ԻՐԱՎԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՈՒՆԻՍ 2026
ՄԱՍ I. ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին.
ՄԱՍ II. ՊԵՏԱԿԱՆ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2026 թվականի հունիսի 18-ի N 845-Ն որոշումը
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-Ի N 1317-Ն
որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
ՄԱՍ III. ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՈԼՈՐՏ
1. Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում փոփոխություններ
եւ լրացումներ կատարելու մասին..
ՄԱՍ IV. ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
1. Սնանկության օրենսգրքի ընդունում.
ՄԱՍ V. ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին 2026 թվականի ապրիլի
16-ին ընդունված ՀՀ օրենք.
ՄԱՍ I. ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2026 թվականի հունիս ամսվան հարկային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե 2012 թվականի հունիսի 26-ի N 197-Ն որոշումը «Վարձու աշխատողի, պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի, փորձնակի եւ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի անհատական տվյալների գրանցման հայտի» ձեւը հաստատելու մասին
https://www.arlis.am/hy/acts/99219
Փոփոխության կարգավիճակը՝
Օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունիսի 19-ից.
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ որոշման համաձայն ընդունվել է «Վարձու աշխատողի, պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի, փորձնակի եւ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի անհատական տվյալների գրանցման հայտի» ձեւը.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունները վերաբերում են վարձու աշխատողի, պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի, փորձնակի եւ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի անհատական տվյալների գրանցման հայտի ձեւի եւ լրացման կարգի կատարելագործմանը։ Նախագծով հստակեցվում են հարկային մարմին ներկայացվող տվյալների կազմը, դրանց լրացման պահանջները, ինչպես նաեւ աշխատանքային, քաղաքացիաիրավական, մասնագիտական ուսուցման եւ սոցիալական վճարների հետ կապված տեղեկությունների ներկայացման կարգը։ Փոփոխության նպատակն է ապահովել անհատական տվյալների հաշվառման գործընթացի առավել արդյունավետ եւ միասնական իրականացումը, հստակեցնել գործատուների կողմից ներկայացվող տեղեկությունների բովանդակությունն ու ձեւաչափը, ինչպես նաեւ նպաստել հարկային եւ սոցիալական հաշվառման համակարգերի ճշգրիտ եւ ամբողջական տվյալների ձեւավորմանը։
ՄԱՍ II. ՊԵՏԱԿԱՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2026 թվականի հունիս ամսվան պետական ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2026 թվականի հունիսի 18-ի N 845- Ն որոշումը Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-Ի N 1317-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2026 թվականի հունիսի 18-ի N 845-Ն որոշումը Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-Ի N 1317-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
https://www.arlis.am/hy/acts/226673
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումն ուժի մեջ է մտել 2026թվականի հունիսի 19-ին։
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Հանրապետության Կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-Ի N 1317-Ն որոշումը
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունները վերաբերում են ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության կիրառման պայմանների վերանայմանը՝ մանկական, դպրոցական եւ ուսումնական հրատարակությունների մասով։ Փոփոխությամբ ուժը կորցրած են ճանաչվում այն դրույթները, որոնց համաձայն նշված հրատարակությունների օտարումն ազատվում էր ավելացված արժեքի հարկից միայն այն դեպքում, եթե դրանք պաշտոնապես հաստատվել կամ երաշխավորվել էին Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կողմից։ Կարգավորման նպատակն է վերացնել ավելացված արժեքի հարկից ազատման համար նախատեսված նախարարության պաշտոնական հաստատման կամ երաշխավորման պահանջը, պարզեցնել հարկային արտոնության կիրառման պայմանները եւ համապատասխանեցնել գործող իրավակարգավորումները՝ բացառելով այլեւս անհրաժեշտություն չունեցող սահմանափակումները։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 հունիսի 2026 թվականի N 845-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1317-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակները սահմանելու մասին» N 1317-Ն որոշման 1-ին կետով սահմանված N 1 հավելվածի`
1) 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերի վերջին նախադասություններն ուժը կորցրած ճանաչել.
3-րդ կետից ուժը կորցրել է հետեւյալ նախադասությունը.
«Հրատարակչի կամ իրացնողի կողմից մանկական գրականության օտարումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, եթե տվյալ գրականությունը Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կողմից պաշտոնապես հաստատվել կամ երաշխավորվել է որպես մանկական»։
4-րդ կետից ուժը կորցրել է հետեւյալ նախադասությունը.
«Դպրոցական հրատարակությունների օտարումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, եթե դրանք պաշտոնապես հաստատվել կամ երաշխավորվել են Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կողմից՝ որպես դպրոցական»։
5-րդ կետից ուժը կորցրել է հետեւյալ նախադասությունը.
«Ուսումնական հրատարակությունների օտարումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, եթե դրանք պաշտոնապես հաստատվել կամ երաշխավորվել են Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կողմից»։
ՄԱՍ III. ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2026 թվականի մայիս ամսվան կորպորատիվ ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ 11.05.2026, N ՀՕ-192-Ն օրենք
https://www.arlis.am/hy/acts/225011
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունիսի 15-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունները վերաբերում են բաժնետիրական ընկերություններում փոքրամասնություն կազմող (վերահսկող չհամարվող) բաժնետերերի իրավունքների պաշտպանության մեխանիզմների ընդլայնմանը, բաժնետոմսերի պարտադիր հետգնման հիմքերի հստակեցմանը, վերահսկող բաժնետիրոջ հասկացության սահմանմանը եւ բաժնետոմսերի գնահատման գործընթացի կարգավորմանը։ Նախագծով զգալիորեն ընդլայնվում են այն դեպքերը, երբ բաժնետերը կարող է պահանջել ընկերությունից իրեն պատկանող բաժնետոմսերի հետգնում, մասնավորապես՝ եթե ընկերության կամ վերահսկող բաժնետիրոջ որոշումները, գործողությունները կամ անգործությունը ակնհայտ անբարենպաստ հետեւանքներ են առաջացնում վերահսկող չհամարվող բաժնետիրոջ համար, եթե երկար ժամանակ չեն գումարվել տարեկան ընդհանուր ժողովներ, չեն հաստատվել տարեկան հաշվետվությունները, չեն բաշխվել կամ վճարվել շահութաբաժիններ, ինչպես նաեւ այլ դեպքերում, երբ դատարանը կարող է արձանագրել իրավունքի չարաշահում։
Միաժամանակ սահմանվում է «վերահսկող բաժնետեր» հասկացությունը՝ որպես այն բաժնետերը, որը միանձնյա տիրապետում է ընկերության քվեարկող բաժնետոմսերի եւ դրանցով տրամադրվող ձայների առնվազն 50 տոկոսին կամ այլ եղանակով կարող է կանխորոշել ընկերության որոշումները։ Նույն կարգավիճակը կարող է վերագրվել նաեւ երկու կամ ավելի բաժնետերերի, որոնք գործում են համաձայնեցված եւ վերահսկում են ընկերության որոշումների ընդունումը՝ ի վնաս փոքրամասնություն կազմող բաժնետերերի շահերի։
Բացի այդ, նախատեսվում է, որ օրենքով նախատեսված դեպքերում բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքի գնահատում կարող են իրականացնել միայն Կառավարության կողմից սահմանվելիք չափանիշներին համապատասխանող գնահատող անձինք։ Միաժամանակ սահմանվում է, որ նոր կարգավորումները կիրառելի են նաեւ մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը հիմնադրված ընկերությունների եւ դրանց վերահսկող բաժնետերերի նկատմամբ, իսկ Կառավարությունը պարտավորվում է սահմանված ժամկետում ընդունել արժեթղթերի գնահատողներին ներկայացվող չափանիշները սահմանող որոշում։
«Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 57-րդ հոդվածում 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 57. Ընկերության բաժնետոմսերի հետգնումը բաժնետերերի պահանջով
Հին տարբերակ
1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերն իրավունք ունեն Ընկերությունից պահանջել բաժնետոմսերի հետգնման գնի որոշում եւ իրենց պատկանող բաժնետոմսերի կամ դրանց մի մասի հետգնումը, եթե` ա) որոշում է ընդունվել Ընկերության վերակազմակերպման, նախապատվության իրավունքի կասեցման կամ խոշոր գործարք կնքելու մասին` սույն օրենքի 61-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, եւ նշված բաժնետերերը քվեարկել են Ընկերության վերակազմակերպման, նախապատվության իրավունքի կասեցման կամ նշված խոշոր գործարք կնքելու դեմ, կամ այդ հարցերով քվեարկությանը չեն մասնակցել. բ) կանոնադրության մեջ լրացումներ կամ փոփոխություններ են կատարվել, կամ հաստատվել է կանոնադրությունը նոր խմբագրությամբ, որի հետեւանքով սահմանափակվել են նշված բաժնետերերի իրավունքները, եւ նրանք դեմ են քվեարկել կամ քվեարկությանը չեն մասնակցել:
Նոր տարբերակ
1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերն իրավունք ունեն Ընկերությունից պահանջելու բաժնետոմսերի հետգնման գնի որոշում եւ իրենց պատկանող բաժնետոմսերի կամ դրանց մի մասի հետգնում, եթե`
1) որոշում է ընդունվել Ընկերության վերակազմակերպման, նախապատվության իրավունքի կասեցման կամ խոշոր գործարք կնքելու մասին` սույն օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, եւ նշված բաժնետերերը քվեարկել են Ընկերության վերակազմակերպման, նախապատվության իրավունքի կասեցման կամ նշված խոշոր գործարք կնքելու դեմ կամ այդ հարցերով քվեարկությանը չեն մասնակցել.
