրենքով սահմանված կարգով ընդհատվել է.
2) օտարերկրացին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ազատազրկման կամ սույն օրենքով սահմանված կարգով արտաքսվել է Հայաստանի Հանրապետությունից.
3) օտարերկրացուն կարգավիճակի տրամադրման դիմում ներկայացրած իրավաբանական անձը լուծարվել է, վերակազմակերպվել է կամ դադարեցրել է իրականացնել համապատասխան կրթական, ուսումնական կամ գիտական գործունեությունը:
7. Օտարերկրացուն կրթության կամ ուսումնառության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման դիմում ներկայացրած իրավաբանական անձը սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքում պարտավոր է էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին տեղեկացնել օտարերկրացու հետ կնքված կրթության (ուսումնառության) մասին պայմանագիրը լուծելու կամ կրթությունը (ուսումնառությունը) սահմանված կարգով ընդհատվելու մասին լուծելու կամ ընդհատելու օրվանից 10-օրյա ժամկետում։.
Հոդված 29.4. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հիմքով ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալը
1. Օտարերկրացիները կարող են Հայաստանի Հանրապետությունում ստանալ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հիմքով ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Ձեռնարկատիրական գործունեության հիմքով կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը՝ էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով կամ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում՝ օտարերկրացին անձամբ՝ գրանցվելով էլեկտրոնային միասնական հարթակում։
3. Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը կարող է հիմք լինել կացության կարգավիճակ ստանալու համար, եթե օտարերկրացին Հայաստանի Հանրապետությունում առեւտրային կազմակերպության մասնակից կամ բաժնետեր կամ արժեթղթերի սեփականատեր է եւ առեւտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդրել է առնվազն երկու միլիոն դրամ կամ ձեռք է բերել երկու միլիոն դրամ արժեքով բաժնետոմսեր կամ արժեթղթեր կամ հանդիսանում է անհատ ձեռնարկատեր, ունի անհատ ձեռնարկատիրոջ տարբեր արժույթներով հաշիվներին դրամային արտահայտմամբ առնվազն մեկ միլիոն դրամի չափով գումար կամ դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 60 օրվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության արդյունքով ունի մեկ միլիոն դրամի կամ դրան համարժեք արտարժույթի դրամաշրջանառություն։
4. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հիմքով ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստացած օտարերկրացուն նույն հիմքով նոր կացության կարգավիճակ է տրվում, եթե առկա է դիմում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված՝ ձեռնարկատիրական գործունեության շարունակականությունը հաստատող էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով ստացված տեղեկատվություն, իսկ այդպիսի տեղեկատվության բացակայության դեպքում՝ օտարերկրացու կողմից ներկայացված փաստաթղթեր:
5. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հիմքով կացության կարգավիճակը ճանաչվում է ուժը կորցրած, եթե առեւտրային կազմակերպությունից դուրս է հանվել կանոնադրական կապիտալում ներդրած կապիտալը, կամ այն պակաս է մեկ միլիոն դրամից, կամ բաժնետոմսերի կամ արժեթղթերի արժեքը պակաս է մեկ միլիոն դրամից, կամ կացության կարգավիճակն ստանալուց հետո՝ 180-օրյա ժամկետում, պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանում ձեռնարկատիրական գործունեության արդյունքով հաշվարկված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է։ Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հիմքով կացության կարգավիճակն ուժը կորցրած չի ճանաչվում, եթե օտարերկրացին՝
1) առեւտրային կազմակերպությունից կանոնադրական կապիտալը դուրս հանելու պահի դրությամբ ունի դրան համարժեք կատարված ներդրում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մեկ այլ առեւտրային կազմակերպությունում կամ
2) առեւտրային կազմակերպությունից դուրս է հանել կանոնադրական կապիտալում ներդրված կապիտալը եւ հաջորդող մեկ ամսվա ընթացքում այն ներդրել է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մեկ այլ առեւտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում։
Հոդված 29.5. Ընտանեկան հանգամանքների կամ ազգությամբ հայ լինելու հիմքով կացության կարգավիճակ տալը
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում գործող կացության կամ փախստականի կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելու հիմքով կացության կարգավիճակ տալու դիմումը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին կամ կացության կամ փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքի անդամը՝ էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով։
2. Ազգությամբ հայ լինելու հիմքով կացության կարգավիճակ ստանալու համար դիմումը ներկայացնում է անձամբ օտարերկրացին։ Նախքան դիմում ներկայացնելը օտարերկրացին գրանցվում է էլեկտրոնային միասնական հարթակում, ներկայացնում է կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ հարթակի միջոցով հերթագրվում է դիմումն անձամբ ներկայացնելու համար, եթե միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը նախնական ուսումնասիրությամբ հաստատել է, որ ներկայացված փաստաթղթերն ու տեղեկություններն ամբողջական են եւ համապատասխանում են սահմանված պահանջներին: Փաստաթղթերն ու տեղեկություններն ամբողջական չլինելու կամ սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում անձը էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով ծանուցվում է դրանք ներկայացնելու կամ համալրելու անհրաժեշտության մասին:
3. Մինչեւ 16 տարեկան երեխաները կացության կարգավիճակ կարող են ստանալ ծնողներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու հանգամանքի հիման վրա` կացության կարգավիճակ տալու մասին դիմումում ծնողի նշած ժամկետով, սակայն ոչ ավելի, քան կացության տվյալ կարգավիճակի համար օրենքով սահմանված առավելագույն ժամկետը, կամ ծնողներից մեկի կացության կարգավիճակի հիման վրա` վերջինիս տրված կացության կարգավիճակի վավերականության ժամկետով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված ուսումնական հաստատություններում կամ փոխանակման ծրագրերով սովորող օտարերկրացի երեխաների:
Հոդված 29.6. Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարելու հիմքով մշտական կացության կարգավիճակ տալը
1. Օտարերկրացիները կարող են Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարելու հիմքով ստանալ մշտական կացության կարգավիճակ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարելու հիմքով կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնում է օտարերկրացին անձամբ՝ գրանցվելով էլեկտրոնային միասնական հարթակում։
3. Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարելու հիմքով մշտական կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ վավերապայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
4. Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարելու հիմքով մշտական կացության կարգավիճակն ուժը կորցրած է ճանաչվում, եթե կացության կարգավիճակ ստանալուց հետո դադարել է բավարարել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված վավերապայմանները։
Հոդված 29.7. Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած լինելու հիմքով մշտական կացության կարգավիճակ տալը
1. Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած լինելու հիմքով մշտական կացության կարգավիճակ տալու դիմում-հայտը էլեկտրոնային միասնական հարթակ է մուտքագրում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը՝ կցելով օտարերկրացու՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ ստանալու մասին համաձայնությունը, օտարերկրացուն Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցելու հիմքով մշտական կացության կարգավիճակ տալու պետական կառավարման մարմնի միջնորդությունը (առկայության դեպքում) եւ ազգային անվտանգության ու ներքին գործերի բնագավառում պետական լիազոր մարմինների՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում տրված եզրակացությունները, որոնք ստանում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը՝ Ազգային անվտանգության ծառայություն եւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն հարցումներ կատարելու միջոցով։
Օրենքի 42.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 42.1. Էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով օտարերկրացիների եւ դիմումատուների վերաբերյալ հավաքվող անձնական տվյալների պաշտպանությունը
1. Էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով ստացված տեղեկություններում կամ փաստաթղթերում առկա անհամապատասխանությունների կամ անճշտությունների դեպքում էլեկտրոնային միասնական հարթակում վարչարարություն իրականացնող պետական մարմիններն առկա փաստական հանգամանքներն օբյեկտիվ ուսումնասիրելու նպատակով կարող են պահանջել տվյալ վարույթին առնչվող լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր։
2. Էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով հավաքված անձնական տվյալները հավաքում եւ մշակում է միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը:
3. Միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, ըստ իրավասությունների շրջանակի, ապահովում է օտարերկրացու եւ կացության վարույթի մասնակիցների վերաբերյալ տվյալների հասանելիությունը այլ լիազոր մարմինների, այդ թվում՝ ազգային անվտանգության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, արտաքին գործերի բնագավառներում պետական լիազոր մարմիններին սույն օրենքով իրենց վերապահված գործառույթներն իրականացնելու նպատակով:
4. Օտարերկրացու վերաբերյալ տեղեկությունը, ներառյալ՝ օրենքով գաղտնիք համարվող տեղեկությունները, բացառությամբ պետական գաղտնիք համարվող տեղեկությունների, փոխանակվում են միայն պետական մարմինների միջեւ էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում օտարերկրացուն կացության կարգավիճակ տալու գործընթացում իր անմիջական գործառույթներն իրականացնելուց հետո միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն արգելափակում է պետական մարմինների հասանելիությունն օտարերկրացու կամ տվյալ վարույթում ներգրավված այլ անձանց վերաբերյալ տեղեկություններին:
6. Արգելվում է օտարերկրացու, իրավաբանական կամ ֆիզիկական անձի վերաբերյալ տեղեկություններն օգտագործել, հավաքել, պահպանել այլ նպատակներով, քան անհրաժեշտ է էլեկտրոնային միասնական հարթակում վարչարարություն իրականացնող պետական մարմիններին սույն օրենքով նախատեսված իր գործառույթներն իրականացնելու համար:
Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 42.2-րդ հոդվածով.
Հոդված 42.2. Էլեկտրոնային միասնական հարթակի կիրառմամբ իրականացվող հարցումները
1. Էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով օտարերկրացիներին կացության կարգավիճակի տրամադրման դիմումների վարույթներն իրականացնելիս եւ սույն օրենքով նախատեսված դեպքերում ներկայացված տեղեկատվությունն ստուգելու նպատակով հարցումներ են կատարվում՝
1) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստր՝ անձի նույնականացման, անուն, ազգանուն, հայրանուն դաշտերի լրացման, հաշվառման հասցեի, անձը հաստատող փաստաթղթերի, քաղաքացիության եւ սեռի վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով.
2) Իրավաբանական անձանց պետական ռեգիստր՝ իրավաբանական անձի գտնվելու վայրի, գործադիր մարմնի ղեկավարի, գրանցման հասցեի, կանոնադրական կապիտալի, մասնակիցների վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով.
3) Պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարան՝ օտարերկրացիների՝ որպես աշխատող գրանցված լինելու հանգամանքն ստուգելու, հաշվարկված հարկերի մասին տեղեկատվություն ստանալու, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կողմից հաշվարկված հարկերի վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով.
4) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակի տվյալների շտեմարան՝ օտարերկրացիների ամուսնության, Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ օտարերկրացու ամուսնության, օտարերկրացիների մահվան եւ ծնունդների վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով.
5) Կադաստրի կոմիտեի տվյալների շտեմարան՝ օտարերկրացու կամ նրա ընտանիքի անդամի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակարանով ապահովված լինելու կամ օտարերկրացու անշարժ գույք ունենալու հանգամանքի վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով.
6) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության շարժական գույքի տվյալների շտեմարան՝ օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում շարժական գույք ունենալու եւ շարժական գույքը շահագործելու վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով.
7) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ՝ օտարերկրացու՝ Հայաստանի Հանրապետություն մուտքերի եւ ելքերի, ստացած վիզաների եւ նախկինում ունեցած կացության կարգավիճակների վերաբերյալ տվյալներ ստանալու, օտարերկրացու՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու օրինականությունը որոշելու, վերջինիս Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների բանկում հաշվառված լինելու հանգամանքն ստուգելու նպատակով անհրաժեշտ տվյալներ ստանալու համար.
8) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հանցանքների եւ վարչական իրավախախտումների ոլորտում պետական վիճակագրություն ձեւավորելու գործառույթ իրականացնող տեղեկատվական կենտրոնի քարտադարան՝ օտարերկրացու դատվածության, այն մարված կամ վերացած լինելու, վերջինիս նկատմամբ հետախուզման վերաբերյալ տեղեկություններ ստանալու, օտարերկրացուն վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով.
9) Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա՝ օտարերկրացիներին պատկանող բաժնետոմսերի քանակի եւ արժեքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով.
10) Հայաստանի Հանրապետության գանձապետարան՝ սույն օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարելու կամ պետական տուրքը վճարված լինելու մասին տեղեկատվություն ստանալու նպատակով.
11) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարարության կրթության կառավարման տեղեկատվական կամ բարձրագույն կրթության եւ գիտության կառավարման տեղեկատվական համակարգեր՝ ըստ կրթական մակարդակների, կրթական աստիճանների կամ կրթական ծրագրերի՝ օտարերկրացիների՝ որպես սովորող գրանցված լինելու հանգամանքն ստուգելու եւ այլ անհրաժեշտ տվյալներ ստանալու նպատակով.
12) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ՝ օտարերկրացիների կողմից կնքված աշխատանքային պայմանագրերի, աշխատանքային պայմանագրում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագրերի, աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։
2. Էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով տրամադրված կացության կարգավիճակի հիմքերի առկայությունն ստուգելու նպատակով հարցումներ են կատարվում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված համակարգերին։ Հարցումներ կատարելու կարգը եւ հաճախականությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։
2. Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-12-Ն https://www.arlis.am/hy/acts/220886/latest
Փոփոխության կարգավիճակը՝
Օրենքի փոփոխությունը ստորագրվել է 2026 թվականի փետրվարի 12-ին եւ ուժի մեջ է մտնելու 2027 թվականի հունվարի 1-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Օրենքի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունենալու Պետական տուրքի մասին օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
«Պետական տուրքի մասին օրենք» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքում առաջարկվում են փոփոխություններ, որոնք վերաբերում են կացության կարգավիճակի եւ մուտքի վիզաների համար պետական տուրքի չափերին, ինչպես նաեւ տուրքից ազատման դեպքերին։ Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի նոր խմբագրությամբ սահմանվում են օտարերկրացիներին ժամանակավոր եւ մշտական կացության կարգավիճակ տրամադրելու համար պետական տուրքի հստակ չափերը՝ համապատասխանաբար բազային տուրքի 150-ապատիկ եւ 250-ապատիկ չափերով, իսկ կարգավիճակը հավաստող փաստաթղթի վերականգնման կամ փոխման համար՝ 20-ապատիկ։ «Օտարերկրացիների մասին օրենք» 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեղեկանքի տրամադրման կամ երկարաձգման համար սահմանվում է բազային տուրքի 30-ապատիկ, իսկ դրա վերականգնման կամ փոխման համար՝ 5-ապատիկ։ Նույն հոդվածի 9-րդ կետով վերանայվում են մուտքի վիզաների դրույքաչափերը՝ տարբերակված ըստ վիզայի տեսակի եւ ժամկետի։ Սահմանվում են համապատասխան տուրքեր այցելության, բազմակի մուտքի, տարանցիկ եւ աշխատանքային վիզաների համար, իսկ պաշտոնական եւ դիվանագիտական վիզաները ազատվում են պետական տուրքից։ Միաժամանակ փոփոխվում է Օրենքի 26-րդ հոդվածը՝ հստակեցնելով պետական տուրքի վճարումից ազատվող անձանց շրջանակը։ Կացության կարգավիճակի հետ կապված դիմումների դեպքում արտոնություն է նախատեսվում, մասնավորապես, միջազգային պայմանագրերով հրավիրված մասնագետների եւ նրանց ընտանիքների, մարդասիրական օգնությամբ ժամանողների, մինչեւ 18 տարեկանների, փախստականի ընտանիքի անդամների, արտակարգ իրավիճակի պայմաններում ժամանող ազգությամբ հայ օտարերկրացիների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց համար։ Մուտքի վիզայի դեպքում եւս սահմանվում է ազատման ընդլայնված ցանկ՝ ներառելով միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, դատավարություններին հրավիրված անձանց, պաշտոնական հրավերով ժամանող պատվիրակություններին, դիվանագիտական անձնագրերով մուտք գործողներին, ինչպես նաեւ որոշ ընտանեկան եւ մարդասիրական հիմքերով ժամանող անձանց։ Առաջարկվում է ընդունել ներկայացված փոփոխությունները՝ նպատակ ունենալով հստակեցնել պետական տուրքի դրույքաչափերը, ապահովել իրավական կարգավորումների համակարգվածություն եւ բարելավել միգրացիոն գործընթացների արդյունավետությունը։
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասում 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
8. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տալու դիմումները քննարկելու, ներառյալ՝ կարգավիճակը հավաստող փաստաթուղթ տալու համար՝
ա) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ տալու դիմումը քննարկելու, ներառյալ` կացության քարտ տալու համար բազային տուրքի 150-ապատիկի չափով
բ) Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ տալու դիմումը քննարկելու, ներառյալ` կացության քարտ տալու համար բազային տուրքի 250-ապատիկի չափով
գ) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը վերականգնելու կամ փոխելու համար բազային տուրքի 20-ապատիկի չափով
դ) «Օտարերկրացիների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ օրինական բնակության իրավունքը հավաստող տեղեկանքը տալու կամ երկարաձգելու դիմումը քննարկելու, ներառյալ՝ տեղեկանքը տալու համար բազային տուրքի 30-ապատիկի չափով
ե) «Օտարերկրացիների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ օրինական բնակության իրավունքը հավաստող տեղեկանքը վերականգնելու կամ փոխելու համար բազային տուրքի 5-ապատիկի չափով».
9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
9. Օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրելու դիմումները քննարկելու, ներառյալ՝ մուտքի վիզա տալու համար`
ա) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի վիզա տրամադրելու դիմումները քննարկելու, ներառյալ՝ մուտքի վիզա տալու համար` մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով բազային տուրքի 15- ապատիկի չափով մինչեւ 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով բազային տուրքի եռապատիկի չափով
բ) Հայաստանի Հանրապետություն այցելության բազմակի մուտքի վիզա տրամադրելու դիմումները քննարկելու, ներառյալ՝ մուտքի վիզա տալու համար` մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով եւ մինչեւ մեկ տարի վավերականության ժամկետով բազային տուրքի 40- ապատիկի չափով մինչեւ 60 օր ժամկետով գտնվելու իրավունքով եւ մինչեւ վեց ամիս վավերականության ժամկետով բազային տուրքի 20- ապատիկի չափով
գ) Հայաստանի Հանրապետություն պաշտոնական մուտքի վիզա տրամադրելու դիմումները քննարկելու, ներառյալ՝ մուտքի վիզա տալու համար՝ 0
դ) Հայաստանի Հանրապետություն դիվանագիտական մուտքի վիզա տրամադրելու դիմումները քննարկելու, ներառյալ՝ մուտքի վիզա տալու համար՝ 0
ե) Հայաստանի Հանրապետություն մեկ մուտքի տարանցիկ վիզա տրամադրելու դիմումները քննարկելու, ներառյալ՝ մուտքի վիզա տալու համար՝ բազային տուրքի 10- ապատիկի չափով
զ) Հայաստանի Հանրապետություն բազմակի մուտքի տարանցիկ վիզա (մեկ տարի վավերականության ժամկետով) տրամադրելու դիմումները քննարկելու, ներառյալ՝ մուտքի վիզա տալու համար՝ բազային տուրքի 18- ապատիկի չափով
ե) Հայաստանի Հանրապետություն աշխատանքային մուտքի վիզա տրամադրելու դիմումները քննարկելու, ներառյալ՝ մուտքի վիզա տալու համար՝ բազային տուրքի 15- ապատիկի չափով.
Օրենքի 26-րդ հոդվածում 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու, Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր ձեւակերպելու հետ կապված ծառայությունների համար պետական տուրքի վճարումից ազատվում են.
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի եւ կառավարության կողմից աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետներն ու նրանց ընտանիքի անդամները.
բ) Հայաստանի Հանրապետությանը մարդասիրական եւ տեխնիկական օգնություն ցույց տալու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձինք: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության եւ բարեգործական ու տեխնիկական (այլ) բնույթի իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմինը.
գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու մերձավոր ազգականները (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր). գ1) Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական եւ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող, աշխատող (մանկավարժ, դասախոս) օտարերկրյա անձինք.
դ) (ենթակետն ուժը կորցրել է 25.12.06 ՀՕ-49-Ն) ե) (ենթակետն ուժը կորցրել է 25.12.06 ՀՕ-49-Ն) զ) մինչեւ 18 տարեկան անձինք.
ե) դիվանագիտական անձնագրերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող անձինք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները.
ը) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի նախագահիուղղ, սահմանադրական դատարանի նախագահի, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի, մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստանի Հանրապետություն այցելող պաշտոնական անձինք եւ պատվիրակությունների անդամները.
թ) փախստականի կարգավիճակ ստացած անձի` Հայաստանի Հանրապետություն ժամանող մերձավոր ազգականները (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր).
ժ) ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:
Նոր տարբերակ
1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների կացության կարգավիճակի հետ կապված դիմումները քննարկելու, ներառյալ՝ փաստաթղթեր տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են՝
ա) Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի եւ Կառավարության կողմից միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում եւ կարգով աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետներն ու նրանց ընտանիքի անդամները.
բ) Հայաստանի Հանրապետությանը մարդասիրական եւ տեխնիկական օգնություն ցույց տալու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձինք: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության եւ բարեգործական ու տեխնիկական (այլ) բնույթի իրականացնում է Կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմինը.
գ) մինչեւ 18 տարեկան անձինք.
դ) Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձի ընտանիքի անդամները (ամուսինը, երեխան, հայրը, մայրը).
ե) ազգությամբ հայ այն օտարերկրացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որն սպառնում է անձանց կյանքին կամ առողջությանը: Անձանց կյանքին կամ առողջությանն սպառնացող արտակարգ իրավիճակի վերաբերյալ դիրքորոշումը տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը՝ միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի գրավոր հարցման հիման վրա.
զ) Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած օտարերկրացիները՝ այդ հիմքով մշտական կացության կարգավիճակ ստանալու դեպքում:
2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են.
ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները.
դ) քաղաքացիական, ընտանեկան գործերով եւ քրեական վարույթներով որպես կողմ, վկա կամ փորձագետ Հայաստանի Հանրապետության եւ այլ պետությունների դատարաններ կամ նախաքննության մարմիններ հրավիրվող անձինք:
Նոր տարբերակ
2. Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզա տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են՝
ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները.
բ) քաղաքացիական, ընտանեկան գործերով եւ քրեական վարույթներով որպես կողմ, վկա կամ փորձագետ Հայաստանի Հանրապետության եւ այլ պետությունների դատարաններ կամ նախաքննության մարմիններ հրավիրվող անձինք.
գ) Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի եւ Կառավարության կողմից միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում եւ կարգով աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետներն ու նրանց ընտանիքի անդամները.
դ) Հայաստանի Հանրապետությանը մարդասիրական եւ տեխնիկական օգնություն ցույց տալու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձինք: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության եւ բարեգործական ու տեխնիկական (այլ) բնույթի իրականացնում է Կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմինը.
ե) Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի, մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստանի Հանրապետություն այցելող պաշտոնական անձինք եւ պատվիրակությունների անդամները.
զ) դիվանագիտական անձնագրերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող անձինք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները.
է) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձի ընտանիքի անդամները (ամուսինը, երեխան, հայրը, մայրը).
ը) մինչեւ 18 տարեկան անձինք.
թ) ազգությամբ հայ այն օտարերկրացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է անձանց կյանքին կամ առողջությանը: Անձանց կյանքին կամ առողջությանն սպառնացող արտակարգ իրավիճակի վերաբերյալ դիրքորոշումը տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը՝ միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի գրավոր հարցման հիման վրա:
ՄԱՍ II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2026 թվականի փետրվար ամսվան աշխատանքային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՕ-39-Ն
https://www.arlis.am/hy/acts/221431/latest
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքի փոփոխությունը ընդունվել է 2026 թվականի փետրվարի 23-ին եւ ուժի մեջ է մտել 2026 թվականի փետրվարի 24-ին
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ Աշխատանքային օրենսգրքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
2004 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք» (այսուհետ՝ Օրենսգիրք) առաջարկվող փոփոխությունները հիմնականում ուղղված են աշխատանքային հարաբերությունների թվայնացմանը եւ թվային համակարգի կիրառման հստակեցմանը։
13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է փոփոխություն, եւ այսուհետ 2027 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը եւ դադարումը կատարվում են թվային համակարգի միջոցով՝ նախատեսված բացառություններով։ Մինչ այդ ժամկետը թվային համակարգի կիրառումը հնարավոր է նաեւ կամավոր հիմքով։ Հոդվածը լրացվում է նաեւ 5-րդ մասով, ըստ որի՝ եթե աշխատանքը կատարվելու է Հայաստանի Հանրապետությունից դուրս, ապա այդ աշխատանքային հարաբերությունները թվային համակարգի միջոցով չեն ձեւակերպվում։
85-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ՝ մանրամասն կարգավորելով աշխատանքային պայմանագրի եւ դրա հավելվածի կնքման կարգը՝ թղթային, փոստային, էլեկտրոնային եւ թվային համակարգի միջոցով։ Սահմանվում է, որ 2027 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային պայմանագրերը հիմնականում կնքվում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ՝ թվային համակարգի միջոցով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Նույն հոդվածում հստակեցվում են մինչեւ 16 տարեկան անձանց հետ պայմանագրերի կնքման առանձնահատկությունները, ինչպես նաեւ պայմանագրի ուժի մեջ մտնելու պահը։
Օրենսգիրքը լրացվում է նաեւ 95.1-րդ հոդվածով, որով կարգավորվում են օտարերկրացիների, ինչպես նաեւ փախստականի կամ ապաստան հայցողի հետ կնքվող աշխատանքային պայմանագրերը։ 2027 թվականի հուլիսի 1-ից հետո դրանք նախ կնքվում են թղթային եղանակով՝ պայմանով, որ օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում պայմանագիրը մուտքագրվի աշխատանքային պայմանագրերի թվային համակարգ։
Առաջարկվում է ընդունել ներկայացված փոփոխությունները՝ նպատակ ունենալով ապահովել աշխատանքային հարաբերությունների փուլային թվայնացում, իրավական հստակություն եւ վարչարարության արդյունավետության բարձրացում։
2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 5-րդ հոդվածի 4.3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 5. Գործատուի ներքին եւ անհատական իրավական ակտերը
Հին տարբերակ
4.3. Սույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաեւ 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում աշխատանքի ընդունման, ինչպես նաեւ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակը հանձնվում է աշխատողին այն ընդունելուց հետո՝ երեք օրվա ընթացքում:
Նոր տարբերակ
4.3. Սույն օրենսգրքով սահմանված դեպքերում, եթե աշխատանքի ընդունման, ինչպես նաեւ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտն աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի միջոցով չի ընդունվում, ապա աշխատանքի ընդունման, ինչպես նաեւ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակը հանձնվում է աշխատողին այն ընդունելուց հետո՝ երեք օրվա ընթացքում:
Օրենսգրքի 13-րդ հոդվածում 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 13. Աշխատանքային հարաբերությունները
Հին տարբերակ
3. Աշխատանքային հարաբերությունների
ծագումը, փոփոխումը եւ դադարումն
իրականացվում են թվային համակարգի միջոցով,
բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով,
ինչպես նաեւ սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ
մասով սահմանված դեպքերի:
Նոր տարբերակ
3. 2027 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը եւ դադարումն իրականացվում են թվային համակարգի միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի: Մինչեւ 2027 թվականի հուլիսի 1-ը աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը եւ դադարումը կարող են իրականացվել նաեւ թվային համակարգի միջոցով։
Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
5. Եթե աշխատանքային հարաբերությունը ծագում է Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող անձի հետ (աշխատանքը կատարվելու է Հայաստանի Հանրապետությունից դուրս այլ վայրում), ապա վերջինիս հետ աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը եւ դադարումը թվային համակարգի միջոցով չեն իրականացվում:
Օրենսգրքի 14-րդ հոդվածի 1.1-ին մասի երկրորդ նախադասությունում «Աշխատանքային պայմանագիրը կնքված է համարվում Հայաստանի Հանրապետությունում նաեւ, եթե՝» բառերը փոխարինել «Եթե աշխատանքային պայմանագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս այլ վայրում կամ սույն օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով փոխանակելով, ապա աշխատանքային պայմանագիրը կնքված է համարվում Հայաստանի Հանրապետությունում նաեւ, եթե՝» բառերով։
Հին տարբերակ
Աշխատանքային պայմանագիրը կնքված է համարվում Հայաստանի Հանրապետությունում նաեւ, եթե՝
Նոր տարբերակ
Եթե աշխատանքային պայմանագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս այլ վայրում կամ սույն օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով փոխանակելով, ապա աշխատանքային պայմանագիրը կնքված է համարվում Հայաստանի Հանրապետությունում նաեւ, եթե՝
Օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին եւ 5.2-րդ կետերով.
Հոդված 84. Աշխատանքային պայմանագրի բովանդակությունը
5.1) աշխատողի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, բացառությամբ եթե աշխատողը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ եւ փաստացի չի գտնվելու Հայաստանի Հանրապետությունում.
5.2) աշխատողի էլեկտրոնային հասցեն
Օրենսգրքի 85-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 85. Աշխատանքային պայմանագրի եւ աշխատանքային պայմանագրի հավելվածի կնքման
1. Գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` կողմերի, իսկ մինչեւ տասնվեց տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչեւ տասնվեց տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկին կամ խնամակալին: Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաեւ թվային համակարգի միջոցով՝ պահպանելով սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթները։
2. Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաեւ փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով այն կողմերի միջեւ փոխանակելով, որը հնարավորություն է տալիս հաստատելու պայմանագրի իսկությունը եւ ճշգրիտ որոշելու, որ այն ելնում է աշխատանքային պայմանագրի կողմից: Սույն մասով սահմանված դեպքերում աշխատանքային պայմանագիրն ստորագրած կողմը աշխատանքային պայմանագրի մեկ օրինակը մյուս կողմին է տրամադրում եւ նրա ստորագրելուց հետո այն ստանում է հետեւյալ մեկ կամ մի քանի եղանակներով.
1) աշխատանքային պայմանագրի ստորագրված օրինակը պատվիրված նամակով՝ ստանալու մասին ծանուցմամբ, մյուս կողմի տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակության վայր ուղարկելու միջոցով.
2) աշխատանքային պայմանագրի ստորագրված օրինակի արտապատկերումը (ֆաքսիմիլ վերարտադրությունը) ֆաքսիմիլ (հեռապատճենային) կապով ուղարկելու միջոցով.
3) աշխատանքային պայմանագրի ստորագրված եւ էլեկտրոնային պատկերատպված (սկանավորված) օրինակը կամ աշխատանքային պայմանագրի էլեկտրոնային թվային ստորագրությամբ օրինակն էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապով (այդ թվում՝ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված պաշտոնական էլեկտրոնային փոստով) ուղարկելու միջոցով:
3. Մինչեւ տասնվեց տարեկան անձի հետ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում մինչեւ տասնվեց տարեկան անձի անունից աշխատանքային պայմանագիրն ստանում, ստորագրում եւ դրա մեկ օրինակը գործատուին է հանձնում ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկը կամ խնամակալը:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված այն պահից, երբ պայմանագիրն ստորագրած երկու կողմն էլ ստանում է աշխատանքային պայմանագրի՝ երկու կողմի ստորագրած օրինակը:
5. 2027 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային պայմանագիրը էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքվում է թվային համակարգի միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքի: Աշխատանքային պայմանագիրը կնքվում է կողմերի, իսկ մինչեւ տասնվեց տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի էլեկտրոնային թվային ստորագրությամբ մեկ էլեկտրոնային պայմանագիր կազմելու միջոցով: Աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ է մտնում թվային համակարգի միջոցով այն գործատուի եւ աշխատողի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրելու հաջորդ օրը, եթե այդ պայմանագրով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:
6. Աշխատանքային պայմանագրի հավելվածը կնքվում է երկու օրինակից՝ կողմերի, իսկ մինչեւ տասնվեց տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը հավելվածը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչեւ տասնվեց տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկին կամ խնամակալին:
7. Աշխատանքային պայմանագրի հավելվածը կարող է կնքվել նաեւ փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով՝ պահպանելով սույն հոդվածի 2-րդ մասով աշխատանքային պայմանագրի կնքման համար սահմանված դրույթները։
8. Սույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված դեպքերում գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից՝ կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, գործատուն հանձնում է աշխատողին:
9. Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին:
10. Աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված օրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված օրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար:
Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 95.1-ին հոդվածով.
Հոդված 95.1. Օտարերկրացիների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերը
1. 2027 թվականի հուլիսի 1-ից հետո օտարերկրացիների հետ աշխատանքային պայմանագրերը կնքվում են թղթային եղանակով՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու ժամկետով՝ պայմանով, որ օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթն ստանալուց հետո՝ եռամսյա ժամկետում, կնքված պայմանագիրը օրենսդրությամբ սահմանված կարգով մուտքագրում են աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ։
2. 2027 թվականի հուլիսի 1-ից հետո աշխատանքային պայմանագրերը Հայաստանի Հանրապետությունում փախստականի, ապաստան հայցողի հետ կնքվում են թղթային եղանակով՝ պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթն ստանալուց հետո՝ եռամսյա ժամկետում, կնքված պայմանագիրը օրենսդրությամբ սահմանված կարգով մուտքագրում են աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ։
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՕ-40-Ն https://www.arlis.am/hy/acts/221440/latest
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքի փոփոխությունը ընդունվել է 2026 թվականի փետրվարի 23-ին եւ ուժի մեջ է մտել 2026 թվականի փետրվարի 24-ին
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ Աշխատանքային օրենսգրքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք»-ում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-525-Ն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի նոր խմբագրությամբ սահմանվում է աշխատանքային հարաբերությունների թվային համակարգ մուտքագրման անցումային կարգը։
Մասնավորապես, նախատեսվում է, որ մինչեւ 2027 թվականի հուլիսի 1-ը կնքված եւ շարունակվող աշխատանքային պայմանագրերը, ինչպես նաեւ մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ը ընդունված եւ գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը գործատուները պարտավոր են մուտքագրել աշխատանքային պայմանագրերի թվային համակարգ 2026 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2028 թվականի հունիսի 30-ը՝ մուտքագրման պահին գործող պայմաններով, այն դեպքերում, երբ դրանք նախկինում չեն ձեւակերպվել թվային համակարգի միջոցով։
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-525-Ն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
4. Մինչեւ 2027 թվականի հուլիսի 1-ը կնքված եւ շարունակվող աշխատանքային պայմանագրերը, ինչպես նաեւ մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված եւ գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը գործատուները թվային համակարգ են մուտքագրում 2026 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2028 թվականի հունիսի 30-ը՝ մուտքագրման պահին գործող պայմաններով (եթե աշխատանքային պայմանագրերը չեն կնքվել, աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը չեն ընդունվել թվային համակարգի միջոցով): Մինչեւ 2027 թվականի հուլիսի 1-ը կնքված եւ շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաեւ մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված եւ գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի թվային համակարգ մուտքագրման կարգը սահմանում է Կառավարությունը։
ՄԱՍ III. ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2026 թվականի փետրվար ամսվան հարկային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=16151&Reading=0
Նախագծի կարգավիճակը՝
Սույն Օրենքի նախագիծը գտնվում է ՀՀ Ազգային ժողովի օրակարգում.
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ Հարկային օրենսգրքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի եւ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չի նվազեցվում գործուղման ծախսերի (մասնավորապես՝ օրապահիկ, գիշերավարձ, տրանսպորտային ծախսեր, ժամանակավոր գրանցման հետ կապված ծախսեր) այն մասը, որը գերազանցում է՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման դեպքում՝ հարկային տարվա համախառն եկամտի հինգ տոկոսը, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ եւ սույն մասի 2- րդ կետով սահմանված դեպքերի:
Պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառման) կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման հարկային տարվա հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցման ենթակա գործուղման ծախսերի առավելագույն թույլատրելի մեծությունը հաշվարկելու առումով հարկային տարվա համախառն եկամտի հինգ տոկոսի սահմանափակումը հաշվի չի առնվում.
2) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման դեպքում պատվիրատուի հետ կնքված պայմանագրերում կամ պատվիրատուի կողմից վավերացված հաշվարկային փաստաթղթերում առանձնացված՝ այդ աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման իրացման շրջանառության 80 տոկոսը: Սույն կետով սահմանված դեպքերում պատվիրատուի հետ կնքված պայմանագրերի եւ պատվիրատուի վավերացրած հաշվարկային փաստաթղթերի բացակայության կամ այդ պայմանագրերում ու հաշվարկային փաստաթղթերում աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման իրացման շրջանառությունն առանձնացված չլինելու դեպքում շահութահարկով հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցման ենթակա գործուղման ծախսերի թույլատրելի առավելագույն մեծությունը որոշվում է սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով:
Սույն մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված դեպքերում գործուղվողի՝ գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար օրապահիկի ծախսը կարող է նվազեցվել 30 հազար դրամը, իսկ Կառավարության կողմից այլ գումար սահմանված լինելու դեպքում՝ Կառավարության կողմից սահմանված գումարը չգերազանցող գումարի չափով.
3) Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման դեպքում՝ գործուղվողի՝ գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար օրապահիկի գծով 12 հազար դրամը: Ընդ որում, շինարարություն իրականացնող շահութահարկ վճարողների համար Հայաստանի Հանրապետության տարածքում օրապահիկի ծախսերի ամսական հանրագումարը չի կարող գերազանցել տվյալ շինարարությունում ընդգրկված յուրաքանչյուր վարձու աշխատողի հաշվով հաշվարկված՝ տվյալ ամսվա աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների հանրագումարը:
2. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ գործուղման ծախսեր են համարվում շահութահարկ վճարողին կամ նրա աշխատողին Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով գործուղելու դեպքում գործուղվողին նույն օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում հատուցում տրամադրելու համար կատարվող ծախսերը:
2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
Հին տարբերակ
20) ակտիվի սկզբնական արժեք՝ ակտիվի ձեռքբերման գնի (անհատույց ստացման դեպքում՝ ստացվող ակտիվի գնի, իսկ կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ ներդրման դեպքում՝ կողմերի պայմանավորվածությամբ որոշված գնի, որը ենթակա է գնահատման անկախ գնահատողի կողմից՝ օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով), կառուցման կամ ստեղծման կամ մշակման ծախսերի (այդ թվում՝ չփոխհատուցվող եւ Օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չնվազեցվող) հարկերի եւ վճարների), տեղափոխման, տեղակայման ծախսերի եւ (կամ) ձեռքբերման հետ անմիջականորեն կապված այլ ծախսերի հանրագումար՝ դրամական արտահայտությամբ: Լիզինգի (տարատեսակների) առարկան սեփականության իրավունքով հարկ վճարողին անցնելու դեպքում` ակտիվի սկզբնական արժեք է համարվում այդ լիզինգի առարկայի համար սույն մասի 70-րդ կետին համապատասխան հաշվարկված սկզբնական արժեքը: Անհաղթահարելի ուժով` արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված, Կառավարությունը սահմանում է ակտիվի սկզբնական արժեքի որոշման կարգ.
Նոր տարբերակ
«20) ակտիվի սկզբնական արժեք՝ ակտիվի ձեռքբերման գնի (անհատույց ստացման դեպքում՝ ստացվող ակտիվի գնի, իսկ կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ ներդրման դեպքում՝ կողմերի պայմանավորվածությամբ որոշված գնի, որը ենթակա է գնահատման անկախ գնահատողի կողմից՝ օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով), կառուցման կամ ստեղծման կամ մշակման ծախսերի (այդ թվում՝ չփոխհատուցվող եւ Օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չնվազեցվող) հարկերի եւ վճարների), տեղափոխման, տեղակայման ծախսերի եւ (կամ) ձեռքբերման հետ անմիջականորեն կապված այլ ծախսերի հանրագումար՝ դրամական արտահայտությամբ: Ընդ որում,
ա) լիզինգի (տարատեսակների) առարկան սեփականության իրավունքով հարկ վճարողին անցնելու դեպքում` ակտիվի սկզբնական արժեք է համարվում այդ լիզինգի առարկայի համար սույն մասի 70-րդ կետին համապատասխան հաշվարկված սկզբնական արժեքը.
բ) ինքնավար էներգաարտադրողի կողմից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց հավասար փոխհոսքերի տեսքով ստացվող էլեկտրական էներգիայի սկզբնական արժեքը որոշվում է ինքնավար էներգաարտադրողի կողմից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին հավասար փոխհոսքերի տեսքով մատակարարված էլեկտրական էներգիայի արտադրության համար կատարված ծախսերի չափով.
գ) անհաղթահարելի ուժով` արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված, Կառավարությունը սահմանում է ակտիվի սկզբնական արժեքի որոշման կարգ.»:
Օրենսգիրք 16-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
Հոդված 16. Արտարժույթով արտահայտված գործարքների ու գործառնությունների հաշվառման կանոնները
1. Արտարժույթով արտահայտված գործարքների ու գործառնությունների շրջանակներում՝
1) ապրանքների ներմուծման կամ արտահանման գործառնությունների մասով հարկման բազաները, եկամուտները եւ ձեռքբերման արժեքները որոշվում են՝ ա. ԵՏՄ անդամ չհամարվող պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ չհամարվող պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում՝ համապատասխանաբար ապրանքի ներմուծման կամ ապրանքի արտահանման մաքսային հայտարարագրի գրանցման ամսաթվի դրությամբ (անկախ հետագայում այդ գործառնությունների մասով ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքի ներմուծման ճշտված մաքսային հայտարարագիր կամ ապրանքի արտահանման ճշտված մաքսային հայտարարագիր ներկայացնելու հանգամանքից)՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից, բ. ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում՝ համապատասխանաբար ապրանքը Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) կամ ապրանքը Հայաստանի Հանրապետությունից արտահանելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից: Այն դեպքում, երբ ապրանքը Հայաստանի Հանրապետության սահմանը հատում է օդային տրանսպորտով կամ փոստային օպերատորի կողմից մատուցվող փոստային ծառայության միջոցով, ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում հարկման բազաները, եկամուտները եւ ձեռքբերման արժեքները որոշվում են հաշվարկային փաստաթղթի դուրս գրման ամսաթվի դրությամբ, իսկ դրա բացակայության դեպքում՝ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում (կոնոսամենտում, բեռնագրում կամ այլ փաստաթղթերում) նշված ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից.
2) ապրանքների մատակարարման (այդ թվում՝ ապրանքների էլեկտրոնային առեւտրի շրջանակներում ապրանքների մատակարարման), աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման գործարքների մասով (բացառությամբ սույն մասի 3-5-րդ կետերով սահմանված դեպքերի) հարկման բազաները, եկամուտները եւ ձեռքբերման արժեքները որոշվում են Օրենսգրքի 38-րդ եւ 40-րդ հոդվածներով սահմանված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման եւ (կամ) ծառայության մատուցման պահը համարվող օրվա դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից.
3) հարկային գործակալի կողմից վճարվող՝ հարկման ենթակա եկամուտներից հարկի գումարը հաշվարկվում է այդ եկամուտների վճարման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից.
4) հարկային գործակալի բացակայության դեպքում՝ հարկման ենթակա եկամուտների, ինչպես նաեւ այդ եկամուտների գծով ձեւավորվող հարկման բազաների նկատմամբ հարկի գումարի (այդ թվում՝ օտարերկրյա պետություններում գանձված հարկերի) հաշվարկը կատարվում է օրենսգրքով սահմանված հաշվառման մեթոդին համապատասխան այդ եկամուտների հաշվառման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից.
5) արտարժույթի փոխանակման գործարքների մասով եկամուտների եւ ծախսերի հաշվարկը կատարվում է արտարժույթի փոխանակման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից.
6) բացառությամբ սույն մասի 1-5-րդ կետերում նշված գործարքների եւ գործառնությունների՝ դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերի սկզբնական արժեքները որոշվում են դրանց առաջացման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից.
7) սույն մասի 1-6-րդ կետերում չնշված գործարքների եւ գործառնությունների դեպքերում հարկման բազաները, եկամուտները եւ ձեռքբերման արժեքները որոշվում են դրանց համար օրենսգրքով սահմանված հաշվառման մեթոդին համապատասխան հարկման բազաների, եկամուտների եւ ձեռքբերման արժեքների հաշվառման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից:
2. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝
1) որպես տվյալ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից նախորդ աշխատանքային օրը հրապարակված միջին փոխարժեքը, բացառությամբ սույն մասի երկրորդ կետով սահմանված դեպքի.
2) սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքում, որպես տվյալ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տվյալ օրը հրապարակված միջին փոխարժեքը:
Օրենսգրքի 42-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
Հոդված 42. Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման եւ (կամ) ծառայության մատուցման գործարքի ճշգրտումը
Հին տարբերակ
3. Ճշգրտված գործարքի մասով նախկինում դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը շարունակում է համարվել վավեր փաստաթուղթ, սակայն ճշգրտված գործարքի մասով ապրանք մատակարարողը, աշխատանք կատարողը եւ (կամ) ծառայություն մատուցողը (բացառությամբ հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների) Օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով դուրս է գրում նաեւ Օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված՝ համապատասխան ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ: Հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողները գործարքի ճշգրտման արդյունքն արտացոլում են, հանրային ծառայությունների ոլորտը կարգավորող լիազոր մարմնի ընդունած իրավական ակտերի համաձայն, ճշգրտման կատարման օրը ներառող ամսվա ընթացքում իրականացված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման եւ (կամ) ծառայության մատուցման գործարքի համար դուրս գրվող համապատասխան հաշվարկային փաստաթղթում:
Նոր տարբերակ
3. Ճշգրտված գործարքի մասով նախկինում դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը շարունակում է համարվել վավեր փաստաթուղթ, սակայն ճշգրտված գործարքի մասով ապրանք մատակարարողը, աշխատանք կատարողը կամ ծառայություն մատուցողը Օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով դուրս է գրում նաեւ Օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված՝ համապատասխան ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ:
Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
Հոդված 70. Պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը
Հին տարբերակ
5) Օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման եւ վճարման պարտավորությունը կրում է Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը, եթե պայմանագրային հարաբերությունների կողմը համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող, կամ եթե Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մատուցում է էլեկտրոնային ծառայություններ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին, կամ առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը էլեկտրոնային առեւտրի շրջանակներում ապրանքներ է մատակարարում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին:
Նոր տարբերակ
5) Օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման եւ վճարման պարտավորությունը կրում է Օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը, եթե պայմանագրային հարաբերությունների կողմը ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպություն, բացառությամբ պետական մարմինների համայնքային կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, կամ անհատ ձեռնարկատեր է, կամ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մատուցում է էլեկտրոնային ծառայություններ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին, կամ առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը էլեկտրոնային առեւտրի շրջանակներում ապրանքներ է մատակարարում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին:
Օրենսգրքի 71-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 2-րդ մասով`
Հոդված 71. Ավելացված արժեքի հարկի հաշվանցումների (պակասեցումների) իրականացման կարգը
2. Համապատասխան գործարքին վերաբերող` Օրենսգրքի 56-րդ հոդվածի 10-րդ մասի 4-6-րդ կետերով սահմանված դեպքերում չեղարկված հարկային հաշվի փոխարեն`
1) մատակարարների կողմից դուրս գրված` ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի եւ (կամ) ծառայությունը ստացողի կողմից Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վավերացված նոր հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարն արտացոլվում է այն հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկով, որում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» կամ «բ» ենթակետերով սահմանված կարգով հաշվանցման (պակասեցման) ենթակա կլիներ չեղարկված հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը,
2) ԱԱՀ վճարող համարվողի կողմից Օրենսգրքի 56-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով դուրս գրված նոր հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարն արտացոլվում է այն հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկով, որում սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա» կամ «բ» ենթակետերով սահմանված կարգով հաշվանցման (պակասեցման) ենթակա կլիներ չեղարկված հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը:
Օրենսգրքի 109-րդ հոդվածի լրացնել 17-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
Հոդված 109. Եկամտի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները
17) Արտարժույթի փոխանակման գործարքներ իրականացնելիս արտարժույթի վաճառքի կամ ձեռքբերման ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից տարբերվող այլ փոխարժեքի կիրառման արդյունքում ստացվող եկամուտները:
Օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
Հոդված 116. Ներկայացուցչական ծախսերը