ԻՐԱՎԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
ՓԵՏՐՎԱՐ 2025
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՓՈԽՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ
ԱԿՏԵՐ, ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՒ ԴԱՏԱԿԱՆ
ԱԿՏԵՐ
1. Դատական Գործ N: ԵԴ/19106/02/22 ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը
դադարեցնելու պահանջի մասին.
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՓՈԽՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ, ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՒ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐ
(Սույն բաժնում ներառվում են մտավոր սեփականության ոլորտում տեղի ունեցած իրավական թարմացումները, մտավոր սեփականության բողոքարման խորհրդի կողմից ընդունված որոշումները, ինչպես նաեւ նախադեպայն պրակտիկա ձեւավորած դատական ակտերը)
1. Դատական Գործ N: ԵԴ/19106/02/22 ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը դադարեցնելու պահանջի մասին
1. «Սենա Շին» ՍՊԸ-ն 19.04.2022թ. հայցադիմում են ներկայացրել ՀՀ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ <<Ռոյալ Ռայս>> ՍՊԸ-ի` ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը դադարեցնելու պահանջի մասին։
2. Համաձայն 21.04.2022 թվականի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետի` «ՀՀ մաքսային սահմանով մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողումը կասեցնելու ժամկետը երկարաձգելու մասին» որոշմամբ պարզվել է` «Ռոյալ Ռայս» ՍՊ ընկերության անվամբ թիվ 05100010/080422/0024670 ապրանքների հայտարարագրով «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձեւակերպվել են ապրանքներ, որոնցում առկա են «Vini-Tape» ապրանքային նշանը կրող ապրանքներ: ՀՀ ՊԵԿ նախագահի 03.11.2022թ. թիվ 0696 որոշմամբ «Vini-Tape» ապրանքային նշանը գրանցված է վերադաս մաքսային մարմնի կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների գրանցամատյանում:
3. Համաձայն ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեի 03.11.2021 թվականի թիվ 0696 «Իրավատիրոջ կասեցման դիմումը բավարարելու եւ մտավոր սեփականության օբյեկտը գրանցելու վերաբերյալ» որոշմամբ պարզվել է` 2021թ. նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե մուտքագրվել է «ՍԵՆԱ ՇԻՆ» ՍՊԸ տնօրեն Եղիշ Մշեցյանի դիմումը` մաքսային մարմինների կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների գրանցամատյանում ապրանքային նշանի միջազգային գրանցման թիվ 1325708 վկայագրով գրանցված «VINI-TAPE» ապրանքային նշանը գրանցելու մասին: «ՍԵՆԱ ՇԻՆ» ՍՊԸ տնօրեն Եղիշ Մշեցյանի դիմումը բավարարվել է։
4. Դատարանը վերլուծելով գործում առկա փաստական հանգամանքները, եզրահանգել է, որ գրանցված ապրանքային նշանի իրավատերը բացառիկ իրավունք ունի արգելելու կամ թույլատրելու երրորդ անձանց օգտագործել իր ապրանքային նշանը, իսկ ապրանքային նշանն ապօրինի օգտագործող անձը պարտավոր է իրավատիրոջ պահանջով դադարեցնել խախտումը։ Ապրանքային նշանը՝ որպես օրենքով պաշտպանվող մտավոր սեփականության օբյեկտ, գրաֆիկորեն պատկերման հնարավորություն ունեցող նիշ է, որի գործառութային նշանակությունը հանգում է մեկ անձի ապրանքները կամ ծառայություններն այլ անձի ապրանքներից կամ ծառայություններից տարբերակման ապահովմանը: Իր այդ նշանակության միջոցով ապրանքային նշանը հնարավորություն է տալիս նույնականացնել մեկ անձի ապրանքը կամ ծառայությունը եւ այն տարբերել այլ անձի ապրանքներից ու ծառայություններից (տե ́ս, ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/5614/05/15 վարչական գործով 30.11.2018թ. որոշումը)։