2) կանոնադրության մեջ լրացումներ կամ փոփոխություններ են կատարվել, կամ հաստատվել է կանոնադրությունը նոր խմբագրությամբ, որի հետեւանքով սահմանափակվել են նշված բաժնետերերի իրավունքները, եւ նրանք դեմ են քվեարկել կամ քվեարկությանը չեն մասնակցել.
3) Ընկերության կամ վերահսկող բաժնետիրոջ որոշումը, գործողությունը կամ անգործությունը ակնհայտ անբարենպաստ հետեւանքներ են առաջացնում Ընկերության վերահսկող չհամարվող բաժնետիրոջ համար, ներառյալ երբ Ընկերության վերահսկող բաժնետիրոջը տրվում է ակնհայտ անհամաչափ առավելություն՝ ի վնաս Ընկերության վերահսկող չհամարվող բաժնետերերի.
4) Ընկերությունը գործունեության վերջին հինգ տարում առնվազն երեք տարի չի գումարել բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով կամ չի իրականացրել Ընկերության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների եւ վնասների հաշվի, շահույթների եւ վնասների բաշխման հաստատում, տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունում եւ տարեկան շահութաբաժինների չափի հաստատում։ Ընդ որում, բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի մասին բաժնետիրոջը չծանուցելը վերահսկող չհամարվող բաժնետիրոջ համար սույն կետով սահմանված հիմք է Ընկերության կողմից իրեն պատկանող բաժնետոմսի հետգնման իրավունքի իրացման համար.
5) Ընկերությունը գործունեության վերջին 10 տարվա մեջ առնվազն հինգ տարի չի բաշխել կամ չի վճարել Ընկերության՝ վերահսկող չհամարվող բաժնետիրոջ շահութաբաժինները, կամ բաշխած եւ վճարած շահաբաժինները աննշան են վերահսկող չհամարվող բաժնետիրոջը պատկանող՝ միայն Ընկերության զուտ ակտիվների արժեքի հիման վրա որոշված բաժնետոմսերի շուկայական արժեքի տարեկան միջին եկամտաբերության նկատմամբ՝ հաշվարկված ըստ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի, եթե այլ բան նախատեսված չէ Ընկերության բաժնետերերի միջեւ կնքված բաժնետիրական համաձայնագրով. 6) առկա են այլ հիմքեր, որոնք դատարանի կողմից կարող են համարվել Ընկերության կամ վերահսկող բաժնետիրոջ կողմից իրավունքի չարաշահում.
Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
1.1. Սույն հոդվածի իմաստով բաժնետերը համարվում է վերահսկող, եթե նա ուղղակիորեն միանձնյա տիրապետում է Ընկերության քվեարկող բաժնետոմսերի եւ միաժամանակ դրանցով տրամադրվող ձայների 50 եւ ավելի տոկոսին կամ օրենքով չարգելված որեւէ ձեւով հնարավորություն ունի կանխորոշելու Ընկերության որոշումները։ Ընկերության երկու կամ ավելի բաժնետերերը, որոնք միասին տիրապետում են Ընկերության քվեարկող բաժնետոմսերի եւ միաժամանակ դրանցով տրամադրվող ձայների 50 եւ ավելի տոկոսին եւ գործում են համաձայնեցված՝ վերահսկող չհամարվող բաժնետերերի շահերի դեմ, սույն հոդվածի իմաստով նույնպես համարվում են վերահսկող բաժնետեր:
Օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
Հոդված 59. Ընկերության գույքի շուկայական արժեքի որոշման կարգը
5. Եթե բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքի գնահատման անհրաժեշտությունը կամ հնարավորությունը նախատեսված է օրենքով, ապա բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի գնահատում կարող է իրականացնել միայն Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող անձը:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքով նախատեսված կարգավորումները կիրառելի են նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը հիմնադրված ընկերությունների, սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով լրացվող Օրենքի 57- րդ հոդվածի 1.1-ին մասի իմաստով վերահսկող բաժնետերերի եւ այդ ընկերությունների ու բաժնետերերի գործունեության նկատմամբ։
3. Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված՝ բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի գնահատում իրականացնող անձանց ներկայացվող չափանիշները սահմանող Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
ՄԱՍ IV. ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2026 թվականի հունիս ամսվան սնանկության ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Սնանկության օրենսգրքի ընդունում
Օրենսդրական ակտի անվանումը՝
Սնանկության օրենսգրքի ընդունում 2026 թվականի հունիսի 18-ին http://www.parliament.am/draftreading_docs8/K-1201_DR2.pdf
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենսգիրքըուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 1 տարի հետո, իսկ Սնանկության օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայումս գործող «Սնանկության մասին» ՀՕ-51-Ն օրենքը ճանաչվում է ուժը կորցրած։
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ «Սնանկության մասին» ՀՕ-51-Ն օրենքը ճանաչվելու է ուժը կորցրած.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն օրենսգրքի ընդունման հիմնական նպատակն է սնանկության ոլորտի իրավական կարգավորումների համակարգումը եւ կատարելագործումը՝ ստեղծելով սնանկության վարույթների իրականացման առավել հստակ, արդյունավետ եւ կանխատեսելի իրավական հիմքեր։ Օրենսգիրքը նպատակ ունի հստակեցնել պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերը, պայմանները եւ չափանիշները, կարգավորել սնանկությունը կանխարգելող ընթացակարգերը, ինչպես նաեւ վերանայել լուծարման եւ առողջացման վարույթների հարաբերակցությունն ու բովանդակությունը՝ առավել նպաստավոր պայմաններ ստեղծելով պարտապանի վճարունակության վերականգնման համար։ Միաժամանակ, օրենսգրքի ընդունմամբ նպատակ է հետապնդվում կատարելագործել սնանկության կառավարիչների իրավական կարգավիճակին, իրավունքներին եւ պարտականություններին վերաբերող կարգավորումները, ապահովել պարտապանի գույքի գույքագրման, գնահատման եւ իրացման գործընթացների առավել արդյունավետ իրականացումը, հստակեցնել դատարանի եւ վարույթի մասնակիցների լիազորությունները, ինչպես նաեւ կարգավորել սնանկության հատուկ ընթացակարգերը եւ օտարերկրյա տարրի մասնակցությամբ վարույթները՝ ապահովելով իրավական որոշակիությունը, իրավակիրառ պրակտիկայի միասնականությունը եւ սնանկության վարույթների արդյունավետությունը։
Ստորեւ ներկայացված են Սնանկության օրենսգրքի առանցքային կարգավորումները։
ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԱՐՈՒՅԹ
Հոդված 116. Կանխարգելիչ վերակառուցում սկսելու հիմքերը եւ կարգավորումը
1. Կանխարգելիչ վերակառուցման վարույթ սկսելու դիմում կարող է ներկայացվել սնանկության վտանգի դեպքում։
Հոդված 117. Կանխարգելիչ վերակառուցում սկսելու դիմում ներկայացնելը
1. Կանխարգելիչ վերակառուցման վարույթ սկսելու դիմում կարող է ներկայացնել պարտապանը կամ պարտատերերը՝ պարտապանի համաձայնությամբ։
Հոդված 124. Վերակառուցման ծրագրի ազդեցությունը
1. Դատական կարգով հաստատված վերակառուցման ծրագիրը պարտադիր է ծրագրում ներառված բոլոր պարտատերերի համար։
Անվճարունակության չափանիշները եւ սնանկ ճանաչելու հիմքերը
Հոդված 3. Պարտապան իրավաբանական անձի անվճարունակության հատկանիշները եւ սնանկ ճանաչելու հիմքերը
1. Պարտապան իրավաբանական անձը համարվում է անվճարունակ՝
1) եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների մեկամսյա կամ ավելի ժամկետով կետանց (փաստացի անվճարունակություն), կամ
2) եթե հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ պարտապանի պարտավորություններն գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը (հաշվեկշռային անվճարունակություն):
2. Անվճարունակ իրավաբանական անձ պարտապանը Սնանկության դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել՝
1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով՝ հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե վճռի կայացման պահին պարտապանի կետանցը՝ պայմանավորված վճարում կատարելու պարտապանի փաստացի անկարողությամբ, շարունակվում է.
2) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ կամավոր սնանկության դիմումի հիման վրա։
3. Հարկադրված սնանկության դիմումի դեպքում, ենթադրվում է, որ պարտապան իրավաբանական անձի կետանցը պայմանավորված է վերջինիս կողմից վճարում կատարելու փաստացի անկարողությամբ, քանի դեռ հակառակն ապացուցված չէ։ Վճարում կատարելու փաստացի կարողության վերաբերյալ պարտապանի կողմից ապացույցներ ներկայացվելու դեպքում Սնանկության դատարանը իրավունք ունի գործի քննությունը հետաձգելու՝ տրամադրելով մինչեւ վեցամսյա ժամկետ պարտապանի պարտավորության կատարման կամ կողմերի միջեւ հաշտության համար։ Գործի քննությունը վերսկսկելուց հետո կետանցված պարտավորությունը կատարված չլինելու կամ կողմերի միջեւ հաշտություն ձեռք բերված չլինելու դեպքում, դատարանը հաստատված է համարում, որ պարտավորության կետանցը պայմանավորված է պարտապանի կողմից վճարում կատարեու փաստացի անկարողությամբ։
4. Բաժնետիրական ընկերության կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հաշվեկշռային անվճարունակության հիմքով սեփական սնանկության ճանաչման դիմում կարող է ներկայացվել՝ Ընկերության զուտ ակտիվների արժեքը բացասական մեծություն կազմելու դեպքերում համապատասխանաբար «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով կամ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքով սահմանված ընթացակարգը պահպանելուց հետո:
Հոդված 4.Պարտապան ֆիզիկական անձի անվճարունակության հատկանիշները եւ սնանկ ճանաչելու հիմքերը
1. Պարտապան ֆիզիկական անձը համարվում է անվճարունակ, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների մեկամսյա կամ ավելի ժամկետով կետանց (փաստացի անվճարունակություն)։
2. Անվճարունակ ֆիզիկական անձ պարտապանը Սնանկության դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել, եթե վճռի կայացման պահին պարտապանի կետանցը՝ պայմանավորված վճարում կատարելու պարտապանի փաստացի անկարողությամբ եւ այդ կետանցը շարունակվում է՝ հարկադրված սնանկության դիմումի հիման վրա կամ կամավոր սնանկության դիմումի հիման վրա։
3. Հարկադրված սնանկության դիմումի դեպքում, ենթադրվում է, որ պարտապան ֆիզիկական անձի կետանցը պայմանավորված է վերջինիս կողմից վճարում կատարելու փաստացի անկարողությամբ, քանի դեռ հակառակն ապացուցված չէ։ Վճարում կատարելու փաստացի կարողության վերաբերյալ պարտապանի կողմից ապացույցներ ներկայացվելու դեպքում Սնանկության դատարանն իրավունք ունի գործի քննությունը հետաձգելու՝ տրամադրելով մինչեւ հաշտության համար։ Գործի քննությունը վերսկսկելուց հետո կետանցված պարտավորությունը կատարված չլինելու կամ կողմերի միջեւ հաշտություն ձեռք բերված չլինելու դեպքում, դատարանը հաստատված է համարում, որ պարտավորության կետանցը պայմանավորված է պարտապանի կողմից վճարում կատարելու փաստացի անկարողությամբ։
4. Կամավոր սնանկության դիմումի դեպքում, պարտապան ֆիզիկական անձը պետք է ապացուցի, որ կետանցը պայմանավորված է իր կողմից վճարում կատարելու փաստացի անկարողությամբ։
5. Սնանկության դատարանը կարող է մերժել ֆիզիկական անձ պարտապանի կամավոր սնանկության դիմումը, եթե դիմումի քննության արդյունքներով պարզվում է, որ պարտապանը իր գործողություններով նպաստել է սեփական անվճարունակության առաջացմանը։
6. Սնանկության դատարանը սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված որոշումը կարող է կայացնել, եթե սույն օրենսգրքի Հոդված 262-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերից ակնհայտորեն բխում է, որ ֆիզիկական անձի անվճարուբակությունը սույն օրենսգրքի Հոդված 193-րդ հոդվածով նախատեսված կասկածելի գործարքների հետեւանք է։
Հոդված 141. Իրավաբանական անձ պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերը եւ կարգը
1. Անվճարունակ իրավաբանական անձ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով`
1) կամավոր սնանկության դիմումի հիման վրա, կամ
2) պարտատիրոջ պահանջով՝ հարկադրված սնանկության դիմումի հիման վրա:
2. Սնանկության դիմումը կարող է հիմնվել տարբեր պարտավորություններով միավորված պահանջների վրա:
3. Հարկադրված սնանկության դիմում կարող են ներկայացնել մեկ կամ մի քանի պարտատերերը համատեղ։
4. Հարուցված սնանկության գործով մինչեւ պարտապանին սնանկ ճանաչելու հարցի լուծումը նոր սնանկության դիմումը ներկայացվում եւ քննվում է սնանկության գործը քննող դատավորին՝ նույն սնանկության գործի շրջանակում։ Նոր սնանկության դիմումի համար համաձայն «Պետական տուրքի մասին» օրենքի պետական տուրք չի վճարվում։.
Սնանկության դիմումի քննության ընթացակարգը եւ վարույթի ավարտման հիմքերը
Հոդված 153. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու հետեւանքները
2. Սնանկության դիմումը վարույթ ընդունելու որոշմամբ Սնանկության դատարանը կողմի միջնորդությամբ դիմումի հիմքում դրված պարտավորության եւ սնանկության վարույթի ծախսերի չափով արգելանք է դնում պարտապանի գույքի վրա։ Սնանկության դիմումը վարույթ ընդունելու որոշմամբ Սնանակության դատարանը կողմի միջնորդությամբ կարող է արգելել կամ սահմանափակել նաեւ պարտապան իրավաբանական անձի փոփոխությունների գրանցումը։
Հոդված 158. Պահանջից հրաժարվելը
1. Դիմողը սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում իրավունք ունի հրաժարվել իր սնանկ ճանաչելու մասին պահանջից։
2. Սնանկության դատարանը, նախքան պահանջից հրաժարման հիման վրա գործի վարույթի կարճումը, հրավիրում է դատական նիստ եւ դիմողին պարզաբանում է պահանջից հրաժարվելու դատավարական հետեւանքները, բացառությամբ այն դեպքի, երբ պահանջից հրաժարվելու միջնորդությունը ներկայացնում է իրավաբանական անձը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ որպես ներկայացուցիչ փաստաբան ունեցող ֆիզիկական անձը։
3. Սույն հոդվածի 1-ին մասի պահանջների խախտմամբ պահանջից հրաժարումը ենթակա չէ դատարանի կողմից քննարկման։
Հոդված 159. Հաշտության համաձայնությունը
1. Սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալու օրվանից պարտատերը եւ պարտապանը կարող են կնքել հաշտության համաձայնություն, որը ձեւակերպվում է գրավոր, ստորագրվում է կողմերի կողմից եւ ներկայացվում է դատարանի հաստատմանը։
2. Սնանկության Դատարանը հաշտության համաձայնությունը քննարկում է դատական նիստում՝ կողմերի մասնակցությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշտության համաձայնությունը ստորագրող կողմը իրավաբանական անձ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ որպես ներկայացուցիչ փաստաբան ունեցող ֆիզիկական անձ է, կամ հաշտության համաձայնության կողմերը միջնորդել հաշտության համաձայնությունն իրենց բացակայությամբ քննարկելու վերաբերյալ:
3. Հաշտության համաձայնությունը դատական նիստում քննարկելիս Սնանկության Դատարանը դատական նիստին ներկայացած անձանց պարզաբանում է դրա հաստատման դատավարական հետեւանքները: 4. Սնանկության Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե՝
1) այն հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերին.
2) խախտում է այլ անձի իրավունքները կամ օրինական շահերը.
3) պարունակում է այնպիսի պայմաններ, որոնք թույլ չեն տալիս որոշակիորեն պարզել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք կողմը պարտավոր է կատարել.
4) պարունակում է այնպիսի պարտավորություններ, որոնց կատարումը պայմանավորված է մյուս կողմի պարտավորության կատարմամբ:
5. Հաշտության համաձայնությունը դատարանի կողմից չհաստատվելու դեպքում սնանկ ճանաչելու հարցի քննությունը շարունակվում է: Դատարանը հաշտության համաձայնությունը չհաստատելու դեպքում կայացնում է արձանագրային որոշում: Սնանկության դատարանի կողմից չհաստատված հաշտության համաձայնությունը որեւէ նյութաիրավական կամ դատավարական հետեւանք չի առաջացնում:
Հոդված 160. Վարույթի ավարտը առանց սնանկ ճանաչելու հարցը ըստ էության լուծելու
1. Սնանկության դատարանը սնանկ ճանաչելու մասին դիմումը թողնում է առանց քննության, եթե`
1) դիմումը ներկայացրել է դատավարական գործունակությամբ չօժտված անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ դատավարական գործունակությամբ չօժտված անձի օրինական ներկայացուցիչը պնդում է դիմումը.
2) դիմումն ստորագրել է այն ստորագրելու իրավունք չունեցող անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումն ստորագրելու իրավունք ունեցող անձը պնդում է դիմումը.
3) ծանուցված դիմողը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին եւ չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, եւ պարտապանը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
2. Սնանկության դատարանը սնանկ ճանաչելու հարցի քննության վարույթում կարճում է սնանկության գործի վարույթը, եթե՝
1) առկա է պարտապանին սնանկ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ գտնվող վճիռ.
2) պարտատիրոջ մահից հետո սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրված անվիճելի պարտավորությունը բացառում է իրավահաջորդությունը.
3) դիմումը ներկայացվել է լուծարված իրավաբանական անձի դեմ.
4) դիմողը հրաժարվել է պահանջից.
5) սնանկ ճանաչելու դիմումը վարույթ ընդունելուց հետո անվճարունակության հատկանիշները վերացել են.
6) դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը, ներառյալ` հաշտարարության արդյունքով կնքված հաշտության համաձայնությունը։
3. Դիմումը առանք քննության թողնելու եւ գործի վարույթը կարճելու մասին դատարանը կայացնում է որոշում, որով լուծվում են նաեւ դատական ծախսերի հատուցման, բաշխման եւ հայցի ապահովման միջոցների վերացման հարցերը։
Հոդված 161. Սնանկ ճանաչելու հարցի ըստ էության լուծումը
1. Սնանկ ճանաչելու հարցը դատարանը քննում է դիմումի հիմքերի եւ հիմնավորումների սահմաններում։
2. Սնանկության գործի շրջանակում պարտապանին սնանկ ճանաչելու մասին մի քանի դիմումների առկայության դեպքում դատարանը լուծում է դրանցից յուրաքանչյուրի հիմքով պարտապանի սնանկության հարցը։
3. Սնանկ ճանաչելու հարցի ըստ էության քննության արդյունքով դատարանը վճիռ է կայացնում՝
1) պարտապանին սնանկ ճանաչելու մասին.
2) պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին։
4. Պարտապանին սնանկ ճանաչելու հարցի ըստ էության քննության շրջանակում կայացված վճռով դատարանը լուծում է նաեւ՝
1) սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրված գործարքի պարտապանի առարկությամբ բարձրացված վավերության հարցը.
2) դատական ծախսերի հատուցման եւ բաշխման հարցը:
Լուծարման վարույթը, գույքի իրացումը եւ սնանկության գործի ավարտը
Հոդված 223. Պարտապան իրավաբանական անձի լուծարման վարույթը
1. Սույն օրենսգրքով սահմանված ժամկետում ֆինանսական առողջացման ծրագիր չներկայացվելու, ներկայացված ծրագրի հաստատումը մերժվելու, ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցվելու, ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվության հաստատումը մերժվելու դեպքում Սնանկության դատարանը որոշում է կայացնում պարտապան իրավաբանական անձի լուծարման վարույթ սկսելու մասին (այսուհետ` պարտապանի լուծարում)՝ համապատսախան հիմքը հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում:
2. Պարտապանի լուծարման մասին որոշման կայացումից հետո` 5 օրվա ընթացքում, կառավարիչն այն հրապարակում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Պարտապանին լուծարելու մասին որոշման մեկ օրինակը Սնանկության դատարանն ուղարկում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնին` համապատասխան գրառում կատարելու համար:
3. Պարտապանին լուծարելու մասին որոշման հրապարակումից հետո կառավարիչը սույն օրենսգրքով սահմանված կարգով իրականացնում է պարտապանի գույքի վաճառքը:
Հոդված 225. Պարտապանի գործունեության կասեցումը
1. Եթե Սնանկության դատարանը կայացրել է պարտապանին լուծարելու մասին որոշում, ապա պարտապանի ղեկավարի, պարտապանի կառավարման այլ մարմինների եւ պարտապանի հիմնադիրների բոլոր լիազորությունները, գույքը կառավարելու կամ տնօրինելու` պարտապանի բոլոր իրավունքները, կասեցվում են Սնանկության դատարանի որոշմամբ, բացառությամբ պարտապանի պարտավորությունները կատարելու համար երրորդ անձանց կողմից միջոցներ տրամադրելու վերաբերյալ պայմանագրերի կնքման մասին որոշումներ կայացնելու լիազորությունների:
2. Սնանկության դատարանի որոշմամբ պարտապանի` գույքը կառավարելու կամ տնօրինելու իրավունքները կարող են կասեցվել նաեւ մինչեւ պարտապանի լուծարումը, եթե պարտապանի գործունեությունն ակնհայտորեն անշահավետ է, կարող է բերել պարտապանին պատկանող գույքի արժեքի նվազեցմանը, կամ ակնհայտ է, որ պարտապանը չի կարող ներկայացնել պարտատերերի համար ընդունելի ֆինանսական առողջացման ծրագիր:
Հոդված 231. Նոր իրավաբանական անձի ստեղծման վարույթի իրականացումը
1. Նոր իրավաբանական անձի ստեղծման վարույթն իրականացվում է սույն հոդվածով սահմանված առանձնահատկություններին համապատասխան պարտապանի առանձնացման ձեւով վերակազմակերպման եւ այդ վերակազմակերպման արդյունքում հիմնադրվող (նոր ստեղծվող) իրավաբանակն անձի բաժնեմասը սույն օրենսգրքով սահմանված կարգով պարտատերերն սեփականության իրավունքով փոխանցելու միջոցով։
Հոդված 240. Լուծարման վարույթում չվաճառված կամ պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո մնացած գույքը
1. Սնանկ ճանաչված պարտապանի հիմնադիրը (մասնակիցը, բաժնետերը, անդամը) սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի ստանալու պարտապանի գույքը հետեւյալ դեպքերում.
1) պարտատերերը հրաժարվել են ընդունել լուծարման վարույթի ընթացքում չվաճառված պարտապանի գույքը իրենց պահանջների բավարարման նպատակով,
2) պարտապանի գույքը մնացել է պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո:
Հոդված 241. Անցումը ֆինանսական առողջացման
1. Եթե պարտապանի սնանկության վարույթում ֆինանսական առողջացում չի իրականացվել, իսկ լուծարման վարույթի ընթացքում կառավարիչն ունի բավարար հիմքեր, այդ թվում՝ ֆինանսական վերլուծության տվյալներով հաստատված հիմքեր՝ ենթադրելու, որ պարտապանի վճարունակությունը կարող է վերականգնվել, ապա կառավարիչը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում հրավիրել պարտատերերի ժողով՝ լուծարման վարույթի դադարեցման եւ ֆինանսական առողջացման անցնելու վերաբերյալ Սնանկության դատարան դիմում ներկայացնելու հարցով:
5. Եթե Սնանկության դատարանը որոշում է կայացնում լուծարման վարույթի դադարեցման եւ ֆինանսական առողջացման անցնելու մասին, ապա.
1) դադարում են պարտապանի կառավարման մարմինների գործունեության սույն գլխով նախատեսված սահմանափակումները;
2) լուծարման վարույթի ընթացքում բավարարված պահանջները համարվում են մարված եւ ենթակա չեն վերականգնման։.
Հոդված 242. Սնանկության գործն ավարտելու մասին միջնորդությունը
1. Սնանկության գործն ավարտելու մասին միջնորդությունը Սնանկության դատարան կարող են ներկայացնել պարտապանը եւ սնանկության գործով կառավարիչը, եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ։ Միջնորդությունը Սնանկության դատարան կարող է ներկայացվել, եթե առկա են հետեւյալ հանգամանքներից առնվազն մեկը.
1) պարտապանի նկատմամբ պահանջներ չեն ներկայացվել.
2) պարտապանը չունի սնանկության վարույթի գույքակազմում ներառման ենթակա գույք կամ պարտապանի գույքը հայտնաբերել հնարավոր չէ կամ պարտապանի գույքն այնքան փոքրարժեք է, որ ողջամիտ չէ սնանկության հետագա ընթացակարգերի իրականացումը, կամ պարտապանի գույքի հայտնաբերման կամ ակտիվների հավաքման ուղղությամբ իրականացվելիք ծախսերը տնտեսապես արդարացված չեն՝ սնանկության հետագա ընթացակարգերի իրականացումը արդյունավետ չէ.
3) արտավորությունների մարմանն ուղղված՝ սույն օրենսգրքով նախատեսված հնարավոր գործողությունների արդյունքում հաստատված պահանջները ամբողջությամբ բավարարվել են.
4) պարտավորությունների մարմանն ուղղված՝ սույն օրենսգրքով նախատեսված հնարավոր գործողություններն ամբողջությամբ կատարվելուց հետո հաստատված պահանջներն ամբողջությամբ չեն մարվել, եւ առկա է սույն մասի 2-րդ կետով նշված հանգամանքներից առնվազն մեկը.
5) պարտատերերը հրաժարվել են իրենց պահանջներից կամ երկարաձգել են դրանց կատարման ժամկետը, որի արդյունքում պարտավորությունների չափը նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից փոքր է, եւ առկա չէ որեւէ պարտավորության գծով եռամսյա օրից ավելի կետանց։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի առանձնահատկությունները սնանկության վարույթում
Հոդված 299. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով իրավասու մարմնի կարգավիճակը սնանկության վարույթի ընթացքում
Սույն օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված իրավասու մարմինը (այսուհետ սույն գլխում՝ Իրավասու մարմին) պարտավոր է սնանկության գործը վարող դատարան ներկայացնել տեղեկատվություն պարտապանի գույքի առնչությամբ` ծանուցումն ստանալու պահին ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտերի, հարուցված քաղաքացիական գործերի, կատարողական վարույթների եւ կիրառված ապահովման միջոցների մասին։ Եթե սույն մասով նշված ժամկետում հանգամանքներն դեռ ի հայտ չեն եկել, ապա Իրավասու մարմինը պարտապանի գույքի առնչությամբ` ծանուցումն ստանալուց հետո ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտերի, հարուցված քաղաքացիական գործերի, կատարողական վարույթների եւ կիրառված ապահովման միջոցների մասին դատարան է ներկայացնում տեղեկատվություն համապատասխան հանգամանքների ի հայտ գալուց հետո՝ 15-օրյա ժամկետում։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետներում Իրավասու մարմինը դատարան է ներկայացնում նաեւ տեղեկատվություն պարտատերերի այն պահանջների մասին, որոնք վիճարկվում են Իրավասու մարմնի կողմից։
3. Կանխարգելիչ վերակառուցման վարույթի դիմումը բավարարելու եւ ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին կամ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Իրավասու մարմինը կարող է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակներում ծանոթանալ սնանկության վարույթի նյութերին։
4. Եթե սնանկության վարույթի իրականացումը կարող է ազդել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի վրա, ապա Իրավասու մարմինը սույն օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո իր նախաձեռնությամբ կարող է դիմել դատարան՝ միջնորդելով ճանաչել Իրավասու մարմինը՝ որպես շահագրգիռ անձ։ Դատարանի կողմից միջնորդությունը բավարարվելու դեպքում իրավասու մարմինը սույն օրենսգրքի 26 եւ 28-րդ գլուխներով նախատեսված հարցերով ձեռք է բերում պարտատիրոջ կարգավիճակից բխող իրավունքներ, ներառյալ՝ դիմումների պատճենները, պահանջների փոփոխությունները, բաշխման ծրագրերը եւ դատարանի որոշումներն ստանալու, ներկայացված դիմումները օրենսգրքով սահմանված ժամկետներում վիճարկելու, առարկություններ եւ դիրքորոշումներ ներկայացնելու, դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին ծանուցվելու եւ նիստին մասնակցելու իրավունքներ։ Սույն մասում նշված միջնորդությունը դատարանի կողմից մերժվելու դեպքում իրավասու մարմինը կարող է համապատասխան դատական ակտը բողոքարկել վերաքննության կարգով։
Հոդված 300. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի առանձնահատկությունը սնանկության վարույթում պահանջների հաստատման, գույքի օտարման եւ միջոցների բաշխման ժամանակ
1. Իրավասու մարմինը դատարան կարող է ներկայացնել Հակակոռուպցիոն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված դրամային պահանջները, որոնք ներառվում են սույն օրենսգրքի Error! Reference source not found.-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված հերթում՝ որպես ստորադաս չապահովված պահանջներ։ Նշված պահանջները Իրավասու մարմինը ներկայացնում է Դատարան՝ սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում։
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նշված եզրափակիչ դատական ակտը օրինական ուժի մեջ է մտնում սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ուշ, եւ այդ ընթացքում սնանկության գործը դեռ չի ավարտվել սույն օրենսգրքով սահմանված որեւէ հիմքով, ապա Իրավասու մարմինը համապատասխան դրամային պահանջը ներկայացնում է Դատարանի հաստատմանը, ոչ ուշ քան Հակակոռուպցիոն դատարանի՝ համապատասխան դատական ակտի օրինական ուժ ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում։
3. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման հարուցված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի (այսուհետ սույն գլխում՝ Վարույթ) արգելանքները կամ սահմանափակումները սնանկության վարույթում պարտապանի գույքի (բացառությամբ՝ ապահովված իրավունքի առարկաների) մասով կիրառվում են միայն պարտապանի այն գույքի կամ գույքի այն մասի կամ բաժնի վրա, որը Վարույթի շրջանակներում մինչեւ համապատասխան եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը Իրավասու մարմինը Վարույթով համարում է ապօրինի ծագում ունեցող, իսկ օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ Հակակոռուպցիոն դատարանի համապատասխան եզրափակիչ դատական ակտով սահմանված չափով։
4. Սնանկության վարույթի շրջանակներում պարտապանի արգելադրված գույքը կամ գույքի մասը կամ բաժինը (բացառությամբ՝ ապահովված իրավունքի առարկաների) կարող են տնօրինվել, ներառյալ՝ օտարվել, տիրապետվել կամ օգտագործվել սույն օրենսգրքով սահմանված կարգով, իսկ առաջացած միջոցները ենթակա են բաշխման կամ փոխանցման Վարույթին՝ սույն հոդվածով սահմանված կարգով։
5. Սնանկության վարույթում ապահովված իրավունքի առարկաների (պարտապանին պատկանող) մասով չեն տարածվում Վարույթի շրջանակներում կիրառված արգելանքները կամ սահմանափակումները, այն բացառությամբ, երբ սնանկության վարույթով դրանց իրացումից առաջացած դրամական միջոցները գերազանցում են ապահովված պարտատիրոջ պահանջը։ Սնանկության վարույթում ապահովված պարտատիրոջ պահանջը բավարարելուց՝ դրամական միջոցները սահմանված կարգով բաշխելուց հետո ավել դրամական միջոցները, եթե այլ հերթի պահանջների բավարարումից հետո կարող են բավարարել նաեւ Իրավասու մարմնի ենթադրյալ դրամային պահանջը, ապա ավելացված մասով դրամական միջոցները փոխանցվում են Վարույթով՝ Հարկադիր կատարումն ապահովվող ծառայությանը՝ Վարույթով համապատասխան պահանջների բավարարման համար։
6. Սնանկության վարույթում ապահովված իրավունքի առարկաների (երրորդ անձանց պատկանող) մասով չեն տարածվում Վարույթի շրջանակներում կիրառված արգելանքները կամ սահմանփակումները, այն բացառությամբ, երբ սնանկության վարույթով դրանց իրացումից առաջացած դրամական միջոցները ավել են ապահովված պարտատիրոջ պահանջից։ Սնանկության վարույթում ապահովված պարտատիրոջ պահանջը բավարարելուց՝ դրամական միջոցները սահմանված կարգով բաշխելուց հետո ավել միջոցներն փոխանցվում են Վարույթով՝ հարկադիր կատարումն ապահովվող ծառայությանը՝ Վարույթով համապատասխան պահանջների բավարարման համար։
7. Վարույթով բռնագանձման առարկա հանդիսացող պարտապանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը սնանկության վարույթով տնօրինվում է, ներառյալ՝ օտարվում կամ տիրապետվում կամ օգտագործվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով, իսկ բաշխումից առաջացած միջոցները փոխանցվում են Վարույթով՝ Հարկադիր կատարումն ապահովվող ծառայությանը՝ ըստ համապատասխան գույքի՝ Վարույթում արձանագրված ապօրինիության տոկոսային կամ այլ սահմանված չափի կամ Հակակոռուպցիոն դատարանի համապատասխան օրինական ուժ ստացած եզրափակիչ դատական ակտով սահմանված չափի։
8. Սույն հոդվածի 3-7-րդ մասերով սահմանված գործողությունները, ինչպես նաեւ պարտապանի գույքի տնօրինման, տիրապետման եւ օգտագործման լիազորությունները պատկանում են կառավարչին։
Ավելացվել է առանձին գլուխ հատուկ կարեւորության կազմակերպությունների սնանկության առանձնահատկությունների վերաբերյալ.
Հոդված 288. Հատուկ կարեւորության կազմակերպությունների սնանկության առանձնահատկությունները
1. Հատուկ կարեւորության կազմակերպությունների սնանկության հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի դրույթները, եթե սույն գլխով այլ բան նախատեսված չէ:
2. Հատուկ կարեւորության կազմակերպությունների հարկադրված սնանկության դիմում սույն օրենսգրքով նախատեսված կարգով կարող են բերել մեկից ավելի պարտատերեր՝ համատեղ։ Մեկ պարտատիրոջ կողմից հատուկ կարեւորության կազմակերպությունների հարկադրված սնանկության դիմում կարող է ներկայացվել միայն սույն օրենսգրքի Հոդված 5-րդ 1-ին մասի 1- ին կետով նախատեսված անվիճելի վճարային պարտավորություններ ունենալու դեպքում։
3. Սույն օրենսգրքի իմաստով հատուկ կարեւորության կազմակերպություն է համարվում՝
1) այն իրավաբանական անձը, որի աշխատողների թվաքանակը կազմում է տվյալ համայնքի աշխատող բնակչության թվի առնվազն 25 տոկոսը, կամ
2) այն իրավաբանական անձը, որի աշխատողների թիվը գերազանցում է 2000 անձը, կամ
3) էներգետիկայի (էլեկտրաէներգետիկայի, ջերմամատակարարման, գազամատակարարման), ջրային եւ հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) ոլորտներում կարգավորվող գործունեություն իրականացնող անձինք:
4. Հատուկ կարեւորության կազմակերպության սնանկության գործի քննությանը կարող են ներգրավվել նաեւ համապատասխան իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները։
Հոդված 289. Հատուկ կարեւորության կազմակերպությունների ֆինանսական առողջացման առանձնահատկությունները
1. Պարտատերերի ժողովի որոշմամբ հատուկ կարեւորության կազմակերպության ֆինանսական առողջացման ծրագիր չընդունվելու դեպքում Սնանկության դատարանը կարող է որոշում կայացնել ներկայացված ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման մասին սույն օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում՝ իրավասու պետական մարմնի, իսկ սույն օրենսգրքի Հոդված 288-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ իրավասու տեղական ինքանակառավարան մարմնի միջնորդությամբ, եթե համապատասխան իրավասու պետական մարմնի կողմից տրամադրվում է երաշխիք՝ պարտապանի պարտավորությունների կատարման համար։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ապահովման չափը չի կարող պակաս լինել պարտատերերի առաջին ժողովի անցկացմանը նախորդող վերջին հաշվետու ամսաթվի դրությամբ հաշվեկշռում արտացոլված պարտապանի պարտավորությունների չափից:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման մասին որոշում կայացնելիս, Սնանկության դատարանի որոշմամբ հաստատվում է պարտքի մարման գրաֆիկը, որով պետք է նախատեսվի ՝
1) պարտատերերի պահանջների մարման սկիզբը՝ ոչ ուշ, քան դատարանի կողմից ֆինանսական առողջացման մասին որոշման ընդունումից հետո մեկ ամիսը, եւ
2) պարտատերերի պահանջների մարումը՝ ամսական հավասար մարումներով մեկ տարվա ընթացքում՝ սկսած պարտատերերի պահանջների մարման սկզբից:
Հոդված 290. Հատուկ կարեւորության կազմակերպությունների ֆինանսական առողջացման երկարաձգումը
1. Սնանկության դատարանը կարող է մեկ տարի ժամկետով երկարաձգել հատուկ կարեւորության կազմակերպության ֆինանսական առողջացումը համապատասխան իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի միջնորդությամբ, եթե ներկայացվել է պարտապանի պարտավորությունների կատարման համար երաշխիք:
Հոդված 291. Պարտապանի պարտավորությունների կատարման համար երաշխիքը
1. Երաշխիք կարող է տրամադրվել համապատասխան իրավասու պետական կողմից:
2. Պարտապանի պարտավորությունների համար երաշխիքը ներկայացվում է Սնանկության դատարան գրավոր ձեւով, որում պետք է նշվեն պարտապանի պարտավորությունների գումարը եւ վճարումների գրաֆիկը:
3. Պարտապանը եւ երաշխիք տրամադրած անձը պարտավոր են սկսել պարտատերերի հետ հաշվարկները՝ երաշխիքով սահմանված պարտավորությունների վճարման գրաֆիկի համաձայն:
4. Եթե պարտատերերի պահանջները չեն կատարվում սահմանված կարգով եւ ժամկետներում, պարտատերերն իրավունք ունեն չվճարված գումարների համար պահանջները ներկայացնել երաշխիք տրամադրած անձին։
5. Երաշխիք տրամադրած անձի կողմից պարտատերերի պահանջների մեկ երրորդը կազմող պահանջներ ունեցող պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունների խախտումը կարող է հիմք հանդիսանալ ֆինանսական առողջացման վաղաժամկետ դադարեցման եւ լուծարման վարույթ սկսելու համար:
Հոդված 292. Հատուկ կարեւորության կազմակերպությունների ֆինանսական առողջացման ընթացքում պարտատերերի պահանջների մարումը
1. Համապատասխան իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները ցանկացած պահի մինչեւ հատուկ կարեւորության կազմակերպությունների ֆինանսական առողջացման ավարտը կարող են մարել բոլոր պարտատերերի պահանջները:
2. Պարտատերերի հետ հաշվարկներն իրականացվում եւ պարտատերերի պահանջները մարվում են սույն օրենսգրքով սահմանված հերթականությամբ:
3. Պարտատերերի պահանջների բավարարման դեպքում սնանկության գործով վարույթը դադարեցվում է:
Հոդված 293. Հատուկ կարեւորության կազմակերպությունների ձեռնարկության վաճառքը
1. Ֆինանսական առողջացման ընթացքում կարող է իրականացվել հատուկ կարեւորության կազմակերպության ձեռնարկության վաճառք։
2. Համապատասխան իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի միջնորդությամբ, առուվաճառքի պայմանագրի էական պայման կարող է համարվել ձեռնարկության վաճառքի պահին աշխատողների առնվազն հիսուն տոկոսի աշխատանքի պահպանումը՝ որոշակի ժամկետով, բայց ոչ ավելի քան պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երեք տարին` պայմանով, որ ապահովված է պարտատերերի շահերի լավագույն պաշտպանվածությունը։
3. Եթե գնորդը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասում նշված պայմանագրի պայմանները, համապատասխան իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի միջնորդության հիման վրա Սնանկության դատարանի կողմից պայմանագիրը կարող է լուծվել։ Պայմանագրի լուծման դեպքում համապատասխան համայնքային կամ պետական բյուջեի հաշվին գնորդին փոխհատուցվում են ձեռնարկության գնման եւ պայմանագրի գործողության ընթացքում իրականացված ներդրումները, իսկ ձեռնարկությունը փոխանցվում է համապատասխան իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի սեփականությանը։
4. Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված միջնորդությունը չի ներկայացվել, կամ միջնորդությունը ներկայացվել է սակայն ձեռնարկությունը չի վաճառվել սույն հոդվածի 2-րդ մասում նշված պայմաններով, ապա ձեռնարկությունը ենթակա է վաճառքի սույն օրենսգրքի 251 եւ 252-րդ հոդվածներով սահմանված` ձեռնարկության վաճառքի ընդհանուր կանոններով։.
Հոդված 294. Լուծարման վարույթում հատուկ կարեւորության կազմակերպությունների գույքի վաճառքը
1. Հատուկ կարեւորության կազմակերպության լուծարման վարույթում գույքի վաճառք սկսելու դեպքում կառավարիչը պետք է վաճառքի ներկայացնի պարտապանի ձեռնարկությունը՝ սույն օրենսգրքի Error! Reference source not found. եւ Error! Reference source not found.-րդ հոդվածներով նախատեսված պայմաններով։
2. Եթե պարտապանի ձեռնարկությունը չի վաճառվում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, ապա իրականացվում է գույքի վաճառք ։
ՄԱՍ V. ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2026 թվականի ապրիլ ամսվան բարձր մրցակցային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին 2026 թվականի ապրիլի 16-ին ընդունված ՀՀ օրենք
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին 2026 թվականի ապրիլի 16-ին ընդունված ՀՀ օրենք
https://arlis.am/hy/acts/224782
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հուլիսի 1-ից.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն օրենսդրական փոփոխությունների արդյունքում նախատեսվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում կատարել մի շարք համակարգային եւ բովանդակային փոփոխություններ, որոնք ուղղված են գովազդային հարաբերությունների ավելի հստակ եւ արդյունավետ կարգավորմանը, ինչպես նաեւ սպառողների եւ մրցակցության պաշտպանության ուժեղացմանը։
Մասնավորապես, վերանայվում է օրենքի 2-րդ հոդվածը, որով ճշգրտվում եւ հստակեցվում են գովազդի ոլորտում օգտագործվող հիմնական հասկացությունները։ Այս փոփոխություններով տրվում է «գովազդ» հասկացության ավելի ամբողջական սահմանում, ընդգծվում է դրա տարածման նպատակը՝ անորոշ թվով անձանց շրջանում հետաքրքրության ձեւավորումը կամ պահպանումը։ Միաժամանակ սահմանվում են գովազդի տարբեր տեսակները, այդ թվում՝ անբարեխիղճ, կանխամտածված կեղծ եւ մոլորեցնող գովազդները, որոնցից յուրաքանչյուրի բովանդակությունը ավելի մանրամասն է բացահայտվում՝ հատկապես ուշադրություն դարձնելով այն իրավիճակներին, երբ տեղեկատվությունը կարող է խեղաթյուրված կամ ոչ հավաստի լինել։
Օրենքով հստակեցվում են նաեւ գովազդային հարաբերությունների սուբյեկտները՝ գովազդատուի, գովազդ արտադրողի, գովազդակրի եւ գովազդի սպառողի հասկացությունները, ինչը հնարավորություն է տալիս ավելի հստակ տարանջատել յուրաքանչյուրի դերը եւ պատասխանատվության շրջանակը։ Բացի այդ, ներմուծվում են նոր ինստիտուտներ, ինչպիսիք են «հովանոցային» գովազդը, սոցիալական գովազդը եւ վիճակախաղերի գովազդը, որոնց միջոցով կարգավորվում են առանձին առանձնահատուկ ոլորտներ եւ նպատակային տեղեկատվական հոսքեր։
Օրենսդրական փոփոխություններով նաեւ վերանայվում է 21-րդ հոդվածը՝ սահմանելով մոլորեցնող գովազդի գնահատման չափանիշները։ Այս համատեքստում հստակեցվում է, որ գովազդի մոլորեցնող լինելը գնահատելիս պետք է հաշվի առնել ինչպես ապրանքի կամ ծառայության բնութագրերը, այնպես էլ գնի ձեւավորման պայմանները եւ գովազդատուի վերաբերյալ ներկայացվող տեղեկությունները։ Կարեւոր նորույթ է այն դրույթը, ըստ որի գովազդային գործունեության ընթացքում ներկայացված տվյալների ճշգրտության ապացուցման պարտականությունը դրվում է հենց գովազդատուի վրա, ինչը էապես ուժեղացնում է սպառողների իրավական պաշտպանությունը։
Միաժամանակ օրենսդրությունը լրացվում է նոր 21.1-րդ հոդվածով, որով սահմանվում են համեմատություններ պարունակող գովազդի թույլատրելիության պայմանները։ Այս կարգավորումների համաձայն՝ նման գովազդը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ այն չի համարվում մոլորեցնող, իրականացվում է օբյեկտիվ համեմատության հիման վրա, վերաբերում է նույն նպատակին ծառայող ապրանքներին կամ ծառայություններին եւ չի պարունակում մրցակիցների ապրանքային նշանների կամ գործունեության վարկաբեկում կամ անարդար օգտագործում։ Բացի այդ, արգելվում է շփոթություն առաջացնել շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների միջեւ կամ օգտագործել մրցակցի համբավը անբարեխիղճ ձեւով։
Ընդհանուր առմամբ, այս փոփոխությունները նպատակ ունեն ապահովել գովազդային դաշտի ավելի թափանցիկ եւ արդար կարգավորում, նվազեցնել մոլորեցնող տեղեկատվության տարածումը, բարձրացնել սպառողների վստահությունը եւ ապահովել առողջ մրցակցային միջավայր տնտեսության մեջ։
«Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) գովազդ` տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձեւավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական եւ իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ.
2) անբարեխիղճ գովազդ` գովազդ, որի պատվերի, արտադրության եւ տարածման ընթացքում շրջանցվել են գործող օրենսդրությամբ սահմանված արգելքները եւ սահմանափակումները.
3) կանխամտածված կեղծ գովազդ` անբարեխիղճ գովազդի ձեւ, որի միջոցով գովազդատուն, գովազդ արտադրողը կամ գովազդակիրը կանխամտածված մոլորեցնում են գովազդ սպառողներին.
4) մոլորության մեջ գցող գովազդ՝ անբարեխիղճ գովազդ, որը պարունակում է ցանկացած ոչ հավաստի, աղավաղված տեղեկատվություն, կամ տեղեկատվությունը ներկայացվում է այն ձեւով, որ թեեւ այն փաստացի ճիշտ է, սակայն որեւէ կերպ, այդ թվում՝ ներկայացման եղանակով, կարող է թյուր տպավորություն ստեղծել տնտեսավարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքի (աշխատանքի, ծառայության), դրա գովազդմանը, տարածմանը կամ իրացմանը նպաստող միջոցառումների, ապրանքի (աշխատանքի, ծառայության) աշխարհագրական ծագման կամ արտադրության կամ իրացման գործընթացի, որոշակի նպատակի համար դրա պիտանիության, դրա ժամկետի, որակի, քանակի կամ այլ բնութագրերի, առաջարկման կամ մատուցման պայմանների կամ գնի կամ դրա հաշվարկման եղանակի կամ սպառողի իրավունքների վերաբերյալ, մոլորեցնում կամ կարող է մոլորեցնել սույն օրենքով սահմանված գովազդ սպառողներին եւ իր մոլորեցնող բնույթով կարող է ազդել այդ անձանց տնտեսական վարքագծի վրա կամ կարող է վնասել մրցակից տնտեսավարող սուբյեկտներին.
5) համեմատություններ պարունակող գովազդ՝ գովազդ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն նշում է մրցակից տնտեսավարող սուբյեկտին կամ վերջինիս կողմից առաջարկվող ապրանքները կամ ծառայությունները.
6) հակագովազդ` գովազդի տեսակ, որը տրվում է անբարեխիղճ գովազդի հետեւանքով սպառողի մոտ առաջացած սխալ պատկերացումների վերացման նպատակով` անբարեխիղճ գովազդի հերքման եւ իրական փաստերի վերականգնման միջոցով.
7) գովազդատու` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը ներկայացնում է գովազդային տեղեկություն գովազդի արտադրության, տեղաբաշխման եւ տարածման նպատակով.
8) գովազդ արտադրող` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն անմիջականորեն ծառայություններ է կատարում գովազդի արտադրության ուղղությամբ.
9) գովազդակիր` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը, տրամադրելով համապատասխան միջոցներ, տեղաբաշխում եւ տարածում է գովազդը.
10) գովազդի սպառող` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որին հասցվում է գովազդը, եւ որը կրում է գովազդի համապատասխան ազդեցությունը.
11) «հովանոցային» գովազդ` այն գովազդն է, որում գովազդվող ապրանքների եւ ծառայությունների համար օգտագործվող ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը նույնական է կամ շփոթելու աստիճանի նման է այն ապրանքների եւ ծառայությունների ապրանքային նշանին կամ դրանք արտադրող կամ առաջարկող իրավաբանական անձանց ֆիրմային անվանմանը, որոնց գովազդի նկատմամբ սույն օրենքով նախատեսված են սահմանափակումներ.
12) սոցիալական գովազդ՝ առեւտրային բնույթ չկրող (շահույթ ստանալու նպատակ չհետապնդող)՝ մարդու իրավունքներին եւ պարտականություններին, բնակչության առողջության պահպանման, ինչպես նաեւ առողջ ապրելակերպի եւ սոցիալական պաշտպանության, կամավորության, բնության պահպանության, կրթական ծրագրերի, հայրենասիրական դաստիարակության, մշակույթի պահպանման, տարածման ու զարգացման, աղետների դիմակայման, ազգային շահերի պաշտպանության եւ այլ բնագավառների վերաբերյալ հասարակությանը իրազեկելու նպատակով տարածվող տեղեկատվություն է, որը սույն օրենքի 13-րդ հոդվածի 1.2-րդ կետում նշված կարգով ճանաչվել է որպես սոցիալական գովազդ.
13) վիճակախաղերի գովազդ՝ վիճակախաղերի կազմակերպիչների կամ նրանց հովանավորների կամ վիճակախաղերի կամ վիճակախաղերի անվանումների կամ վիճակախաղի ֆիրմային անվանումների (լոգոների) գովազդումը:»:
Օրենքի 21-րդ հոդվածում 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 21. Անբարեխիղճ գովազդի մասին ընդհանուր դրույթները
Գովազդի մոլորեցնող լինելու հանգամանքը որոշելիս կարող են հաշվի առնվել հետեւյալ հատկանիշները, մասնավորապես դրանում ընդգրկված այն տեղեկությունները, որոնք վերաբերում են՝
1) ապրանքների կամ ծառայությունների բնութագրերին, ինչպիսիք են հասանելիությունը, բնույթը, կառուցվածքը, արտադրության կամ մատակարարման ձեւը եւ ամսաթիվը, նպատակային օգտագործման համապատասխանությունը, օգտագործման եղանակները, քանակը, տեխնիկական բնութագրերը, ծագման երկիրը, դրա օգտագործումից ակնկալվող արդյունքները կամ այդ ապրանքների կամ ծառայությունների փորձարկումների եւ ստուգումների արդյունքներն ու նյութական հատկանիշները.
2) գնին կամ գնի հաշվարկման եղանակին, ինչպես նաեւ ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման պայմաններին.
3) գովազդատուի առանձնահատկությանը, հատկանիշներին եւ իրավունքներին, ինչպիսիք են օրինակ՝ նրա ինքնությունը, ակտիվները, որակավորումները եւ արդյունաբերական կամ մտավոր սեփականության իրավունքները կամ նրա պարգեւները:
Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
7. Գովազդային գործունեության ընթացքում գովազդում ներկայացված տվյալների ճշգրտության ապացուցման պարտականությունը կրում է գովազդատուն:
Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21.1-ին հոդվածով.
Հոդված 21.1. Համեմատություններ պարունակող գովազդի թույլատրելի դեպքերը
1. Համեմատություններ պարունակող գովազդը թույլատրվում է հետեւյալ դեպքերում.
1) այն մոլորեցնող չէ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 21-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության կամ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի իմաստով.
2) այն օբյեկտիվորեն համեմատում է միեւնույն կարիքները բավարարող կամ միեւնույն նպատակի համար նախատեսված ապրանքները կամ ծառայությունները.
3) այն օբյեկտիվորեն համեմատում է այդ ապրանքների եւ ծառայությունների մեկ կամ մի քանի էական, ապրանքի վերաբերյալ լիարժեք եւ ամբողջական տպավորություն ձեւավորող, ստուգման ենթակա հատկանիշները եւ կարող է ներառել գինը.
4) այն չի վնասում կամ վարկաբեկում մրցակցի ապրանքային նշանները, ֆիրմային անվանումները, այլ տարբերակիչ նշանները, ապրանքները, ծառայությունները, գործունեությունը կամ բարոյական եւ այլ հատկանիշներ.
5) ծագման տեղանվամբ ապրանքների դեպքում այն վերաբերում է միեւնույն տեղանվանը.
6) այն անբարեխիղճ կերպով չի օգտագործում մրցակցի ապրանքային նշանի, ֆիրմային անվանման կամ այլ տարբերակիչ նշանների համբավը կամ մրցակցող ապրանքների ծագման տեղանունը.
7) այն չի ներկայացնում ապրանքները կամ ծառայությունները որպես գրանցված ապրանքային նշան կամ ֆիրմային անվանում կրող ապրանքների կամ ծառայությունների կրկնօրինակումներ կամ պատճենումներ.
8) առեւտրային գործունեություն իրականացնող անձանց շրջանում այն չի առաջացնում շփոթություն գովազդատուի եւ վերջինիս մրցակից տնտեսավարող սուբյեկտի միջեւ կամ գովազդատուի եւ վերջինիս մրցակից տնտեսավարող սուբյեկտի ապրանքային նշանների, ֆիրմային անվանումների, այլ տարբերակիչ նշանների, ապրանքների կամ ծառայությունների միջեւ: