ԻՐԱՎԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՐՏ 2026
ՄԱՍ I. ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում եկամուտ եւ ծախս չհամարվող տարրերի վերաբերյալ լրացումներ եւ փոփոխություններ
կատարելու մասին.
2. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում հաշվարկային փաստաթղթերի վերաբերյալ լրացումներ եւ փոփոխություններ
կատարելու մասին.
ՄԱՍ II. ՄԱՍՆԱՎՈՐ ՈԼՈՐՏ
1. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 116-ն որոշման մեջ լրացումներ
եւ փոփոխություններ կատարելու մասին N 31-Ն Որոշում.
2. «Գնումների մասին» օրենքում գնման գործընթացի անընդատության վերաբերյալ լրացում կատարելու մասին.
ՄԱՍ III. ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. Սպառողի կողմից ֆինանսական ծառայությունների ինքնասահմանափակման գործիքների ներդրման
նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/09-ը հաստատելու մասին.
ՄԱՍ IV. ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշում արժեքային այն նորմերի սահմանման
մասին, որոնց շրջանակներում ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային
առեվտրի ապրանքները եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք են
ներմուծվում առանց էլեկտրոնային առեւտրի ապրանքների համար մաքսատուրքի վճարման.
ՄԱՍ V. ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
1. Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ
կատարելու մասին.
2. Գովազդի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
ՄԱՍ I. ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2025 թվականի մարտ ամսվան հարկային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում եկամուտ եւ ծախս չհամարվող տարրերի վերաբերյալ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին N ՀՕ-61-Ն օրենք
https://www.arlis.am/hy/acts/223064
Փոփոխության կարգավիճակը՝
Օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտել 2026 թվականի մարտի 28-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ Հարկային օրենսգրքում։.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն Օրենքի փոփոխությունների ընդունման արդյունքում՝ հստակեցվում է, որ պետության կողմից ֆինանսավորվող գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակում ստացված վարկերի (լիզինգի) եւ դրանց տոկոսադրույքների սուբսիդավորման գումարները մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը չեն համարվելու եկամուտ շահութահարկի հարկման բազայի որոշման նպատակով։ Միաժամանակ սահմանվում է, որ նույն սուբսիդավորման գումարների հաշվին կատարված ծախսերը չեն համարվելու ծախս շահութահարկի բազայի որոշման նպատակով։ Փոփոխությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Առաջարկություն՝ եթե Դուք զբաղվում եք գյուղատնտեսության ոլորտի սուբյեկտների, վարկառուների կամ պետական աջակցության ծրագրերից օգտվող կազմակերպությունների իրավական եւ հարկային ուղեկցմամբ, նպատակահարմար է վերանայել 2021 թվականի հունվարի 1-ից հետո կատարված գործարքների հարկային հաշվառումը եւ գնահատել՝ արդյոք անհրաժեշտ է կատարել ճշգրտումներ շահութահարկի հաշվարկներում։
2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 108-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 27-րդ կետով.
Հոդված 108. Եկամուտ չհամարվող տարրերը
1. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում՝
27) պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված վարկերի (լիզինգի) եւ դրանց գծով հաշվարկվող տոկոսադրույքների սուբսիդավորման գումարները՝ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21-րդ կետով.
Հոդված 112. Ծախս չհամարվող տարրերը
1. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար ծախս չեն համարվում՝
21) պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված վարկերի (լիզինգի) տոկոսադրույքների սուբսիդավորման գումարների հաշվին կատարված ծախսերը՝ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ կիրառվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:
2. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում հաշվարկային փաստաթղթերի վերաբերյալ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին N ՀՕ-60-Ն օրենք
https://www.arlis.am/hy/acts/223058
Փոփոխության կարգավիճակը՝
Օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտելու 2026 թվականի ապրիլի 1-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Վերոնշյալ ակտի ընդունմամբ փոփոխություն է տեղի ունեցել Հարկային օրենսգրքում։
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն Օրենքի փոփոխությունների ընդունման արդյունքում՝ սահմանվում են լրացուցիչ փաստաթղթավորման եւ դրամարկղային կարգապահության պահանջներ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման ոլորտում։ Մասնավորապես, նախատեսվում է, որ բժշկական ծառայությունների մատուցման դեպքում հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր պետք է ներառվի էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված՝ յուրաքանչյուր մատուցված ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը։ Բացի այդ, եթե էլեկտրոնային առողջապահության համակարգին միացած բժշկական կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը վճարումն ընդունում են վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքներով, ապա էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը դառնում է պարտադիր։ Միաժամանակ սահմանվում է, որ ՀԴՄ կտրոնի վրա եւս պետք է արտացոլվի յուրաքանչյուր մատուցված բժշկական ծառայության նույնականացման համապատասխան ծածկագիրը։
Առաջարկություն՝ եթե Դուք սպասարկում եք բժշկական կազմակերպությունների, կլինիկաների կամ առողջապահական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերի, անհրաժեշտ է նախապես ստուգել՝ արդյոք նրանց հաշվապահական, դրամարկղային եւ փաստաթղթաշրջանառության համակարգերը տեխնիկապես պատրաստ են ապահովելու բժշկական ծառայությունների նույնականացման ծածկագրերի արտացոլումը հարկային հաշիվներում եւ ՀԴՄ կտրոններում, ինչպես նաեւ վճարային ընդունումների դեպքում ՀԴՄ-ի պարտադիր կիրառությունը։
2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 55-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետով.
Հոդված 55. Հաշվարկային փաստաթուղթը եւ դրա կազմումը
4. Հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառվում են՝
12) բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման դեպքում` յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված՝ համապատասխան բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը:
Օրենսգրքի 380.1-ին հոդվածում՝ լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.
Հոդված 380.1. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառությունը
1.2. Էլեկտրոնային առողջապահության համակարգին միացած բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքների միջոցով վճարումն ընդունվելու դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է:
Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20-րդ կետով.
Հոդված 381. Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները
Հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա պետք է տպագրված լինի հետեւյալ տեղեկատվությունը (տվյալները). 20) բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման դեպքում՝ յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված՝ համապատասխան բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը:
ՄԱՍ II. ՄԱՍՆԱՎՈՐ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2026 թվականի մարտ ամսվան մասնավոր ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 116-ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին N 31-Ն Որոշում
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 116-ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին N 31-Ն Որոշում https://www.arlis.am/hy/acts/222167/latest
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն որոշումն ուժի մեջ է մտել 2026 թվականի մարտի 10-ից
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխություններով ներդրվում է նոր կարգավորում, որով սահմանվում է, թե ինչպես պետք է ոչ հրապարակային ֆոնդերի կառավարումն իրականացնող անձինք վերագրանցվեն եւ ստանան լիցենզիա՝ որպես կառավարիչ. հստակեցվում են Կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերը, կապիտալի եւ սեփականատիրական կառուցվածքի վերաբերյալ պահանջները, ինչպես նաեւ դիմումների քննության եւ որոշումների ընդունման ժամկետները։
Այս փոփոխությունները կարեւոր են հատկապես՝ ոչ հրապարակային ֆոնդերի կառավարիչների, ներդրումային ոլորտում գործող ընկերությունների, ֆինանսական կազմակերպությունների, ինչպես նաեւ այդ ոլորտում գործունեություն սկսելու կամ ընդլայնելու ցանկություն ունեցող անձանց համար։
Կանոնակարգը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին գլխով.
ԳԼՈՒԽ 7.1. ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ` ՈՐՊԵՍ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
42.1. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի` որպես կառավարիչ վերագրանցման եւ լիցենզավորման համար Կենտրոնական բանկ են ներկայացվում.
1) վերագրանցման եւ լիցենզավորման միջնորդագիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 18-ի, ընդ որում` միջնորդագրում ներառվում է որպես կառավարիչ գրանցվող եւ լիցենզավորվող ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի (սույն գլխում այսուհետ` դիմորդ) գործունեության տարածքը Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին համապատասխանելու մասին հայտարարությունը,
2) Օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ կամ 5-րդ մասերով նախատեսված ծառայությունների մատուցման թույլտվություն ստանալու միջնորդագիրը, եթե կառավարիչը մատուցելու է նաեւ համապատասխան ծառայությունները` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի,
3) ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնելու թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մասին միջնորդագիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 19-ի,
4) սույն կանոնակարգի 26-րդ կետի 1-ին ենթակետի դ, զ, զ1 պարբերություններով, 5-րդ եւ 6-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը,
5) Օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ եւ 14-րդ կետերով սահմանված փաստաթղթերը,
6) դիմորդի կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված` նոր խմբագրությամբ կանոնադրությունը, որը պետք է ունենա սույն կանոնակարգի Հավելված 15-ով սահմանված ձեւի տիտղոսաթերթ,
7) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 12-ի թիվ 119-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 10/02-ով սահմանված` ընդհանուր կապիտալի պահանջի բավարարումը հիմնավորող փաստաթղթերը: Ընդ որում, եթե վերագրանցման եւ լիցենզավորման դիմելու պահի դրությամբ ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի ընդհանուր կապիտալը չի բավարարում կանոնակարգ 10/02-ով սահմանված կապիտալի նվազագույն սահմանաչափերին, ապա ներկայացվում է նաեւ Կենտրոնական բանկում կամ Հայաստանի Հանրապետությունում գործող կառավարումն իրականացնող անձի հետ չփոխկապակցված որեւէ այլ բանկում կանոնադրական կապիտալի համալրման նպատակով բացված կուտակային հաշվում առկա միջոցների փաստացի մեծությունը հավաստող տեղեկանք` առնվազն տարբերության չափով եւ կառավարումն իրականացնող անձի կառավարման իրավասու մարմնի որոշումը` Կենտրոնական բանկի կողմից վերագրանցվելու եւ լիցենզավորվելու դեպքում կանոնադրական կապիտալը համալրելու վերաբերյալ,
8) դիմորդի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձի վերջին երեք տարիների (երեք տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար) եւ վերջին միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները եւ վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունների անկախ աուդիտորական եզրակացությունը:
42.2. Սույն կանոնակարգի 27-ից 34-րդ կետերով սահմանված կարգավորումները կիրառվում են նաեւ սույն գլխով սահմանված` ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձին որպես կառավարիչ վերագրանցելու եւ լիցենզավորելու գործընթացի շրջանակում:
42.3. Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ եւ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են սույն գլխով նախատեսված փաստաթղթերի եւ տեղեկությունների հավաստիությունը գնահատելու համար:
42.4. Կենտրոնական բանկը սույն գլխով նախատեսված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ տեղեկությունները ստանալու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձին որպես կառավարիչ վերագրանցման եւ լիցենզավորման մասին, իսկ 42.1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված միջնորդագիրը ներկայացնելու դեպքում` նաեւ Օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ կամ 5-րդ մասերով նախատեսված ծառայությունների մատուցման թույլտվության տրամադրման մասին:
42.5. Կենտրոնական բանկը ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձին որպես կառավարիչ վերագրանցելու եւ լիցենզիա տրամադրելու մասին որոշումը կայացնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում գրանցման վկայականը եւ լիցենզիան տրամադրում է կառավարչին:
42.6. Կենտրոնական բանկը ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի` որպես կառավարիչ վերագրանցման որոշումը կայացնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրին` նշելով Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանում գրառված` իրավաբանական անձին վերաբերող նույնականացնող տվյալները, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի կողմից գրանցման արդյունքում իրավաբանական անձին տրված նույնականացնող տվյալները, որից հետո կառավարիչը համարվում է Կենտրոնական բանկում գրանցված:
2. «Գնումների մասին» օրենքում գնման գործընթացի անընդատության վերաբերյալ լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին 04.03.2026 N ՀՕ-55-Ն օրենք https://www.arlis.am/hy/acts/223054
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի մարտի 28-ից
Որ օրենսդրական ակտն է փոփոխվել վերոնշյալ ակտի ընդունմամբ՝
Սույն Օրենքի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Գնումների մասին» ՀՀ օրենքում.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Սույն Օրենքի ընդունման արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Գնումների մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես Օրենքը լրացվել է նոր հոդվածով՝ Գնման գործընթացի անընդատության վերաբերյալ։
«Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 46.1-ին հոդվածով.
Հոդված 46.1. Գնման գործընթացի անընդհատությունը
1. Գնման գործընթացի շրջանակում պատվիրատուի եւ գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) եւ որոշումների բողոքարկումը չի կասեցնում գնման գործընթացը, եթե տվյալ գործընթացի հրավերը պարունակում է տեղեկություն գործընթացը հանրային կամ պաշտպանության եւ ազգային անվտանգության շահերի ապահովման նպատակով կազմակերպված լինելու մասին:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունը հրավերում ներառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության նախնական համաձայնությամբ:
ՄԱՍ III. ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2026 թվականի մարտ ամսվան բանկային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Սպառողի կողմից ֆինանսական ծառայությունների ինքնասահմանափակման գործիքների ներդրման նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/09-ը հաստատելու մասին
Նոր օրենսդրական ակտի անվանումը՝
Սպառողի կողմից ֆինանսական ծառայությունների ինքնասահմանափակման գործիքների ներդրման նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/09-ը հաստատելու մասին ԿՈԴ 050.0043 Ն. 24.02.2026, 24 փետրվարի 2026 թվականի թիվ 43-Ն
https://www.arlis.am/hy/acts/222170/latest
Կարգավիճակը՝
Սույն որոշումն ուժի մեջ է մտելու 2026 թվականի հուլիսի 1-ից
Միասնական կայք 2026.03.02-2026.03.15 Պաշտոնական հրապարակման օրը 09.03.2026.
Ինչին է վերաբերում օրենսդրական ակտը՝
Սույն փոփոխությունների ընդունման արդյունքում՝ ֆինանսական կազմակերպությունների համար սահմանվում է պարտադիր ներդնել սպառողի կողմից հեռավար ֆինանսական ծառայությունները ինքնուրույն սահմանափակելու («ստոպ») գործիքներ։ Այսինքն՝ հաճախորդը կկարողանա ժամանակավորապես արգելափակել առանձին ծառայություններ կամ բոլոր հեռավար ծառայությունները՝ զեղծարարություններից եւ տվյալների չարաշահումից պաշտպանվելու համար։ Միաժամանակ կարգավորվում են այդ գործիքների գործարկման, ապաարգելափակման եւ հաճախորդին տեղեկացման նվազագույն պահանջները։ Փոփոխությունները ուժի մեջ են մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից։
Առաջարկություն՝ անհրաժեշտ է նախապես վերանայել ներքին ընթացակարգերը, թվային հարթակները եւ հաճախորդների ծանուցման մեխանիզմները՝ նոր պահանջներին համապատասխանեցնելու համար։.
«ՍՊԱՌՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՔՆԱՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/09-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով սահմանել ֆինանսական զեղծարարությունների կանխարգելման հստակ գործիքներ եւ մեխանիզմներ, որոնց միջոցով սպառողները կկարողանան ինքնուրույն սահմանափակել հեռավար եղանակով իրենց հասանելի ֆինանսական ծառայությունները,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 3.1-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «իբ» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1.1-րդ մասը, «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 9.1-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հաստատել «Սպառողի կողմից ֆինանսական ծառայությունների ինքնասահմանափակման գործիքների ներդրման նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/09-ը՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:
3. Սույն որոշման հավելվածով հաստատված կանոնակարգով սահմանված «ստոպ» գործիքն առաջին անգամ ներդնելուց հետո ֆինանսական կազմակերպությունը ներդրման օրվանից առնվազն 3 ամիս իր ինտերնետային կայքում եւ թվային այլ հարթակներում, տեսանելի վայրում եւ աչքի ընկնող ձեւաչափով հայտարարություն է հրապարակում «ստոպ» գործիքների վերաբերյալ։
4. Սույն որոշման հավելվածով հաստատված կանոնակարգով սահմանված «ստոպ» գործիքն առաջին անգամ ներդնելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 1 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսական կազմակերպությունը տեղեկացնում է սպառողին «ստոպ գործիքի» վերաբերյալ՝ նշելով դրանից օգտվելու կանոնները եւ ձեւերը: Սույն կետով սահմանված տեղեկատվությունը սպառողին տրամադրվում է էլեկտրոնային եղանակով, եթե սպառողը ֆինանսական կազմակերպության հետ այլ հաղորդակցման եղանակ չի նախընտրել:
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/09
ՍՊԱՌՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՔՆԱՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը սահմանում է ֆինանսական կազմակերպության կողմից հեռավար եղանակով մատուցվող ծառայությունների նկատմամբ սպառողի նախաձեռնությամբ կիրառվող ինքնասահմանափակման գործիքների (այսուհետ՝ «ստոպ» գործիքներ) ներդրման, գործարկման եւ դադարեցման նվազագույն պահանջները։
2. Սույն կանոնակարգի պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերի, օտարերկրյա բանկի մասնաճյուղերի, վարկային կազմակերպությունների, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) վրա, որոնք մատուցում են ֆինանսական ծառայություններ հեռավար եղանակով:.
ԳԼՈՒԽ 2 ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
3. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետեւյալ նշանակությունները.
1) Գործունեության վայր` կազմակերպության գլխամասային գրասենյակ, մասնաճյուղ:
2) Զեղծարարություն՝ խաբեության, վստահության չարաշահման, անձնական տվյալների ապօրինի օգտագործման կամ կեղծման միջոցով այլ անձի ֆինանսական միջոցներին անօրինական հասանելիություն:
3) Սպառող՝ կազմակերպության կողմից հեռավար եղանակով մատուցվող ֆինանսական ծառայություններից օգտվող ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ, որը հանդիսանում է տվյալ կազմակերպության հաճախորդ։
4) «Ստոպ» գործիքներ՝ կազմակերպության կողմից տրամադրվող գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս սպառողին իր նախաձեռնությամբ արգելափակել առանձին կամ բոլոր հեռավար ֆինանսական ծառայությունների հասանելիությունը։
5) Ծրագրային հավելված՝ ֆինանսական կազմակերպության կողմից գործարկված ծրագիր կամ ծրագրերի համախումբ (օրինակ՝ բջջային/մոբայլ հավելված, ինտերնետային/վեբ հավելված կամ կայք), որի միջոցով կազմակերպությունը հաճախորդին հեռավար եղանակով մատուցում է ֆինանսական ծառայություններ։.
ԳԼՈՒԽ 3 «ՍՏՈՊ» ԳՈՐԾԻՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
4. Կազմակերպության ներքին ընթացակարգերով ներդրվում եւ ապահովվում է «ստոպ» գործիքների հասանելիությունը..
1) հեռավար եղանակով մատուցվող առանձին ծառայությունը արգելափակելու համար՝ «ստոպ ծառայություն» գործիք,
2) հեռավար եղանակով մատուցվող բոլոր ծառայությունները միաժամանակ արգելափակելու համար՝ «ստոպ բոլոր ծառայությունները» գործիք։
5. «Ստոպ» գործիքները կիրառելի են առնվազն հետեւյալ ծառայությունների նկատմամբ.
1) Դրամական փոխանցումներ եւ վճարումներ.
ա. Փոխանցումներ եւ վճարումներ դեպի երրորդ անձանց հաշիվներ՝ այդ թվում դեպի երրորդ անձանց էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվներ:
2) Քարտային գործառնություններ.
ա. Ծրագրային հավելվածով կանխիկացման հայտերի ստեղծում,
բ. Քարտից քարտ փոխանցումներ,
գ. Առցանց (card-not-present) վճարումներ եւ գնումներ,
դ. Քարտի կապակցում էլեկտրոնային դրամապանակներին կամ սարքերին (տեխնիկածրագրային հնարավորության դեպքում):.
3) Վարկային գործառնություններ.
ա. Նոր վարկի ստացում
բ. Արդեն իսկ հաստատված վարկային գծի կամ օվերդրաֆտի սահմանաչափի չօգտագործված մասի օգտագործում:.
4) Ավանդներ.
ա. Գործող ավանդի գումարի վերադարձ, կամ տոկոսների վճարում կամ ավանդի հաշվից դրամական միջոցներն այլ անձանց փոխանցում,
բ. Գործող ավանդի պայմանագրի ժամկետից շուտ լուծում:
5) Այլ.
ա. Նոր հաշվի բացում,
բ. Նոր վճարային քարտի թողարկում,
գ. Այլ բանկի քարտի կապակցում ծրագրային հավելվածին,
դ. Նոր սարքերի (հեռախոս, պլանշետ եւ այլն) կամ այլ հավելվածների կապակցում բանկային հաշվին:
6. «Ստոպ» գործիքները, սույն կանոնակարգի 5-րդ կետով նախատեսված ծառայություններից բացի, կիրառելի են նաեւ հեռավար եղանակով մատուցվող այն ծառայությունների նկատմամբ, որոնք կարող են սպառողի համար պարունակել ֆինանսական եւ տվյալների արտահոսքի ռիսկեր՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այդ ծառայությունների համար, կազմակերպությունների կողմից իրենց գործունեության վայրերում մատուցվող ծառայությունների համեմատ, նախատեսված չեն անվտանգության եւ նույնականացման համարժեք կանոններ։
7. Այն դեպքում, երբ կազմակերպության մեկ ծրագրային հավելվածով գործարկվում է «ստոպ» գործիքը, ապա այն կիրառելի է լինում նաեւ նույն կազմակերպության մյուս ծրագրային հավելվածների համար:
8. Սպառողի կողմից «ստոպ» գործիքի կիրառմամբ արգելափակված ծառայությունը համարվում է արգելափակված տվյալ կազմակերպության կողմից գործարկվող բոլոր ծրագրային հավելվածներում, անկախ այն հանգամանքից, թե որ ծրագրային հավելվածի միջոցով է կատարվել արգելափակումը։
9. Վարկային բյուրոյի կողմից համապատասխան տեխնիկածրագրային լուծումների առկայության դեպքում սույն կանոնակարգի 5-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված գործառնությունների համար «ստոպ» գործիքը կիրառելիս սպառողին ցուցադրվում է հաղորդագրություն եւ տրամադրվում է հնարավորություն՝ սահմանափակելու սույն կանոնակարգի 5-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված վարկային գործառնությունները նաեւ այլ ֆինանսական կազմակերպություններում։
10. Ծառայությունների արգելափակման դեպքում սպառողը շարունակում է ունենալ հասանելիություն իր հաշիվների, ավանդների եւ վարկերի մնացորդները դիտելու, ինչպես նաեւ իրական միջավայրում ֆիզիկապես դրանք օգտագործելու հնարավորություն։
ԳԼՈՒԽ 4 «ՍՏՈՊ» ԳՈՐԾԻՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
11. Կազմակերպությունը ստեղծում է համապատասխան պայմաններ, որպեսզի սպառողը կարողանա ինքնուրույն կիրառել «ստոպ» գործիքները՝ ծրագրային հավելվածների միջոցով, կազմակերպության գործունեության վայր այցելելու կամ հեռախոսազանգի միջոցով։
12. «Ստոպ» գործիքների ներկայացման ձեւի նկատմամբ նվազագույն պահանջներն են.
1) Ծրագրային հավելվածում նախատեսվում է առանձին, տեսանելի եւ հստակ նշված «ստոպ» կոճակ կամ գործողություն՝ հասանելի հիմնական էջից՝ երկու գործիքի («ստոպ ծառայություն» եւ «ստոպ բոլոր ծառայություններ») գործարկման համար,
2) «Ստոպ» կոճակը տեղակայվում է տեսանելի հատվածում, եւ սպառողը պետք է կարողանա այն հեշտությամբ նկատել, ճանաչել, հասկանալ եւ կիրառել,
3) Գործիքի կիրառումը չի պահանջում բացատրություն կամ հիմնավորում սպառողի կողմից,
4) «Ստոպ» կոճակը սեղմելիս սպառողը հնարավորություն ունի տեսնելու բոլոր ծառայությունների ցանկը (այսուհետ՝ ցանկ), ընտրելու այն ծառայությունը կամ ծառայությունները, որոնք ցանկանում է արգելափակել, ինչպես նաեւ մեկ հպումով ընտրել բոլոր ծառայությունների արգելափակման հրահանգ,
5) Ցանկը ներկայացվում է մանրամասն՝ ըստ ծառայության տեսակի, ծառայությունների անվանումները ձեւակերպվում են սպառողի համար հասկանալի ձեւով,
6) Ցանկում առանձնացված ձեւաչափով նշվում են այն ծառայությունները, որոնք կազմակերպության գնահատմամբ առավել ռիսկային են զեղծարարության տեսանկյունից։
13. «Ստոպ» գործիքների գործարկման նկատմամբ նվազագույն պահանջներն են.
1) «Ստոպ» գործիքի գործարկումից հետո սպառողին ցուցադրվում է սույն կետով սահմանված օրինակելի ձեւով կամ նույն իմաստն ու իրազեկման մակարդակն ապահովող համարժեք հաղորդագրություն, Հաղորդագրության օրինակելի ձեւ. «Դուք արգելափակում եք ձեր ընտրած ծառայություն(ներ)ը/ բոլոր ծառայությունները։ Ոչ ոք (այդ թվում՝ դուք) չի կարող իրականացնել որեւէ գործողություն տվյալ ծառայությունների շրջանակում՝ նույնիսկ հավելվածին հասանելիություն ստանալու դեպքում։ Ապաարգելափակման համար դիմեք կազմակերպություն կամ զանգահարեք [հեռ. համար]։»,
2) Սույն կետի 1-ին ենթակետում նշված հաղորդագրությունը ցուցադրվում է առնվազն 60 (վաթսուն) վայրկյան եւ ներառում է «հաստատել» եւ «չեղարկել» կոճակները։ Ծառայությունները արգելափակվում են միայն «հաստատել» կոճակը սեղմելու կամ այլ հաստատող գործողություն կատարելու դեպքում,
3) «Հաստատել» հրահանգը ստանալուց հետո ծառայությունը արգելափակվում է անհապաղ՝ առավելագույնը 60 (վաթսուն) վայրկյանի ընթացքում:
14. Գործիքը գործարկելուց հետո հիմնական էջում սպառողին տեսանելի է արգելափակված ծառայությունների ընթացիկ կարգավիճակը։
15. «Ստոպ» գործիքների գործարկումից հետո հաղորդակցման նկատմամբ նվազագույն պահանջներն են.
1) «Ստոպ» գործիքի գործարկումից անմիջապես հետո կազմակերպությունը սպառողին ուղարկում է հաստատման ծանուցում՝ տեքստային հաղորդագրությամբ (SMS), էլեկտրոնային փոստի կամ սպառողի կողմից ընտրված հաղորդակցման այլ եղանակով,
2) Ծանուցումն ուղարկվում է հայերենով, եթե կազմակերպության կողմից առաջարկվող տարբերակներից սպառողը հաղորդակցման այլ լեզու չի ընտրել,
3) Ծանուցումն առնվազն պարունակում է տեղեկատվություն, թե որ կազմակերպության որ ծառայություն(ներ)ն են արգելափակվել, արգելափակման ամսաթիվը եւ ժամը, ապաարգելափակման ձեւերը, հետադարձ կապի տվյալներ՝ հարցերի կամ խնդիրների դեպքում,
4) «Ստոպ» գործիքի գործարկումից հետո սպառողին ուղարկվում է սույն կետով սահմանված օրինակելի ձեւով կամ նույն իմաստն ու իրազեկման մակարդակն ապահովող համարժեք հաղորդագրություն,
ա. Տեքստային հաղորդագրության (SMS) օրինակելի ձեւ.
«Դուք արգելափակել եք [կազմակերպության անվանումը] ձեր ընտրած [ծառայություն(ներ)ը կամ բոլոր ծառայությունները] [ամսաթիվ, ժամ]։ Ապաարգելափակումը հասանելի է միայն Ձեր նույնականացումից եւ ինքնության ստուգումից հետո։ Հարցերի դեպքում՝ [հեռ. համար]։»,
բ. Մոբայլ բանկինգում ծանուցման/«push notification» օրինակելի ձեւ.
«Թեմա. Ծառայություն(ներ)ը արգելափակված են
Դուք արգելափակել եք ծառայություն(ները)/բոլոր ծառայությունները: Ապաարգելափակումը հասանելի է միայն Ձեր նույնականացումից եւ ինքնության ստուգումից հետո: Հարցերի դեպքում՝ [հեռ. համար]:»,
գ. Էլեկտրոնային նամակի օրինակելի ձեւ.
Թեմա: Ձեր անունով վարկ ստանալու հնարավորությունը X կազմակերպությունում արգելափակված է
Հարգելի՛ հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ Ձեր նախաձեռնությամբ արգելափակվել է X Կազմակերպությունում հեռավար եղանակով վարկի դիմելու հնարավորությունը։
Սա նշանակում է, որ այս պահից սկսած, Դուք, ինչպես նաեւ որեւէ այլ անձ, չեք կարողանա ստանալ վերոնշյալ ֆինանսական ծառայությունները։
Ապաարգելափակումը հասանելի է միայն Ձեր նույնականացումից եւ ինքնության ստուգումից հետո։
Գործողություն: Ծառայության արգելափակում
Ամսաթիվ եւ ժամ: [ԱՄՍԱԹԻՎ, ԺԱՄ]
Հարցերի համար դիմեք [X կազմակերպության անվանումը]՝ զանգահարելով [հեռախոսահամար] կամ գրելով [էլ.փոստի հասցե]։
Հարգանքով,
[X կազմակերպության անվանումը] թիմ
16. «Ստոպ ծառայություն» եւ «ստոպ բոլոր ծառայությունները» գործիքների գործարկումը կարող է իրականացվել նաեւ կազմակերպության գործունեության վայրում կամ հեռախոսակապի միջոցով։
ԳԼՈՒԽ 5 ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
17. Կազմակերպությունը ապաարգելափակում է ծառայությունը, եթե իրականացրել է անձի նույնականացում եւ ինքնության ստուգում ու հավաստիացել, որ ապաարգելափակման պահանջը ներկայացրել է սպառողը:
18. Ապաարգելափակման գործընթացում սպառողի նույնականացումը եւ ինքնության ստուգումը իրականացվում են այն նույն ընթացակարգերի համաձայն, որոնք սահմանված են կազմակերպության կողմից կիրառվող` հաճախորդի նույնականացման եւ ինքնության ստուգման գործընթացների համար:
19. Ապաարգելափակումն իրականացվում է բացառապես սպառողի նախաձեռնությամբ։
20. Սպառողի կողմից ծառայությունների ապաարգելափակման դիմումը ստանալուց հետո կազմակերպությունը այն ապաարգելափակում է առավելագույնը 24 (քսանչորս) ժամվա ընթացքում, իսկ անհետաձգելի՝ անհապաղ ապաարգելափակում հնարավոր է միայն սպառողի ֆիզիկական ներկայությամբ՝ կազմակերպության գործունեության վայրում։ 21. Ապաարգելափակման դիմումը կարող է բավարարվել ոչ շուտ, քան արգելափակման պահից 24 (քսանչորս) ժամ հետո՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ապաարգելափակումը իրականացվում է սպառողի ֆիզիկական ներկայությամբ։
22. Ծառայության ապաարգելափակումից հետո հաղորդակցման նվազագույն պահանջներն են.
1) Ծառայության ապաարգելափակման հայտը ընդունելուց հետո սպառողին ուղարկվում է սույն կետով սահմանված օրինակելի ձեւով կամ նույն իմաստն ու իրազեկման մակարդակն ապահովող համարժեք հաղորդագրություն: Հաղորդագրության օրինակելի ձեւ. «Ուշադրություն. Դուք դիմում եք ներկայացրել ապաարգելափակելու [կազմակերպության անվանումը] ձեր ընտրած [ծառայություն(ներ)ը/բոլոր ծառայությունները]։ Ապաարգելափակումը տեղի կունենա Ձեր նույնականացումից եւ ինքնության ստուգումից հետո։ Հարցերի համար դիմեք [կազմակերպության անվանումը, հեռախոսահամար]։»,
2) Կազմակերպությունը ապաարգելափակումը հաստատելուց հետո սպառողին անհապաղ ուղարկում է ապաարգելափակման ծանուցում տեքստային հաղորդագրության (SMS), էլեկտրոնային փոստի կամ սպառողի կողմից ընտրված այլ հաղորդակցման եղանակի միջոցով՝ սույն կետով սահմանված օրինակելի ձեւով կամ նույն իմաստն ու իրազեկման մակարդակն ապահովող համարժեք այլ բովանդակությամբ.
ա. Տեքստային հաղորդագրության (SMS) օրինակելի ձեւ.
«Դուք ապաարգելափակել եք [ծառայություն(ներ)ի անվանումը/բոլոր ծառայությունները]՝ [ամսաթիվ], [ժամ]-ին։ Այս պահից սկսած, նշված ծառայությունները կրկին հասանելի են Ձեր ծրագրային հավելվածում։ Եթե սա Ձեր կողմից կատարված գործողություն չէ կամ մտափոխվել եք՝ անմիջապես կապ հաստատեք մեզ հետ՝ Ձեր տվյալների պաշտպանությունն ապահովելու համար։ Հարցերի կամ օգնության համար դիմեք՝
[Կազմակերպության անունը, հեռախոսահամար]։»,
բ. Մոբայլ բանկինգում ծանուցման/«push notification» օրինակելի ձեւ.
«Թեմա. Ծառայություն(ներ)ը ապաարգելափակված են
Դուք ապաարգելափակել եք [ծառայություն(ներ)ը/բոլոր ծառայությունները]: Այս պահից սկսած, նշված ծառայությունները կրկին հասանելի են: Հարցերի դեպքում՝ [հեռ. համար]»,
գ. Էլեկտրոնային նամակի օրինակելի ձեւ.
Թեմա: Ձեր անունով վարկ ստանալու հնարավորությունը X կազմակերպությունում ապաարգելափակված է
Հարգելի՛ հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ Ձեր դիմումի համաձայն՝ X կազմակերպությունում հեռավար եղանակով վարկի դիմելու հնարավորությունը ապաարգելափակվել է։
Այս պահից սկսած, Դուք կրկին կարող եք օգտվել վերոնշյալ ֆինանսական ծառայություններից։
Գործողություն: Ծառայության ապաարգելափակման հաստատում
Ամսաթիվ եւ ժամ: [ԱՄՍԱԹԻՎ, ԺԱՄ]
Հարցերի համար դիմեք [X կազմակերպության անվանումը]՝ զանգահարելով [հեռախոսահամար] կամ գրելով [էլ.փոստի հասցե]
Հարգանքով,
[X կազմակերպության անվանումը],
3) Ծանուցումն ուղարկվում է հայերենով, եթե Կազմակերպության կողմից առաջարկվող տարբերակներից սպառողը հաղորդակցման այլ լեզու չի ընտրել:
ՄԱՍ IV. ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏ
(Իրավական նորությունների սույն բաժնում ներառվում են 2026 թվականի մարտ ամսվան մաքսային ոլորտին վերաբերող իրավական նորությունները)
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշում արժեքային այն նորմերի սահմանման մասին, որոնց շրջանակներում ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առեվտրի ապրանքները եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք են ներմուծվում առանց էլեկտրոնային առեւտրի ապրանքների համար մաքսատուրքի վճարման
Նոր օրենսդրական ակտի անվանումը՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշում արժեքային այն նորմերի սահմանման մասին, որոնց շրջանակներում ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առեվտրի ապրանքները եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք են ներմուծվում առանց էլեկտրոնային առեվտրի ապրանքների համար մաքսատուրքի վճարման, 5 դեկտեմբերի 2025 թվականի, թիվ 119
https://www.arlis.am/hy/acts/222707/latest
Կարգավիճակը՝
Սույն որոշումն ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերի 5-ին
Միասնական կայք 2026.03.16-2026.03.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.03.2026
Ինչին է վերաբերում օրենսդրական ակտը՝
Սույն փոփոխությունների ընդունման արդյունքում՝ սահմանվում է, որ ֆիզիկական անձանց կողմից էլեկտրոնային առեւտրի միջոցով ձեռք բերված եւ ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող ապրանքները մաքսատուրքից կազատվեն, եթե դրանց արժեքը չի գերազանցում 200 եվրոն։ Այսինքն՝ որոշմամբ ամրագրվում է առանց մաքսատուրքի ներմուծման արժեքային շեմը էլեկտրոնային առեւտրի ապրանքների համար։
Առաջարկություն՝ եթե Դուք զբաղվում եք մաքսային, էլեկտրոնային առեւտրի կամ ներմուծման իրավական ուղեկցմամբ, անհրաժեշտ է հաճախորդներին նախապես իրազեկել 200 եվրոյի շեմի կիրառման կանոնի մասին, որպեսզի ներմուծման ժամանակ ճիշտ հաշվարկվեն հնարավոր մաքսային պարտավորությունները։.
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 3098 հոդվածի 4 րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 171-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Արժեքային այն նորմերը, որոնց շրջանակներում ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առեւտրի ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք են ներմուծվում առանց էլեկտրոնային առեւտրի ապրանքների համար մաքսատուրքի վճարման, սահմանել 200 եվրոյի չափով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2023 թվականի դեկտեմբերի 25-ին ստորագրված՝ ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։
ՄԱՍ V. ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