5. Այսպիսով, ապրանքային նշանների նմանությունը գնահատելիս հարկավոր է դրանք համեմատել այն տեսքով, որով դրանք գրանցվել են: Բառային (տառային) ապրանքային նշանները, որպես կանոն, ընկալվում են միաժամանակ տեսողական, իմաստային եւ ձայնային եղանակով: Այսինքն՝ բառային ապրանքային նշանն առկա է եւ իրականացնում է իր առջեւ դրված գործառույթները՝ անկախ դրա հավելումներից, հետեւաբար երկու նշանները պետք է գնահատվեն ինքնուրույնաբար՝ առանց հաշվի առնելու դրանց ներկայացման եղանակը, իսկ համեմատության առարկա պետք է դառնա միայն համապատասխան նշանը՝ առանց հաշվի առնելու այդ նշանի գեղագրությունը: Դատարանը գտել է, որ ապրանքային նշաններում պաշտպանության օբյեկտ է հանդիսանում միայն հիմնական տարբերակիչ տարրը, բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան նշանին կատարված հավելումներն այնքանով են փոխում այդ նշանը, որ հիմնական տարրը կորցնում է իր անհատականությունը եւ տարբերակիչ նշանակությունը: Համակցված ապրանքային նշանների նմանակման հարցը որոշելիս վերջիններս համեմատվում են նաեւ այն նշանների հետ (բառային, պատկերային եւ այլն), որոնք որպես տարրեր ներառված են համապատասխան համակցված ապրանքային նշանի մեջ: Դատարանը եզրակացրել է, որ ապրանքային նշանի համեմատության ընթացքում նախեւառաջ պետք է հաշվի առնվի տարբերակիչ նշանակություն ունեցող տարրը՝ անկախ լրացուցիչ եւ զուտ սիմվոլիկ տարրերի առկայությունից: Այսինքն՝ եթե ապրանքային նշանում կրկնվում է տարբերակիչ նշանակություն ունեցող տարրը, ապա կարելի է եզրակացնել, որ այն ունի շփոթելու աստիճան նմանություն: Ապրանքային նշանները պետք է համեմատության առարկա դարձվեն որպես ամբողջություն, որպեսզի ստեղծվի նույն իրադրությունը, որն առկա է սպառողի մոտ, քանի որ վերջինս իր տրամադրության տակ չունի երկու նշանները, որպեսզի կարողանա գտնել դրանց տարբերակիչ հատկանիշները: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ապրանքային նշանի հիմնական նպատակն է անհատականացնել ապրանքը եւ ուղղորդել հնարավոր սպառողներին, ապրանքային նշանների նմանությունը գնահատելիս պետք է հաշվի առնել նաեւ սպառողների զարգացվածության եւ պատրաստվածության մակարդակը: Անդրադառնալով այն խնդրին, որ երկու ապրանքային նշանների համեմատության ընթացքում դատարանը պետք է հաշվի առնի ապրանքային նշանների թե՛ նմանությունները, թե՛ տարբերությունները, Դատարանը վկայակոչել է, որ ապրանքային նշանները համեմատելիս նախեւառաջ պետք է հաշվի առնվեն այդ նշանների նմանությունները (որն ունի տարբերակիչ նշանակություն)՝ անկախ լրացուցիչ եւ աննշան տարրերի առկայության: Այսինքն՝ եթե ապրանքային նշանում կրկնվում է տարբերակիչ նշանակություն ունեցող տարրը, կարելի է եզրակացնել, որ այն ունի շփոթելու աստիճանի նմանություն: Ապրանքային նշանների շփոթության աստիճան նմանության հարցի նկատմամբ նման մոտեցումը բացատրվում է այն հանգամանքով, որ սպառողն այս կամ այն ապրանքն ընտրելիս առաջին հերթին ուշադրություն է դարձնում հենց ապրանքային նշանին եւ դրանում գտնելով իրեն արդեն իսկ հայտնի ապրանքային նշանի հիմնական բաղադրատարրերը՝ կարող է սխալ համոզմունք ձեռք բերել համապատասխան ապրանքն արտադրողի հարցում՝ առանց նկատելու այն չնչին տարբերությունները, որոնք սպառողը կարող էր նկատել միայն այդ երկու ապրանքային նշաններն իրար կողք կողքի համեմատելիս (տե՛ս, «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/4241/05/11 վարչական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
6. Նշված վերլուծությունը տարածելով գործի փաստերի նկատմամբ, դատարանն արձանագրում է, որ սույն գործով վեճը վերաբերում է ապրանքային նշանի օգտագործման օրինականությանը: Ընդ որում, դատարանն արձանագրում է, որ ապրանքային նշանի օգտագործման օրինականությունը պետք է ապացուցի պատասխանողը: Դատարանը հաստատված է համարում այն փաստը, որ հայցվորը հանդիսանում է «VINI-TAPE» ապրանքային նշանի իրավատերը, որի պարագայում հայցվորն օգտվում է իրավատիրոջ բացառիկ իրավունքից տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու ապրանքային նշանը, ինչպես նաեւ արգելելու կամ թույլատրելու ապրանքային նշանի օգտագործումը: Նշված իրավասությունը ենթադրում է նաեւ, որ ապրանքային նշանի իրավատերը բացառիկ իրավունք ունի արգելել երրորդ անձանց առանց իր թույլտվության օգտագործել ցանկացած նիշ: Ապրանքային նշանի օգտագործում է համարվում նաեւ այդ ապրանքային նշանով մակնշված ապրանքների ներմուծումը կամ արտահանումը: Սույն դեպքում գործ ունենք իրավատեր հանդիսացող անձի ապրանքային նշանով մակնշված ապրանքի ներմուծման հետ: Ներմուծման փաստը հաստատվում է Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան գրություններով համաձայն որոնց պատասխանողը ներկրել է «VINI- TAPE» ապրանքային նշանով մակնշված ապրանքներ, որի հիմքով այդ ապրանքների բացթողումը կասեցվել է: Այսպիսով, դատարանը հաստատված է համարում այն փաստերը, որ «VINI-TAPE» ապրանքային նշանը պատկանում է հայցվորին, պատասխանողը ներկրել է «VINI-TAPE» ապրանքային նշանով մակնշված ապրանքներ, որոնք հիմք են եզրակացնելու, որ պատասխանողն ապօրինի է օգտագործել «VINI-TAPE» ապրանքային նշանը: Ապօրինի օգտագործման համար օրենսդիրը նախատեսում է ապրանքային նշանի պատկերների ոչնչացում, ապրանքի կամ դրա փաթեթավորման վրայից հանել ապօրինի օգտագործվող ապրանքային նշանը, իսկ նշված գործողությունների անհնարինության դեպքում ոչնչացնել ապրանքը:
7. Դատարանը վճռեց. 1. Ըստ հայցի «Սենա Շին» ՍՊ ընկերությունն ընդդեմ «Ռոյալ Ռայս» ՍՊ ընկերության` ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը դադարեցնելու պահանջի մասին, բավարարել:
2. Արգելել «Ռոյալ Ռայս» ՍՊԸ-ին օգտագործել «VINI-TAPE» ապրանքային նշանը, պարտավորեցնել «Ռոյալ Ռայս» ՍՊԸ-ին ոչնչացնել «VINI-TAPE» ապրանքային նշանով պատրաստված պատկերները, ապրանքի կամ փաթեթավորման վրայից հանել ապօրինի օգտագործվող ապրանքային նշանը, սույն պահանջը կատարելու անհնարինության դեպքում ոչնչացնել «VINI-TAPE» ապրանքային նշանը կրող բոլոր ապրանքատեսակները: